Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Տեքստեր վերլուծության համար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Տեքստեր վերլուծության համար
ՏԵՔՍՏԵՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ[1]
Միակազմ նախադասություններ, որոշել նրանց տեսակը, կազմությունը, երանգը և ոճական արժեքը

...Ու Մարոյին զուգեցին,
 Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը...
 Եկավ խաշով տերտերը,
 Տարավ ժամում կանգնեցրեց։
 ...Սակայն անբախտ նըրա դին
 Պապի կողքին չդրին։
 Գյուղից հեռու մինչ էսօր
 Կա ուռենի մի սըգվոր։
 Էն մենավոր ծառի տակ
 Փոս փորեցին մի խորին,
 Առանց ժամ ու պատարագ
 Մեջը դրին Մարոյին
  Էն սև քարն էլ տաշեցին,
  Բերին վըրեն քաշեցին...
 (Հ. Թ. «Մարո»)


Գողն էլ մի կըռնից, գելն էլ՝ մյուս կըռնից,
Աչքըդ թեքեցիր — բանիդ տերը չես.
Քաշում են տանից, քաշում են դըռնից,
Ու չես իմանում՝ որ կողմը թռչես։
Թե տանուտերին գանգատ եմ գնում,
Բան չեմ վաստակում բացի դուշմանից.
Գողերի հետքը իր տունն եմ տանում,
Համեցեք դիվան ուզիր սըրանից...
(Հ. Թ. «Հառաչանք»


Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ հենց անունս են տալիս,
Հազիվ միտդ եմ գալիս։
(Իսահակյան)


Դա՜վ.., դա՜վ... ելեք... կոչնա՜կ... պահնա՜կ...
Զե՜նք առեք շո՛՜ւտ... ձի հեծե՜ք, ձի՜...
(Հ. Թումանյան, «Թմբկաբերդի առումը»)


Ութսունմեկ թիվ։ Վաղարշապատ։ Էջմիածին։

Միրգ ու փոշի:
Անխիղճ արև:
Շողամրցում Մասիսների, Արագածի:
Սրբագործված հին-հին քարեր:
Եվ Մայր Արաքս:
Եվ Մայր Տաճար:
Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր,
Հնչող,
Շնչող,
Կանչող զանգեր...
Եվ Ճեմարան՝ Մտքի Կաճառ:

Ու խեղդող տոթից
Շնչահատ արդեն,
Մի պահ զրկվելով աբուռ-ամոթից,
Անզգուշորեն կոճակն է բացում զմրուխտ թևերի.
- Հերն էլ անիծած.
Ի՞նչ անեմ, Մարե՛,
Արևն ինձ կերե...
Եթե կանգ առնել, ապա կանգ առնել
Գետերի ափին, աղբյուրների մոտ
Եվ ոչ մի դեպքում... մի կում չխմել:

(Պ.Սևակ)

Ռադիո:
Մոսկվա:
Կրեմլ:
Վախճանվել է Իլյիչը.
Ի՞նչ,
Ճառե՞ր,
Հեռագի՞ր.
Սո՞ւգ գուցե կամ։
— Իհարկե չէ։

(Ե.Չարենց)


...15 թիվ: Ապրիլի 10:
Ապրիլական արբշիռ բույրեր,
Գարնանային ծաղկածլում,
Կանաչների շքահանդես:

(Պ.Սևակ)

Աստվածային հզոր ձիրքով
Այս ցած կյանքից հեշտ ու անթև,
Թռչել երկինք, վերև, վերև,
Ցավեր, հոգսեր ողջ մոռանալ,
Դժոխք իջնել, դրախտ գնալ,
Անհուն զգալ, թովիչ երգել...

(Հ.Թումանյան)

Մոռանա՜լ, մոռանա՜լ, ամեն ինչ, ամենին մոռանալ:
Չսիրե՜լ, չխորհե՜լ, չափսոսա՜լ,հեռանա՜լ:
Մի վայրկյան ամենից հեռանա՜լ, ամենին մոռանա՜լ:
Խավարում, ցավերում քարանա՜լ, մեն միայն:

(Վ.Տերյան)

Փակել դպրոցը, ուսումնարանը,
Արգելել գրերը, այրել գրքերը,
Բայց ոնց արգելես կսկծող սրտի,
Մղկտող հոգու ժայթքուն երգերը:
(Պ. Սևակ)


«Ում որ հարկն է,
Տալ մուժիկին մի զույգ կոշիկ»։
(Ե. Չարենց)

— Արտա՛կ։

— Լսում եմ։

— Ասում են՝ էքսկուրսիա ենք գնալու, հա՞։

— Բա ո՜նց։

— Հաստա՞տ գիտես։

— Իհարկե, Արտա՛կ։

— Ե՞րբ։

— Այս ամսի 20-ին։

Ահա և ամսի 20-ը։ Խաղաղ լուսաբաց։ Գարնանային զովաշունչ առամոտ։ Մանկական աշխույժ տրամադրություն։ Ահավասիկ այն մեքենան, որը մեզ տանելու էր Մայմեխի փեշերը։ Բայց ընկեր Սարգսյանի տրամադրությունն ինչու՞ է ընկած։

— Տղանե՛ր։

— Լսում ենք, ընկե՛ր Սարգսյան։

— Ինչո՞ւ չեք բոլորդ հավաքվել նշանակված վայրում։

— Իսկապե՛ս։

— Մենք ամաչում ենք բացակայողների փոխարեն։ Քիչ հետո գալիս են նաև նրանք, ամաչկոտ մոտենում մեզ, ապա՝ ընկեր Սարգսյանին.

— Բարև՛ ձեզ։

— Ողջո՛ւյն, պարոննե՛ր։ Մենք, իհարկե, ծաղրում ենք նրանց, իսկ ընկեր Սարգսյանը լռում է, սակայն այդ լռությունը շատ է խոսուն։

— Տեղավորվե՜լ։

Այո՛, ընկեր Սարգսյանն է։

Մենք զբաղեցնում ենք մեր տեղերը։ Մեքենան շարժվում է գեղատեսիլ վայրերով։ Շուտով «բացվում ենք» նաև մենք, և մանկական երգն ու զվարթ տրամադրությունը լցնում են Լոռվա կախարդիչ ձորերը...

ԵՍ ԻՄ ԱՆՈԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Եվ հնամյա քաղաքների հազարամյա քա՜րն եմ սիրում։

Ուր է՜լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սու՜ր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՜ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Ե. Չարենց

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՏՐՈՀՎՈՂ ԱՆԴԱՄՆԵՐ

* Խանդութը ջղայնացած դուրս գալով սենյակից՝ քայլերն ուղղեց դեպի մեծ համերգասրահ՝ վերանորոգումից շքեղացած ու առավել ակնապարար տեսք ընդունած։ Փողոցում, տարվելով զանազան մտքերով, ոչ ոքի չէր նայում, ասես անէացած էր աշխարհից ու շրջապատից։ Արդեն իջնում էր մթնշաղը՝ խորհրդավոր ու ծանրացած։ Գլուխը փոքր-ինչ վերև բռնած՝ Խանդութը մոտեցավ տոմսարկղին և խոսեց քթի տակ՝ ասես միայն իրեն լսելի. «Մեկ տոմս տվեք, խնդրեմ»։ Տոմսավաճառը՝ մի գեր ու հաճելի տիկին, շեշտակի նայեց Խանդութին՝ ասես ձգտելով ճանաչել դեռատի աղջկան՝ շիկնած ու մի քիչ էլ ամոթխած։ Զգալով անծանոթ կնոջ տրամադրությունը՝ Խանդութը թաքցրեց շիկնանքը և, առնելով պահանջված տոմսը, շտկվեց, լայն ու կլոր աչքերով կարդաց այն ու մոտեցավ մուտքի դռանը՝ հենվելով նրան, կարծես ինչ-որ մեկին սպասողի կեցվածքով։ Շեմքին, դռանն անմիջապես մոտ, համերգն սկսվելուց ընդամենը մեկ րոպե առաջ կանգնած էր Գագիկը՝ Խանդութի սիրո էակը՝ փոքր-ինչ մեղավոր ժպիտը դեմքին։ Այդ օրը, մայիսի 5-ին, ժամը 8-ին աղջիկն զգաց մի անմեկնելի զգացում՝ տաք ու սրբազան։ Հանկարծ սկսեց տրոփել սիրտը՝ վայրկյանում գուցե տաս-տասնհինգ անգամ։ Խանդութին գոնե այդպես թվաց։ Նրանք անխոս նայեցին իրար, ապա, ասես ինքնաբերաբար սեղմելով միմյանց ձեռքերը, բարձրացան համերգասրահ։

* Մի խումբ ընկերներ՝ Արտակը, Արմենը, Վարդանն ու Արտավազդը, որոշեցին դասերից հետո, գնալ «Ռոսիա»՝ դիտելու «Գիքոր» կինոնկարը։ Գնելով չորս տոմսակներ՝ նրանք բարձրացան կինոթատրոնի մեծ դահլիճը։ Այդ շքեղ կինոդահլիճը՝ վերակառուցված ժամանակակից ոճով ու ճաշակով, առաջին իսկ րոպեից ակնապարար մթնոլորտ ստեղծեց։

Տղաները, անմիջապես զբաղեցնելով իրենց տեղերը, լուռ սպասում էին կինոժապավենի ցուցադրմանը։ Քիչ հետո էկրանին երևաց հին Դսեղը՝ գեղջկական խրճիթներով, տխուր մարդկանց առօրյայով։ Ահա և Գիքորենց ընտանիքը՝ հայրը, մայրը, քույրերն ու եղբայրները՝ տխուր դեմքերով, վախվորած հայացքներով, թշվառ ու խղճուկ վիճակով։ Քիչ հետո երևաց Համբոն՝ թիկն տված սյանը, նստած, չիբուխ քաշելիս։ Համբոյի ընտանիքի այդ տեսարանը՝ հոգեմաշ ու սրտակեղեք, ծանր ներգործեց նաև հանդիսականների հոգեբանության վրա՝ շատերի աչքերից քամելով խղճմտանքի ու կարեկցանքի արցունքներ։ Համբոն, անասելի կարիքից ու աղքատությունից դրդված, չէր լսում ո՛չ կնոջ աղերսագին խոսքը, ո՛չ տնեցիների ու մերձավորների վշտահար անհամաձայնությունը՝ Գիքորին Թիֆլիս չտանել, «չգցել էն անիրավ աշխարհքը»։ Խեղճ գյուղացին, ընդդիմանալով բոլորին, Գիքորին տանում է քաղաք՝ սրտում ծանր վիշտ ու թախծալի մորմոք... Թիֆլիս են գնում հայր ու որդի վաղ առավոտյան՝ բարձր լեռներով ու զմրուխտե դաշտերով, խոր ձորերով ու անտառներով սրտներում տագնապ ու վախ։ Ահա և Թիֆլիսը՝ իր հակասություններով ու խայտաբղետ կյանքով, ուրախություններով ու տխրություններով, քաղաք, որտեղ գյուղացի պարզ ու միամիտ երեխան դառնում է բազազ Արտեմի՝ այդ խարդախ ու ստոր, ժլատ ու դաժան առևտրականի զոհը։ Կինոժապավենի վերջին հատվածը՝ Գիքորի մահվան և Համբոյի՝ աշխարհից խռոված հոգեբանության պատկերը շնչում է խոր իրապաշտությամբ ու դրամատիզմով:

Տղաները դուրս եկան դահլիճից՝ ջարդված տրամադրությամբ, Գիքորի նկատմամբ տածած սիրո ու կարեկցանքի զգացումով լցված։

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

Դու ադամանդե լեռների վրա, այդ հավերժական սյուների վրա բարձրացած երկնասույզ աշխարհ, փիրուզե աշխարհ. դու աշխարհների մեջ անպարտելի կանգնած առաքինի նահապետ, որ անդավաճան քո սրբությանը, քո Աստծուն՝ հանապազ վառ ես պահում քո երգը, քո ատրուշանը, Թուրանի և Արաբի և Սարմատական տափաստանների խորշակն ու ցուրտը չկարողացան և չեն կարողանալու հանգցնել քո սուրբ հուրը. դու լույսի, ազնիվի և մաքրության ջրաբաշխ, որ քո լեռներից սահանքում են գետերդ՝ տանելով ու սփռելով բարբարոսների հողերի վրա բարություն և օրհնություն։

Կա՞ ավելի դժբախտ, ավելի չարատանջ, ավելի արյունվող, քան դու. դու բազմադարյան զինվոր և նահատակ. անթիվ, անհամար թշնամին եկավ հարավից և հյուսիսից, արևելքից և արևմուտքից և թունավոր օձերի պես խրվեցին քո մարմնի մեջ և այլևս չանջատվեցին՝ դարեր ծծելով քո ազնիվ արյունը. թշնամին եկավ և դարձավ հարևան քեզ, սպանելով քո եղբորը, և տիրանալով նրա հողին ու տանը և իր մահաբեր նիզակը ցցեց քո սրտին...

Աղավաղվեց քո հոյակապ լեզուն, նվաստացավ քո գեղարվեստը, և քո ստեղծագործ ոգին շղթայվեց։

Քո հացը տվիր նրան՝ հարևանիդ, քո եկեղեցիներում ներեցիր և օրհնեցիր քո հարևանին, բայց միայն թշնամի ունեցար և ո՛չ մի բարեկամ, ո՛չ մի բարեկամ՝ ողջ աշխարհի մեջ: Քանդեցին քո դարբասներն ու ոգիաշեն վանքերը, քանդեցին քո խրճիթները քո որդիների վրա, խեղդեցին քո դուստրերին թոնիրների մեջ, տրորեցին սմբակների տակ, քո մանուկներին քո հնձաններում—քեզ տապալեցին գետին. բայց քո ոգին մնաց կանգուն՝ քո Մասիսի նման...

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ
ՊԱՏՎԻՐԱՆ Ժ-ԻՆ

Դու ժամանակ դարձիր նորոգ
Մեր քարքարոտ ճանապարհին
Եվ քո լույսով ապաքինիր
Վերքերը նոր, վերքերը հին։
Թող ամպերից աչքը բացի
Մեր տառապած երկինքը բիլ,
Որ արևի շաղով աճի
Ամեն տերև ու ամեն ծիլ։
Լուսավորիր համատարած
Մարդկանց հոգին խավարամիտ,
Դուրս բեր նրանց մութ խորշերից
Եվ կարգերից խարխուլ ու բիրտ։
Ժամանակից ամեն ժամը
Թող որ դառնա մի նոր դպրոց,
Դառնա նոր վանք աստվածահաճ
Ու նորակերտ բերդ ու ամրոց։
Ամեն ժամի ու վայրկյանի
Թող որ մի սիրտ բարեփոխվի,
Եթե չար է, դառնա բարի,
Ամբարիշտ է, թող խաղաղվի։
Անխղճություն, նախանձ ու քեն
Թող հուշերից ջնջվեն անգամ,
Մարդը մարդուն սատար լինի,
Ընկեր լինի ու բարեկամ։

ՊԱՏՎԻՐԱՆ Լ-ԻՆ

Քեզ եմ դիմում, ի՜մ ԼԵԶՎԱԳԵՏ
Սատարիր դու քո մայրենին,
Նա մեր ճամփի լույսն է պայծառ
Մեր գոյության սպեղանին։
Այս դժնդակ թոհուբոհում
Կկործանվենք, ի՛մ քաջազուն,
Եթե արյամբ չպահպանենք
Մեր հնաբառ հայոց լեզուն:
Նա է մոր պես ազգին պահել
Ու փոխանցել այս նոր դարին,
Ուր նրա դեմ սուր են ճոճում
Ու թույն խառնում քաղցր բառին։
Սիրիր նրան աչքերիդ պես,
Մաքրիր օտար մոլախոտից,
Որ նա շողա լույսերի մեջ
Մեր երազի ու կարոտի։
Սովորիր դու նոր լեզուներ,
Բայց նախ քոնը լավ իմացիր,
Որ բաբախուն արյունն է տաք
Էության մեջ քո հայեցի:
Հոգ տար, որդի՛ս, դու առավել,
Որ գնալով հարստանա,
Դառնա ճկուն ու դառնա ճոխ
Եվ մշտապես քոնը մնա։
Իսկ թե փորձեն սրի զոռով
Քո բերանից լեզուն պոկել,
Մեր նախնյաց պես իմացիր դու
Սրի ճամփան սրով փակել։
Հայոց լեզուն Հայաստանն է՝
Մեր սարերը, մեր երկինքը,
Որ չի կարող մեզնից խլել
Նույնիսկ վերին աստվածն ինքը։
Պ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԲԱԶՄԱԿԻ ԱՆԴԱՄՆԵՐ, ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾ
ՎԱՅՐԷՋՔ

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես,
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։
Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լեռան տակին,
Ե՛վ փառք, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ՝
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։
Եվ էն ամենը, արդ նայում եմ ես,—
Տեսնում եմ նորից
Իմ լեռան ծերից՝
Էնպե՜ս հասարա՜կ, դատա՜րկ են էնպես…
Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լեռան ետև։

Թ. ԹՈԻՄԱՆՅԱՆ

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՊԱՍԱՆ

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆՑԻՆ՝

ԻՐ ՔԱՌԱՍՆԱՄՅԱԿԻՆ

Այնտեղ ծնված ու մեծացած,
Ուր դարեվոր վըշտերն հայի
Ծանր ու մռայլ կան լեռնացած,
Ինչպես Մասիսն այն վիթխարի։
Դու ընտրեցիր քեզ ուսուցիչ
Ազգի վերքերն ողբերգողին,
Քառասուն տարի ձեռքիդ գրիչ,
Անցար, բռնած նըրա ուղին։
Հայ գյուղացին ցավեր ուներ՝
Խեղդված իրեն խուլ խրճիթում,
Այն ցավերին լեզու տրվիր
Ու խոսեցիր ամեն սըրտում։
Այդ սրբազան գործի համար
Այժմ ահա, ծեր օրերիդ,
Մենք գալիս ենք երախտապարտ՝
Պըսակ դընել ալիքներիդ։
Եվ թող ապրի անմահ փառքով,
Ով որ ցավը թույլ թըշվառի
Կարեկցության հզոր խոսքով
Դարձնում է ցավն իր աշխարհի։

Հ. Թումանյան

ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ԵՎ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Մըթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դըրեց կըրակին,
Նորից բարևեց իր երկրի կարգով
Ու բարի մաղթեց ջահել ղոնաղին։

Ու նըստոտեցինք իրար դեմ ու դեմ
Սաստությամբ վառվող կրակի շուրջը:
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին.
Մեր դեմը խաղում ձորերի շունչը։

Գիշերվան անքուն հավքերն են տըխուր
Ծրվում, ծըլկթում խավարի միջում,
«Որբն» է եղբորը կանչում ցավալուր,
Բուն է իր դաժան վայը կորնչում։

Ու ողջ միասին մի խորունկ թախիծ,
Մի մութ զարզանդ են գիշերին տալի…
Ահա տարածվեց հեռու ծըմակից
Եվ ձիգ ոռնոցը սովատանջ գիլի…

Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
«Հառաչանք»


— Բարձր սարեր, ա՜յ սարեր,
Ձեն եմ տալի «վա՛յ», սարե՛ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տվեք,
Իմ դարդերի թայ սարեր:
Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած։

Կորչեմ բեզար, դատարկուն,
Քար-սարեսար դատարգյուն,
Մեռնեմ պըրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար-քուն։
Ա՜խ, կըմեռնեմ՝ ամա նա
Վա՜յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մընա։

Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆ «Անուշ»


Է՜յ, ջա՜ն հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ,
Ջրերըդ անուշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն-ծովի մեջ։

Քու հողին մեռնեմ, անգի՜ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազարն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ։

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ քու փառքի գովքը երգելուն,-
 
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք...

«Է՜յ, ջան հայրենիք»

Ավ.Իսահակյան

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:

Հ.Շիրազ

«Էքսպրոմտ»

***

Մի քանի օր է՝ գյուղում եմ: Սակայն ապրում եմ գյուղից բավականին հեռու բաց դաշտում, ու կան հիանալի մի քանի տնակներ... Անհուն մի լռություն, խորունկ մի խաղաղություն է տարածված դաշտերի և անտառների վրա, մի կայուն, մի անսկզբնական լռություն, որով կարծես հագեցած լինի օդի ամեն մի հյուլեն, թեև մթնոլորտը ամբողջ օրը լցված է անտանելի, անընդհատ շառաչյունով և թռչունների ճռվողյուններով, բայց բնության մեջ այնքան բնական են այս ձայները, այնքան տրամաբանական, որ բնավ չեն խոցում այս հին, նախակերտ լռությունը: Զգում եմ, թե ինչպես մեծ քաղաքի աղմուկից և թույնից գրգռված և պրկված ջղերս այս անդորրության մեջ ազատվում են իրենց լարվածութույնից և բեռի ծանրությունից, և այս բուժիչ լռությունը ծծում եմ անհագաբար, և խաղաղությամբ տարածվում է հոգուս մեջ, և հոգիս ներդաշնակվում է բնության հետ: Ինչքան գոհ եմ, որ հեռացել եմ քաղաքից՝ այդ բոլոր աղմուկից, ժխորից, վազքից, տենդից ու տապից, այդ բյուրավոր մարդկանց դեմքերից, նրանց շնչից ու խոսքերից, նրանց քայլերի ու գործերի աղմուկից, քաղաքից՝ աններդաշնակ, խառնիճաղանջ, մղձավանջային թոհուբոհից:

Թափառում եմ և խորհում. քաղաքը, քաղաքակրթությունը խաբում է մարդկանց, շլացնում է, քաշում իր ամեհի շրջապատի մեջ և ոչինչ չի տալիս: Թվում է, որ ես կամ, ես անէացել եմ, չկա ժամանակ և նյութ, չկա տարածություն և շարժում...

Ավ. Իսահակյան, «Հիշատակարան»

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում,
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող...
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները—ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռությո՜ւն անսահման...

Վ. ՏԵՐՅԱՆ

ՍՈՆԵՏ

Մահը հոգուս երբեք սարսափ չի բերում,
Քաղցր մոր պես թող գիրկն առնի հողը ինձ,
Միայն թե դու այս գեղեցիկ աշխարհում
Ինձ չմոռնաս, միշտ սիրաբար հիշես ինձ։

Թո՛ղ ամենքը ինձ մոռանան առհավետ,
Թո՛ղ ոչ մի մարդ ինձ կարոտով չսգա,
Գերեզմանըս թող չունենա արահետ,
Ու թող ոչ ոք գերեզմանիս մոտ չգա...
Միայն թե դու շիրմիս ճամփան հիշեիր։

(Ինձ թվում է, որ շիրմում էլ ես կզգամ),
Միայն թե դու իմ կարոտը քաշեիր,
Եվ հուսայիր, որ վերստին ես կգամ,
Միայն թե դու շիրմիս ճամփան հիշեիր
(Ինձ թվում է, որ շիրմում էլ ես կզգամ)...

Վ. ՏԵՐՅԱՆ

ԿՈՉԱԿԱՆ, ՄԻՋԱՆԿՅԱԼ ԲԱՌԵՐ, ԵՐԱՆԳԱՎՈՐՈՂ-

ՍԱՍՏԿԱՑՆՈՂ ԲԱՌԵՐ, ՄԻՋԱՆԿՅԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

ՄԵՋԲԵՐՎՈՂ ԽՈՍՔ

* Հարգելի՛ ծնողներ, հարգարժա՛ն հյուրեր, սիրելի՜ աշակերտներ, բարեկամներ՛, միտինգի մեծարգո՜ մասնակիցներ, այսօր մենք հավաքվել ենք ողջերթի խոսք ասելու մեր շրջանավարտներին։ Սիրելի՛ տասներորդցիներ, մեր վաղվա՛ գիտնականնե՛ր, բժիշկնե՛ր, ինժիներնե՛ր, ուսուցիչնե՛ր, շինարարնե՛ր, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր երկրորդ հարազատ օջախին՝ դպրոցին, բայց ուր էլ գնաք, մեր սիրելի՛ զավակներ, բարի հիշեցեք ձեր ուսուցիչներին, որոնք ջանք չեն խնայել ձեր կրթության ու դաստիարակության համար։ Դպրոցը, բարեկամնե՛ր, թանկ է ամեն ինչից, քանզի այնտեղ է ձևավորվում ապագա քաղաքացին, մասնագետը, մարդը։ Ուրեմն՝ երախտապարտ եղեք այն օջախին, այն դարբնոցին, որտեղ ձևավորվել, կռել, կոփվել է ձեր հոգևոր աշխարհը։ Հաջողությո՜ւն ձեզ, մեր գարնանավե՛տ ծիծեռնակներ։

* Նրա ներկայությունը, ինչ խոսք, զգաստացնում էր մեզ, թեև, ի դեպ, այնքան էլ լավ բաներ չէի լսել այդ հիրավի՛ կենսասեր մարդուց։ Ապրելով իսկապե՛ս գոռոզ Փարիզում՝ Գրիգոր Մարկիչը, պարզ է, հագնվում էր կոկ ու շքեղ (որը, ի միջիայլոց, շատ սազում էր նրա գեղեցիկ արտաքինին) ու խոսելիս, չգիտես ինչու, ամաչում էր աչքերիդ ուղիղ նայել, որը, հավանաբար, ոչ թե ամոթխածության նշան էր, այլ, եթե չեմ սխալվում, սովորությունն էր նրանց գերդաստանի։ Ինչևէ, ամեն օր գալիս նստում էր զբոսայգում ու, հասկանալի է, սպասում էր, որ ուրիշները հետաքրքրվեն իրենով (հատկապես հարցեր տան իր կենսագրության, ուսման ու, ինչ ասել կուզի, նաև յուրահատուկ կեցվածքի, քաղաքավարության մասին)։ Մի անգամ (կարծեմ մայիսի 5-ն էր) Մարկիչը (շատերն, օրինակ, նրան այդպես էին դիմում, մանավանդ մերձավորները, որոնց նա առանձին սիրով էր վերաբերվում) զբոսայգում նստած՝ հանկարծ նկատեց ինձ և, որքան գիտեմ, ձեռքն էլ բարձրացրեց, որ ցույց տա իր ներկայությունը, և ես էլ, այդ մասին ինչ խոսք, մոտենամ իրեն, որ զրուցենք։ Բայց ես, ցավոք, շտապում էի գործարան։ Ինչպես ասացի, Մարկիչը շատ էր սիրում, որ ուրիշները հետաքրքրվեն իրենով, բայց, տարօրինակ բան է, ես այդ մարդու ամեն շարժում կեղծ էի համարում (գուցե սխալվում էի, ով իմանա, այդ ժամանակ ես այդպես էի հասկանում)։ Հաջորդ օրն ինձ հանդիպելով՝ մեղմ ժպտաց (նա սովորաբար բարձր ծիծաղել չգիտեր, որը, անտարակույս, ավելի բարեկիրթ տպավորություն էր թողնում), ապա սկսեց. «Սիրելի՛ տղա (նա սովորաբար այդպես էր կանչում երիտասարդներին), երեկ երևի շտապում էիր ինչ-որ տեղ, անհետաձգելի գործ ունեիր, հա՞»։

***

Նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել։

— Նա ուզում էր ինձ շաբաթական երեսուն դոլլար տալ,— ասացի, բայց ես հեռանում եմ։

Նա լուռ կանգնած՝ միայն ծանր շնչում էր։

— Միսիս Հիլպլի,— ասացի ես,— նրանք ստիպված կլինեն նորից ձեզ ծառայության ընդունել, որովհետև այժմ չկա մեկը, որ ձեր գործն անի։

— Ջո՛,— ասաց նա,— դուք ինձ խիստ վշտացնում եք։

— Ոչինչ,— ամեն ինչ կանցնի,— ասացի,— որտեղ ես ծնվել եմ, այնտեղ ընդունված չէ աշխատանք խլել կնոջից։ Չէ՞ որ ես Չիկագոյից եմ և կարող եմ վերադառնալ այնտեղ։

Վերադառնալ Չիկագո՞։ Այդ էր պակաս։ Ես սիրում եմ Կալիֆորնիան։ Ես միշտ սիրել եմ Կալիֆորնիան։ Բայց հենց այնպես ասացի։

— Ջո՛,— ասաց միսիս Հիլպլին,— իսկ ի՞նչ կլինի, եթե դուք ուրիշ գործ չճարեք։

Ես մատներս շրխկացրի։

— Է՜, աշխատանք միշտ կգտնվի,— ասացի։

Այդ ժամանակ առանձնասենյակի դռան մեջ երևաց միստր Ուայլին և գլխով արեց միսիս Հիլպլիին։

Վ. ՍԱՐՈՅԱՆ

Երբ մտածում եմ, որ այս տարի հայերեն մի կարգին դիրք լույս չի տեսել (և արդյոք միայն այս տարի), դա ինձ սարսափեցնում է... Մի՞թե չծաղկած մեռնելու է մեր գրականությունը... Վա՜յ մեզ, եթե այդպես է...

Եթե զինվոր չտարան, այս տարի երևի ամբողջապես (ձմեռը) կնվիրեմ արաբերենին և եթե ազատվեցի դրանից, ազատ շունչ կքաշեմ և ժամանակ կունենամ գրական զբաղմունքի նվիրել ինձ։

Իսկ եթե զինվոր գնացի, այն ժամանակ, իհարկե, ուրիշ ծրագրեր պետք կլինի կազմել։ Տեսնենք ինչ կլինի։

Մի երկու հոդված եմ ուզում գրել (ռուսերեն), և հնար չի լինում. իսկի ժամանակ չկա, թեև շատ հարմար մոմենտ է, և սիրտս ուզում է գրել այդ վաղուց (հոդվածները ռուսների համար պիտի լինեն իհարկե)։

Իվան Ֆադեյիչի վերջին «Հատվածը» (պոեմից) կարդացի։ Ամբողջը անմշակ է (ինչպես և նախազգուշացրել է հեղինակը), մի քանի կտորներ ազդու են և լավ։ Այս մասին շատ երկար պետք է խոսել. նամակով գրելու բան չէ, համենայն դեպս Թումանյանի գրած ամեն մի տողը ինձ համար հետաքրքրող է և նշանակալից, թեև իբրև պոետ ես ինձ միանգամայն օտար եմ զգում նրան, այսինքն նրա պաֆոսը— իմ պաֆոսը չէ՝ ես նրան երկրպագում եմ և սիրում եմ, բայց նրա աշխարհն իմ աշխարհը չէ (հուսով եմ, սխալ չեք ըմբռնի ինձ. սրանով ես չեմ ուզում ժխտել նրա մեծությունն ու նշանակությունը, հասկանո՞ւմ եք ինձ, նույնը կարող էի ասել, օրինակ՝ մի Շեքսպիրի մասին)։ Ինչևէ, սա երկար բան է

Մի ուրիշ ժողովածու էլ է հրատարակվում- խմբագրությամբ պրոֆեսոր Բոդուեն-դեԿուրտենեի, նվիրված Ռուսիայի զանազան ազգերի գրականություններին։

Չիցե՞ նա մտածեց. «Թող գնա իմ սիրելին, ես նրան չեմ խանգարի... ես կգնամ նրա ետևից այն ժամանակ, երբ նա գործը սկսած Ներքոհիշյալ վանդակներում զետեղել համապատասխան նախադասությունները և ինքնուրույնաբար կազմել ուրիշները։

կլինի…»։ Ինչ էլ որ լիներ նրա խորհուրդը, այդ միայն աստված գիտե, բայց Բեկին մեծ ուրախություն պատճառեց, որ կարողացավ վերջապես համոզել նրան։

— Ե՞րբ ես մտադիր ճանապարհ ընկնել,— հարցրեց օրիորդը։

— Բոլոր պատրաստությունները կարգի դրած եմ,— պատասխանեց Բեկը.— Ինձ մնում էր ամենադժվար խնդիրը, այն է՝ ստանալ քո համաձայնությունը. այժմ ուրախ եմ, որ մենք հաշտվեցանք։

Ես հենց էգուց երեկոյան կարող եմ դուրս գալ այստեղից։

— Ուրեմն մի՛ ուշացիր,— շտապեցնում է օրիորդը։— Բայց ես պատուհանից նկատեցի, դու գրում էիր, ինչ թուղթ էր այն։

Դու այնքան հուզված էիր գրելու ժամանակ, որ ես կարծում եմ մի շատ կարևոր բան պիտի լիներ։

— Որքան հետաքրքիր ես դու, Թամա՛ր, ամեն բան ուզում ես գիտենալ,— ասաց Բեկը ծիծաղելով։-Ես գրում էի իմ կտակը։

— Կտա՞կ… բացականչեց օրիորդը շփոթվելով.— Ինչո՞ւ համար է կտակը:

— Որ կնքած քեզ հանձնեմ…

  1. Աստղանշով տեքստերը մեր կազմածն են.— հեղինակ։