Jump to content

Շիտակ ու դժվարին ուղի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՇԻՏԱԿ ՈՒ ԴԺՎԱՐԻՆ ՈՒՂԻ

(Մամուլում տպագրվել է որպես հոբելյանական խոսք գրողի 70-ամյակի առիթով)

Առիթն այս խոսքի մի սովորական եւ նույնքան էլ անսովոր թիվ է՝ 70, որ արդեն դրվում է Մաքսիմ Հովհաննիսյան անվան դիմաց։ Ընդունված է ասել՝ հոբելյանական։ Վաստակի առումով՝ հավատալի ու վաղուց արդեն գերազանցված թիվ, տարիքի ու ջահելության տեսանկյունով՝ անհավատալի, դեռ ուր է որ... Այսպես թե այնպես, թվերի մեջ արարչական առեղծված կա, իսկ կոնկրետ Մաքսիմ Հովհաննիսյան գեղագետի ու մտածողի պարագայում, թվերի նկատմամբ ակնածանքս գրեթե պյութագորեսյան սուբստանցիայի իմաստ է ձեռք բերում։ Եվ հասկանալի է։ Կան ուղեւորներ (հիմնականում այդպես են), որ բաց ճանապարհով են գնում, լինում են եւ այնպիսիները, որտեղով գնում են, այնտեղով նոր ճանապարհ են բացում։ Վերջիններից է Մաքսիմ Հովհաննիսյանը։

Երբ անցած ուղու մասին ասում են՝ շիտակ, դա, ինչ խոսք, մարդուն է վերաբերում։ Շիտակ, այսինքն՝ դժվարին։ Անշուշտ, Մաքսիմ Հովհաննիսյանին շատ է պատշաճում բանաստեղծի հանրահայտ տողը. «Ես մեն-մենակ ու դժվարությամբ կրում եմ իմ հոգին»։ Բարձր ինտելեկտի ու նկարագրի մարդ է Մաքսիմ Հովհաննիսյանը։ Ազնվարյուն հայ։ Անխոտոր։ Ինքնատիպ անհատականություն։ Այս բառերը գրում եմ, եւ աչքիս առջեւով նորից անցնում են նրա այն հերոսները, որոնց հայացքներում նժարվում են տիեզերական մեծ ու փոքր խորհուրդները։ Ահա, «Պարող փղեր»-ը։ «Վերցրեք թեկուզ դպրոցական դասագիրքը. այնտեղ պարզ ասված է, որ փիղը՝ հին աշխարհից մեզ հասած միակ հսկան, հանգստանում է կանգնած, իսկ այս ջահել, սիրուն աղջիկը փղին մի ոտի վրա պար է ածում, պառկեցնում է գետնին եւ չես իմանում՝ էլ ինչ օյիններ։ Սա ի՞նչ ծաղր է։ Չորս-հինգ տարին անգամ մեկ ձագ տվող՝ գլուխկոնծի անող այդ փղի ձագը, ասացեք խնդրեմ, ինչի՞ նման է լինելու։ Մի այլասերված գաճաճ»։

Մարդու առաջին բնակարանը, քարայրից առաջ եւ հետո, ցավն է։ Երկրի ու ժողովրդի ցավի միջից է խոսում Մաքսիմ Հովհաննիսյանը, որ իր ամեն մի գործի մեջ փորձում է սովորեցնել տարրական, շատ տարրական ու մարդու համար կարեւոր մի բան՝ կանգնել ուղիղ, այնպես, որ «ոսկորները ոնց որ տաք տված մոմեր», ամեն տեղից չծալվեն։ Հիշենք «Ընդհատված տեսակցության» Վարշամին։ Թող կոտրվի, բայց չթեքվի։ Ահա ամենեցու այս տեսակի կերպարն է գրականություն բերել Մաքսիմ Հովհաննիսյանը։ Իր կերպը։ Եվ այդքանը՝ բավականին ինքնատիպ, անհատականացված խոսք ու ոճով, արցախյան բնավորության` երբեմն անքաղցր ու կոշտ, բայց անպայման ճշմարիտ ու միշտ արդար, ասպետականորեն գեղեցիկ գծերի, հատկանիշների մեջ։ Մաքսիմ Հովհաննիսյանի գեղարվեստական մտածողությունը, անշուշտ, պատումաշարային է, մի փոքրիկ իրադեպը փիլիսոփայական իմաստ է ձեռք բերում։ Այսինքն՝ համապատկերի (ֆոնի) անսահմանությունը նա կարող է բնակեցնել մի ծաղկով, մի ծառով, լույսի մի շողով եւ ընթերցողին վերադարձնել կյանքի ամբողջական հնչողությունն ու նպատակը, առանց ավելորդ ճիգերի։ Որքան խորը, նույնքան՝ պարզ ու մատչելի գույներով։ Խտությունը երեւույթի իմաստին է վերապահում, միտքն ուղղորդելով դեպի, ինչպես ասում են, անսահման եւ հավերժական սկիզբը։ Նա կերպար է կերտում, ինչպես, օրինակ, սքանչելի «Նարնջագույն գիշերներ»-ում, առանց կերպար կերտելու, նա չի խոսում բառով, նրա բառն է խոսում։ Մեր մեծերի լավագույն ավանդույթներն ու փորձը՝ հարուստ կերպարներ, դիալոգներ ստեղծելու առումով, հետաքրքիր եւ ուրույն կիրառումներ են գտել Մաքսիմ Հովհաննիսյանի մոտ։ Խոսքի բնական զարգացման դինամիկան նրան տանում է, իրոք որ, բարձր վարպետության։

«-Հարսնացու, ուզում եմ մի խոսք ասել, որ սրանից մեկ միլիոն երկու հազար տարի առաջ իմ նախապապն է ասել։

-Խոսելը մարդու հոգին աղքատացնում է»։

Կամ.

«-Աչքերդ չխոնարհեցիր։

-Իսկ եթե խոնարհեի՞։

-Ես քաղաք կվերադառնայի»։

Ինչպես տեսնում եք, երկխոսությանը մասնակցում են ոչ միայն խոսողները։ Ստեղծվում են վիճակի պատկերներ՝ խիստ լակոնիկ արտահայտության մեջ։ Եվ դրանք ավելի շատ հոգեբանական խճանկարներ են, անհայտի բանալիները «մետաֆիզիկական շեմին» հայտնագործելու մղումներ։ Գրողի կենսափիլիսոփայությունը միտված է հերոսների հոգեկան հարուստ ներաշխարհի բացահայտմանը։

Կարդալով Մաքսիմ Հավհաննիսյանին` այն պատկերացումն ես կազմում, որ ոչ միայն ինքն է կերտում իր հերոսներին, այլ հերոսներն, իրենց հերթին, վերակերտում են գրողին, այսինքն՝ աստվածային արարչությունն ընթանում է զուգահեռ։ Ավանդությունն ասում է՝ թե ինչպես է Պիգմալիոնը կերտել աղջկա մի քանդակ ու սիրահարվել իր իսկ ստեղծած քանդակին, այնքան մաքուր ու խորն է սիրել, որ քանդակ-աղջիկը շունչ է առել։ Մաքսիմ Հովհաննիսյանն ամբողջ կյանքում «քանդակել» է հայրենի լեռներն ու լեռնցի մարդկանց, մեր Հին Հայոց Արեւելից աշխարհ Արցախը, որի անմնացորդ սիրուց յուրաքանչյուր քար ու թուփ անգամ շնչում է կենդանությամբ։ Գրողի սերը այստեղ հասնում է պաշտամունքի։ Նրա խոսքը, բնականաբար, հեռու լինելով տիրադայնությունից, հաճախ էր հեղինակին կանգնեցնում խորհրդային արգելաձողերի առաջ, Մաքսիմ Հովհաննիսյանի համար ապահովելով, սակայն, մի հատկանիշ՝ այլախոհություն, որը այսօր արդեն պսակ է նրա գլխին։ Պսակ՝ հյուսված իր իսկ ձեռքերով։ Ես նկատի չունեմ միայն 1968-ի կամ 1988-ի պատմական նամակները՝ Արցախը մայր Հայաստանին միացնելու պահանջով, ես նկատի չունեմ Մաքսիմ Հովհաննիսյանի կրած անդուլ հալածանքներն ու «կոմպրոմիսների գնալու» միջոցով իր վիճակն ու քաղաքական կայունությունը փոքր ինչ «բարելավելու» առաջարկներից նրա մշտապես հրաժարվելուն հետեւող դառնությունները։ Ո՛չ ամենեւին։ Ես ուզում եմ շեշտել ի վերուստ իսկական գրողին տրված այն տաղանդը, որ Մաքսիմ Հովհաննիսյանի ամեն քայլը դարձնում է անզարմանալի ու բնական, իսկ կյանքը՝ երկրին ու ազգին նվիրաբերված եւ, մատաղի նման, ընդունելի։ Հակասության ոգին, բնականաբար, ամուր է Մաքսիմ Հովհաննիսյան արվեստագետի մեջ։ Եվ այսօր ժամանակն է (թող ներող լինի ի երես այսքանն ասելու համար) շեշտելու, որ գրող, լրագրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն՝ հեռու մնալով բերբանքյան նկուն մտավորականի, ցավոք, այնքան շատ տարածված տեսակից։ Իմաստի ճշտությունը չվրիպվածության մեջ է միշտ։ Ասում են, որ գրողի ամեն մի բառը պիտի ինչ-որ չափով վտանգի տակ դնի նրա կյանքը։ Չեմ երկնչում ասելու, որ հենց այդպիսի բառերով է Մաքսիմ Հովհաննիսյանն իր արձակը ստեղծել, նրա խոսքի անվրեպությունը հենց այստեղ պետք է փնտրել։ Կորսված Էրգրի զավակ Գեղամի կերպարը նվիրական նոր ապրումներով ու գծերով է ներկայացնում գրողն իր գրչի տակ՝ ենթատեքստային տրամաբանության մեջ Արեւմտյան Հայաստանն ու Արցախը պատկերելով նույն զուգահեռի վրա։ Եվ այդ ամենը՝ 1983 թվականին։ Խոսքը ժամանակին այնքան կրքեր բորբոքած «Ակամա փեսացուն» պատմվածքի մասին է, գործ, որը մեր ազգային մեծերի քնարական ու էպիկական շատ երկերի հետ միասին, նախապատրաստել է արցախյան համահայկական հզոր շարժումը, իսկ ինքը՝ Մաքսիմ Հովհաննիսյանը, մշտապես եղել է ու մնում է որպես այդ շարժման հավատարիմ ու առաջատար դեմքերից մեկը։ Գեղամի կերպարի նորույթը իմաստավորվում է հենց Արցախով ու արցախյան տրամադրությամբ։ Պատմությունը դասի պես հնչում է արցախցու ունկերում. «Կար մի քաղաք եւ մի գյուղ՝ քաղաքի մոտ։ Առաջին անգամ այնտեղ էին հանդիպել ու մտերմացել։ Հեռու ժամանակներում, շատ վաղուց անցած, բայց չսպիացող վերքի պես դեռ հիշելի մի ամառ հանդիպել էին նրանք ու մտերմացել։ Նրանք հանգստանում էին գյուղում, որ քաղաքի մոտ էր, եւ որից ներքեւ գետը արծաթ էր հոսում։ Իսկ գետում փոքրիկ ձկներն էին լողում՝ արեւի ոսկին իրենց պսպղուն թեփուկներին առած, ձկները խաղ էին անում, իսկ Գեղամն ու Արմինեն նայում էին նրանց խաղին»։ Սա, Գեղամի ու Արմինեի անարատ զգացմունքների մասին լինելուց առաջ, հայրենիքի փրկության սիրո կոչնակ է։ «Բայց ահա մի օր կեռ մի սուր սպանեց նրանց սերը»։ «Կեռ յաթաղանի» նզովքն արդեն, ինքնըստինքյան, ճանապարհի ու ելքի ուղեսլաք է դառնում Մաքսիմ Հովհաննիսյանի այս գողտրիկ պատմվածքի մեջ։

Մաքսիմ Հովհաննիսյանի տողը տրամադրական է, խոսքը՝ պատկերավոր ու հյութեղ, ընթացքի մեջ՝ առավել ճկուն ու ասողիկ։ Եվ, կարծում եմ, այստեղ կարեւոր դեր ունի նրա հումորը։ Սակայն դա հումոր չէ՝ սովորական իմաստով։ Արցախցու բնավորություն է՝ արդեն եզերքային հատկանիշ դարձած։ Երբ ցավը դառնում է առավել սուր ու անտանելի, նա դիմում է կատակի, դա ժպիտ է՝ վշտի միջից, անպայման՝ հզոր, իրավիճակի մեջ՝ տիեզերակենտրոն, ժամանակի «ձեռքից բաց թողնված» ծոպերը գտնելու, իրար բերելու առաքելությամբ։

Այսպես, հայն ու թուրքը պատահական հեռակապի մեջ են ընկել ռացիայով եւ փորձում են իրար ոչնչացնել՝ այս անգամ եզոպոսյան «կրակահերթով». «...Որ Էլչիբեյին հանդիպեք, մեր կողմից բարեւ կանեք։ Մարդն ուզում էր Ստեփանակերտում խորոված ուտել, Շուշվա Ջիդիրդուզի հովին թեյ խմել Շուշվա մաքուր օդերում։ Աչքներս ջուր դառավ՝ չեկավ։

-Հոսանք չունեք, հեռուստացույց չեք նայում, չեք իմանում, որ հիմա մեր նախագահը Հեյդար Ալիեւն է։ Գուցե, Վազգեն, բարտեր անենք՝ ես օսետրինա ուղարկեմ, դու էլ՝ իշխան։ Հարեւան չե՞նք։ -

Մոլլա, իշխանը ուշ-ուշ են տալիս, միայն տոն օրերին։ Պիտի սպասես մինչեւ մայիս։

-Մայիսի մեկը, դուք մայիսի մեկը դեռ նշո՞ւմ եք։

-Չէ, մայիսի 9-ը։

-Հաղթանակի օրը։

-Հա, մոլլա, հաղթանակի օրը, ոչ թե 1945-ի հաղթանակի, այլ 1992-ի, երբ Շուշին ազատագրեցինք»։

Մաքսիմ Հովհաննիսյանը տասնյակ գրքերի հեղինակ է՝ «Իմ հին լորենի», «Շոգ», «Եվ սիրտն ասաց», «Գյուղացի մարդիկ», «Նարնջագույն գիշերներ», «Արցախ իմ, ցավ իմ» եւ այլն։ Սակայն կարեւորն այստեղ գեղարվեստական խոսքի այն որակն է, որը համախոս է ժամանակակից հայ արձակի նվաճումներին։ Մաքսիմ Հովհաննիսյանը հայ գրականություն բերեց արցախյան բնավորություն, բավականին գունագեղ ու հարուստ կերպարների մի ամբողջաշար, որը, անշուշտ, իր տեղն ունի մեր հոգեւոր արժեքների շարքում։

Սիրելի Մաքսիմ Հովհաննիսյան, ինչպես տեսնում եք, տարիները շատ ավելի արագ են թռչում, քան կարող էինք պատկերացնել։ Թեպետ մեզ թվում էր, թե մենք ենք տարիների թեւին, բայց ոչ, կյանքը ցույց է տալիս, որ իրենք՝ տարիներն են մեր թեւերին։ Կարծես երեկ էր, որ ես՝ առաջին գրական քայլերն անող մի պատանի, մտա «Սովետական Ղարաբաղ» թերթի շեմից ներս եւ Դու՝ երիտասարդ, բայց արդեն ճանաչված դեմք, ազգային երդվյալ դատապաշտպանի, հետեւապես՝ այլասացի, կոմկուսի կողմից չվստահվածի, քչերին հասու Քո դժվարին եւ պատվական նկարագրով ընդառաջ եկար, ինչպես շատերի, իմ գրական ճակատագրում եւս կատարելով, հիրավի, անուրանալի դեր։ Թույլ տուր Քեզ՝ մեր ավագ գրչախպորը, անկեղծ ընկերոջը, օգտվելով առիթից, այսօր խորին երախտագիտություն հայտնել` Քո լինելության ու պայծառ կերպարի համար։

Անվանի արձակագրիդ գրական վաստակի վերլուծման, դիտարկման ու արժեւորման տրամադրությունը թողնելով հաջորդիվ՝ գալիք օրերի համար, ուզում եմ վաստակած հոբելյարիդ ու գրչի ասպետական մշակիդ, մեր գրական ընտանիքի, արդեն՝ նահապետիդ, հիշեցնել քո իսկ հերոսներից մեկի՝ Անդրեաս պապի մասին, որի նախատիպը, ի դեպ, իմ հայրենի գյուղից է. «Անդրեաս պապ, քանի՞ տարեկան ես։ Հարյուրի մոտ՝ ասաց։ Ուզեցի կատակի տալ, ասի՝ Անդրեաս պապ, սուտ կլինի։ Եվ գիտե՞ս ինչ պատասխանեց, ասաց, ջանիդ մատաղ, Անդրեաս պապը կարող է սխալվել, բայց սուտ չի ասի»։

Ամփոփեմ միտքս։ Մաքսիմ Հովհաննիսյանի կյանքի յուրաքանչյուր վայրկյանն անգամ ճիշտ է ապրվում ու անսուտ, իմաստավորված է ու գեղեցիկ նրա 70-ը, որն էլ հենց 100-ամյակի տանող առաջին նախապայմանն է ու երաշխիքը, չէ՞ որ արցախցու երկարակեցության թիվ մեկ գաղտնիքը, որ հաճախ մոռանում ենք նշել «օդի, թոթի եւ պիհի կոթի» կողքին, դա նրա ազնիվ ու շիտակ լինելն է։ Մաքսիմ Հովհաննիսյանի կյանքն ու գործը «նվիրյալ» բառի նվիրագործումն են, խտացված մի կերպար, որ ուղեկցում է սերունդներին ու մեզ՝ նրա ժամանակակիցներիս, որպես վեհության ու սկզբունքայնության, ժողովրդին ու հայրենի գրականությանը անմնացորդ ծառայելու անբառ պատգամ։