Jump to content

Մովսես Յախշունց. պայծառ մարդն ու բանաստեղծը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄՈՎՍԵՍ ՅԱԽՇՈՒՆՑ. ՊԱՅԾԱՌ ՄԱՐԴՆ ՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Մովսես Յախշունցի անունը լսելիս ամեն անգամ լցվում եմ խորը պատկառանքով: Նա մեր գրական օջախի մեծն էր` նահապետի իր կարգ ու վարքով: Ուսուցչություն էր անում հայրենի գյուղի դպրոցում` մեկ անգամ եւս իր գործունեությամբ հաստատելով, որ դրանից մեծ առաքելություն աշխարհում չկա: Նաեւ բանաստեղծությունից բարձր ոչինչ չէի պատկերացնում, երբ կարդում էի նրա դպրոցական տետրերի վրա, ոսկեղենիկ լեզվով, վայելչագրված քերթվածքները: Լինում են, չէ՞, մարդիկ, որոնց նայելիս, զգում ես, որ շատ, շատ հեռուն է գնում: Այդպիսինն էր Համո Սահյան մարգարեի եւ մեր մյուս մեծերի հետ, դեռեւս մանկության ու պատանեկության օրերից սկսած, քեֆի նստած ու վեր կացած Մովսես Ապերը: Անվանի բանաստեղծ Սաղաթել Հարությունյանն իր «Նրա հազարան հավքը» հոդվածում Յախշունցին ներկայացնում է դիպուկ բնութագրումով. «Յախշունցը նորարար է բառի իսկական իմաստով: Յախշունցի նորարարությունը օրգանական է, բխում է նրա էությունից եւ հաճախ այնքան աննկատ, որ դա քչերն են նկատում, իսկական հասկացողները միայն»: Ու մեջբերում է Համո Սահյանի խոսքը` երկու հեղինակություն ունեինք, որոնց մոտ էինք տանում մեր նոր գրած բանաստեղծությունները, դրանք էին Թաթուլ Հուրյանը եւ Մովսես Յախշունցը: «Երբ Մովսեսը գրածս հավանում էր` ոտներս գետնից կտրվում էին»,- ասում էր Համոն:

Յախշունցը արցախյան համազգային շարժման ակունքներում էր` իր տղաներով, գերդաստանով, շենով, ժողովրդով ու բանաստեղծությամբ: Հիշում եմ, թե մեր մեջ ինչպիսի սարսուռ ու զայրույթ առաջացրեց նրա կալանվելն ազերի ենիչերների ձեռքով, դեսուդեն էին զարկվում` նրան բանտից ազատելու համար, չէ՞ որ տարիքը իրենն արել էր բավականին եւ աչքերն էլ համարյա չէին տեսնում: Եվ հանկարծ Մոսկվայից Արցախի գրողների միություն է զանգում Զորի Բալայանը` Սիլվա Կապուտիկյանի հետ միասին, երկրի այն ժամանակվա ղեկավարի ընդունարանից: Մենք, հայտնելով ազերիների ամենաթարմ կամայականությունների ու հանցագործությունների մասին, միաժամանակ ներկայացրինք Բերդաձորում կատարվածի մանրամասները, խնդրելով, որ միջամտեն հրաշալի մարդուն ու սքանչելի բանաստեղծին ազատելու համար: Կյանքի օրերը ավելի ծանրացրին բանաստեղծի` առանց այդ էլ վատ առողջական վիճակը: Բուժվելու նպատակով մեկնեց Երեւան, ուր մի քանի տարի հետո կնքեց մահկանացուն` ուշքն ու միտքը հայրենի սար ու ձորում: Նա մնայուն շատ գործեր է կատարել, թողել գրական ոչ փոքրիկ ժառանգություն: Եվ հիմա, երբ թերթում եմ նրա «Առեղծվածներ» ստվարածավալ ժողովածուն, ամեն տողի հետ իմ մեջ վերարթնանում են պոետի` դեռեւս ձեռագրերից ինձ ծանոթ ու հարազատ պատկերները.

Արտի մասին մեր պապերից
Շատ իմաստուն խոսք է ասված,
Որ ձույլ, լցված հասկերի հետ
Զրուցում ինքը` Աստված։

Անկեղծ ասած, հիմա էլ, երբ ամեն անգամ ճանապարհս անցնում է Բերդաձորի տարածքով, գյուղ, որի պաշտպանությունը, իրոք, մեր անհաղթելիության բերդերից մեկն էր դարձել, աչքիս առաջ` հայրենի լեռների ու անտառների ֆոնի վրա, կանգնում է պայծառ մարդու կերպարը, թվում է, թե նա, որպես Աստծո ճշմարիտ առաքյալ, զրուցում է իր հայրենական ոստանի հետ: Ու այդ զրույցը վախճան չունի: Եվ «Եղեսպակի, ուրցի, Խլածաղկի տեսքով» հառած բանաստեղծի «համար է նորից արեւը շողում»: