Շիրազականչ
Շիրազականչ
1
«Ղարաբաղը մորս կանչն է…»՝
Մա՛յր երգեցիր շարունակ։
Երկրի ցավը հոգուդ ճիչն էր՝
Մա՛յր երգեցիր շարունակ։
Ավեր Անին քո թախիծն էր՝
Մա՛յր երգեցիր շարունակ։
Ծանր ցավ էր քեզ Արցախը՝
Մա՛յր երգեցիր շարունակ։
Ունկերիդ մեջ՝ «քելե, լաո»՝
Մա՛յր երգեցիր շարունակ։
Ուշանո՜ւմ ենք, երթա՛նք, բա՛վ է։
...Մա՛յր երգեցիր շարունակ։
1984, Ստեփանակերտ
2
Հեռվում է քո երազ, քո մուրազ Մասիսը,
Հեռվից քեզ տենչում է, կաչում է Մասիսը,
Թախծում ես դու մենակ, տխուր ես և գիտե՞ս,
Ախ, հեռվում տխուր է ու... լուռ է Մասիսը։
3
Գտնեի՜ ճշմարիտ ու վեհ այն հնարը,
Մտնեի ես, Շիրազ, քո սիրո աշխարհը։
Երգերով հոգեթով, վերքերով անհատնում
Լցրել ես աշխարհն ու քո... «Սիրո քնարը»։
4
Խիղճդ քնած մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց,—
Մասիսի հեգ բանաստեղծն էլ այս աշխարհից գնաց։
Էլ քո ի՞նչն էր աստվածային, աստվածդ թող մեռնի,
Հայոց հույսի աստվածային բանաստե՞ղծն էլ լռի։
Էլ ո՞վ պիտի աշխարհասփյուռ մեր աղոթքը կարդա,
Սիփան, Վարագ, Անի, Արցախ, Ղարս՝ ձեր հույսը վաղվա։
Վանա ծովից փչող հովից էլ ո՞վ պիտի շիկնի,
Հայոց Պոմպեյ-Անիի սուրբ պարսպի տակ քնի։
Էլ ո՞վ պիտի հեծնի հույսի իր ոգեղեն ալ ձին,
Թե՝ չեմ մեռնի, մինչ չհասնեմ իմ ազատված Մասիսին։
Ինչպես՝ Շուշին... Քնա՛ծ մնաց, խիղճդ քնած մնաց,
Հայոց հույսի աստվածային բանաստեղծն է՛լ գնաց։
14.04.1984, Ստեփանակերտ
5
Սիրո՜ւմ եմ ձեզ, աշխա՛րհ, մարդի՛կ, բոլորի՛դ,
Բայց պաշտում եմ Շիրազին,
Որ փայտե ձի հեծնեմ նրա պես մի օր,
Ու հասնեմ իմ մուրազին։
Փայտե ձիով հասնեմ գագաթը Մասսի,
Սարիս գլխին կանաչեմ,
Փայտե ձիով աշխարհներս բերեմ տուն,
«Տիեզերքն էլ նվաճեմ»։
Ա՛զգ իմ, սուրբ է սարդ Հայկիդ նման սուրբ,—
Երբ էլ լինի՝ կգա տուն,
Սակայն հողմ է հիմա դեռ չար աշխարհում,
Եվ թշնամիդ է արթուն։
Գուցե մի օր ինձ հաջողվի (ո՜ւր է, ո՜ւր...)
Աձգս հանեմ լույս եզերք,
Սակայն Մասսի գլխին բույն է դրել բուն,
Եվ արթուն է, ազգ իմ հեգ...
28.03.1985, Ստեփանակերտ
6
Իմ ազգը հեգ չէ,
Ոսոխին տեգ է,
Ոսոխի սրտին՝ սուր ու դանակ,
Իմ ազգը հուր է,
Թշնամուն՝ սուր է,
Թշնամու մուխը մարող բանակ։
Անհո՛ւն է, խե՛նթ է,
Բռո՛ւնցք է, զե՛նք է,
(Արցախում՝ կռի՞վ, ավեր-ավա՞ր...)։
Եվ նա չի՛ պարտվի,
Ոնց Ավարայրի
Մեր այն հի՜ն կռվում օրհասական։
Ո՛չ, նա չի՛ պարտվի,
Կկանգնի ոտքի՛,
Կկապի որդու՝ Դավթի գոտին,
Որ գետնի նրան
Մի ակնթարթում՝
«Յոթ-միլիոնանոց» իր ոսոխին...
28.03.1985, Ստեփանակերտ