Տխրություն (Արիս Արսենի)
Արտաքին տեսք
Ես ապրում եմ այսօր տառապանքի հևքով,
Տառապանքի հևքով, նաև՝ ցավի,
Սակայն դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով,
Քարանձավի տենդով, քարանձավի՜։
Եվ իրենց իսկ կերտած քաղաքները մի օր
Հիմնահատակ գուցեև ավերեն,
Բայց և գուցե թողնեն քաղաքակիրթ մարդկանց,
Իրենք՝ անձավներում «տնավորվեն»։
Ու մոռանան լեզուն մարդկայինի, սիրո,
Ապրեն անձավային կյանքով վայրի...
... Ավա՜ղ, դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով
Քարանձավի, այն հի՜ն քարանձավի։
1991, Ստեփանակերտ