Շնորհավորում ենք
Ընտրված է Թիֆլիսի քաղաքագլուխը—պ. Ա. Խատիսյան։
Վերջին տարիներս պ. Խատիսյանը, իշխ. Չերքեզովի հիվանդության պատճառով վարում էր Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը։ Այդ ժամանակամիջոցում էլ նա գործի մեջ ցույց տվեց իրեն ու ամենայն իրավունքով արժանացավ ընդհանուրի գիտակցական հարգանքին ու համակրանքին։ Քաղաքային գործերի մեջ ցույց տվեց կենդանի սեր, եռանդ ու անվիճելի հմտություն. դեպքը բերած ժամանակ միշտ քաղաքը ներկայացրեց իր անվանը վայել արժանապատվությամբ, շարունակ հանդես եկավ կարեկից ու զգայուն դեպի կարիքավորների դատն ու վիճակը, միաժամանակ լինելով ընտիր հայ, կանգնեց ազգային ամեն նախապաշարմունքից վեր, միշտ անաչառ, անշահասեր բնավորությամբ ու մաքուր։
Ահա թե ինչն է պատճառը, որ այսօր Թիֆլիսի բազմալեզու ազգաբնակության կողմից իր պատկառելի պաշտոնին կոչվում է մի չտեսնված համերաշխությամբ, գրեթե միահամուռ ու միաձայն։ Ահա թե ինչու մեր եղբայր վրացիները մի սրտառուչ որոշումով իրենց քվեները տալիս են բաց, ամեն կասկածից դուրս հրատարակելով իրենց բարի վերաբերմունքը։ Այս բնավորությունը, որ մի բարձր գնահատություն է նրա քաղաքացիական առաքինությունների համար, անշուշտ մեծ զորավիգ է լինելու իր ծանր պաշտոնի մեջ։
Շնորհավորում ենք Թիֆլիսի ազգաբնակությանն ու քաղաքի ձայնավորներին, այս վերին աստիճանի հաջող ընտրության համար, և սրտագին ողջունում ենք թանկագին Ալեքսանդր Իվանիչին, անկեղծ ցանկանալով նրան ուժ ու հաջողություն այսքան համակրանքի ու հույսերի հանդեպ։