Շունն ու ծիտը
Մի գամփռ է լինում, մի վատ տեր է ունենում։ Էս տերը էս գամփռին օրերից շատը սոված է պահում։ Մի օր էլ էս շան համբերությունը որ հատնում է, վեր է կենում կորչում։ Գնում է, գնում, ճամփին մի ծիտ է պատահում, ասում է.
— Էդ ինչո՞ւ ես էդքան տխուր, շուն ախպեր։
Շունը թե՝ – Բա ի՞նչ անեմ, որ տխուր չլինեմ, սոված եմ, ուտելու էլ բան չկա։
Ծիտն ասում է.
– Դե որ էդպես է, ինձ հետ արի գնանք քաղաքը, քեզ համար ուտելու բան ճարեմ, ուտես կշտանաս։
Ու էստեղից վեր են կենում, երկուսով գնում քաղաք։ Որ մոտենում են մսավաճառի խանութին, ծիտը շանն ասում է.
– Դու էստեղ կաց, ես գնամ քեզ համար մի կտոր միս թռցնեմ։
Ներս է թռչում խանութը, չորս կողմն աչք է ածում, տեսնի՝ իրեն նայող կա թե չէ, մի կտոր միս է կտցում ու ձգձգում, քաշում, դեպի դազզահի ծերը, մինչև որ դազգահի ծերից ընկնում է ներքև։ Շունն ըռխում է, վազում մի անկյուն մտնում, ուտում։ Ծիտն ասում է.
– Արի՛ գնանք մի ուրիշ խանութ, էնտեղ էլ մի կտոր միս ճանկեմ քեզ համար։
Էս երկրորդ կտորն էլ որ շունն ուտում է, ծիտը հարցնում է.
– Հը՜, ախպե՛ր ջան, կո՞ւշտ ես, թե՞ չէ։
– Հա՛, էլ միս չեմ ուզում,– պատասխանում է շունը,–– բայց որ հաց լիներ, կուտեի։
Ծիտն ասում է.
– Լա՛վ, արի գնանք, հաց էլ ճարեմ քեզ համար։
Տանում է շանը մի փռան առաջ կանգնեցնում, ինքը վերև շարած հացերն էնքան կտցահարում ու հրում, որ երկուսը վեր են ընկնում[1]։ Էս երկու հացը շունն ուտում է ու էլ է հաց ուզում։ Հիմի էլ տանում է մի ուրիշ փռան առաջ, էլ ետ նույն խաղն է խաղում։ Էս էլ որ շունն ուտում է, հարցնում է.
– Հը՜, ընկեր ջան, հիմի կշտացա՞ր, թե՞ չէ։
Շունն ասում է.
– Հա՛, կշտացա։ Դե արի հիմի գնանք մի քիչ քաղաքը ման գանք։ Վեր են կենում, միասին գնում են քաղաքը ման գալու։ Օրը շոգ է լինում։ Մի քիչ որ անց են կենում, շունն ասում է.
— Ես հոգնեցի, ուզում եմ մի քիչ հանգստանամ։
Ասում է, ճամփին մեկնվում, քնում։ Էդ միջոցին դուրս է գալիս մի մարդ, որ կառքով՝ երեք ձի լծած՝ երկու տակառ գինի է տանում։ Ծիտը տեսնում է, որ էս կառապանը չի ուզում ճամփու մի կողմը ծռվի, ուղղակի քշում է քնած շան վրա, ճչում է.
— Էն կողմը քշիր, ա՛յ կառապան, թե չէ հետո քեզ կհասնի, հա՜․․․
— Քեզանից պետք է ինձ հասնի՞․․․ <․․․>
- ↑ [ու շունն ուտում է]