Jump to content

Շուշի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՇՈՒՇԻ


Ռոբերտ Եսայանին


Սարերն ի վեր, սարերն ի վեր, ի վեր
                հասնում եմ երկինք
                ու մտնում Շուշի։

Գմբեթների շարասյուն է ճամփաներին,
                խաչքարերի մի երամ արդեն
                երկնքի տարածքում է։

Երբ այստեղ ես՝ եղիր այստեղ։ Բառը՝ կամարներից
                ներս, զանգ է հզոր,
                ղողանջը գալիս է գալիքից։

Զոհասեղանին մի կտոր քար է դրված,
                երկնային մանանա՝
                համով ուտվում է։

Կրակը հուշերի մեջ ավելի կրակ է,
                իսկ քարերը ծաղկի
                կենսագրություն են։

Պարսպի պատի մեջ Բեկորը կանգնել է
                կենդանի, որ Շուշին
                այլեւս մնա անառիկ։

Սարերն ի վեր, սարերն ի վեր, ի վեր
                հասնում եմ երկինք՝
                բաց է դուռն Աստծո։