Jump to content

Ոգի Հայաստանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ոգի Հայաստանի



(Երևակայական)



Ո՛վ կույս մանկագեղ, կո՜ւյս արևելքի,
Հրեշտակ սիրո, բայց ո՛չ թևավոր.
Մի հատիկ գոհար փշրված թագի,
Լո՛ւյս ես իմ հոգու, տաճա՛ր փառավոր:

5 Անմեղութենով փայլում ես պայծառ,
Որպես շուշանը Հայոց դաշտերի,
Քեզ այդ շուշանից, հոգո՛ւս սիրահար,
Հյուսում եմ պսակ անթառամելի։

Առաջին անգամ ես այն անմարմին
10 Քնքշությունը տեսա կանացի,
Ա՜խ, տեղատու է շրթունքիդ վարդին
Նրբագեղ քո՛ղը արևաբացի։

Ես շատ նայեցի խաղաղ աչքերով
Զմայլիչ Սերիդ փայլատակության,
15 Վիշտրս փարատեց գարնան զեփյուռով
Վառ ծաղկահասը վառ գեղեցկության:

Ես աշխարհիս մեջ շատ կանայք տեսա
Եվ շատ կանանց հետ ես սիրանըվեր
Զգացմունքներով ոգեխառնեցա,
20 Բայց այժմ նոքա՝ նոքա մի ստվե՛ր:

1864 թվին
Ամարանոցում