Ողբ (Ռափայել Պատկանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բռնի պսակ Ողբ

Ռափայել Պատկանյան

Էգուց
ՈՂԲ

Հայազգի աշակերտաց Ներսիսյան դպրոցին



   Պարսկի լըծից զզված,
Բյուր ցավ քաշելով՝
Եկանք Թիֆլիս, ազատ
Քաղաք կարծելով։

Ծնողք ասին՝ «Անդ շատ
Կան ազգասերներ,
Նոքա անշուշտ կ'լինին
Ձեզ պաշտպան և տեր»։
Ուրախ փախանք թուրքի

Գավազանիցը.
Ի՞նչ հույս ունեինք մենք
Չար գազանիցը։
Հերերս ասացին մեզ՝
«Գընացե՛ք Թիֆլիս,

Այժմ նա է նոր—Աթենք
Մանկաց հայ ազգիս։
Ներսիսյան դպրոց կա
Այնտեղ խիստ շըքեղ,
Որի հատը երկրիս մեջ

Չկա ոչ մի տեղ»։
Շուտ հավատացինք մենք,—
Միամիտ էինք,
Մեր գլխուն գալիքը,
Դեռ չը գիտեինք։

Տաճկի, պարսկի երկրումը
Թեև ստրուկ էինք,
Բայց ստրկության կանոնը
Դեռ չգիտեինք։
Այստեղ գրքով սովրեցրին

Մեզ ստրկություն,
Մեր սրտերից հանեցին
Սուրբ ազատություն։
Ով որ ատեց սուտ խոսք,
Նախանձ, բամբասանք՝

Հանցավորից սաստկագույն
Կըրեց հալածանք։

Վա՜յ, ամա՜ն, մեր ձեռքը,
Ոտքը կապեցին,
Մարդասպանների նման

Բանդը ձըգեցին։
Բերել տըվին դահիճ,
Փողոցի միջին
Հարյուր գավազանն էր վարձ
Ուսումնատենչին։

Մեր դահիճն էր հայազգի՝
Աղա Թայիրյան,
Եպիսկոպոս դատավոր՝
Սարգիս Ջալալյան։