Բռնի պսակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բարի խրատ Բռնի պսակ

Ռափայել Պատկանյան

Ողբ
ԲՌՆԻ ՊՍԱԿ


   Լուսադեմին աղբյուրի մոտ գընացի,
Սառը ջըրով ձեռքս, երեսըս լվացի,
Հանգստացա ծառի թավուտ ստվերումը.
Թըռչունները ճլվում էին վերումը.

Մինն նոցանից տըխուր, մընջիկ երգում էր,
Ու երգելիս մարդու ձենով ասում էր.
«Խեղճի՛կ Նազլու, քեզ բերել եմ սև համբավ,—
Այսուհետև քու քաղցր արևը կորավ.
Քու հերիկը արծաթասեր, քարեսիրտ,

Չի խնայելու անգին օրերը խեղճիդ.
Ծերուկ, կընճռոտ նա քեզ փեսա ընտրել է,
Քու փեսան քեզ հորեդ փողով գընել է»:

   — Մերի՛կ, ինչե՞ր եմ ես լըսում, վա՜յ գըլխուս.—
«Աղջի՛կ, հորըդ գործըն է այդ, աչքի լուս»։

— Հերի՛կ, ղո՞րդ է, ի՜նչ լըսեցի. վա՞յ գըլխուս։—
«Թող աղբերըդ ղորդը ասե, աչքի լուս»։

   Աղբե՛ր, ինչո՞ւ տալիս են ինձ ծերուկին։—
«Արծաթասեր մեր հոր գործն է, իմ անգին...
Քիսով ոսկին ջըհուդ ծերը տուն բերեց,

Անգին քըրոջ, ազիզ քըրոջ նա գերեց»։

   — Մընա՛ք բարև, տուն, ազգական, հավիտյան,
Ոսկի օրըս սևցնելու է իմ փեսան.
Դուք երկնային ազատ թրռչունք մի՛ երգեք,
Անցած օրերս դուք ինձ հուշ մի բերեք.

Այսուհետև իմ կյանքն է ինձ գերություն,
Մահը միայն տալու է ինձ փըրկություն։ —



   — Ա՛ռ աթոռը, նըստե՛, ուտենք միասին,
Ասաց գոռոզ ծերուկ փեսան նոր հարսին.
Մազն ու ունքը նորա ճերմակ ինչպես ձյուն,

Ու աչքերը բոց կըրակի պես փայլուն.
Ես քեզ շատուց սիրում էի վառ սիրով,
Արդ՝ դու իմն ես, ու ես հանգիստ եմ հոգվով։
Ե՛կ, քեզ ցույց տամ իմ պահած փողն ու գանձըխ
Քեզ կընծայեմ այն բոլորն ու իմ անձը։—

«Քա՛վ, քե՛զ պահե բոլոր քու փողն ու գանձը,
Դու սևցուցիր, անբախտցուցիր իմ անձը»։
— Երթա՛նք մառան, խըմենք անուշ գինիներ։
«Գինին ի՞նչ շահ, երբ սըրտիս մեջ չի կա սեր,
Քանց քու գինին անուշահամ, պատվական,

Սիրում էի մեր տան ջուրը սոսկական»։
— Երթա՛նք շուկա, առնունք ակեր թանկագին։
«Ակը ի՞նչ շահ, երբ արցունք է իմ աչքին.
Անգութ հորըս դու փող տվիր ինձ առիր,
Ո՛չ ամուսին, այլ դու գերի ինձ արիր։

Երկնի՛ց թըռչունք, դադարեցե՛ք երգելից,
Եղե՛ք սըրտիս ցավերուն դուք կարեկից.
Ես էլ էի ձեզ պես մի օր խընդագին,
Գընաց կորավ ազատ կյանքը իմ անգին։
Թըռե՛ք, տարե՛ք վերջին խոսքս իմ ծնողաց,

Թե Նազլուի վիճակն է այժմ սուգ ու լաց:
Ասե՛ք մորս, որ տվավ ինձ կյանք արև,
Թե խեղճ Նազլուն ուղարկում է քեզ բարև.
Մեր տունը, ուր անցավ կյանքըս մանկության,
Էլ Նազլուին տեսնելու չէ՛ հավիտյան։

Հորըս ասե՛ք, քու խեղճ, թըշվառ աղջիկըդ
Բոլոր սըրտից ներում է քու չար գործըդ»։

   Երեկոյան պահուն, մայիս ամիսին,
Ծնողք նըստած ծառի տակը միասին,

Անմեղ թըռչնոց լըսում էին երգերը.
Մին էլ հանկարծ թոթափեցան ճյուղերը.
Բվեճը նըստավ ծառի վըրա ու գոռաց,
Հորը, մորը պատճառելով սուգ ու լաց.
«Ձեր աղջիկը, անբախտ Նազլուն չէ՛ կենդան,

Էլ դուք նորան տեսնելու չե՛ք հավիտյան.
Թըռավ կորավ արև խըղճուկ որբուկին,
Երկնից Տիրոջ ավանդեց նա իր հոգին»։