Ոչ, ես չեմ ուզում…
Արտաքին տեսք
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Ոչ, ես չեմ ուզում…
Ոչ. ես չեմ ուզում, որ խորհրդավոր
Իմ կյանքի վեպը հայտնվի աշխարհին.
Տերն ու խիղճըս են միայն դատավոր
Ե՛վ իմ վառ սիրուն, և՛ իմ տանջանքին։
Եվ նոցա առաջ սիրտըս կը բացվի,
Հույս դըրած նոցա ջերմ կարեկցության.
Եվ թող նա՛ միայն, թող նա՛ ինձ պատժի,
Ով վերաս դըրավ տանջանքի շըղթան։
Մարդկանց անարգանք, մարդկանց նախատինք
Անզո՜ր են վըսեմ հոգին վըրդովել.
Թո՛ղ գոռա ծովի կատաղած ալիք —
Անզո՜ր է կանգուն ժայռը կործանել։
Նորա ճակատն է ամպերի միջին —
Մըռա՜յլ բընակիչ երկու տարերքի
Եվ միայն ահեղ որոտ-փոթորկին
Պատմում է նա միշտ խորհուրդը մըտքի։