Jump to content

Ոսկեփրփուր ծիրանին ուսին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Բանաստեղծությունը սկսվում է լույսից։ Եվ ապրում է լույսի նման, լույսի կյանքով։ Նա օգնում է ճշմարտացիորեն տեսնել, ճանաչել աշխարհը։ Ավելին, բանաստեղծության միջոցով մենք կարողանում ենք տեսնել եւ այն, ինչ պիտի լինի։ Ահա թե ինչու իսկական պոեզիան այլ բառով կարելի է կոչել եւ... հեռատեսություն։ Ու բնական է, որ համաշխարահային քնարերգության մեծերից մեկի՝ Ավետիք Իսահակյանի ձայնը պիտի այնքան լուսեղեն հնչեր.
Վառ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ...
Մաքուր, բյուրեղյա հոգու ինչպիսի թրթիռներ, զգացմունքների ինչպիսի՜ ջերմություն ու մարգարեություն։ Եվ լույս, եւ լույս։ Սակայն ո՞րն է այդ լույսի ակունքը։ «Ըստ իս, Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող է ապրել Ռուսաստանի հետ կամ բնավ չի կարող ապրել։ Մնացածը հիմարությունից վեր մի բան է», - ահա հարցի լուծման միակ բանալին։ Եվ Վարպետի այս կանխատեսությունը ճանապարհ հանդիսացավ «բյուր ազգերի ու ժողովուրդների» համար։ Բանաստեղծը մարդու մեջ փնտրում է վեհը, գեղեցիկը, մարդկայինը եւ ներշնչման անգին, երանելի պահեր է ապրում, երբ նշմարում է «ազիզ հայրենիքի» դեմքը լուսավորող «կանաչ արեւը»։ Հին աշխարհի «արյունոտ ճիրաններում» տառապող «ռանչպար» մարդկանց վիշտը նա չէր կարող իրենը չհամարել դեռ «էն գլխից».
Վիշտս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր։
Վշտի վճիտավորումը, ինչպես տեսնում ենք, խիստ նպատակային է։ Սա Իսահակյանի հոգու այն ճառագայթումն է, ինչպես ասում են, որի լույսի տակ ազգայինը վերածվում է համամարդկայինի, ընդգծում համամարդկային աղետներով ու արհավիրքներով հղիացած ժամանակների ողբերգության խորությունը, տեսանելի դարձնում եւ լինելիքը։ Բանաստեղծը իր ձայնը ձուլում է ընդհանրության կոչին։ Եվ դա արվում է իսահակյանական նվրիվածությամբ, անթոշնելի սիրո շիկացածությամբ։
Քո հողին մեռնեմ, անգին հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազարն էլ սրտանց քեզ մատաղ անեմ։
Իսահակյանի հայրենասիրությունը խորն է։ Այն միահյուսված է բնության սրբազան ու վսեմ գեղեցկություններին։ Բնություն, ուր արեւում են Հայրենիքը, Մայրը, Սերը։ Եվ այս արեւներից, որի շողն էլ ցոլցլաց նրա իմաստուն տողերի մեջ, աշխարհին պարզվում էր մեծ հոգու հումանիզմը, մարդու վեհությունը.
Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում,
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկում...
Ինքնաբացահայտման այս տողերից հառնում է անթերի մի դեմք, կատարելության հասնող մի կերպար, որի կերտման համար ընտրված ամենաբնորոշ գույնը, թերեւս, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո անմիջականությունն է, որովհետեւ «տիեզերքի պերճ հյուսվածքին» վեհացնողը հայրենասիրությունն է։ Ահա այս սուրբ գիտակցումն է առանցքվում եւ Վարպետի բոլոր գործերում՝ ինչ թեմաներով էլ դրանք գրված լինեն։ Նրա երգած սիրո մեջ շիրակյան հովերի շնկշնկոցը, ալագյազյան վեհությունն ու իր մեծ նախորդի՝ սիրո անզուգական երգիչ Քուչակի, «մոլեգնությունը» այնպես դաշն են, այնպե՜ս հարուստ են սրբազան խորհուրդներով։ Իսկ դա բխում է քնարերգուի ժողովրդականությունից, նրա մարգարտյա երգերի ժողովրդական ակունքներից։ Ահա թե այս մասին ինչ է գրում խոշոր իսահակյանագետ Ա. Ինճիկյանը. «Ավետիք Իսահակյանի քնարերգությունը ժողովրդային է ամբողջության մեջ, իր ոգով ու ոճով, իր բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկւթյուններով՝ ձեւով»։
Մեկ ուրիշ քնարերգուի բանաստեղծական կերտվածքները, երեւի, այնքան մոտ ու հոգեհարազատ չեն հայրենի ճարտարապետությանը՝ թե ձեւի, թե մտածողության առումով, որքան Իսահակյանինը։ Նա ճարտարապետ բանաստեղծ է.
Գիշերն եկավ, զով հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով ծովն ընկավ
Հավքերն ինձի ձայն տվին։
Իսահակյանը առաջին հայ քնարերգուն էր, որ առանձին խորությամբ, ամենասուրբ գույներով ու զգացմունքներով երգեց մոր սերը, մեր պոեզիան հարստացրեց այդ թեմայով գրված անզուգական գործերով, որոնցից են «Մայրիկիս», «Մայրս տեսավ», «Մայրիկ, հիվանդ եմ», «Կռունկները» եւ ուրիշ երգեր։
Վարպետի սիրո երգն անգամ ներծծված է ամենամեծ սիրով՝ սիրով հայրենիքի։ Եվ չնայած կյանքի սոցիալական անարդարությունները, ժամանակի վշտերն ու ողբերգությունները ամեն կերպ ձգտում էին մութ ստվեր գցել «ազատ, ինքնիշխան» բնության գեղեցկությունների վրա, Ավետիք Իսահակյանը երբեք չընկրկեց ժամանակների առաջ։ Նա մեծ, անսահման ազատության երգիչն էր եւ ըմբոստանում էր «բիրտ օրենքների» դեմ, հոգու խորքում միշտ վառ պահելով հավատը հայրենիքի վաղվա հանդեպ։ Եվ ամենածանր պահերին անգամ, երբ քարավանը մեղմ ղողանջում է «Օտար, ամայի ճամփեքի վրա», բանաստեղծը դարձյալ հայրենիքի հետ է. «Կանգնիր, քարավանս, ինձի կթվա, թե հայրենիքես ինձ մարդ կկանչե»։ Եվ դա լոկ թվացում չէ, այլ համոզմունք, սեր ու էություն։ Հայրենիք-հավատն է նրան ներշնչել, որ «վիշտ, տանջանքներ» նա «ճաշակի որպես հաղթանակ», գեղեցիկ մի օր էլ կանգնի «ցորենի ծփուն արտերի եզրին», խորհի սրտի մեջ լուսավոր հայրենիքի մասին.
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկի՛ր կաթոգին։
Հայրենասիրական թեմաներով գրված գործերի մեջ առանձնանում է բանաստեղծի «Ախ, ինչքա՜ն, ինչքա՜ն կուզեի լինել» երգը, որը չնայած պոետի վերջին գործն է, բայց կարող էր գեղեցիկ բնաբան լինել նրա ամբողջ ստեղծագործության համար։ Բանաստեղծի անզուգական ստեղծագործությունները այսօր էլ մեզ՝ ընթերցողներիս, դաստիարակում են հայրենասիրության ոգով։ Հայրենասիրության սիմվոլ է դարձել հենց իր՝ պոետի անունը, որ մեր մեջ ապրում է ավետիքի պես, մեզ սովորեցնում այնքան խորը սիրել հայրենիքը։


Իսահակյանն անընդգրկելի ու խոշոր երեւույթ է։ Եվ նրան վերլուծել, մեկնել հնարավոր չէ ամենեւին։ Պարզապես պիտի կարդալ նրան։ Ոչ թե կարդալ, այլ ապրել, խորը, անհունորեն։ Ինչպես ասում են՝ նորից, կրկին, դարձյալ ու վերստին։ Մշտապես։ Ո՞ր մեկիս մեջ չեն նրա կախարդական գրչի պատկերներն ապրում ու արարում, ո՞ր մեկիս հավերժական ուղեկիցը չէ Վարպետը՝ ոտքերին վաղջնական դարերի ու մեր ժամանակների տիեզերական փոշին... Վերջապես, ո՞վ չէ մեզանից Աբու Լալայի հետ, քարավանի աստղաջինջ զանգերի ու ղողանջների ներքո, մխրճվել օտար ամայի անապատների ավազուտներում... Ո՞վ չէ նրա հետ որպես «զինվոր հասարակ» կռվել ու հաղթել Անիից Շուշի հասած պարիսպների տակ հնչեցնելով զանգն ազատության ու հաղթանակի... Եվ, սակայն, միայն Իսահակյանին էր տրված լինել Իսահակյան։ Մարգարե։
Ասում են՝ Վարպետն իր երգերից շատերը գրել է բանավոր, մտքի մեջ, բառերը երգելու պես մրմնջալով... Միտքն այնքան է հստակ, ասես բառ չի դիպել։ Եվ բնական է, որ այդ երկերն էլ շարունակում են նույնակերպ շնչով ու կյանքով ապրել ապրողներիս մեջ, հաճախ էլ՝ երաժշտականացվելով։ Ինչպես, ասենք՝ շուշեցի Եգոր Առուստամյանի (հայտնի հայդուկ՝ Մենակ մականունով, Իսահակյանի ընկերներից էր) շուրթերին։ Խոստովանենք, որ Արցախում Վարպետի հանդեպ ժողովրդի կողմից տածվող վերաբերմունքի մեջ կա մի առանձնահատուկ զգացում, որն ավելի է, քան սերը։ Եվ դա բառերով ասելն անհնար է։ Բայց կա նաեւ ցավ այդ նվիրական ու անհուն զգացումի մեջ։ Մեր ժողովրդի մեծերի մեջ Իսահակյանն այն եզակին էր, որ խիզախեց շատ տարիներ առաջ հայ գրողի համար խստորեն արգելված ժամանակներում լինել Արցախում, որը նրա բնորոշմամբ...- «միշտ բարձրագլուխ է» ու «քաջերի օրրան»։ Խիզախեց, բայց... Խորհրդային դիտակը հետեւում էր նրան ամենուրեք։ Եվ հետեւանքը եղավ այն, որ ձերբակալվեցին մեծ թվով մարդիկ՝ բանաստեղծ, Արցախի գրողների բաժանմունքի ղեկավար Բոգդան Ջանյանը, ղզղալացի Զաքար Սուվարյանը, անունները շատ են։ Բանը հասել էր այնտեղ, որ Ադրբեջանի ղեկավար Մ. Բագիրովի ախորժակը բացվել էր այնքան, որ փորձեց բանտարկել անգամ... Վարպետին։ Եվ միայն Մոսկվայի միջամտությունը կանխեց այդ ոճրագործության իրագործումը։
Տարիներ են անցել։ Արցախում քիչ չեն այն մարդիկ, ովքեր հանդիպել են Վարպետի հետ եւ այսօր ապրում են։ Բնականաբար, ինձ եւս մշտապես հետաքրքրել են արցախյան այն իրադարձություններն ու զրույցները, որոնք առնչվել են Իսահակյանին։ Եվ ահա, երբ աշխատանքի անցա «Սովետական Ղարաբաղ» թերթում, ճանաչեցի ու մոտիկից ծանոթացա մի մարդու, որը եւս... «հանդիպել» էր Ավետիք Իսահակյանին։ Ինչպե՞ս դա իմացա։ Երկրորդ անգամ էի դիմել կուսակցության շարքերն ընդունվելու նպատակով, բայց համառորեն չէին ընդունում, ասում էին՝ դպրոցն ավարտել ես, ինստիտուտն ավարտել ես, այդ ինչպե՞ս է, որ կոմերիտմիության շարքերում չես եղել, թե՞ եղել ես ու արտաքսե՞լ են։ Անցյալդ մութ է։ Ճիշտն ասած, եղել էի կոմերիտմիության շարքերում դեռ այն ժամանակ, երբ սովորում էի Բաքվի թիվ 152-րդ դպրոցում։ Հետագայում, երբ տեղափոխվեցի Հին Թաղեր եւ արդեն նամակագրական կապերի մեջ էի Շիրազի հետ, չգիտեմ ինչից դրդված, տոմսս նետեցի կրակի մեջ... Իսկ ինստիտուտում սովորելիս մեր կուրսի ավագ Ռազմիկ Պետրոսյանը, առանց իմ իմացության, նկարներս տարավ ու մի նոր կոմերիտական տոմս բերեց ինձ համար։ Տոմսի վրա անունս գրված էր ռուսերեն եւ ադրբեջաներեն։ Դա եւս ինձ զայրացրեց։ Այս անգամ տոմսս նետեցի Կասպիականի ալիքների մեջ։ Բայց դրանով իմ կոմերիտական «կարիերան» չավարտվեց։ «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրության շենքի առաջին հարկում կոմերիտմիության Ստեփանակերտի քաղաքային կազմակերպությունն էր, որի առաջին քարտուղարն իմ ավագ ու լավագույն ընկերներից մեկն էր՝ Լենոր Ղազիյան։ Լսել էր թերթի մի աշխատողից, որ իմ շուրջը հյուսվում է անբարենպաստ մթնոլորտ՝ կապված կուսակցության շարքերն ընդունվելու հետ (դրան խանգարում էր եւ այն հանգամանքը, որ իմ գրական անունը՝ Վարդան, կնքել է Շիրազը)։ Լենորը կանչեց մի օր, թե.
-Վարդան, ուզում եմ քեզ մի կոմերիտական տոմս տալ։
-Ինչի՞ս է պետք։ Ուշ է։
-Ուշ չէ։ Քեզ պետք չէ, ինձ պետք է. ուզում եմ ընկերս կուսակցության շարքերն անցնի, իսկ առանց կոմերիտական տոմսի դա հնարավոր չէ։
Չառարկեցի։ Այդպես էլ եղավ։ Մինչեւ հիմա էլ այդ տոմսը պահում եմ, վրան՝ Լենորի շատ ուրույն ու կատակախառն մակագրությունը, որը հիշեցնում է այդ օրերը։
Ինչեւէ։ Թեմայից չշեղվեմ։ Երբ արդեն փաստաթղթերս պատրաստ էին, Իսահակյանին «ուղեկցած» մարդը նորից արգելակեց գործի ընթացքը։
-Հիմա՞ ինչումն է բանը,- հարցրի։
-Դուք՝ գրողներդ, անազնիվ եք, ձեր գործի ու խոսքի միջեւ մեծ հակասություն կա։
-Օրինակ։
-Ինչ օրինակ, կարծում ես, որ քեզանից առաջ Հրաչյա Բեգլարյանին ընդունեցինք ՍՄԿԿ շարքերը, ես համաձայն էի՞։ Ոչ։ Պարզապես լռեցի։
-Բայց դու միակ մարդն ես, որ գրողների մասին վատ ես խոսում։
-Բա վատ չեն, ի՞նչ են։ Օրինակ ես ուզում։ Այ, Ավետիք Իսահակյանը։ Մեր ամենամեծ գրողներից չէ՞։ Ամբողջ կյանքում Զարո երգեց, Շուշիկ երգեց, սեր նվիրեց, սեր առավ, վերջում եկավ, գտավ մի խեղճ շուշեցի ու հետը պսակվեց։ Տես՝ ում սեր խոստացավ, ում հետ ամուսնացավ։ Դա ի՞նչ է։ Թեկուզ՝ համաշխարհային գրականության մեջ, ցույց տուր մի գրող, որ գրած լինի սեփական կնոջ մասին. բոլորը երգում են սիրուհիներին։ Կոմունիստական բարոյականությունը սա՞ է քո կարծիքով։
Ես զարմանքից քար էի կտրել՝ ինչպե՞ս է մտածում այս մարդը։ Լռեցի։
Այս ամենի մասին երբ մի օր պատմեցի Բոգդան Ջանյանին, նա իրեն հատուկ անմիջականությամբ ու լիաթոքությամբ քահ-քահ ծիծաղեց.
-Բա... նրան (տալիս է անունը) դու նո՞ր ես ճանաչում. Ավետիք Իսահակյանի վրա նշանակված լրտեսներից էր։
Միանգամից ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ։ Տարիներ հետո Վարպետին «ուղեկցած» մարդը, որն արդեն բավականին ծեր էր, մոտենում էր ինձ ու առաջարկում.
-Եթե Իսահակյանի մասին հուշեր գրեմ, կտպագրե՞ք...
-Իհարկե... Անպայման գրիր։ Ոչ միայն կտպագրենք հուշերդ, այլեւ լավ հոնորար կտանք, խիստ անհրաժեշտ է, որ գրի առնես...
Ցավոք, նա միշտ առաջարկում էր իր գրելը, ես էլ միշտ հորդորում էի, որ գրի, բայց... այդպես էլ չգրեց։ Երեւի չէր կարողանում տողերի մեջ թաքցնել ժամանակին կատարած իր «դերը»։ Ես երբեմն-երբեմն նրան ոգեւորելով «արվեստի իր իմացության» գնահատումներով, պատմություններ էի դուրս քաշում Իսահակյանի արցախյան շրջագայություններից։ Դրանցից մի քանիսը ուզում եմ գրի առնել, որպեսզի չկորչի մոռացության փոշում։
Եվ այսպես։ Իսահակյանի մասին աղմուկը հասել էր Մոսկվա։ Տիգրան Գրիգորյանը, որ կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարն էր, Ադրբեջանի դրածո, հանձնարարություն էր ստացել Մոսկվայից, որ ինչքան հնարավոր է՝ Իսահակյանի «ինտերնացիոնալիստական» կողմերի «վերհանմանը» ուշադրություն դարձնի, իր կուսակցական ոճի ու պահվածքի մեջ «ներքաշի» Վարպետին։ Իսահակյանն արդեն եղել էր Ղզղալայում, հանդիպել էր ստեփանակերտցիների հետ՝ Ստեփանակերտի պետթատրոնի շենքում, եղել էր դաշտերում։ Եվ, ահա, Տիգրան Գրիգորյանը նրան աշխատասենյակ է հրավիրում՝ «պարզելու» Իսահակյանի ոչ ավել, ոչ պակաս՝ «ամերիկյան լրտես» չլինելը։ Առաջին հարցը, որ տրվում է Իսահակյանին, սա է.
-Հը, Վարպետ, տպավորություններդ ոնց են։
Վարպետը, զույգ ձեռքերով հենված ցուպին, խորհում է մի քիչ ու թե.
-Տիգրան, գոմերը շատ են, է, գոմերը։ Ուզում էի ավելի շատ նորակառույց տներ տեսնել, շեներ տեսնել, դպրոցներ տեսնել...
Տիգրան Գրիգորյանը փորձեց շտկել վիճակը.
-Դե, վա՞տ է դա... Սովետական երկիր ենք, տնտեսություններ ենք զարգացնում, ֆերմաները, որ մարդիկ լավ աշխատեն, հարուստ լինեն։ Բա չե՞ս տեսել հայն ու ադրբեջանցին, որ նախկինում հաշտ չէին, հիմա ձեռք-ձեռքի տված, սովետական դրոշի տակ աշխատում են։ Մի՞թե դա վատ է։
-Չէ, Տիգրան, վատը վատ չէ... Բայց էդ թուրքերն առաջ այստեղ չկային, էդ որտեղի՞ց եկան, լցվեցին այս գյուղերը։
Այդ պահին մոտ նստածներից մեկը ձեռքն աննկատ դնում է Վարպետի ծնկանը, որը նշանակում էր զգու՜յշ, ինչ բանի վրա ես։ Իսկ ազերի պաշտոնյաները կարմրած սկսում են իրար նայել։ Իսահակյանը տեսնելով, որ իր խոսքը ներկաների սրտով չէր, իսկույն «շտկում» է իրեն.
-Դե, գիտեք, ես պոլիտիկայի հետ գործ չունեմ, ես պոլիտիկա չեմ անում։
Իսկ երբ առանձնազրույց ունեցավ Տիգրան Գրիգորյանի հետ, նրա սենյակից դեռ դուրս չեկած, երկու դռների արանքում հառաչեց. «Ողբամ քեզ, Ղարաբաղ, որ նախարարդ Տիգրան Գրիգորյանն է»։ Նմանների մասին Վարպետը դրանից դեռեւս շատ տարիներ առաջ (1903թ.) էր գրել.
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովեծով...
Իսահակյանի մեկնումից հետո սկսվեցին հալածանքներն ու ձերբակալությունները։ Տիգրան Գրիգորյանին հետագայում ազատեցին աշխատանքից, Բաքվում գործարանի դիրեկտորի պաշտոն զբաղեցնող նրա եղբայրը եւս ճանաչվեց «նացիոնալիստ», Բոգդան Ջանյան բանաստեղծն ու երկրի, հողի նվիրյալը Սիբիր աքսորվեց։ Նույն ճակատագրին արժանացավ եւ ղզղալացի Զաքար Սուվարյանը։ Վերջինս իր հետ Ամերիկայից բերել էր մի փոքրիկ, գրպանի ռադիոընդունիչ, որն էլ դիտվեց որպես Ամերիկային սովետի պետական գաղտնիքները հաղորդող լրտեսական սարք։ Դեհ, Զաքար դու Զաքար, եկ ու պատասխան տուր։ Զաքարին կանչում են Մարտունու շրջկենտրոն՝ հարցաքննության։ Գնում է։ Դատարանի շենքի առաջ դես է քայլում, դեն է քայլում՝ մտքերի ու ցավի մեջ կորած, ներս չեն «հրավիրում»։ Ծանոթ-բարեկամ, համագյուղացի, մեծ թե փոքր՝ ով ճանաչում է, խույս է տալիս։ Զաքարը հենց տեսնում է, որ ծանոթ դեմք է դիմացից եկողը, ուզում է մոտենալ, բարեւել, սիրտը բացել, վերջինս շրջվում է ու գնում։ Բա՞... Կատակ բան չէ. մարդը սովետի թշնամի է, Ամերիկայից ուղարկված լրտես։ Բերդաշենցի կոշկակար, ռանչպար Զաքարը։ Մինչեւ հիմա էլ Բերդաշենում հիշում են Զաքարին, երբ մեկի կոշիկը շատ է լինում դիմացկուն, գովելու համար ասում են. «Ոնց որ Զաքարի բադինկան լինի»։ Բայց չշեղվենք։ Ուրեմն, Զաքարը սպասում է դատարանի շենքի առաջ։ Հանկարծ, որտեղից-որտեղ, դեմից երեւում է մի համագյուղացի մեծատարիք կին՝ այա, որի համար քաղաքականություն-մաղաքականություն չկա։ Ձեռքը դնում է ճակատին այան, նայում-նայում, թե.
-Ադա, դու մեր Զաքարը չե՞ս։
-Հա, այա,- վերջապես Զաքարի դեմքը մի քիչ բացվում է։
-Բա էսքան ժամանակ ինչ ես անում էս կողմերում։ Սոված չե՞ս։ Տեսնում եմ՝ առավոտից գնում-գալիս ես էստեղ։
-Հա, սոված եմ։
-Դե, արի, գնանք տուն, մի կտոր հաց կուտես, կգաս։ Տունը մոտիկ է։
Զաքարը չէր կարող չգնալ։ Շատ էր սոված։ Այան արագ ձվաձեղ է պատրաստում, դնում Զաքարի առաջ։ Զաքարը եւ ուտում է արագ, եւ խոհերով տարված, իր ճակատագիրն է մտքում անիծում։ Իսկ բանին անտեղյակ այան իր հարցերով «նեղում» է Զաքարին, «չի թողնում» կարգին հաց ուտի.
-Ադա, Զաքար, էդ Ամերիկան, որ ասում են, մեր երկրի նման երկի՞ր է...
-Հա, այա...
-Էնտեղ էլ մեզ նման մարդիկ են ապրո՞ւմ։
-Հա, այա։
-Էնտեղ էլ կան քարեր, ծառեր...
-Հա, այա։
-Զաքար, մի բան էլ հարցնեմ, բայց ինձ վրա չծիծաղես...
-Ասա...
-Էնտեղ էլ կան էշե՞ր...
Արդեն Զաքարի համբերության բաժակը լցված է լինում, «կուժն ու կուլան» կոտրում է իրեն լավություն ու բարություն արած խեղճ կնոջ գլխին.
-Դե, սուս, էլի, այ կնիկ, մի կտոր հաց ես տվել՝ թող հալալ ուտեմ։ Էնտեղ մի էշ կար՝ ես էի, վեր կացա, եկա էստեղ...
Իհարկե, այային տարիներ հետո են պատմում, թե Զաքարը որքան գոհ ու շնորհակալ էր իրենից։ Իսկ այան իրեն ոչ միայն չի կորցնում, այլեւ խոսքի տակ չի մնում.
-Թեկուզ հենց նրա համար, որ Իսահակյանի հընգերն ա իլալ մեր Զաքարը, արժեր նրան ուտեցնել էլ, խմեցնել էլ... Հլա դեռ մի բան էլ ավե՜լ...
Եվ այսպես, Իսահակյանի անվան շուրջ լեգենդներ ու առասպելներ էին հյուսում։ Այդ օրերից հուշի մի պատառիկ է ինձ հասել։ Պատմում են, որ երբ Իսահակյանը տարիներ առաջ էլի Արցախ էր եկել, նրան շրջապատել էին մի խումբ հայ գրողներ, հարցուփորձ էին անում գրական խնդիրների շուրջ։ Խոսք է բացվում եւ Գրիգոր Ներսիսյանի (Արցախի գրական օջախի հիմնադիր գրող ու հասարակական գործիչ) «Աբու Լալայի վերադարձը» պոեմի մասին, որից հատվածներ էին տպագրվել գրակա մամուլում։ Ժամանակի ճանաչված դեմքերից էր Գրիգոր Ներսիսյանը, որը սակայն իր պոեմում տուրք էր տվել «սովետիզմի» էկզալտացիային, աշխատել անապատներից «սովետական հայրենիք» բերել Աբու-Լալային։ Եվ ահա ոմանք, ոգեւորված գրական «նվաճումով», Վարպետին ցույց են տալիս հիշյալ «գոհարը», սպասելով Իսահակյանի քաջալերանքին։ Իսկ Իսահակյանը նստած, երկու ձեռքով հենված ցուպին, խորհում է, խորհում ու հեգնանքի ժպիտը դեմքին պատասխանում.
-Ես Աբու Լալային այնպես չեմ տարել, որ երբեւէ ետ գա...
Սրանով էլ ավարտվում է Վարպետի կարծիքը։ Հետագայում Գրիգոր Ներսիսյանը եւս աքսորվել եւ մահկանացուն կնքել է Սիբիրում։
Վարպետը, ինչպես պատմում են ժամանակակիցները, իմաստուն էր ոչ միայն իր երկերում, այլ նաեւ առօրյա զրույցների, ամեն քայլի ու ձեռնարկման մեջ։
-Հիմա գլուխս ծեծում եմ,- վերջերս, երբ Իսահակյանի թոռ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի հետ Բերդաշենում էինք, մեղավոր-մեղավոր խոստովանեց Վարպետին հանդիպած ծերունիներից մեկը՝ Սոկրատ քեռին,- Վարպետի, տիկին Սոֆիկի եւ Զաքարի հետ բարձրացել էինք գյուղադեմի բարձր Բերդի գագաթը ու նկարվել...Բայց հետո, երբ որ Զաքարին բռնեցին ու սկսեցին հարցաքննել, ես էլ կուսակցական էի, նկարը չպահեցի... Երեխատեր մարդ էի, կգտնեին, կբռնեին, ինձ էլ կտանեին... Ինչ անեի։ Ժամանակները վատ էին։
Խոստովանում է ծերունին խորը կսկիծով։ Կարեւորը, ասում ենք, այն է, որ ոչ միայն նկարը, այլեւ ինքը՝ Վարպետը քո սրտում, քո մեջ կա ու մնում է։ Նա ոգեւորվում է մեր խոսքից.
-Հա, իհարկե... Ինչ էլ որ լինի՝ ժողովուրդն իր մեծից, իր սուրբ զավակից ձեռք չի քաշի, էն օրն էլ մեր գյուղացիների հետ զրուցում ենք ու առաջարկեցինք, որ Վարպետի կիսանդրին տեղադրվի մեր գյուղում։ Բա՜։ Դա մեծ պատիվ է էս սարերի համար, էս գյուղի համար, բոլորիս համար։
...Հոսում է ժամանակը։ Տարիների քարավանն անցնում է։ Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին՝ մեծ բանաստեղծը թռչում է անդուլ՝ վեհ ու հաղթական, դեպի արեւը, անմահ արեւը։ Հինավուրց հայկական Արցախի համար մեծ հպարտություն է, որ Վարպետի հետքերով գնացողների ճանապարհը հասնում է Արցախի լեռները։ Ու նաեւ ցավ կա, սակայն, լեռներում, խորը ցավ. Վարպետը երկու անգամ եղավ Արցախում, երկու անգամ էլ, ինչպես ասում են, մեկնեց «տրտմած սրտով»...