Ոսկի բանալին
Լինում է, չի լինում մի անտառում մի անտառապահ է լինում։ Էս անտառապահի կինը մի աղջիկ է բերում ու ինքն էլ մեռնում։ Խեղճ անտառապահը մնում է ցավի մեջ. էնտեղ օրը մինչև իրիկուն պետք է իր պաշտոնը կատարի, անտառը շրջի, պահի, պահպանի, էստեղ էլ տանը երեխեն է մնում մենակ, ոչ կերակրող կա, ոչ բարուրող։ Մի օր էլ գնում է անտառի խորքը, կանգնում է ու միտք անում. «Է՜հ,—ասում է,— մարդ մի անգամ մեռնի՝ պրծնի։ Մի արջ կամ մի գել դուրս գա ուտի, էս երեխի ցավիցն ազատվեմ, էլ ետ չգնամ ու տեսնեմ՝ ոնց է օրեցօր հալվում, հատնում, չոր չոփ դառնում»։
Էս մտքի մեջը՝ մին էլ էն է տեսնում՝ թափանցիկ ամպի թե մշուշի մեջ մի կին կանգնեց առաջին, մի գեղեցիկ, բարձրահասակ կին, շողշողուն աստղերից պսակը գլխին։ Կանգնում է ու ասում. «Լսի՛ր,— ասում է.— Լուսմերիկն եմ ես. ես գիտեմ՝ դու ինչ ես մտածում էս րոպեին։ Մի՛ հուսահատվիր, հուսահատվելը մեղք բան է։ Գնա, քո երեխին բեր, ինձ տուր, ես նրան կպահեմ ու կմեծացնեմ իր մոր նման ու վերջը մեծ բախտի կհասցնեմ»։
Անտառապահը լսում է բարի ոգուն, գնում է երեխեն բերում, տալիս իրեն։ Երեխին առնում է բարի ոգին, թռցնում տանում իր լուսեղեն աշխարհը։
Էնտեղ բյուրեղյա պալատներում անպակաս լիության մեջ ապրում է երեխեն, միշտ բարի ոգիներով շրջապատված ու նրանց հետ խաղալով։
Էսպես երեխեն օրեցօր լավանում է, տարեցտարի մեծանում [ 416 ] տասնուչորս տարին էլ որ անց է կենում, էնպես մի գեղեցիկ աղջիկ է դառնում, որ էն հուր-հրեղեն արևի նման շափաղին է տալիս։ Հենց էդ ժամանակն էլ մի օր Լուսմերիկը նրան իր մոտն է կանչում, ասում է.
— Աղջիկս, ես հեռու ճանապարհ պիտի գնամ։ Պիտի գնամ աշխարհքում տխուր մարդկանց մխիթարելու, լացողների արտասուքը սրբելու։ Մինչև իմ վերադարձն ահա քեզ եմ տալիս իմ բնակարանի բանալիները։ Ահա 13 բանալի։ Էս 12 բանալին որ տեսնում ես, 12 սենյակն էլ բաց կանես ու ման կգաս, կնայես, իսկ էս ոսկի բանալին 13-րդ դռանն է, էս բանալին ամուր կպահես, էն դուռը բաց չես անիլ, եթե բաց արիր, իմացիր, որ անբախտ կլինես։
Աղջիկը խոսք է տալիս, որ կպահի իրեն տված պատվերը, ու Լուսմերիկը գնում է թե չէ՝ սկսում է բաց անել ու նայել Լուսեղեն աշխարհքի ապարանքները։ Օրը մի դուռն է բաց անում ու էսպես հերթով 12 դուռն էլ բաց է անում, ման գալիս, հիանում, հրճվում արարչագործության սքանչելիքներով՝ իրեն շրջապատող բարի ոգիների հետ։ Միայն մի դուռն է մնում անբացանել, էն 13-րդ դուռը, ու սաստիկ վառվում է աղջկա հետաքրքրությունը, ինչ ուզում է լինի՝ ուզում է իմանա, թե ինչ կա էնտեղ, մի անգամ մոտիցն անց է կենում, երկրորդ անգամ դիտմամբ գալիս է մոտիկանում, երրորդ անգամ դիմում է ոգիներին.
— Ի՞նչ կա որ,— ասում է,— մի բան, որ Լուսմերիկը չի իմանալ․ մի քիչ ծերպ անենք, նայենք, տեսնենք ինչ կա էնտեղ։ Հո կրնկի վրա բաց չեմ անիլ դուռը, ոչ էլ ներս կմտնեմ, միայն մի քիչ ծերպ կանենք ու էնտեղից կծիկրակենք…
Բարի ոգիներն ասում են.
— Չէ՛, էդ մեղք է։ Լուսմերիկն արգելել է։ Դրանից քեզ դժբախտություն կգա։
Աղջիկը պատասխան չի տալիս․ երեսանց էնպես է ցույց տալիս, թե հանգստացավ, բայց չի հանգստանում ցանկությունը նրա սրտի մեջ, կրծում է ու տանջում։ Եվ ահա մի անգամ էլ բարի ոգիները, որ իրանից հեռանում են, ասում է. «Դե՛, հիմի հո մեն-մենակ եմ. կգնամ բաց կանեմ, կնայեմ, ո՞վ պետք է իմանա, որ ես նայել եմ»։ [ 417 ] Ասում է, բանալին հանում։ Բանալին որ մին ու <մին> պատրաստ ձեռին էր, կողպեքի մեջը կոխեց, իսկ երբ որ բանալին կողպեքի մեջն էր, էլ ինչ էր մնում, պտտեց, բաց արավ…
Դուռը ետ գնաց, ու մի լույս զարկեց երեսին, տեսավ մի պայծառ կրակ հուրհուրատին տալով՝ էրվում է ինքն իր մեջ…
Դու մի՛ ասիլ՝ անմահության կրակն է, որ կա, որից ծնվում են անմահ ոգիները։
Արմացած, զարմացած մտիկ է տալիս, ու աչքերին չի հավատում։ Մատը մոտեցնում է էն պայծառ լուսին, մատը իսկույն ոսկի է դառնում։ Սարսափը բռնում է, դուռը փակում է ու ետ վազում։ Բայց ինչ անում է, չի անում, ահը չի անցնում սրտիցը, սիրտը զարկում է ու զարկում կրծքի մեջ ու չի հանգստանում, ոսկին էլ ինչքան լվանում է ու քերում, մատիցը չի վեր գալիս։
Մի քիչ ժամանակից հետո Լուսմերիկը վերադառնում է իր ճանապարհորդությունից։ Աղջկանը իր մոտ է կանչում ու 13 դռան բանալին էլ ետ է պահանջում։ Աղջիկը բանալիների խրձակը (փունջ) որ տալիս է, Լուսմերիկը նայում է աչքերին ու հարցնում.
— 13—րդ դուռը բաց ես արե՞լ, թե չէ։
— Չէ՛,— պատասխանում է աղջիկը։
Լուսմերիկը ձեռքը դնում է նրա սրտին ու տեսնում է՝ ինչպես է հուզված տրոփում, իմանում է, որ աղջիկը իր պատվերը զանց է արել։ Երկրորդ անգամ է հարցնում.
— Ճշմարի՞տ ես ասում, որ բաց չես արել։
— Չէ՛,— նորից պատասխանում է աղջիկը։
Էստեղ Լուսմերիկը նկատում է, որ լուսի փելքից նրա մատը ոսկեզօծվել է. պարզ տեսնում է, որ աղջիկը մեղք է գործել, ու երրորդ անգամ է հարցնում.
— Ուրեմն, բաց չե՞ս արել։
— Չէ՛,— երրորդ անգամ ուրանում է աղջիկը։
— Դու իմ պատվերը չես կատարել ու դրա հետ միասին դեռ սուտ ես ասում, դրա համար մեզ հետ մնալու արժանի չես դու։ [ 418 ] Ասավ Լուսմերիկը թե չէ՝ աղջիկն ընկավ մի խորը քնի մեջ։ Մին էլ աչքը էնտեղ է բաց անում, որ պառկած է գետնի վրա, մի ամայի, անբնակ տեղում։ Ուզում է օգնություն կանչի՝ ձենը դուրս չի գալի։ Տեղիցը վեր է թռչում, ուզում է փախչի, բայց որ կողմը վազում է, թանձր ու խիտ տատասկը ճամփեն կտրում է։ Էդտեղ մի փչակ կաղնի ծառ է լինում։ Մտնում է էս ծառի փչակը։ Գիշերը մտնում էր մեջը քնում, ցերեկն՝ անձրևից ու քամուց պատսպարվում։ Ու քանի հիշում է, թե ինչպես լավ էր էն լուսեղեն աշխարհքում, թե ինչպես էին բարի ոգիները խաղում իրեն հետ՝ լա՜ց է լինում, լա՜ց է լինում։ Ուտելիքն էլ էն վայրենի պտուղներն ու արմատներն են լինում, ինչոր գտնում էր իր ծառի մոտերքում։ Աշունքը թափած ընկուզն ու չոր խաշամը (տերևը) հավաքում էր իր փչակը, ձմեռը որ գալիս էր, ընկուզով կերակրվում էր ու ձնին, ցրտին վայրենի գազանի նման մտնում էր էն չոր խաշամի մեջը, տաքանում։ Մի կողմից էլ հագի շորերը մաշվում են, ծվեն-ծվեն են լինում, վրիցը վեր թափում։ Իսկ արևը մի քիչ ծիծաղում էր թե չէ՝ դուրս էր գալիս, ծառի տակը նստում՝ ոտից գլուխ երկար մազերը վրեն փռված։ Տարիներով էսպես ապրում է էս աշխարքի ամեն պակասություն ու ամեն նեղություն տանելով։
Մի անգամ էլ, գարունքվա կանանչին, ծառի տերևակալած ժամանակը, էն երկրի թագավորը անտառը որսի է դուրս գալիս։ Ընկնում է մի եղնիկի ետևից։ Եղնիկը փախչում է, գալիս թաքչում հենց էն թփուտներում, որ շրջապատում էին էն հին ծառը։ Թագավորը ձիուց ցած է գալիս, թուրը հանում ու թփերը ջարդելով իրեն համար ճամփա է բաց անում։ Որ թփուտն անց է կենում, դուրս է գալիս ծառի տակը, տեսնում է առաջին մի ակն ու արեգակ աղջիկ, ոտից գլուխ ծածկված ոսկի մազերով։ Կանգնում է, զարմացած մտիկ է տալիս, մտիկ ու վերջապես հարցնում է.
— Էդ ո՞վ ես դու, ինչու ես էստեղ, էս վայրի տեղը նստած։
Աղջիկը պատասխան չի տալիս, չի կարողանում բերանը բաց անի։
Թագավորը նորից հարցնում է. [ 419 ] — Կուզե՞ս ինձ հետ իմ ամրոցը գնանք։
Էստեղ միայն թեթև գլխով է անում։
Թագավորը ձեռիցը բռնում է, նստեցնում իր ձիուն ու տանում իր տունը։ Տանում է, հրամայում, որ զարդարեն ամենալավ զգեստներով ու կատարեն, ինչ որ կհրամայի։ Եվ թեև նա չէր կարում խոսել, բայց էնքան էր գեղեցիկ, որ թագավորը շատ սիրեց ու հետն ամուսնացավ։ Մի տարեն վրա տղա են ունենում։
Մի անգամ, գիշերով, երբ նա մենակ պառկած է լինում իր ննջարանում, առաջը կանգնում է Լուսմերիկն ու ասում.
— Արի, ճշմարիտն ասա ու խոստովանիր, որ բաց ես արել արգելած դուռը, և ես բաց կանեմ քո փակ լեզուն։ Իսկ եթե կսկսես քո արածն արդարացնել ու առաջվա նման սուտ խոսել՝ էն ժամանակ նոր ծնած երեխեդ էլ կառնեմ կտանեմ հետս։
Թագուհին կարող էր խոսել ու խոստովանել, բայց համառեց ու պատասխանեց.
— Չէ՛… ես բաց չեմ արել արգելած դուռը…
Ու Լուսմերիկը նրա գրկից առնում Է երեխին ու երեխի հետ միասին անհետանում։
Առավոտը, որ ոչ մի տեղ երեխային չեն գտնում, ժողովրդի մեջ տրտունջ է բարձրանում ու տարածվում, թե թագուհին մարդակեր է, նա ինքն է սպանել ու կերել իր երեխին։ Թագուհին էս բոլորը լսում է, բայց չի կարողանում խոսի, իրեն արդարացնի։ Թագավորն էլ, որ սաստիկ սիրում էր նրան, չի հավատում էս բամբասանքին։
Մի տարուց հետո թագուհին նորից երեխա է ծնում։ Ու նորից գիշերը հայտնվում է Լուսմերիկն ու ասում.
— Խոստովանիր, որ դու ես բաց արել արգելած դուռը, ու քեզ կվերադարձնեմ քո երեխեն ու փակ լեզուդ բաց կանեմ, թե չէ, եթե համառես, էդ երկրորդ երեխեդ էլ կխլեմ կտանեմ ինձ հետ։
Թագուհին էլի ասավ․
— Չէ՛, ես բաց չեմ արել արգելած դուռը։
Լուսմերիկը երկրորդ որդին էլ է խլում ու անհետանում։ [ 420 ] Առավոտը, որ հայտնվեց, թե երկրորդ երեխեն էլ է անհայտացել, առաջվանից ավելի բաց, համարձակ սկսեցին խոսել ու տարածել, թե թագուհին ինքն է կերել իր երեխին, իսկ թագավորի մոտիկները թագավորին խորհուրդ էին տալիս դատի հանձնել իր կնոջը։ Բայց թագավորը էնքան սրտալի էր սիրում իր կնոջը, որ չէր ուզում հավատա չարախոսությանը ու հրատարակեց, թե խոսողի գլուխը կթռչի։
Մյուս տարին մի սիրուն աղջիկ ծնեց։ Երրորդ անգամ հայտնվեց Լուսմերիկն ու ասավ.
— Հետևիր ինձ։
Թագուհու ձեռիցը բռնած տարավ լուսեղեն աշխարհքը, ցույց տվեց էնտեղ նրա առաջվա երեխաներին, որոնք ծիծաղելով խաղում էին աստղերի հետ։
Թագուհին ուրախությունից չէր իմանում ինչ անի։ Լուսմերիկն ասավ.
— Մի՞թե քո սիրտը դեռ չի փափկել։ Եթե կխոստովանես, որ դու բաց ես արել արգելած դուռը, ետ կտամ քեզ քո երեխաներին։
Բայց թագուհին երրորդ անգամ պատասխանեց.
— Չէ՛, ես բաց չեմ արել արգելած դուռը…
Ու Լուսմերիկը խլեց նրա երրորդ երեխին ու իրեն էլ ցած ձգեց երկնքից։
Առավոտը, որ էս լուրն էլ տարածվեց, թե երրորդ երեխեն էլ է չքացել, ամբողջ ժողովուրդը միաբերան սկսեց գոռալ.
— Մեր թագուհին մարդակեր է… դատաստան ենք պահանջում… պատի՜ժ ենք պահանջում…
Ու թագավորն էլ չկարողացավ դիմադրի իր խորհրդականներին։ Դատ բաց արին թագուհու դեմ և, որովհետև նա ոչ կարողանում էր խոսի, ոչ էլ արդարանում էր, վճռեցին բարձրացնեն խարույկի վրա։ Փետ բերին կիտեցին, խարույկ կազմեցին, թագուհուն բարձրացրին խարույկին, պինդ կապեցին սյունին, ու չորս կողմից կրակի բոցերն սկսեցին բորբոքվել ու բարձրանալ, հանկարծ էդ ժամանակ կոտրվեց նրա գոռոզությունը, սիրտը լցվեց զղջումով ու սկսեց միտք անել. «Ո՜վ, եթե կարողանայի մահից առաջ խոստովանել, թե ես եմ բաց արել արգելած դուռը՜…»։ [ 421 ] Էս մտքի հետ՝ հանկարծ լեզուն բաց եղավ ու կանչեց․
— Այո՛, Լուսմերիկ, ես բաց եմ արել արգելած դուռը․․․
Էստեղ երկնքից սկսեց մի անձրև տեղալ ու կրակը հանգցրեց, նրա առջև փայլատակեց մի լույս, հայտնվեց առաջին աստղապսակ Լուսմերիկը, թագուհու երկու մեծ երեխաներից ամեն մինը մի կողքին, իսկ փոքրը՝ գրկին ու փաղաքուշ-քնքուշ ասում է․
— Ով կխոստովանի իր արած հանցանքն ու կզղջա, նա պետք է ներվի։
Ասում է, երեխաներին ետ տալիս իրեն, փակ լեզուն բաց է անում ու երջանկացնում ամբողջ կյանքում։