Jump to content

Երեք արջի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երեք արջի հեքիաթը
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 422
ծ. ― էջ 800
ԵՐԵՔ ԱՐՋԻ ՀԵՔԻԱԹԸ
1

Մի աղջիկ է լինում։ Էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս, ճամփա չի գտնում ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է՝ տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում․ հերը, մերը ու իրենց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ․ մինը՝ սեղանատուն, մյուսը՝ ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է՝ փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի, տեսնում է՝ երեք աթոռ, մինը՝ մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին, վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին, տեսնում է՝ անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։

Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում․ մինը՝ մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա, տեսնում է՝ շատ է լեն։ Միջակի վրա է պառկում, տեսնում է՝ շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է՝ հենց իրենն է որ կա ու քնում է։

2

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում․

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում․

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծմըրում է․

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու փնթփնթում․

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։

Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում․

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։

Քոթոթը նայում է իր կոտրած աթոռին ու ծմըրում․

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։

Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում․

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։

Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում․

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։

Քոթոթն է նայում իր անկողնին ու ծմըրում․  — Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է… գտել եմ… հրես… բռնեցե՛ք… վայ… վայ… բռնեցե՛ք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։