Լեռը բարձրանում ճանապարհն ի վեր
եւ մատուռվում է երկնքի առաջ,
դեմքին պահելով
թրթիռը կապույտ աստղամոմերի,
որ ծիկրակում են խաչքարի վրա։
Ճամփան ելել է առավոտն ի վեր,
Ճամփան ելել է գիշերներն ի վեր,
Ճամփան ելել է երազներն ի վեր
եւ դրա համար
տաշել-տաշտշվել,
դարձել է այդքան դյուրամատչելի,
ասես ճամփա չէ, այլեւ երկնքին
առաքված աղոթք,
որ լեռներից դեն էլ չի բարձրացել,
կպել է, լեռան կրծքին մնացել։
Չի հոգնում ճամփան ուխտավորների,
մատուռ կա ամեն մի լեռան վրա,
ամեն մի գագաթ գմբեթ է վանքի,
ահա թե ինչու
խաբեությունը խորթ է լեռներին
եւ ամեն մի խոսք բառ է սուրբ երգի։