Jump to content

Որպես վերջաբան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Հին ճշմարտություն է՝ բանաստեղծն ավարտվում է այնտեղ, ուր նա արդեն հաշտվում է աշխարհի հետ։ Վահագն Դավթյանը իր սերնդի գրողների մեջ առանձնանում է նաեւ գրչի զարմանալի բեղունությամբ։ Ասել է թե՝ նրա կռիվն աշխարհի հետ դեռ շարունակվում է, անվերջանալի է, ավելին՝ նոր իմաստ ու նշանակություն է ձեռք բերում։ Եվ դավթյանական այդ անհաշտությունն է, որ նրա տողերի մեջ մեզ ներկայանում է բանաստեղծական մի ինքնատիպ ներդաշնակության մեջ։ Հակասությունները, որ զարգացման ու առաջընթացի միտումներ ունեն անպայման, ի վերջո, բանաստեղծին հանգեցնում են մի կետի, ուր նա գրեթե միշտ չդադարող ինքնամարտի մեջ է, որով եւ պայմանավորվում են անանձնական ապրումների ու զգացումների ներքին շարժումները, բախումները` նրա անխառն էության մեջ անվերջ արթուն պահելով արարման ոգին։ Ոգի, որ «երգի պատրույգն առած», ուզում է անպայման կրակ վառել՝ մրսած հոգիները ջերմացնելու համար։ Եվ խիստ համառ է իր ցանկության մեջ։ Ահա Դավթյանի խոստովանանքը.

Երբ երգ եմ երգում, ինձ թվում է միշտ
Թե ծունկի իջել
Ու անձրեւի տակ կրակ եմ վառում...
Եվ ծուխը սեւ է,
Եվ ծուխը դառն է,
Եվ ծուխը կծու,
Մաքուր են սակայն արտասուքները,
Որ իմ երգերի կոպին են թառում։

Հենց այդ արտասուքների մեջ էլ արտացոլվում է ամբողջ աշխարհը, աշխարհի մեջ՝ մի կորսված ծննդավայր, մի կորսված տուն, որ դուռը միշտ բաց է պահում անմեռնելի հույսով՝ տերը մի օր տեղ կհասնի։ Իսկ տերը, որ բանաստեղծն է աշխարհի, զույգ ոտքերով կանգնել Նարեկից ժառանգած ցավի մեջ՝ գնում է ու չի հասնում։

Եվ հասնում է ու չի հասնում։ Եվ հասնելու ու չհասնելու միջեւ հավերժական կռիվ ու վեճ է, լավա է ու հրաբուխ, այրում է ու երգ։ Ահա թե որտեղ պետք է փնտրել Դավթյանի ստեղծագործական բեղունությունը։ Դավթյանի ցավը չի ծերանում, գնալով դեռ շիկանում է ավելի, այնքան, որ այդ շիկացածությունը սկսում է աշխարհի համար ջերմություն ու լույս արձակել։ Դավթյանի ստեղծագործական երկարակեցության հանգամանքը յուրովի է մեկնաբանում Համո Սահյանը, որն իր սերնդի բանաստեղծների ճանապարհն ավարտած է համարում, նրանց գործը՝ արած-պրծած։ Բացառության մենաշնորհը վերապահվում է միայն Վահագն Դավթյանին, որին նա համարում է դեռեւս «գործող» հրաբուխ։

Ճշմարիտ բանաստեղծը միշտ էլ չբացված ուղիների ճանապարհորդ է։ Այս է վկայում եւ Վահագն Դավթյանի պոեզիան, որն իր մեջ արդեն մեր բազմադարյան բանաստեղծության խորհուրդն ունի։ Եվ բնական է, որ պիտի այնքան որոշակի ու կայուն լիներ բանաստեղծի գեղագիտական ելակետը. բանաստեղծել, այսինքն՝ անձրեւի տակ կրակ վառել։ Այստեղ էլ՝ աղոթքի պես երկինք առաքվող բանաստեղծի խոսքի հակամարտությունը, այստեղից էլ՝ ոգու անհաշտելիությունը։

Իսկ երբ բանաստեղծն արդեն կանգնում է, այսպես ասած, պատմության երկնքի ներքո, ապա հրաբուխվելն ու ժայթքելը դառնում են ավելի պարզ ու հասկանալի։ Չէ՞ որ ժամանակի կողմից առաջադրվող հրատապ հարցերի եւ բանաստեղծի կողմից տրվող պատասխանների արանքում, հռթիրային արագության ու գերզգայունության մեր դարում, կարող է ժամանակային մեծ ճեղքվածք առաջանալ վրիպված մի վայրկյանով անգամ։ Սա լավ է զգում Դավթյանը, «լավը» քիչ է, նա զգում է իր մաշկով, արյան ամեն մի բջիջով, որը եւ Դավթյանին դարձնում է ժամանակի բանաստեղծ, ժամանակի տարեգիրը։ Ահա թե ինչու են պատմականն ու արդիականն այնքան միաձույլ ու ամբողջական մեզ ներկայանում Վահագն Դավթյանի ստեղծագործության մեջ։ Հայկական ժողովրդական բանահյուսության կենսունակ ակունքների հետ ունեցած ամենասերտ կապվածությամբ է բացատրվում Դավթյանի պոեզիայի ամենագլխավոր առանձնահատկությունը, այն, որ նրա խոսքը իր թարմությունը երբեք չի կորցնում, առավել եւս՝ ժամանակի հետ, գնալով, ավելի մեծ ներգործության ուժ է ձեռք բերում։ Դա միաժամանակ պետք է բացատրել նրանով, որ Դավթյանը խորն է յուրացրել պատմագեղարվեստական այն ավանդները, որոնք ստեղծվել են հայ, ռուս եւ համաշխարհային գրականության մեծերի կողմից։ Հենց այս ամենով է պայմանավորվում այն հանգամանքը, որ Դավթյանի մանրաքանդակներից ամենահաջողվածները ժողովրդական մեր հնագույն ու փոքրիկ վիպերգերն են հիշեցնում՝ իրենց խտացվածությամբ ու կշիռով, պարզությամբ ու խորությամբ։ Սրանք կարեւոր հատկանիշներ են, որոնք հնարավորություն են տվել բանաստեղծին, որպեսզի նա, առաջիններից մեկը ժամանակակից պոեզիայում, կիրառի մանրաքանդակներով պատմություն ու ժամանակաշրջան ներկայացնելու գեղարվեստական միջոցը, որն էլ, ավելի քան, ժողովրդական մտածողության արտահայտություն է՝ ուղղամետ խոսքի հակիրճությանը, խորությանն ու դիպուկությանը։ Եվ պատահական չէ, ամենեւին, որ դեռեւս տարիներ առաջ գրած իր «Ժամանակակից պոեզիան եւ ռեալիզմի նախահիմքերը» նշանավոր հոդվածի մեջ Վահագն Դավթյանն իր գնահատումներում առանձնացրել է Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» եւ Պ. Սեւակի «Երգ երգոց» գործերը, կարեւորելով անցյալի գրական ժառանգության անսխալ, ստեղծագործական յուրացման եւ ժողովրդական մտածողությանը հոգեհարազատ մնալու անհրաժեշտությունը ժամանակակից գրականության մեջ։ Ով ով, Թումանյանի արժանի հոգեզավակն իրավունք ուներ մատնանշելու այդ հատկանիշները, որը եւ, բնականաբար, պիտի արժանանար Չարենցի հոգեզավակ Սեւակի ջերմ պաշտպանությանը («Հանուն եւ ընդդեմ «Ռեալիզմի նախահիմքերի»)։ Իսկ այն, ինչ խորապես ազգային է արվեստի մեջ, ինչպես ընդունված է ասել, տանում է դեպի համամարդկային ոլորտներ։ Ահա թե որտեղ պետք է փնտրել Դավթյան բանաստեղծի գաղափարագեղարվեստական կոնցեպցիան, որն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի մայր ժողովրդի բարդուբարդ պատմության էջերը բացող նրա բանաստեղծությունների ու պոեմների մեջ, անգամ Վ. Սարոյանին նվիրված «Բարի հսկան» գործում կամ արցախյան ժողովրդական շարժմանը (որը վերածվեց համահայկական միաբանության արդար ու ազնիվ արտահայտության) վերաբերող ամենահամառոտ տողերում ու ասույթներում արծարծվեն ոչ միայն ազգային, այլեւ հանուր մարդկությանը հուզող գաղափարներ։

Եվ դա՞ չէ, արդյոք, բանաստեղծի քաղաքացիականության ու հումանիզմի առաջին առանձնանիշը, եւ դա՞ չէ, արդյոք, ճշգրիտ ուղին այն մեծ ընդհանրացումների, որոնք հագեցած են բոլոր ազգերի ու ժողովուրդների պատմության պատգամներով, եւ առանց որոնց ոչ մի գաղափարական, ոչ մի գեղարվեստական արժեք չի կարող ունենալ ցանկացած երկ։ Սակայն չմոռանանք, որ բանաստեղծական ամենափոքրիկ եզրահանգման ճշգրտության համար անհրաժեշտ է ժամանակի հոգեբանության անսխալ յուրացում, մի բան, որին Դավթյանը հասնում է դարի հոգսերով ու խնդիրներով ապրող շարքային, հասարակ մարդկանց կերպարների բացումով։ Այս հանգամանքը նրան օգնում է նաեւ ժողովրդի կենսագրությունը ներկայացնելու գործում։ Այսինքն՝ մարդուն որպես հասարակական անհատի, ինչ տեսակետից էլ ներկայացնում է Դավթյանը, նրա մեջ առաջին հերթին ցույց է տալիս ժողովրդի ճանապարհին ու ճակատագրին հատուկ կողմերը, նրա կերպարի մեջ առաջին պլան է մղում դարաշրջանի գաղափարաբանությունը բնորոշող գծերը։ Հենց այս հանգույցներում էլ «պատմության քառուղիների» անդուլ ճանապարհորդը գտնում է ժամանակի պրոբլեմային հարցերի պատասխանները, հաղորդակցվում ժողովրդի գոյության ու հարատեւության ամենախորին խորհուրդների հետ, որոնք, ըստ Դավթյանի, սրանք են՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու եւ խղճի նարեկյան մաքրությունը։

Դարե՞ր են անցել, թե՞ ակնթարթ ու վայրկյան է թեւել
Արարատ լեռան լուռ հայացքի տակ...
Եվ մանուկներ են բարձրանում ահա շեկ բլուրն ի վեր,
Որ արծվաքիթ են, թուխ են ու խայտակ...

Այս ամենը մի քանի բառերով կարելի է անվանել («Կարմիր բլուր») ժողովրդական կենսահաստատ ոգի։ Վահագն Դավթյանի ամբողջ ստեղծագործությունն ասես հայ ժողովրդի պատմության բոլոր կեռմաններով անցած, նրան, ծննդից ի վեր, ուղեկցող մի բոլորանվեր գրչի հիշատակարան է։ Եվ զուր չէ բանաստեղծն իր մտորմունքի մեջ շեշտում. «Ինձ թվում է միշտ՝ մեկ էլ եմ ապրել Ես դարեր առաջ ու գողթան երգով ծունկի եմ չոքել արեւի առաջ»։

Սա պատմության հավերժական ներկայությունն է ժամանակի մեջ, որ գեղարվեստական մարմնավորում է ստանում բանաստեղծի ստեղծագործություններում։ Սա, եթե կարելի է այսպես ասել, հենց պատմականի արդիականությունն է, արդիականի՝ պատմականությունը։ Ահա թե գաղափարական ինչ սկզբունքների վրա է հենվում Դավթյանը, երբ կիրառելով հին հեթանոսական շրջանի, հայ միջնադարյան եւ համաշխարհային պոեզիայի յուրահատուկ ձեւերն ու ոճերը, իր երկերում հասնում է գեղարվեստական նոր որակի՝ ապահովելով պատմական կոլորիտը, արծարծվող խնդիրների ակտուալությունը, իր պոեզիային առանձնահատուկ խորը դրամատիզմը, ազգային պարզությունն ու պատկերավորությունը։ Եվ եթե այսքանին էլ գումարենք բանաստեղծի մշտական անբավարարվածության զգացումը արած-թողածից, ապա ամեն ինչ պարզ կլինի.

Եվ պարտքեր ունեմ չմարած,
Չմարած մուրհակներ ունեմ,
Ու դեռ կան մոգական բառեր,
Որ փնտրել ու դեռ չեմ գտել։
Հոգուս մեջ դողում է անվերջ
Թախծության հրաշքը գունեղ
Եվ նյութը ոգու հետ կապող
Աննշմար, հրեղեն մի թել։

Լավ է ասված, պատասխանատվություն՝ ժամանակի առաջ ու ժամանակի համար, պատասխանատվություն՝ ժողովրդի առաջ ու ժողովրդի համար, սա ոչ միայն Վահագն Դավթյանի գրական-արվեստագիտական, այլեւ ամենից առաջ՝ քաղաքացիական դավանանքն է։ Ահա թե ինչու ժողովրդի հզոր շնչառությունն այնքան ուժեղ է զգացվում նրա տողերում, ուղղակի ալիքվում է դեմքիդ՝ որպես լեռների կապույտ մաքրություն։ Ամենակարեւորը՝ Վահագն Դավթյանի ստեղծագործություններում մարդը հավատով է նայում վաղվա օրվան, կենսահաստատ լավատեսությունը նրան չի լքում անգամ ամենաողբերգական պահերին։ Դա խոսում է այն մասին, որ Դավթյանի ամբողջ փիլիսոփայությունն ու գեղագիտությունն ուղղված են կյանքում մարդկայինի, վեհի ու գեղեցիկի հաստատմանը։ Սրանցով էլ բնորոշվում է նրա պատմական երկերի բարձր արժեքը, որին գրականագիտությունը անդրադարձել է ու դեռ էլի ու էլի կանդրադառնա, որովհետեւ Դավթյան երեւույթը դեռ չբացված շատ ծալքեր ու անկյուններ ունի, որովհետեւ այն դեռ աճող, ծավալվող ու շարունակական պրոցես է, հիրավի` «գործող» հրաբուխ։