Jump to content

...Մեր արմատն այստեղ է խրված

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

...ՄԵՐ ԱՐՄԱՏՆ ԱՅՍՏԵՂ Է ԽՐՎԱԾ

Թեմատիկ առումով Վահագն Դավթյանի «Գիշերային զրույց Նարեկացու» հետ եւ «Հիշատակարան անանուն գրչի» գործերի հետ մի ամբողջություն է կազմում «Մոմիկը»։ Պոեմի գլխավոր հերոսի՝ 13-րդ դարի ճարտարապետ, քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկի կերպարը հայ ժողովրդի ստեղծարար ոգու արտահայտությունն է։

...Ճեղքեր են աչքերը նեռի,
Ճեղքեր են ու չունեն բիբեր,
Մոմիկի խոշոր աչքերին
Հայրենի արեւն է դիպել։
Կանգնել են, նայում են ահեղ,
Կանգնել են քարափի ծերպին,
Մոնղոլը կեռ սուր է պահել,
Ու մուրճ է Մոմիկի ձեռքին...

Առաջին իսկ տողերից երեւում է գրողի միտումը. երկը կառուցել սուր հակադրության վրա, ցույց տալ այն «աստվածային կրակը», որը Մոմիկի մեջ է, որը նրան դարձնում է անպարտելի ու անխոցելի բոլոր ժամանակների մեջ։ Մոնղոլի ձեռքին գտնվող կեռ սուրն ու Մոմիկի ձեռքի մուրճը դառնում են սիմվոլներ։ Կեռ սուրը խորհրդանշում է կռիվը, մահը, ավերն ու արյունը, իսկ մուրճը՝ խաղաղ, արարչագործ աշխատանքը։ Դավթյանը, հարազատ մնալով ասելիքի մատուցման իր կերպին, այստեղ եւս դիմում է բառերով պատկերներ ու կերպարներ բացելու բանաստեղծական հնարանքին։ «Կեռ սուր...»։ Եվ այդ «կեռը» արդեն ներկայացնում է ավարողի ու ավերողի, վայրենի բնազդով առաջնորդվողի հոգեբանությունը, բնավորությունը։ Այդ «կեռի» մեջ ամփոփված է նեռն իր ամբողջ այլանդակությամբ։ Եվ հակադրության մեջ Մոմիկի շնորհներն ավելի են ընդգծվում, դառնում լույսի ու բարու շարունակություն։ Մոմիկն ուզում է քարից հանել աստվածային այն հրաշքը, «դաշնության խորհուրդը թաքուն, որ վերին իմաստ է ու խոհ»։ Նա այդպես է ուզում փակել չարի ճանապարհն ու առաջխաղացումը, նա իր շինարար մուրճի զնգոցով է ուզում հաստատել կյանքը։ Նա գիտակցում է, որ իրեն տրվել է «շնորհն այն վերին», «այն լույսն արթուն», որ տրվում է միայն սրբերին։ Ու այս գիտակցումով հանդերձ, Մոմիկը որքան ավելի խորն է զգում իր հոգու կրակների ու շնորհների լույսը, նույնքան էլ նա հողեղենանում է։ Նա ուզում է լույս հանել քարից՝ քանդակելով խաչեր ու երազներ, նա ուզում է շքեղացնել հողը հայրենի՝ կառուցելով վանքեր ու կոթողներ, նա ուզում է ավելի վեհացնել մարդկանց հոգիները՝ ծաղկելով բարու խորհուրդը մատյանների մեջ հազարագանձ։

Պոեմում Մոմիկը ներկայանում է որպես լույսի, հողի, վեհության զավակ։ Այսուհանդերձ, նա եւս զերծ չի մնում հալածանքներից. «Բայց ոգու տքնության դիմաց Ըմպեցի լոկ թույն ու լեղի»։ Պոեմի հեղինակը ընթերցողի ուշադրությունը հրավիրում է մեկ ուրիշ փաստի վրա, ըստ որի` «նախանձի մտրակը դեղին» իր գործն է կատարում, եւ Մոմիկը ստիպված է լինում թողնել հայոց աշխարհը։ Նրան կոչում են «հերձվածող ու պիղծ», նետում են «ոխի քարեր»։

Ես թողի աշխարհը հայոց,
Ես թողի լեռներս ամպած,
Սրտիս մեջ կսկիծը վայող,
Բռնեց Կիլիկիո ճամփան։

Իհարկե, գրողից մենք չենք կարող պահանջել միայն փաստերի ճշգրտություն, որովհետեւ կարեւորը ճշմարտացիությունն է, որին միշտ հարազատ է մնում նա իր ամբողջ ստեղծագործության մեջ։ Պատմական տվյալներից իրավացիորեն ենթադրվում է, որ երբ մետրոպոլիտ ձեռնադրվելու համար Ստեփանոս Օրբելյանը մեկնեց Կիլիկիա, նա իր հետ տարավ նաեւ Մոմիկին։ Դրանով էլ պետք է բացատրել Մոմիկի՝ Կիլիկիայում կատարած մի շարք աշխատանքների առկայությունը եւ այդ թվում՝ Կեռան թագուհու ավետարանը։

Մոմիկի հետագա ամբողջ գործունեությունը ծավալվում է Սյունիքում33 (Ստ. Մնացականյան)։

Դավթյանը հենց այստեղ էլ առաջադրում է գաղափարներ, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր արժեքով ու կարեւորությամբ։ Դրանք, ավելի ճիշտ, պատմությունից առված դասերի խորհուրդն ու իմաստությունն են ներկայացնում փիլիսոփայական ենթատեքստի մեջ։ Պոեմում նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները պատմվում են իր իսկ՝ գլխավոր հերոսի շուրթերով, ինչպես դա արվում է նաեւ «Հիշատակարանում»։ Եվ Դավթյանը Մոմիկի միջոցով առաջադրում է գեղագիտական իր իդեալը, հարցնելով.

Չգիտեմ, ճշմարի՞տ էիք,
Իշխաններ, սեպուհներ մեր քաջ,
Որ հայոց ժեռ հողը թողիք,
Գնացիք ափերն այդ կանաչ...

Ծաղկման ու շենացման համար հայրենի ժայռը հող է ավելի յուրաքանչյուրի համար, քան ուրիշի հողը։ Օտար ափերը, որքան էլ «կանաչ», միեւնույն է, հարազատ քարերի չորության մեջ գարունն ավելի գարուն է։ Սակայն այս եզրահանգումներով չի ավարտում իր նոր գաղափարը Վ. Դավթյանը։ Նա ասածը հիմնավորում է՝ տողերի ենթատեքստում ընդգծելով երկրի ու ժողորդի միշտ հավաքական ու բռունցքված, միաբան լինելու պահանջ-խնդիրը։ Նա ցույց է տալիս, որ արմատը, դա լինի ծառի, պատմության, ժողովրդի, կենսունակ է ավելի հայրենի հողի մեջ։

Այստեղ ենք մեր հուրը վառել,
Այստեղ է սուրբ լեռը Նոյան,
Այստեղ է, որ դար ու դարեր
Մեր ոգին դարձել է խոյանք։
Մեր արմատն այստեղ է խրված,
Ավարայրն այստեղ է լռում,
Ու եթե չձուլվենք իրար,
Չենք դառնա քարեղեն բռունցք։

Պոեմում արտահայտված գաղափարների առանցքակետը, որով կրկնակի է արժեքավորվում «Մոմիկը», հենց բանաստեղծի այս եզրահանգումն է։ Մոմիկի հոգեկան կառուցվածքը բավականին հավաստի ու հետաքրքիր գույներով է ներկայացնում Վահագն Դավթյանը։ Նա սիրո թրթիռը այնպես է «տեղադրում» Մոմիկի սրտում ու աչքերի մեջ, որ դրանից ավելի է իմաստնանում մանրանկարչի վրձինը, մուրճը զարկում է ավելի նպատակամետ, մինչդեռ «մարդիկ կարծել են, թե ես՝ Մոմիկս, ցնդած եմ ու խենթ»։ Պատահում է սակայն ահավորը. Մոմիկը կորցնում է տեսողությունը։ Բայց դա էլ չի ընկճում նրան, որովհետեւ հաստատ գիտե. «Չի կարող կուրանալ ոգին...»։ Եվ ոգու լույսն էլ անդրադարձվում է նրա տեսողության մեջ։ Աչքերը նորից տեսնում են, որովհետեւ.

Որքան էլ գիշերն ահասաստ,
Որքան էլ խավարը չոքի,
Որքան էլ քո վրա բարդեն
Չգործած ու գործած մեղքեր,
Քո ոգու ճառագայթն արդար
Կարող է ապառաժ ճեղքել։

Աչքերի լույսի վերադարձը, դա սիրո շողերի վերադարձն է, նրա, որ գալիս ու շշնջում է ականջին. «Մոմիկ չես, այլ կրակ ես ու բոց»։ Մեր պատմության բոլոր քառուղիներում ոռնացող Գայլը ցույց է տրվում եւ այս պոեմի մեջ։ Ինչպես միշտ, այստեղ էլ նա «անպաշտպան» որս է փնտրում, ուզում է «քրքրել, ծվատել, կիսել...»։ Գայլի մեջ նույն մոնղոլն է խոսում, նույն վայրենի բնազդը, որը ինչ ձեւով էլ դրսեւորվելու լինի, միշտ հակադրվում է բարուն, վեհին։ Իսկ բարությունն իրենն է անում.

Որտեղ մի քարափ ենք տեսել,
Դրել ենք վանքեր ու մատուռ,
Որ ասես հրաշք են վսեմ,
Երկնքի կամար են ու դուռ։

Դավթյանի ամբողջական եզրահանգումը, ուր նա խտացնում է ժողովրդի պատմության փիլիսոփայությունը, ուժգին է հնչում երկի վերջին մասում.

-Քո ահեղ ախոյանն եմ, տեր,
Ու քինոտ ոսոխն եմ ես քո,
Որ հիմա կանգնել ես իմ դեմ
Շեղաչյա այս նեռի տեսքով։

Եթե «Հիշատակարանում» հերոսը միայն իրադարձությունները ներկայացնողի ու գրչի դերում է, ապա «Մոմիկում» գլխավոր հերոսն արդեն ավելի առաջ է անցնում իր գաղափարների մեջ ու հանգում ճիշտ վճռի, «Մոմիկը՝ ոգի ու վճիռ...»։ Մոմիկը («Վայրկյան է, տարի է, թե դար...») կեռ սուրը գլխին կախված՝ իր ստեղծարար գործն է կատարել միշտ, ծաղկել է մատյաններ, քանդակել խաչքարեր, կառուցել կոթողներ անմահ։ Ասել է թե՝ ոգին միշտ աննկուն է պահել։ Եվ հենց այդ ոգին է հաղթողը։ Նեռի «աչքերը փակում են սեւով, փրփուր է կախվում երախից» եւ նա իր «եկած ճամփով», սլանում է, կորչելով «իր իսկ փոշու մեջ»։ Դա է հենց Մոմիկի մեջ անթեղված կրակի խորհուրդը, Մոմիկ, որի անունն անգամ հնչում է որպես լույսի մաքրության, անմնացորդ նվիրվածության, անմեղության պատգամ։

Պատմությունը հոսում է։ Նեռերը գալիս են ու գնում, իսկ հայ ժողովրդի արժանավոր զավակն իր «երգն է երգում».

Մոմիկը քարափին նստել,
Իր համար խաչքար է տաշում։

Մոմիկը, այսինքն՝ լույսը, խորհուրդը մեր հավերժական լինելության։