Jump to content

Որքան փոխված եք…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Որքա՜ն փոխված եք… Պճնըված ճոխ
Ճեմում եք որպես դշխո հըպարտ,
Եվ մի հեգնած կա նուրբ ու զիջող
Նայվածքում Ձեր խոր ու անզվարթ:

Դուք զարմացած եք. և չեք կեղծում,
Երբ տեսնելով ինձ այստեղ, հանկարծ
Բացականչում եք սիրով լեցու.—
Բոլորի համար զարմանք ու հարց:

Արդյոք պահե՞լ եք մի նշույլ դեռ
Անցած օրերից, թե դա էլ նոր
Մի զարդ է, որ պիտի պարուրե Ձեր
Սին կյանքը մեգով խորհրդավոր:

Հիմա դուք կուռք եք շքեղ բագին,
Իսկ ե՞ս… Ո՞վ եմ ես. մի հեգ անցորդ.
Այլ է կարոտն իմ, այլ իմ ուղին,
Ճոխ ամբոխին այս, և Ձեզ` միշտ խորթ:

Երբ խուժանից այս երկրապագու
Դուք հեռանում եք իմ թևն անցած,
Սիրով նախատում և ասում «դու»
Եվ հիշում, հիշում օրերն անցած:

Ես էլ հիշում եմ փոքրիկ մի տուն,
Փոքրիկ սենյակ մի արևով լի,
Մի աղջիկ չքնաղ, պարզ ու խնդուն,
Այնպես լուսեղե՜ն ու սիրելի՜:

Եվ ինձ թվում են այնպես անդարձ,
Այնպես հեռու և այնպես երազ
Գիմնազուհու այն զգեստը պարզ
Եվ շեկ մազերն այն մի հյուս արած…