Jump to content

Որ չհասնենք այնտեղ, ուր չենք գնում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հիշում եմ հայկական ժողովրդական իմաստությունը՝ ծույլը աշխատելու ժամանակ չի գտնում, աշխատասերը՝ հանգստանալու։ Այսօր մեր կյանքի ու ժամանակի մեջ են մտել, դժբախտաբար, այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ արտագնա աշխատանք, խոպան գնալ եւ այլն, որոնց արմատները պարարտ հող են գտնում մեր կենցաղում, առաջին հերթին՝ մեր իսկ անլրջության, անսթափ մտածողության, անհեռատեսության պատճառով (այս «ան»-երը կարելի է շարունակել)։

Այսօր ես ուզում եմ խոսել այն մասին, թե մեր երկրամասում՝ Արցախում, ինչպես է լուծվում աշխատատեղի եւ աշխատանքի խնդիրը։ Դարեր շարունակ, իհարկե, արցախցին աշխատել է ու երկիրը պահել, իսկ հիմա զորացրված զինվորը կամ երիտասարդը աշխատատեղի խնդրում կանգնում են դժվարության առաջ։ Ո՞րն է խնդիրը։ Հարցին նայենք իրապաշտորեն, երեւույթները գնահատենք ըստ էության, ասենք մեր թերություններն ու վիճակից դուրս գանք, որովհետեւ սուտ գովեստից վատ քննադատություն չկա։ Ես կարծում եմ, մեր ընդհանուր բացթողումը տեղերում կադրային խնդրի քամահրական լուծման մեջ պիտի փնտրել, մեխանիզմների սխալ կիրառման եւ ձեւական մոտեցումների խորքում։ Պատճառներ շատ կան։ Կոնկրետ՝ ցանկացած մարդ, որ շրջանում ու գյուղում էլ լինի, պետք է լինի ուշադրության կենտրոնում՝ ո՞վ է, ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ ընտանիք ունի, ի՞նչ հեռանկարներով է շնչում, գյուղում վաղը քանի՞ երեխա կծնվի, ո՞վ է արմատավորվում գյուղում, ո՞վ է արդեն այգուց երիտասարդ շիվերը հանում ու հեռավոր եզերքներ ուղեւորվում, ո՞վ է «ճամպրուկային տրամադրություն» տարածում... Ի՞նչ մարդու է պաշտոն տրվում, նրա ուշքը դեպի ռուսաստաններն է, թե դեպի հայրենի տունը, գյուղը։ Երբ ջուրը պռատվում է, պիտի իսկույն առաջն առնել, այլապես հետո միշտ ուշ է լինում։ Իսկ մեր գյուղապետերն ու համայնքապետերն այս խնդիրներում արդյո՞ք միշտ են աչալուրջ ու հետեւողական։ Ցավոք՝ ոչ։ Իհարկե, սա համատարած բոլորին չի կարող վերաբերել։ Բայց փաստը մնում է փաստ՝ մեր շատ գյուղեր գնալով կորցնում են իրենց... ներուժը եւ զարգացման, աճի հեռանկարը։ Մենք հաշվո՞ւմ ենք, օրինակ, թե Մեծ Թաղերի դպրոցը երեկ քանի աշակերտ ուներ, այդ թիվն այսօր ի՞նչ սահմաններում է տատանվում։ Կամ՝ Գետավանը, կամ՝ Առաջաձորը, կամ՝ Հին-Թաղերը...

Աշնան մեջ «ծպուլի տվող» կանաչը չպիտի շփոթենք գարնան հետ. մեր բոլոր բացականչություններն ու ոգեւորությունները, ի վերջո, սուտ դուրս կգան, եթե դպրոցները ցամաքեն, որովհետեւ դպրոցը միակ իրական հայելին է, որ երբեք չի խաբում։ Մտավորականն այն առանցքն է, որի շուրջ հասարակություն է ձեւավորվում, ամրանում։ Քանի որ խոսք եղավ, ասեմ նաեւ, որ մեզանում (մայր Հայաստանում, Արցախում) այլընտրանքային ծառայության գործը բավականին խախուտ է ու չմտածված։ Արցախի երիտասարդն իրավունք չունի, որպես ուսուցիչ, այլընտրանքային ծառայության մնալ իրենց գյուղում՝ հանկարծ կամուսնանա, ընտանիք կունենա շենում, հայկական օջախ կշենանա... Իսկ ահա նրանք, ովքեր գյուղ են գալիս այլ բնակավայրերից, բնականաբար, ճամպրուկային տրամադրությամբ են մշտապես լինում եւ, ի վերջո, տուժում են եւ աշակերտը, եւ դպրոցը, եւ գյուղը, եւ հայրենիքը։ Ստացվում է, որ առանձին դեպքերում այլընտրանքային ծառայությունը, կոնկրետ՝ մանկավարժության եւ արվեստի բնագավառներում, անցկացնողների համար դառնում է ժամանակավոր մի «պրոցեդուրա», խոպան գնալու նման մի բան։

Դառնանք, սակայն, արմատական խնդրին՝ մարդիկ ինչո՞ւ են խոպան, արտագնա աշխատանքի գնում։ Այստեղ հոգեբանական պահն էլ մեծ դեր է խաղում։ Գնացողը «էն գլխից» սովորաբար մտածում է, որ անպայման կվերադառնա։ Այլապես գուցե չկտրվեր իր օջախից, իր պապերի հողից, հիշատակներից եւ այլն։ Իսկ երբ նա օտարության մեջ «պարարտ» հող է գտնում, մոռանում է շատ անգամ տուն ու տեղ, այսինքն՝ թեթեւանում է այնքան, որ ցանկացած քամի կարող է նրան տանել ցանկացած ուղղությամբ։ Շատերը նույնիսկ լքում են իրենց կանանց, վերջիններիս մնում է մի ելք՝ ձեւակերպել ամուսիններին, թող ներվի, որպես անհայտ կորածներ։ Այո՛, այո՛, կան եւ նման փորձեր։ Լինում է եւ այսպես. մարդը վերադարձել է բանակից, բայց աշխատանք չունի, նրա ընտանիքը ավելի վատթար վիճակում է հայտնվում, քան անհայտ կորածի կամ զոհվածի ընտանիքը, որովհետեւ վերջիններս գոնե ինչ-որ չափաբաժին ստանում են՝ շատ թե քիչ։ Ահա հենց այստեղ էլ սկիզբ է առնում ընդհանուրիս ողբերգությունը. ով լեռան գագաթին է հայտնվում, բարձրում՝ ճչում է կոկորդով մեկ, թե այդպիսի արեւոտ եղանակ երբեք չի եղել, ով ներքեւում է՝ ամպ ու թացի մեջ, ձենը ո՞ւր կարող է հասցնել։ Կլիման պիտի բոլորի համար դարձնել բարենպաստ։ Հայի եւ արցախցու մեր արժանապատվությունը ո՞ւր մնաց։ Շուկայական հարաբերություններին զոհ են գնում մեզ բնորոշ, եզերքային եւ դրական շատ հատկանիշներ, մենք մեզ կորցնելով՝ մեր հայրենիքն ենք կորցնում, մենք մեր ճակատագիրը աղավաղելով՝ աղավաղում ենք մեր հայրենիքի ապագան։

Փորձենք ավելի խոր նայել երեւույթին։ Ինչ է կատարվում այն երիտասարդի հոգում, որը սիրած աղջկան, թերեւս առաջին խոստովանության առիթով, միջոց չունի սրճարան հրավիրելու, թեկուզ՝ մի ծաղիկ նվիրելու, ծերացած ծնողների համար կենսական արժեք ունեցող անհրաժեշտ դեղ գնելու, այն երիտասարդի հոգում, որն իր երեխաների մեջ կորցնում է «ամենակարող ու ամենաուժեղ» հայր լինելու մանկական երեւակայության առասպելը, այն երիտասարդի հոգում, որը անգամ մանր հոգսերի առաջ խեղճանում է... Իսկ ուրիշ ափերում (որտեղից հաճախ ետ են գալիս միայն... դիակները, թող ներվի) դա հաջողվում է։ Ու որքան էլ անցանկալի՝ երիտասարդի ոտքերն այստեղ, ուշքն արդեն, իրենից անկախ, հեռուն է գնում։ Արտագնա աշխատանքն է այն հիմնական ուղիներից մեկը, գուցե եւ գլխավորը, որ հանգեցնում է արտագաղթի։ Իսկ այս խնդիրը, եթե ո՛չ հիմնավորապես, ապա գոնե մասնավորապես, կարծում եմ, կարելի է լուծել։ Ինչպե՞ս։ Պատասխանը հստակ է՝ մեր բոլոր աշխատանքային կոլեկտիվները երիտասարդացնելով։

Այո, պիտի առաջին հերթին աշխատանքի տեղավորել երիտասարդներին, որ ստիպված չլինեն թողնել երկիրն ու հեռանալ։ Այս պրոբլեմը բոլոր ժամանակների համար էլ առաջնային է, բայց Արցախի համար այն ճակատագրական նշանակություն ունի այսօր, որովհետեւ երիտասարդի գնալով վաղվա ծնվելիք երեխան էլ է գնում։ Իսկ դա, որքան էլ գունազարդենք իրականությունը, նշանակում է՝ վերջ։ Մի՞թե պատերազմից ու ոչ պատերազմից քամված-մաղված, խեղճացած մեր մի շարք գյուղերի նայելով դժվար է տեսնել, թե վաղն ինչ է սպասվում նրանց ու մեզ։ Քի՞չ են այն գյուղերը, որ մնում են ծերերի հույսին հիմնականում, նրանք էլ, թող ներվի եւ ամեն ինչ լինի ժամանակին, կամ մահանում-գնում են «էն աշխարհը», կամ մյուս «էն աշխարհ» են գնում, ոնց ասում են՝ ամերիկաները, ռուսաստանները։ Իսկ գյուղի վաղը ո՞ւր է մնում։ Ասել, թե այս ուղղությամբ աշխատանք չի տարվում, շատ սխալ կլինի։ Շատ բան է արվում պետության եւ կառավարության կողմից։ Գյուղերի շենացման լավագույն միջոցներից մեկը նրանց իրար կապող Հյուսիս-հարավ ուղու կառուցումն է։ Եվ ամեն ինչ միանգամից չի լինում, իհարկե։ Բայց եւ նոր թափ պիտի հաղորդվի գործերին, շատ խնդիրներ, պլաններ պիտի թարմացվեն, հստակեցվեն, պետական վերահսկողությունը պիտի դառնա առավել հետեւողական ու կոնկրետ։ Շատ գյուղապետեր պարապության մեջ են, քարին քար չեն դնում, շենը շենացնելու ադամյանական ջիղը կարծես երազ է դառնում, ցավոք... Բարձիթողության տանող թույլատրելիությունը վաղուց անցել է անթույլատրելիության սահմանը, իսկ դրությունատիրության եւ նախաձեռնողականության սլաքը զրոյից ցածր է ցույց տալիս առանձին գյուղերում։ Սուրեն Ադամյանի դասը պիտի կիրառել, ադամյանական տնտեսվարության փորձը պիտի գրառվի, ուսումնական ձեռնարկի դեր ստանձնի Արցախում։ Մեր աչքի առաջ էր, թե նա ո՞ր Ճարտարից ո՞ր Ճարտար հասավ։ Նախադեպը ունենք, ինչու չկիրառենք։ Ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անմահական խնձորը միայն հեքիաթներում է երկնքից ընկնում, ոչ հեքիաթում խնձորենի ծառը պիտի տնկես ինքդ... Սա ժամանակի եւ վաղվա հրամայականն է։ Մեր ծայրամասային գյուղերի ղեկավարներին հարցնում եմ՝ խորհրդային բռնապետության օրոք թթենիների գլխատման գործում անգամ «գերհզոր Ալիեւին» ընդդիմացած Ադամյանը թույլ կտա՞ր երբեւէ, որ «յուրայինների» ձեռքով գլխատվեն մեր դարավոր ընկուզենիները, ինչպես դա հիմա է արվում։ Եվ գաղթում են ոչ միայն մարդիկ, այլ նաեւ բազմաթիվ ծառ-հուշարձաններ։ Դարավոր այդ ընկուզենիները գյուղապետերի բաց աչքերի առաջ վերանում են, կոխկրտվում են անգամ «Ճամփի մոտ կանգնած ծառը չեն կոտրի», «Բերքատու ծառի վրա ձեռք չեն բարձրացնի» հայկական սովորույթները, իսկ «գործարար» ծառահատները մարդկանց աչքերը փակելու ընտիր ձեւ են գտել. «Տանում ենք, որ ընկուզենուց հրացանի, ավտոմատի կոթեր սարքենք, թշնամու դեմ կռվենք»։ Տեսեք՝ որ լարի է հասել «դզող-փչողների» նվագը։ Վերածվում ենք անբարոյական երկրի։ Ծառերը մե՞նք ենք, թե մենք չենք. տարբերությունը որքա՞ն է, երբ... նախճիրը մնում է նախճիր։

Հասարակությունը ապաերիտասարդականացվում է։ Զգալի թվով կոլեկտիվներում տարիքն առած մարդիկ աշխատում են հաճախ՝ իրենց զավակներին արտերկիր ուղարկած, իսկ Արցախում մնացած ջահելներից շատերն անգործ թափառում են, դրանց մեջ՝ նաեւ բարձրագույն կրթությամբ մասնագետներ։ Ասել է թե՝ մեր ջուրը մեր ջրաղացը շրջանցելով, ուրիշի ջրաղացքար է պտտեցնում...

Արցախում ամեն խնդիր պիտի դրվի օրինական հիմքերի վրա։ Աշխատանքային կոլեկտիվների երիտասարդացումը մեր վաղվա միակ երաշխիքն է։ Ողբերգական կլինի, որ վաղը չհասնենք այնտեղ, ուր գնում ենք՝ այնքան դժվարություններ հաղթահարելով, կռիվ տալով, արյան գնով։ Եվ ավելի ծանր ու կործանարար կլինի՝ հասնել այնտեղ, ուր չէինք գնում։