Անդրադարձ
Բազմաթիվ հեռախոսազանգեր ու կարծիքներ, որ հնչում են վերջերս «Ազատ Արցախում» հրապարակված իմ «Որ չհասնենք այնտեղ, ուր չենք գնում» հոդվածի առիթով, դարձյալ ու վերստին հավաստում են աշխատանքային կոլեկտիվների (դրանց միջոցով` ամբողջ Արցախի) երիտասարդացման գործի անհետաձգելիության ու հրատապության մասին, քանի որ դա միաժամանակ մեր գոյության, ավելի կոնկրետ` Արցախի լինելիության առաջին պայմանն է: Հարցն առավել բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Բայց եւ անլուծելի չէ: Պարզապես անհրաժեշտ է, որպեսզի գլոբալ մոտեցում ցուցաբերվի պրոբլեմի նկատմամբ: Կարծում եմ, մասնագետներն ու գործին տեղյակ մարդիկ կասեն (եւ պարտավոր են չլռել) իրենց խոսքը:
Մեր հիշողության մեջ թարմ է դեռեւս մի երկու տարի առաջ Ճարտարում կազմակերպված համաարցախյան հավաքը` բոլոր ղեկավարների մասնակցությամբ: Չի՞ կարելի, արդյոք, գյուղերի ու ճանապարհների բարեկարգմանը նվիրված նման հավաքներ կազմակերպել տարին մեկ անգամ` նույն ընդգրկումներով, իսկ կիսամյակը մեկ անգամ` ենթաշրջանների գյուղերի ղեկավարների մակարդակով, միասին ուսումնասիրեն այս կամ այն բնակավայրի կարծիքները, հոգսերը, հետեւություններ անեն, հնարավորության չափով իրար օգնեն, զարգացման ուղիներ նշեն, մշակեն ծրագրեր ու պլաններ` մասնակցությամբ հասարակության ակտիվ ու գործիմաց անդամների:
Մի ուրիշ առաջարկություն, որն ուզում եմ տեսնել մյուս միջոցառումների ընդհանուր համալիրից ոչ դուրս. վարչակազմերին կից ստեղծել բաժիններ, որոնք զբաղվեն գյուղերի խնդիրներով, առօրյայով, ընդհուպ` յուրաքնչյուր ընտանիքի, գյուղացու համար պահելով սոցիալ-տնտեսական, կենցաղային շարժման պատկերը հստակ ներկայացնող քարտարաններ. դա թույլ կտա պարզապես իմանալ` որ գյուղը վաղը որքան աշակերտ կունենա, որքան երիտասարդներ կամուսնանան ու ընտանիքներ կստեղծեն, որքանո՞վ է կայուն գյուղի ու տնտեսության ապագան: Երիտասարդի չաշխատելը, ընտանիք չկազմելը, գյուղում չմնալը, վերջապես, միայն նրա խնդիրները չեն, սա ընդհանուր ապրելակերպի ու մտահոգության հարց է, որ պիտի պետական վերաբերմունքի ու մոտեցման արժանանա: Եթե սա չենք անում, ուրեմն` ոչինչ չենք անում:
Պետք է վարչակազմի համապատասխան բաժինը ուսումնասիրի նաեւ գյուղացու եկամուտների կարգավորման գործը: Գյուղացին պիտի իմանա հաստատ, որ իր արտադրանքն ընդհանուր գներով, ոչ ցածր, կարող է վարչակազմի կողմից այդ նպատակով հաստատված մեքենայով տեղ հասցվել, իրացվել: Գյուղում պիտի լինի մշակութային կյանք: Գյուղացուն պիտի վերադարձնել աշխարհի ընդհանուր հաղորդակցության մեջ իր տեղն ունենալու նրա վաղեմի հնարավորությունը: Մեր գյուղերում, շրջաններում ունենք լավագույն մասնագետներ ու նվիրյալներ, որոնք կարող են` ուսումնասիրելով մարդկային աշխատուժի հնարավորությունները, որոշել, թե որ գյուղում տնտեսության կամ արդյունաբերության ինչպիսի կետեր կարող են բացել ու աշխատանքներ ծավալել: Չմոռանանք` աշխատանքը ցանկացած մարդու համար եւ տուն, եւ արժանապատվության խնդիր է: Եվ դո՛ւ չես քո տան տերը, եթե քո տունը քո հողի վրա չէ: Իսկ ստրկություն անել արցախցին երբեք չի կարող, անգան եթե ինքն իր ստրուկը պիտի լինի:
Ամփոփում-խոսք: Արցախն իր պատմության ընթացքում, Տիգրան Մեծի ժամանակներից ի վեր, երբեք այսպես ուժեղ չի եղել, ինչպես հիմա: Արցախն այնքան կայուն դիրք երբեք չի ունեցել աշխարհաքաղաքական քարտեզի վրա, ինչպես հիմա: Արցախը չի ունեցել երբեք այնքան հզոր բանակ, ինչպես հիմա: Սրանք հիմնավոր նախադրյալներ են, որպեսզի երկիրը երիտասարդանա, շենանա: Հիշենք, Նոյ Նահապետի Արցախ եկած ժառանգը` Առանը, մեր նախահայրը, երբ պատերազմներում մենակ էր հայտնվում թշնամու դեմ, հույսը ուրիշի վրա չէր դնում, ինքն իր անունն էր տալիս, ինքն իրեն էր կանչում ու մի Առանի միջից հազարավոր Առաններ էին դուրս գալիս: Ու նա հաղթում էր:
Միայն մեկ ճակատում տարած հաղթանակը մասնակի է, մենք դատապարտված ենք, այստեղ արդեն այլընտրանքային տարբերակ չկա, հաղթել բոլոր ճակատներում: Որովհետեւ հաղթելը դեռեւս հաղթանակ չէ, իսկական նվաճումը արյամբ շահած հաղթանակը տանուլ չտալն է: