Օրերից մի օր Ագռավն ու Աքլորը խոսքը մեկ արին, որ ուխտ գնան: Նրանք իրենց խոսքի տերն էին, ինչպես ասին, էնպես էլ արին. վեր կացան, ճամփա ընկան ու գնացին: Շատ գնացին, քիչ գնացին, շատ ու քիչը ո՞վ գիտե, ես էլ հետները չէի, որ իմանայի, գնացին, գնացին, մին էլ, ըհը՜, Աղվեսը:
— Էս ի՞նչ բան է, — ասում է Աղվեսը, — դաշտում՝ Աքլո՞ր, հետն էլ Ագռա՞վ: Էս երա՞զ է, թե աչքիս է երևում: Բայց ինչպե՞ս անեմ, որ բռնեմ:
Գլուխը կախեց, տխուր-տրտում գնում էր ու բարձր-բարձր խոսում, էնպես որ՝ ուխտավորները լսեցին:
— Ա՛խ, մեկի աչքը դուրս գա լավ է, քան թե անունը: Մեր աղվեսների անունը վատ է դուրս եկել: Ես էսքան բարի աղվես լինեմ, կյանքիս մեջ ծիտն ի՛նչ է՝ ծտի էլ ձեռք տված չլինեմ ու էսպես վատ անուն ունենա՞մ: Շատ էլ՝ շատ աղվեսներ անպիտան են եղել, ինձ ի՞նչ, ես ի՞նչ մեղավոր եմ: Բա մեղքը չե՞մ, որ ինձ էսքան հալածում են, ոչ ոք չի ուզում ինձ ընկեր դառնալ. մի տես էն ջուխտը ինչպես անուշ-անուշ իրար հետ զրուցում են, երնեկ թե իմանայի՝ ուր են գնում, ընկեր դառնայինք, ջան ասեինք, ջան լսեինք: Ընկեր էլ չդառնայի, էդ բախտը ինձ՝ մեղավորիս ո՞վ է տվել, նրանց ծառան լինեի, ջուր ուզեին՝ ջուր բերեի, կուտ ուզեին՝ կուտ բերեի, հիվանդանային՝ պահեի, պահպանեի, գիշերները անուշ քունս կտրեի, պահապան կանգնեի, մի իմանային, որ աշխարհումս աղվես էլ կա, աղվես էլ:
Էսպես էր ասում ու ոտը կախ գցած, աչքի տակով նայելով՝ կամաց-կամաց գնում էր:
— Էս ի՛նչ բարի Աղվես է,— ասում է Ագռավը:
— Էս ի՛նչ բարի Աղվես է, եկ կանչենք,— ասում է Աքլորը:
— Պարոն Աղվես, պարոն Աղվես, կաց, կաց, գանք հաս նենք:
— Է՜, թե որ չեք վախենում, համեցեք:
Որ եկան հասան, Աղվեսը հարցրեց.
— Ո՞ւր եք գնում էդպես ջուխտ:
— Տա մուրազդ, հեռու ուխտ:
— Էս ի՞նչ բան է, ախր ես էլ եմ գնում, էս ինչ լավ պատահեցինք:
Պարոն Աղվեսը բաց արավ իր անուշ, մեղուշ լեզուն ու սկսեց դեսից դենից խոսել: Գովեց Ագռավին, գովեց Աքլորին ու հետն էլ մտածում էր, ինչպես անի, որ երկուսին էլ միանգամից բռնի. թե մոտենա Ագռավին բռնի, Աքլորը կփախչի, թե Աքլորին բռնի, Ագռավը կթռչի: Էսպես խոսք մեջ գցելով, սրան, նրան գովելով, բերեց իր բնի բերանին կանգնեցրեց ու էսպես սկսեց.
— Ագռավ ազի, անհաղթ Աքլոր, խոսք չկա, որ մենք ազիզ եղբայրներ ենք, ես էլ եմ անկեղծ, դու էլ եք անկեղծ: Ինձանից թեև ձեզ խրատ չի հասնի, բայց էլի, ասում է՝ «Մի խելքը լավ է, բայց երկու խելքը լավ է ու լավ»: Ես քանի որ ձեր եղբայրն եմ, չեմ ուզում ձեզ մի փորձանք պատահի: Ա՛յ ասեմ, որ որսորդը բազեներով որսի գա, ձեզ երկուսիդ էլ կբռնի, ես կփախչեմ, կազատվեմ. թե որ որսորդը շուն ունենա հետը, դո՜ւք կազատվեք, ես կբռնվեմ: Ա՜յ ձեզ մի լավ բան ասեմ, եկեք գետնի տակով գնանք, ա՜յ ճամփա, — ցույց տվեց իր բունը: — Այնտեղ ոչ բազե կա, ոչ շուն:
— Լավ ես ասում, պարոն Աղվես, — ասում է Ագռավը:
— Լավ ես ասում, պարոն Աղվես, — ասում է Աքլորը:
Աղվեսն էդ ուխտավորներին տարավ իր բունը:
— Էս ի՛նչ մութն է, ճամփեն չեմ տեսնում, պարոն Աղվես:
— Ջիվան Աքլոր, անհաղթ Աքլոր, եկ մեղքերդ խոստովանի, աչքերդ լույս կտան, ճամփեն կգտնես:
— Ես մեղք չունեմ:
— Ի՞նչ Աքլոր ես, որ մեղք չունես, էլ ինչո՞ւ ես ուխտ գնում. որ մեղքդ ասեմ, քեզ ուտե՞մ, մարսե՞մ:
— Լավ, բայց ես մեղք չունեմ:
— Դե լսիր: Կեսգիշերին, մեջ գիշերին որ վեր ես կենում ու խելքիցդ դուրս կանչում ես՝ ծուղրուղո՛ւ հա ծուղրուղո՛ւ, դու էլ գիտես՝ մի մեծ բանի վրա ես, քո ձենը քո ականջը բա չի՞ ընկնում: Չես թողնում, որ խեղճ ու կրակ բանվոր մարդիկ մի կուշտ քնեն. բա մեծ մեղք չի՞, դեռ լույսը չբացված, դեռ արևը չծագած, տո՜ բաց բերան, նրանց քնահարամ ես անում: Հլա դա գնա ու գա, բա որ ձմեռն էլ բուք-բորանի ես տալիս քարավաններին, սառեցնում թողնում. դա որ մահացու մեղք է: Դե, էն է էլի լույսը որ բացվի, մարդ կիմանա, որ լույս է, վեր կկենա, կգնա իր գործին, էլ քո ծուղրուղուն ինչի՞ս է հարկավոր, — ասաց ու գլուխը մարմնից կիսեց:
— Հիմի դու արի, իմաստուն Ագռավ, արի ու մեղքերդ խոստովանի:
— Ես, ես, պարոն Աղվես, — կռռաց Ագռավը,— Աքլորի պես հո մեղք չունեմ. իրիկունը շուտ եմ քնում, կեսգիշերին, մեջ չեմ կանչում, բանվորների քունը չեմ կտրում, քարավան չեմ սառեցնում, բուք-բորանի բերան չեմ տալիս:
— Ի՛նչ, տո՜ չարագուշակ, սևասիրտ, սևաշոր Ագռավ, որ մեղքդ ասեմ, քեզ ուտե՞մ մարսե՞մ:
— Լավ:
— Լավ օրի մնաս, Աքլորի մոտ գնաս: Դեհ լսիր, ասեմ. ամառը լծած եզան վզին որ վերք է բացվում, տերը բաց է թողնում եզանը, մի երկու շաբաթ արածի, վերքը սազացնի: Բայց դու, անխիղճ Ագռավ, ամառվա էն շոգին, վեր ես գալիս անլեզու, անբերան, վիրավոր անասունի վերքին, հա՜ պտխորում ես, հա՜ վերքը կտցում, հա՜ խորացնում: Խեղճը պոչով է անում, վեր չես գալիս, գլխով է անում՝ վեր չես գալիս, վերքը խորացնում ես, հա՜ խորացնում. վերքն էլ որդնոտում, խեղճ եզանը տալիս սպանում է: Տեսա՞ր ինչ ծանր մեղքի տեր ես, — էսպես ասավ ու Ագռավին էլ Աքլորի օրին գցեց ու սկսեց թռչկոտել, հետն էլ երգել.
— Ագռավիկ սևամազիկ,
Աքլորիկ երկար վզիկ,
Բարակ ճամփով եկաք ջուխտ,
Բողազավանք եկաք ուխտ:
Ա՜խ, ի՛նչ էիք, ի՛նչ չէիք,
Մի ջուխտ էիք, քիչ էիք.
Ջուխտիդ մեղքը իմ վզին,
Հասաք դուք ձեր մուրազին:
Դեհ թռե՜ք, թռե՜ք, թռցնեմ,
Բողազավանք հասցնեմ: