Պուճուր մկնիկը
ՊՈՒՃՈՒՐ ՄԿՆԻԿԸ
Պուճուր մկնիկն ասում է Մեծ մկանը՝ խմորը ես անեմ. մեծն ասում է՝ ո՜չ, ես անեմ: Վերջապես Պուճուր մկնիկը զոռում է, խմորն ինքն է անում, բայց ձեռները կոտրատվում՝ մնում են խմորում: Այդ դժբախտությունը տեսնելով՝ Մեծ մուկը սրտապատառ դուրս է վազում, ձեռները խաչում և սկսում է լաց լինել:
Մի Ծիտ, լսելով Մկան լացը, ուզեց իմանալ, թե ինչու է լալիս:
— Ա՛յ Մուկ,— հարցրեց Ծիտը, — ինչո՞ւ ես ձեռներդ խաչել և աղիողորմ լաց լինում:
— Բա չե՞ս ասիլ, ա՜յ Ծիտիկ, — պատասխանում է Մուկը,
— Պուճուր մուկիկը խմորն անելիս ձեռները կոտրեց:
Ծիտը շատ ցավեց, շատ ափսոսեց և սաստիկ ցավից նրա մի աչքը խփվեց, կուրացավ:
Ծտին պատահեց մի Արտուտիկ և հարցրեց.
— Ծիտիկ, աչքդ ինչո՞ւ է փակվել:
— Բա չե՞ս ասիլ, Արտուտիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները խմորումն են մնացել…Աչքախուփիկ Ծիտիկն եմ:
Արտուտիկի թևերն իսկույն կոտրվեցին: Նա տխուր-տրտում մի թփի տակ ընկած Պուճուր մուկիկի մահն էր սգում:
— Ինչո՞ւ ես լալիս, Արտուտիկ, — հարցրեց նրան Ագռավը:
— Բա չե՞ս ասիլ, Ագռա՜վ ազի, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքխփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ:
Ագռավը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությանը, իր փետուրները թափեց և տխուր-տրտում մի ծառի վրա նստեց, ղա՛-ղո՛ւ անելով Պուճուր մկնիկի մահը սգաց:
— Ասա ինձ, Ագռա՜վ — հարցրեց Ծառը, — պատճառն ի՞նչ է, որ դու փետուրներդ թափել ես և այդպես ցավալի կռավում ես:
— Բա չե՞ս ասիլ Ծառիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում, աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ:
Ծառը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությունը, իսկույն ճղակոտոր եղավ: Նրա ճյուղերը թափվեցին այն քարի վրա, որն ընկած էր ծառի տակ:
— Ա՜յ Ծառ, քեզ ի՞նչ պատահեց, որ հանկարծ ճղակոտոր եղար, — հարցրեց Քարը:
— Բա չե՞ս ասիլ, — պատասխանեց Ծառը, — Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ:
Քարն իր տեղից թոլ եղավ, գնաց ընկավ Ծովը: Ծովը ուզեց իմանալ Քարի տեղից շարժվելու պատճառը:
— Ինչո՞ւ թոլ եղար քո տեղից, ա՜յ Քար:
— Բա չե՞ս ասիլ, — պասասխանեց Քարը, — ես որ թոլ չլինեմ, ո՞վ լինի: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ: Ծովը ցավից իսկույն արյուն կտրավ: Մի աղջիկ կոտը գլխին դրած աղբը բերեց Ծովը թափելու: Տեսնելով, որ Ծովն արյուն է դառել, խղճահարվեց, ուզեց պատճառն իմանալ:
— Ա՜յ Ծով, քեզ ի՞նչ պատահեց, որ արյուն կտրար:
— Բա չե՞ս ասիլ, սիրուն աղջիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ:
Լսելով Պուճուր մուկիկին հասած դժբախտությունը, աղջիկը սաստիկ ցավ զգաց, այնպես որ աղբով կոտը կպավ նրա գլխին: Նա լացուկոծով, կոտը գլխին, վերադարձավ տուն:
Տատը, որ ջահրա էր մանում, հարցրեց.
— Ա՜յ աղջի, ինչո՞ւ ես լալիս, ինչպե՞ս պատահեց որ աղբի կոտը գլխիդ կպավ, մնաց:
— Բա չե՞ս ասիլ, տատի, — սկսեց աղջիկը, — ինչ մեծ դժբախտություն է պատահել: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ:
Ջահրեն կպավ պառավի կողից: Պառավը լաց լինելով գնաց տերտերի մոտ:
— Բա չե՞ս ասիլ, տեր հա՜յր, — լաց լինելով պատմեց պառավը, — էսպես մի մեծ փորձանք: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկը ձեռները թողել է խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ, ջահրեն կողքիս պառավիկն եմ:
Տերտերը մեջքը տված դռան՝ լսում էր պառավին և հանկարծ զգաց, որ դուռն էլ իր մեջքին է կպել և պոկ չի գալիս:
Գյուղացիները հավաքվեցին տո՜ւր, հա տո՜ւր տերտերին, որ դուռը մեջքից պոկվի: Այդպես էլ լինում է: Դուռը տերտերի մեջքից է պոկվում, ջահրեն պառավի կողից, կոտն աղջկա գլխից, Ծովը նորից պարզվում, ջուր է դառնում, Քարը գլորվում է իր նախկին տեղը, Ծառի ճյուղերը նորից բուսնում են: Ագռավին նոր-նոր փետուրներ են գալիս, Արտուտը թևերի տեր է դառնում, Ծտի աչքը բացվում է, Պուճուր մկնիկն էլ իր ձեռները ետ է ստանում: