Jump to content

Ուղևորություն մը հիշատակներիս մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուղևորություն մը հիշատակներիս մեջ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԸ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՒՍ

ՄԵՋ

Ֆալաքան. — Տիրացու Արթին ու ձայնավոր Գասպար. — Պեշիքթաշի Մաքրության Վարժարանը. — Դերասաններ.

Ֆալաքան իմ էն հին դպրոցական հիշատակս է։

Հիմա մշուշի մեջ կերևա ինծի այս փայտե ու չվանե կազմված գործիքը, որ տանգլուխ ու վիթխարի D մը կը հիշեցնե ֆրանսական այբուբենեն։

Այս Ծ-ին սյունակը փայտե է, տոկուն ու դիմացկուն փայտ և պարույթը ռուսական կուպրով ծեփված բարակ չվանե մը կը բաղկանա։ Կուզեք տեսնել հիմա այդ անվնաս դարձած գործիքը։

Գավազանը՝ հունի ծառե ոստ մը դյուրաթեք ու անբեկանելի, ֆալաքային հետ contre-basse ջութակի մը տպավորությունը թողած է հիս։ Առաջ այդ երաժշտությունը չէի սիրեր։


Ջութակահարին դեմքը միտքս է, բռնավորի դալուկ ու մեղկացած դեմք մը, կարճ հասակի մը ծայրը անցած խոշոր զանկ մը, ֆեսը ետին ծռած ու ցույց տալով ճերմակ գտակը իր քրտնածոր ու լայնածավալ ճակատեն. ձյունապատ գագաթ մը ջեռուցյալ պահարանի մը ծայրը։

Ի՞նչպես կըլլար որ այս նիհար մարդը շարունակ կը քրտներ. ամառ ձմեռ կը գանգատեր եղանակեն, հեղձյալ, հազիվ կարենալով շունչ առներ հետզհետե մերկանալով վերարկուն սեթրին ու բաճկոնն ու երևան հանելով շապիկին վրայեն տափատը բռնելու համար կուրծքին վրա խաչաձև բերված ասկըն, որ իր ուսերը կը կքեր ու խաչված մարդու մը կերպարանքը, կուտար իրեն։

Այսպես կը շրջեր տիրացու Արթին ծաղկոցին մեջ, հոտավետ ծաղկոց մը, ուր հարյուր տղոց քաղվածքի մոլտուքը՝ մեղվաց երամի մը բզզյունին պես երթալով կը բարձրանար ու խլացուցիչ կը դառնար, մերթ ընդ մերթ կանգ առնելով, գավազանը ձեռքն ու պոռալով իր ճչող և սուր ձայնովը.

— Լռությո՜ւն...

Մյուսյու կուզեր որ կոչեինք զինքը. վարժապետ և պատվելի բառերը հետադեմ ու նախատական կը թվեին իրեն։ Ուսումնարանը ուր կառավարելու համար ունեցած բաղձանքը երբեք իրակ անացած չէր, Ձայնավոր Գասպար կառավարչի ու ձայնավոր դասատուի կրկին պաշտոններուն մեջ ամրացած կը մնար և այս փառասիրական պահանջումը դառնությամբ կը լեցներ իր փոքրիկ սիրտը։

Անվերջ բաղդատություն մ՛էր իր նախակրթարանին և ուսումնասրահին մեջ որ միշտ մեզի նպաստավոր եզրակացությամբ մը կը վերջանար։

— Վերի աղմո՛ւկը նայեցեք, թող չեն տար որ աշխատիք, կըսեր մեզի։

Կամ թե,

— Թող մեյ մը իմ սրահս նային, մեյ մըն ալ սա վերի խավուշը։

Եվ մենք կեղծավոր ու շողոքորթ, կը բոլորվեինք իր շուրջը, կարեկից իր ցավին ու անաչառ վկա իր գանգատին արդարացի ըլլալուն։

— Այո՛, մյուսյու։

Եվ սակայն վերի սրահը կորոտար, կը թնդար իր ցնծալիք ու աղմկալից կյանքովը, կռիվներով, ծեծկվուքներով զորս կզգայինք մեր զլխուն վրա ու ներքնապես կողբայինք մեզ ծաղկոցին գրասեղաններուն կապող տարիքներնուս վրա։

Կարծեմ թե կաթվածե մեռավ վերջ ի վերջո, իր մշտածոր քրտինքին գաղտնիքը՝ սրտին մեջն էր. խեղճ ջութակահարը երբեք զով եղանակ մը չգտավ իր կազմվածքին հարմար, ու մեռավ։

Ուսումնասրահի կառավարիչը Ձայնավոր Գասպար կունտ ու կլոր, ծիրանի այտերով, ձայնը մարած, պոռալե ու օղիեն, զվարթ ու կատակախոս մարդ մէր։

Հռչակավոր Արիստակեսի աշակերտներեն էր. աստիճան առած էր. քահանա պիտի ձեռնադրվեր եթե իր ամուրի ըլլալը արգելք չըլլար։

Կը հիշեմ որ այս սուրբ ակնկալությամբ զինված՝ տարիներով թափառեցավ աղջիկ փնտրելու համար։

Կիները կը հավնեին զինքը երբ դասին մեջ կայնած, Ծնունդի ու Զատկի առավոտները ոսկեվառ շապիկովը կը դառնար ետին վերնատունին, իբրև թե հիշեցնելու որ ինքն էր օրվան անհրաժեշտ մարդը։

Գասպար աղան քահանայության ու ամուսնության թեկնածու մնաց մինչև վերջը, վասնզի ոչ ոք երեցկին ըլլալ հանձն կառներ։

Երբ Խորեն սրբազան Մաքրուհյան վարժարանի տնօրենությունը թողուց, Գասպար աղան այլևս շատ չկրցավ կենալ։

Նորեկ հոգաբարձուները իր խեղդուկ ձայնին չէին հավնիր. մին, հովարտա ոսկերիչ մը, որ ինքն ալ ձայնավորություն ընելու տկարությունն ուներ, կիրակի առավոտ մը եկավ տնկվեցավ դասին մեջ, Գասպար աղային քովիկը, եթե ոչ բոլորովին կապտելու՝ գեթ մաս մը առնելու անոր իշխանութենեն։

Գասպար աղան չէր կրնար առանց ձայնավոր դասատուի մը ավանդական իրավունքները զոհելու այս կացությունն ընդունիր հրաժարեցավ. բարով եկար ըսին իրեն ու կիսավարտ քահանան բոլորովին բացը մնաց։

Հետզհետե ուրիշ վարժարաններ մտավ եկեղեցական երաժշտության դասատուի պաշտոնով, բայց առջի զվարթ մարդը չէր ալ․ չքավորությունը, իր ի դերև ելած կոչումը, Մաքրուհյան վարժարանի հիշատակը, ուր տարիներով սովորած ու արմատացած էր, վարժարան մը որ իր տունն էր գրեթե, մանավանդ այն ոսկերչին ստվերը, այս ամենը միացան հեք ձայնավորին կյանքը դառնացնելու համար։ Ամեն կողմ ոսկերիչ մը կերազեր. իր քթին տակ, իր քովը, ստվերի մը պես անբաժան ուր որ ալ երթար, ազատ ու հզոր ձայնով ոսկերիչ մը՝ որուն քով իր մաշած ու հատած շունչն անլսելի կը մնար։

Անկից վերջը շրջուն տիրացու մը եղավ, տոն օրերը, գյուղի աղքատ եկեղեցիները կերթար, փոքրիկ վարձքի մը, մեճիտիեի մը փոխարեն, անեղծ պահելով իր ձայնավորի արժանապատվությունը։ Քալելով կերթար ամեն տեղ, լեռնե լեռ, շարժելով գունտ գլուխը, կարծես թոթափելու համար զայն պաշարող մտմտուքները։

Վերջին անգամ մը Ալեմտաղի պատահեցա իրեն. հետիոտն եկած էր Իսկյուտարեն չորս ժամ շարունակ քալելով։ Հեռվեն՝ միշտ կարմիր մնացող այտերեն ճանչցա այդ ոգելից ըմպելիքներով ուռած ու թմթռկած դեմքը, ինքը չճանչցավ զիս. հետո իմ բարևելուս վրա, խորհեցավ, հիշեց. Մաքրուհյան վարժարանի աշակերտ մ՛էի ու սիրելի մնացած հիշատակներ կարթնցնեի մտքին մեջ. իր փայլուն, իր հաջող ատենները գիտեի։

— Ո՞ւր է հիմա այն օրերդ, Գասպար աղա, ըսի իրեն։

Երաժիշտը սթափում ունեցավ իր հոգվույն մեջ։

Ի՜նչ, միթե ինքը չէ՜ր առջի ձայնավոր Գասպարը։

— «Արի» մը ըսեմ տե մտիկ ըրե։

Ափսո՜ս, իցիվ թե չըսեր, դասեն՝ ուր գացեր էինք ունկնդրելու իրեն, ձայն մը չէր որոշ ու հասկնալի, այլ հեղձամղձուկ հառաչանք մը, որ կելլեր ավերյալ խոռոչե մը ու փոքրիկ եկեղեցվույն բարեպաշտները կը զարմացներ։

— Ա՜յս է Պոլսեն եկող ձայնավորը։

Խեղճ մարդն ինքն ալ զգաց որ իր անկումն անհույս ու վերջնական էր։

Գոնե այն եկեղեցիներեն միույն մեջ տեղի ունենար այս պարտությունը, ուր այնքան ատեն լսված էր իր երգերուն ներդաշնակությունը. այն կամարներուն ներքև, զորս իր որոտացող ձայնովը թնդացուցած էր ատեն մը․ ո՛չ, այլ այս լերան գլուխը, այս փոքրիկ ու մթին մատուռին մեջ, բանե չհասկցող այս գյուղացիներուն առջև, որոնք կը ծիծաղեին իր վրա. ինչ վերջավորություն։

Այս մեծ զորապետը, հռչակավոր ճակատամարտի մը մեջ զարնվելու տեղ անծանոթ ավանի մը, աննշան կռվո մը մեջ կանհետանար։

Եվ ես որ զինքն ամենուն գոված էի, իրմե առաջ խույս կուտայի իր պարտության մասնակից չըլլալու զգուշությամբ։ Հուսկ ուրեմն փոքրիկ օգնությունով մը ջանացի սփոփել զինքը, հիշեցնելով այն մանկության օրերս, հորում ամեն տարի գիրք կարդալու, Դանիելի կամ Եզեկիելի մեկ գիրքը, իր շնորհիվ եկեղեցվույն մեջ ձեռք բերած համբավես երախտապարտ, հաջորդ օրը կանուխ կը փութայի հորմես պահանջած նվերս գաղտնի իր ձեռքը դնելու։

Մեկ մալ չտեսա զինքը. բայց իմացա որ Ազգը իր Հիվանդանոցին մեջ կը պատսպարե հիմա այս դժբախտը։


Վերջին հիշատակ մը ունիմ Պեշիքթաշի վարժարանեն․ թատերական ներկայացմանդ ի պատվի եղած միջոցն էր. Պոլիս՝ իր Կետիկ Փաշան ուներ, Օրթագյուղ Բարեսիրաց թատրոնը. ուրիշ գյուղեր՝ մասնավոր սրահներու մեջ կուտային թատերական ներկայացումներ։ Պեշիքթաշ՝ Մաքրուհյան վարժարանի սրահին մեջ առաջին ներկայացումը տվավ։

Ի՞նչ ուրախություն մեզի համար, ութ օր առաջ դասերը ստիպյալ դադրեցան. մեր նախակրթարանը՝ ուր թատերաբեմը պիտի շինվեր, հարկ եղավ թողուլ, լռություն պատվիրող չմնաց. ամենքը՝ տնօրենեն սկսյալ մինչև դասատուները, ամենքը ճարտարապետ ու բանվոր դարձած էին. տնտեսը կը մնար միայն ուսուցչական մարմնույն իբրև վերջին հիշատակ մը. մենք՝ գամերր, գործիքները ու տախտակները կը փոխադրեինք, եռանդուն ու աշխատասեր, գրքերը մեկդի նետած ու ազատ շունչ առնելով։

Տասնըհինգ օր առաջ սկսած էին փորձերը չորրորդ կարգի դասարանին մեջ ուր արգիլյալ էր մեզ մտնեք և որուն դրան թովեն ամեն անցնիլ դառնալնուս, կը քսեինք բարձրագույն կարգի աշակերտաց ձայները իրենց դերը արտասանելով։

Օր մը Արշակ Բ-ն էր որ կը գոչեր բանտին մեջ խելահեղ ու սարսափած ուրվականներու տեսքեն.

— Ահա... Պապ, բայց այս Պապ

— Կարտինալ է, կը պատասխաներ անդիեն պատրաստախոս տղա մը ու խնդալով կը մարեին։

Երբեմն Դրաստամատն էր հաղթական զորավարի ցնծությամբ լցված, երբեմն Ալանոզան՝ նույնպես բարձրագույն կարգի աշակերտներեն մին սև ու կանաչ դեմքով տղա մը, որուն համար այս հակառակորդի մասր հանձնված էր իրեն, գոչելով շղթայակապ Արշակի երեսին ու դասարանին խարխուլ պատերը ցույց տալով անոր.

— Է՛հ, թող առյուծն Արշակ կոտրե դյուր շղթայս,
Չորսդիդ նայե, այդ թանձր պատերը կը տեսնե՞ս։


Ներկայացումը տեղի ունեցավ շքեղ ու հանդիսավոր, աշակերտաց ծնողք, ազգականք թատերասրահի փոխված Նախակրթարանը լեցուցին. մեր նորատունկ ծաղկոցին մեջ հինավուրց բույսերեն ու ծառերեն կոխելու տեղ չմնաց։ Թաղական Խորհրդո ատենապետը, հոգաբարձուները, մեկ կարգի վրա շարված, ճիշտ իմ գրասեղանիս տեղը, ու անոնց կռնակը չարշըի էսնաֆները ու ավելի բարձր, օթյակի ձևով շամի տախտակե շինված փոքրիկ տուփերու մեջ, Պեշիքթաշի գեղուհիները. այս բոլորը մեր նախակըթարանին մեջ զետեղված, սեղմված, լուռ ու խելոք, տարի քնին առած աշակերտներու կը նմանեին, և որոնց վրա կարծես մեր մյուսյուին ոգին՝ իր ճերմակ ու մաքուր թեքեն դրած՝ աներևույթ կը շրջեր։

Մեր մանկական սրահը մեկ գիշերվան մեջ քառասուն տարի ծերացած էր։

Մեծ հաջողություն մը եղավ այս ներկայացումը, կանայք լացին ու էրիկ մարդիկ ապշեցան։ Երբոր Արշակ Բ. գետին փռվեցավ իր ցնորքին մեջ, հանդիսականներեն շատեր կարծեցին որ ոգնության փութալու էր. այնքան պարզամիտ էին այն ատենվան պեշիքթաշցիները։ Օրթագյուղեն եկած հանդիսական մը միայն անոնց փեշեն քաշեց ու արգիլեց։

Դերասանները այդ գիշերեն վերջը մեյ մըն ալ իրենց իշխանական կյանքին երեսը չտեսան։ Շապուհ՝ ոսկերչի մը քով մտավ ուր այդ ներկայացման հիշատակներովը վարպետը կը նեղացներ մինչև իրիկուն, քուրային քով քթին տակեն մռլտալով.

— Գոհություն տամք աստվածոց, իշխանք իմ քաջ,
Մեծ է օրվանս այս հաղթություն և առատ
Հունձք զոր այսօր մեր սուսերներ հնձեցին։


Ու հալոցը խառնելու համար բռնած ունելին մեջքը կը տաներ իբրև թե սուր մըլլար այդ երկաթի կտորը, վարպետը մենախոսությունը կընդմիջեր.

— Ծո՛, գործդ նայե, էշե՛կ, կրակը մարեր է։

Արյաց արքան հիմա պարկեշտ քույումճի մէ չարշըին կամարներուն տակ բացված ծակերեն միույն մեջ պաղտայ նստած, խեցիի մը մեջ պահվտած թուլամորթի մը նման, ադամանդյա զարդերը ցույց տալով, խանութին առջևի ապակյա տուփեն, ու հին դերասանի ձայնովն ու շարմվածքովն անցորդները կանչելով։

Եվ երբ լեցուն շահով, աղեկ հունձքով մը կանցնի օրը, այս դրամական հաղթությունը՝ իրական պատերազմե մը ոչ նվաղ դժնդակ և արդյունավոր, կուրախացնե զինքը, միտքը կը բերե իր դպրոցական հիշատակները, անզգալապես իր անզեն մեջքին կերթա ձեռքն անգո սուրի մը դաստակը փնտրելու համար ու ցած ձայնով, կամացուկ մը, հին դպրոցականի մը ու խույումճիի մը խառնուրդով շինված փոխաբերություն մը ընելով կը կրկնե դեռ.

— Եվ առատ հունձք զոր այսօր մեր սուսերներ հնձեցին։

Մյուսները Շապուհեն ավելի բախտավոր չեղան. Ալանոզան ու Դրաստամատ՝ այս երկու անհաշտ թշնամիներն իրենց գրկած ասպարեզովը միացան. պասմայի վաճառականներու քով մտան երկուքն ալ։ Առաջինը իր դժգույն կանանչ դեմքովը կրկնատոմարի հաստ ու ահագին տետրակներու վրա հակյալ մնաց ու ալ ավելի կանանչեցավ։ Մյուսը հրապուրիչ երիտասարդ, Քալփաքնիներու գլուխը խանութպան դարձավ, դեռ անցյալ օր այդտեղ պատահեցա իրեն։ Այո՛, նույն Դրաստամատն էր զոր տզա հասակես անջինջ կերպով պատկերացուցած էի մտքիս մեջ Արշակ Բ.ի ներկայացումեն ի վեր։

Այս անգամ, խանութին լայնքին դրված նեղ ու երկայն սեղանին վրա կերպասներու ծրարները բանալով մեկիկ մեկիկ շուկային կես ստվերին մեջ ցույց տալով անոնց գեղեցիկ ու Փայլուն գույները, Դրաստամատ կը պոռար.

— Նե զարիֆ պասմալարըմըզ վար...

<1889>


Օրթագյուղի վարժարանը. — Թարգմանիչներ. — Սեթյան. — Պերպերյան Ավետիս Պատվելի — Իմ դասընկերներս — Գաբրիել Ներշապուհ:

Այս վարժարանը կը կաղար, իր հին ու երերուն շենքովը, դրամական կացությամբն է ընդհանուր կառավարչին ձախ ոտքովը։

Հեք մարդուն այս ձախորդությունը պատերազմի մեջ ստացված չէր, թեև այն անվերջանալի կռվույն մեջ, զոր քառորդ դարե ի վեր կը մղեր ազգին անզուսպ ու անուղղա տղոց դեմ, հաղթյալը միշտ ինքն ըլլար։ Սնոտի պարծենկոտությամբ չէր ուզեր իր պարտությունը ծածկել, դիտեր որ անկարող էր հաջողությամբ մաքառելու իր հսկողության հանձնված մանուկներուն դեմ և բացե ի բաց կը խոստովաներ զայն, հետզհետե զինադադար և հաշտություն առաջարկելով։

Իր պայմանները՝ ամեն հաղթյալ մարդու պայմաններու պես մեղմ ու չափավոր էին։

Ընդարձակ սրահին երկու եզերքին երկայնությամբ շարված գրասեղաններուն մեջ պաշարված, կենտրոնացած, անհավասար կարկինի մը պես դառնալով իր ուղիղ ոտքին վրա, այս հավիտենական զինվորը իրավախոհություն կառաջարկեք ողորմ ձայնով մր որ ամենուս սիրտը կը շարժեր։

— Հատե՜ սուս․․․

Հատե՜ սուս. կընդունինք քառորդ ժամվան մը համար լուռ կենալու պայմանավ ամեն ինչ ընելու այս արտոնությունը, բայց քիչ քիչ մեր անհանգիստ շարժումներն այս դաշինքը կը խզեն, առանց շարժման կյանք չըլլար վարժարանի մեջ, և մենք այս ֆիզիքական օրենքներուն ենթարկված, մեր անկենդան չըլլալը հաստատելու ստիպյալ, համբերություննիս սպառած ու մոռնալով ամեն ուխտ և դաշինք, ձայներնիս կը հանեինք անտանելի Ժխորով մը լեցնելու համար Թարգմանչաց վարժարանը։

Դպրոցին քով Բարեսիրտդ թատրոնը կսպասեր հանդարտ ու կեղծավոր երևույթով ու այս մերձավորութենեն գրգռյալ ամեն ոք թատերգություն կը պատրաստեր հոս. Հայր Արսեն՝ Ռասինի ողբերդությունը կը թարգմաներ, Թերզյան՝ Հայր Արսենի Իփիզենին, Թղլյան՝ Թերզյանի Սանդուխտը, ու մենք ամենքս Միշել Լուիի հռչակավոր Theatres contemporainsի հավաքածոները։ Ճշմարիտ թարգմանչաց վարժարան։

Թատրոն ու թարգմանիչ զիրար գտած էին։

Այս վարժարանին մեջ ճանչցա սև ու մութ երիտասարդ մը, Հովհաննես Սեթյան, որ վերջեն բանաստեղծ մը պիտի ըլլար, բոլորովին անակնկալ բանաստեղծ մր, որ այս ընդհանուր արշավին մեջ իր երկրորդական դասատուի դիրքը պահելու պարտավոր, հաստ ու ծանրաշարժ հատորներով բեռնավորված, որոնց բառարաններ ըլլալը դիտեինք, կը վաղեր ծակե ծակ մտնել, մեզմե գաղտնի, բոլորովին գաղտնի, բառ գոց ընելու համար մինչև վերջը, և իր նպատակր ծածուկ պահելու ջանքին մեջ շփոթած, չկարենալով պարտկե, փեշին տակ ահագին ու մեծածավալ գիրքերը, հապճեպ ու փութական՝ կանցներ մեր առջևեն, ու մենք այս խույս տվող դասատուին սև զգեստներուն, նիհար սրունքներուն ու գորշ գույնին նայելով ետևեն, երկու ոտքերուն վրա կանգնած վիթխարի ու փախստական

մուկի մը կը նմանցնեինք զինքը։

Այն ատեն կրոնագիտության դասը կը սիրեինք, դայակ ու դողդոջուն ծերունի մը, գիտուն ու հոյակապ մարդ մը կավանդեր մեր կրոնքի դասերը։

Իր Նիհար ու ծառի կեղևի մը նման ճմրթկած դեմքը՝ դեղին ու ճերմակ էր գրեթե երակաց անարյունութենեն, ու քիթը խոշոր, համառ ու հաստատամիտ մարդու քիթ մը, մշտնջենական հարբուխի մր դատապարտված ըլլալու էր զոր մեծածալ կարմիր թաշկինակով մինչև վերջը կը սրբեր։

Այս ալևոր կրոնագետը, Պերպերյան Ավետիս պատվելին, կը սիրեինք, կը սիրեինք իր տարիքին հակառակ անհոգ եռանդին ու իր ճշմարիտ կրոնասիրությանը համար, որ ամեն բանե առաջ ազգասիրության վրա կը հենուր միշտ։

Կենդանի, աշխույժ ու պատերազմիկ դասախոսություն մըն էր, ուր մեր կրոնքին նրբություններեն առաք, հռովմեականաց ու բողոքականաց դեմ հաջողությամբ վիճաբանելու եղանակները կուսանեինք։

Ու ամեն անգամ սորված դասերնուս, մեր վարժապետին գիտությանը կռթնած, վիճաբանելու անհամբեր, փողոցե փողոց, լեռնե լեռ կը շրջեինք բողոքական մը գտնելու և Տիրոջ խոսքին մեր դավանությանը համաձայն ըլլալը հաստատելու համար, ոչ մեկ ճշմարիտ բողոքական կելլեր մեր դեմ. իզուր աջ ու ձախ հանդիպած բոլոր կեղծավոր բարեպաշտները, «սիրելիս, բարեկամս բառերով սկսող շրջուն գրավաճառները վարկը դնեինք ճամփուն վրա բռնի Աստվածաշունչ գնելու պատրվակավ՝ կեցնելով զինքը, ու սրբոց բարեխոսության վրա իր կարծիքը հարցնելով, մեր պատրաստ ապացույցներն ու փաստերը գլխուն նետելու և գինքն ամոթահար ընելու համար։ Սովորաբար կա՛մ սնանկացած վաճառական մը կըլլար, կամ անգործ դասատու մը որ հոժարությամբ կընդուներ մեր տեսությունը և մեր սիրեցյալ եկեղեցվույն ուղղությունը, զոր չքավորությանն համար միայն մոռցած էր։

Այսպես լուրջ հակառակորդ մը պակսեցավ մեզի ամեն ատեն ու այն բազմաթիվ վկայությունները որով մեր բոլոր արարողությունները, ծեսերը կը հաստատեինք, հետզհետե մոռցանք։ Բայց չեմ մոռնար երբեք իմ ծերունի դասատուիս պատկառելի դեմքը, իր մահվընեն դեռ շաբաթ մը առաջ եկավ ժամանակին, ճշտապահ իր դասախոսությանը մեջ, սովորականեն քիչ մը ավելի տկար, պարզելով ահագի՜ն կարմիր թաշկինակն ու վերջին օծման մասին մեր եկեղեցվո սկզբունքները, զինքն անբաժան կը տեսնեմ միշտ այդ թաշկինակեն. վառ ու հավատարիմ գույնովը իր դրոշակն էր գրեթե ու կրնանք ըսել որ այդ դրոշակին մեջ փաթթված մեռավ Ավետիս Պերպերյան։


Թարզմանչաց վարժարանի դասընկերներս ծանոթ անձեր են բոլորը. Տիգրան Արփիարյան հրապարակագիր մըն է․ Շիտանյան, Բապուճյան՝ ուսուցիչ են. Ատրունի իր դպրոցին հավատարիմ թարգմանիչ մըն է միշտ, բայց ոչ սուրբ գրոց․ Սալովմիթ փաստաբան մ՛է։

Սալովմիթ փաստաբա՞ն։

Ինչո՛ւ Սալովմիթ կը կոչեինք զինքը. ի՞նչ ըրած էր այս անունին արժանանալու համար, շատ կը սիրե՞ր արդյոք Սասինի Գոթողիան, չեմ գիտեր, անտարբեր, լուրջ, պարզ, ուսյալ երիտասարդ մը որուն երկար և ուղիղ մատները բոլորն ալ բացված տարօրինակ հողմահարի մը պես խոսակցության ջերմությանը մեջ հետզհետե դիմացինին աչքը կը մտնեին, իզուր ետ կեցնել ուզած էին զինքը այս վատ սովորութենեն. վերջապես որոշեց ինք գրպաններուն մեջ պահել այդ անզուսպ թեվերը։

Սալովմիթ իր դասը կարտասաներ ուղիղ և անշարժ կանգնած ուսուցչին դեմը, ոտքը ոտքին քով, թևերը թաղված անհատակ գրպաններու մեջ, անհանգիստ, քրտնելով, տասնապետին դեմ կանգնած կարգապահ զինվորի մը ձևով, ու քիչ մը ետքը դասին ոգևորության մեջ մոռնալով բոլորովին իր կոկիկ ու քաղաքավար կեցվածքը, քայլ մը կառներ հառաջ ու ձեռքերն արձակած ակամա հանդիմանությամբ մը կերկնցներ դասատուին երեսն ի վեր։

Սալովմիթ գեղեցիկ սեռը կը սիրեր, տարիներով դարձավ, շրջեցավ, հատնելով մաշելով գեղեցիկ ուսերու և սպիտակ մարմիններու շուրջը, իգական ընկերություններու, կանացի ժողովներու ծառայելով, հոտվըտալով փոքրիկ կոշիկներ, հեշտաբույր ձեռնոցներ ու գեղեցիկ հովանոցներ, բայց անհամաձայնություն մը կար իր անձնվեր ու համոզելու հետամուտ ոգվույն ու անհանդարտ ձեռքերուն մեջ, և այս ապարդյուն սպառումներով՝ որ իր նախապաշարումները փարատեց, այս ամուլ մնացող համոզման ջանքերով, Սալովմիթեն փաստաբան մը միայն մնաց։

Եղեռնադատ Ատկնին առջև, խոժոռադեմ դատավորներուն հանդեպ կեցած, մարդ մը՝ անչափահասի մը առևանգության առթիվ կը պատասխանն նախագահին, կը խոսի անշարժ ու անտարբեր, կրավորական ու անզգա գործիքի դիրքով, անսեթևեթ տրամաբանությամբ։

Իր մեղմ ձայնը լսողները, իր ամփոփ կեցվածքը դիտողները ամբաստանյալը կը կարծեն զինքը. ես հեռուեն, ճարտար հանցավոր մը կենթադրեմ իր տված պատասխաններեն. հետաքրքրությունս կը շարժի։

— Աղջիկ չափահաս էր ու իր կամքովը եկավ, կըսեր մարդը նախագահին։

— Տեսնեմ սա առևանգիչին դեմքը, կըսեի մտքովս։

Վայրկյան մը մարդը ընդհանուր դատախազին ընդմիջումեն զայրացավ, թևերը զոր մինչև այն ատեն թույլ կերպով քովերեն թողած էր, երկու թիեր ու պես վեր բարձրացուց իր բողոքը շեշտելու համար, և իր այդ բացված ու սպառնացող մատնեբեն անմիջապես Սալովմիթը ճանչցա։

Սալովմիթ առևանգի՜չ. ի՞նչ պիտի ըսեր արդյոք Դպրոցասեր Տիկնանց Ընկերությունը։ Բարեբախտաբար իմ ապշությունս երկար չտևեց։

Սալովմիթ ձեռքերը վեր առած էր ու կերերցներ ազատ, համարձակ, ուզածին պես, իր ճառին բոլոր պահանջումներուն տեցի։

էո՜ֆ․․․


Գաբրիել Ներշապուհ միջին եզրը կը ներկայացներ ազգին երեք չափագետներուն մեջ։

Թվաբանությունը՝ վտիտ թափանցիկ Մյուսյու Փասքալով մարմնացած, հետզհետե կստվարանար, վայելուր ձև մը կառներ Ներշապուհի մոտեցած ատեն, բոլորովին գունտ ու կլոր բան մը դառնալով Սիմոն Միքայելյանի քով ուր կը վերջանար։

Փասքալ իր նիհար մարդու զվարճախոսություններն ուներ։ Սիմոն Միքայելյան ծանրաշարժ ու գիրուկ լրջություն մը և Ներշապուհ չեզոք երկիր մը կըլլար երկու հակառակորդներուն մեջտեղ, նրբամիտ ու պատկառելի դասախոս մը ըլլալով։

Թուխ ու գեղեցիկ դեմքեն, ձախ հոնքին վրա ցցված ուռ մը աչքի կը զարներ, աշակերտներուն դիտողությունը կը հրավիրեր, առանց նվազեցնելու իր ազդած համակրելի տպավորոությունը. ընդհակառակն ուսուցիչի հատուկ դրոշմը կուտար այս ցից ու կլոր մսակույտը, որ դասախոսին ճակտեն կը մեկներ իբրև անոր խելքին մեկ մասն անհամբեր դուրս նետվելու, դիմացինին հասնելու և հաղորդվելու համար։

Հոնքին այս առանցության (relief) տակ աչքը կը թաղվեր, կը խորասուզվեր, բայց ցույց տալով այդ մութեն իր զորեղ շառավիղները։

Ես իր պեխերը կը սիրեի ու իր պապա ձևերը. պեխերը թավ, լայն, ոլորուն, զորապետի մը վայելուչ, որ իր դեմքին դասախոսներու սովորական կեղծավոր դեմքեն բոլորովին տարբեր, համարձակ երևույթ մը կընծայեին։

Թվաբանական անվերջանալի խնդրոց մեջեն որով կողողեր զմեզ, դեռ կը դիտեմ իր հեզ ու համբերող դեմքը, մարտիրոսի դեմք մը։

Հռովմեականաց վարժարանին մեջ ուր կը դասախոսեր առաքին լուսավորչականն ըլլալով, տնօրենին՝ տոքթոր Շիշմանյանի ազատասեր ոգվույն ու Անդիներուն ակամա հայասիրությանը կը պարտեր այս պաշտոնը.

Իր աշակերտները որոնք կը սիրեին իր շուրջը թոլորվիլ, ցիրուցան են հիմա. ոմանք, թերևս լավագույնները, մեկնեցան ժամանակեն առաք, ու մենք անոնց թողած պարապը չկրնալով լնուլ, իզուր ջանալով սեղմել մեր բաց մնացող զիծերը, մենք ալ կը հառաջանանք մեր կարգին սպասելով։

<1889>


Ինչո՞ւ կը սիրեմ Հռովմեական Հայոց եկեղեցին, ի՜նչ նախապաշարում է աս որ չեմ կրնար վրայես թոթվել։

Զիս հրապուրողը՝ օտարության թեթև հո՞վն է որ կը թռչտի անոր կամարներուն տակ. բարեպաշտներով ամփոփ ու քաղաքավար կեցվա՛ծքն է որ զիս կը գրավե։

Այս մարդիկ ու այս կանայք որ հատուկ ձևեր, խոնարհելու, ծնրադրելու մասնավոր կանոններ, պայմանադրական ամբողջ կարգ ու սարք մը ունենալ կը թվին, ո՞րքան կը տարբերին մերիններեն։

Մեր բուռն ու եռանդոտ աղոթասիրությունը չի կա հոն. առջի վայրկյանեն կզգաս անմիջապես որ մեր եկեղեցին չէ ան, պանդուխտին գետնամած դեմքը, աղային անշնորհ մռլտուքը, ողբի, կոծի, տրտունջի այնքան նմանող ձայները, որ մեր եկեղեցվո պատերուն կը զարնվին հաճախ, չեն լսվիր հոն։

Գոհ ու երջանիկ մարդոց տեղն է, Ավետյաց երկիր ուր Վիշտը վայելչությամբ կը մտնե ներս և ուր Սուգը անգամ շնորհալի կընծայե ինքզինքը։

Այս էր գեթ հանկուցիչ երևույթը որով, հստակ ու պայծառ, կը պատկերանա այս պահուս մտքիս առջև Օրթագեղի Հռովմեական Հայոց եկեղեցին իր լուսագեղ գավիթովը, իր բարձր գմբեթին լայնալիճ աղեղովը որ օղին մեջ կը խրոխտա, իր տաճարին մեջ աղոթելու եկող ընտրված, զատված բարեպաշտներու ու բարեպաշտուհիներու ժողովքովը. բաց գիրկ լեցուն խոստումներով և քսան տարիներն ի վեր հորմեհետե առաջին հիշատակը պահած եմ, այդ գիրկը՝ ուր նետվելու անբացատրելի փափագ մը կունենա մարդ առջի տեսնալուն, կը մեծնա աչքիս, կը մեծնա, կը լայննա, կը խորունկնա ահա ու բաց.․․ անդունդի մը տպավորություն կը թողու վրաս։


Անոր պես ալ քովի վարժարանը շնորհալի բան մը ուներ։

Ո՛չ, մերիններուն չէր նմաներ այս դպրոցը որ 1874ին՝ իր նոր ճերմակի ներկված երեսովը, մաքուր կանանչ փեղկերովը երկաթե, պզտիկ չափին ու շնորհալի ձևին մեջ, շալեյի մը կը նմաներ։

Ակամա կը բաղդատեի այս նորաշեն հարկին վայելուշ ճարտարապետությունը ու զվարթ երեսը մեր ազգային վարժարանին խարխուլ երևույթին, տարապայման տարածությանը հետ։

Այս խորհրդածությունները չըրինք այն ատեն երբ Թարգմանչաց վարժարանին խանգարյալ վիճակեն հուսաբեկ մենք, բազմաթիվ հայ տղաքներ, հարկադրվեցանք Հռովմեականաց դպրոցը դիմել։

Կը սիրեինք այն կիսափուլ շենքը որուն հրաժեշտ կուտայինք, ծռած, կոտրած գրասեղանները որոնց վրա արմուկնիս մաշեցուցած էինք, սեղանատունը ո՛չ շատ մաքուր, կերակուրի հոտերով ծանրացած մթնոլորտով։ Մեր վարժությունները, մեր ծանոթները կը ձգեինք հոս, տնտեսեն մինչև կառավարիչը ու վերջին պահուն կը մոռնայինք մեր բոլոր գանգատի պատճառները, ի դեպս ու հանդեպս տրված պաաիժներուն դառնությունը, երբ կը պատրաստվեինք ահա ոտվընիս դնել օտար վարժարանին սեմին վրա։

Ո՞վ պիտի գտնեինք այս շենքին մեջ. ի՞նչ կերպ մարդիկ էին ասոնք որոնց կես եվրոպացիի ձևերուն առջև՝ մեր ասիական կերպերը ու շարժումներր ծիծաղելի պիտի թվեին։

Ու ծուղակի, մը մեջ բռնվածի պես, հոժարությամբ ներս մտնելն վերջը, առջի քայլեն՝ կը զղջայինք եկած ըլլալնուս համար, և կամաց մը, անձայն, անշշուկ, նահանջելու փորձություն նը կզգայինք։


Տնօրենը միջահասակ մեկն էր. հաստաբուն ու կայծակնահար ծառի մը կոճղին տպավորությունը կը թողուր զինքը տեսնողին վրա. արևակեզ ու թխաթույր դեմքին խստությանը տակ անուշությունը կը պահվըտեր, հիշեցնելով այն ամպամած երկինքը որ ծիրանի գոտի մը կը պարզե աչքիդ, չսպասված վայրկյանի մը մեջ։

Իր ալևորած մազերը կերկարեին, կը ծփային ուսին վրա բանաստեղծի մը, արվեստագետի մը հողմածածան մազերուն պես ու ճերմկած մորուքն, կուրծքին վրա փռված, վեհության շուքը կավելցներ իր պատկառելի երեսին վրա։

Ձայնը խորունկեն եկող արձագանքի մը պես թավ ու տրտում շեշտ մը ուներ։

Այս տնօրենը՝ տոքթոր Շիշմանյանն էր։

Մենք, նորեկները իր դպրոցին մեջ, ամենեն էվել իր հոգածությանը առարկա եղանք, հայերեն լեզուն կը սիրեր ու իր բոլոր ջանքին հակառակ՝ անոր արժանավոր տեղը չէր կրցած տալ վարժարանին մեջ և ահա իրենց լեզուն սիրող ու գիտցող պատանիներու ամբողջ խումբ մը մեկեն կուգար իր քովը, իր ձեռքին տակ։

Կը հիշեմ որ օր մը Եղիշեի մեկ հատվածը կարդացնելով հռովմեական աշակերտի մը, հարցուց անոր թե աշխարհիս որ մասին մեջ կը գտնվեր «ի հեռաստանն» կոչված երկիրի որ այդ հատվածին մեջ կը հիշվեր։

Հեռաստա՜ն. աշակերտը մտածեց, մեր կարգին մեջ՝ հառաքադեմներեն մին էր ամեն դասերու մեջ բարքի իր մայրենի լեզվի դասեն։ Շփոթած՝ կը մտածեր իր քաղաքական աշխարհագրության բոլոր հիշատակները ամփոփելով. Պելուճիստան, Աֆղանստան, Հնդկաստան, Պարսկաստան... Հեռաստան։

Ապահովապես Ասիո մեջ ըլլալու էր այս երկիրը. «ստան» վերջավորած անունները ուրիշ ոևէ տեղ չէին կրնար գտնվիլ ու համարձակությամբ դարձավ Տնօրենին.

— Ասիո մեջ։

Ահագին քրքիջով մը ողջունեցինք այս ապուշ պատասխանը. սրահը ամբողջ թնդաց մեր քահքահեն. Թարգմանչաց վարժարանը կը ծիծաղեր, իր կորուսած աջակերտներուն վրեժը լուծելով։


Վերջեն թողուց գնաց զմեզ, ամեն ուս հոգվույն մեջ դնելով իր մեծ հոգիեն մաս մը։ Տոքթոր Շիշմանյանեն Ծերենց մը ծագեցավ և մեր հռովմեական դասընկերներեն ամբողջ խումբ մը, դպրոցական հարկը ձգելե ետքը, եկավ մեր Պատրիարքին մոտ, հիշելով հայրենի տունը ու ան եկեղեցին որ իրենցն էր միշտ, որ իրենց առժամյա հեռացումին համար չէր դադրած իրենց համար ալ աղոթելե և ուր, երբ ալ դառնան, վստահ էին որ իրենց տեղը պահված կը մնար ամեն ատեն։