Չինական նամականի
ՉԻՆԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ
Անտարակույս ընթերցողներս պիտի զարմացնեմ, երբ ըսեմ՝ թե Չինաստանի մեջ հայկական գաղթականություն մը կա։ Հայ գաղթականություններ ի Հնդկաստան ծանոթ են, թայց չինաց մեջ առաջին անգամն է որ կը լսվի։
Այս զարմացումը ապշության պիտի փոխվի, եթե ավելցնեմ՝ թե Չինաստանի գաղթականությունը Թուրքիո հայոց չափ բազմաթիվ է, ու Պոլսո հայոց չափ բազմաթիվ մաս մըն ալ կը բնակի ի Փեքին՝ նույն իսկ Չինաստանի մայրաքաղաքին մեջ։
Ու երբ ըսեմ՝ թե այս հայ գաղթականության ներքին ու ազգային գործերը ճիշտ մեզի պես կամ՝ քիչ փոփոխությամբ սահմանադրությամբ մը կը տնորինեն, թե հոն ևս Պատրիարք մը և Ազգ. Վարչություն մը, Երեսփ․ Ժողով մը ունինք, թե հայոց լեզուն կը խոսվի ու կը գրվի՝ թեև հայերը չինական անուններ կը կրեն, թե տեղական մամուլ ու մատենագրություն մը կա, թե այդ հայոց մեջ խելացի մարդիկ կը գտնվին ճիշտ այս տեղի նման, իրավ է որ բոլոր ըսելիքներս ավարտած պիտի ըլլամ, բայց ոչ ոք պիտի հավատա ինծի ու ամենքը պիտի ծիծաղին։ Հիմակվընե կերևակայեմ թերահավատ ընթերցողներուս հուզմունքը. — Կարելի՞ բան է որ Չինաստանի մեջ հայեր ու բազմաթիվ հայեր, հայ գաղթականություն մը կը գտնվի ու տեղեկություն չունենանք, պիտի գոչեն ամեն կողմեն։ — Ոչ, կատակ մըն է այս, պիտի պատասխանն ուրիշ մը, բայց անախորժ կատակ մը, քանի որ հայկական գաղթականություն մը ծաղրի նյութ կընտրե։ — Ինչ որ ալ ըլլա՝ ծիծաղելի է, պիտի ավելցնե երրորդ մը։ Ծիծաղելի կամ ոչ։ Չինաստանի մեջ բազմաթիվ հայոց գաղթականությունը իրողություն մըն է. եթե կանոնավոր հարաբերությանը պակասությունը չէր ծանոթացուցած զանոնք մեզի, պատճառ մը չկա որ ասկե վերջն ալ հարաբերություն չունենանք անոնց հետ. Փեքինի մեջ ալ ազգային կյանքը Պոլսո կամ Թիֆլիսի հայոց կյանքեն ավելի վառ ու փայլուն է։
Այս նոր հայոց աշխարհը գտնելու համար պետք չեղավ ինձ Քոլոմպոսի նման հանծանոթն դիմել։
Իմ հայ չինացի բարեկամներես Մեծապատիվ Չիու-չի, որ Փեքինի գիտուններու ժողովին անդամ է և տեղական ազգային գործերուն լիովին հմուտ, և որուն հետ թղթակցության մեջ եմ, իր նամակներով պետք եղած ծանոթությունները տվավ ինծի Չինաստանի հայոց կյանքին նկատմամբ, որով՝ անոնց անգոյության կասկածները բոլորովին կը ջրվին։
Ուստի որոշեցի հետզհետե հրատարակության հանձնել Մեծ Չիու-չիի նամակները, որոնք կատարյալ լույս կը սփրեն և հետաքրքրական մանրամասնություններ կուտան այս անծանոթ գաղթականության վրա։
«Ի՞նչ կուզեք որ գրեմ ձեզի մեր հայոց վրա, միթե դուք ևս հայ չե՞ք. հայր՝ հոս ալ նույնն է ինչ որ է ամենուրեք, ձանձրացուցիչ հյուր մը, որ կը կարծե թե բոլոր աշխարհ զինքը ասպընջականելու համար ստեղծված է, քանի որ իրեն հատուկ տեղ մը չունի, որ նախադաս կը համարի ուրիշի հոգերով զբաղիլ, քանի որ իրեն մտածելու այլևս բան մը մնացած չէ. որ աշխարհի գործերը կը տնօրինե, քանի որ իրենները կարգադրելու բախտը չունի, որ և ոչ մեկ տեղացի է ու ամեն տեղ կը գտնվի, որ ամեն լեզու կը խոսի, քանի որ իրենը հասկցող չկա. որ ուրիշներու հետ կը վաստկի, կը ժպտի, կը ցավակցի ու կարտասվե, անշուշտ թողլով ուրիշներուն, որ անոնք ալ իր վրա արտասվեն. որ ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը կր սիրե, քանի որ աշխարհ կը պնդե թե անոնք լավ բաներ են. տկարին՝ բարեկամ, քանի որ չոր մաղթանքն զատ ուրիշ կերպով անոր օգնության չի կրնար հասնիլ. բռնավորին՝ թշնամի — զոր պառավ կնկան մը պես անիծելն ուրիշ բան չըներ, որ իր ապրած մթնոլորտին գիտե հարմարիլ, քանի որ մթնոլորտը իրեն չի հարմարիր. որ ամեն տպավորություն կընդունի և կանդրադարձեն, կատարյալ մեղրամոմե մարդ, որու վրա իրեն հետ կենակցող ամեն ազգ իր կնիքը կը թողա մոլությանց և առաքինությանցը հետ, վերջապես մարդկային ազգին լքյալ, աներես ու անառակ մեկ զավակը, որ կը մաքառի բախտին և մարդոց դեմ որ զինքը ավելորդ արարած մը կը դավանին, որ իզուր կաշխատի անհետանալու երկրիս երեսեն կամ հանգստյան վայր մը գտնելու հոն, միշտ շփոթած, միշտ անհանգիստ, միշտ զվարթ ու կատարելապես անտարբեր ու փիլիսոփա էակ մը՝ վարդապետին քարոզին դեմը, ինչպես կանանց անհավատարմությանը առջև։
Փեքինի գրական կյանքը կը բաժնվի երեք դաստիարակներու մեջ, որոնք ճառ խոսելով կիշխեն անհանդարտ ժողովուրդ մը վրա՝ որ անոնց կունկնդրե ինչպես ապշած եվրոպացի մը թորմոն քարոզիչի մը խրատներուն։
Դիվանագիտական օրենքներու համաձայն խմբագրված դաշնադրություն մը՝ հարակից ու փոխադարձ շահերու վրա հիմնված, ինչպես կըսեն քաղաքագետները, այս երեք մտային ինքնակալներու կայսրությունները կը սահմանե. հաստատելով modus vivendi մը, որ հարուցվելիք վեճ չի թողուր մեջտեղ և այս կերպով կը ջրե այն սխալ համոզումը որով պատերազմը ընկերական կյանքի անհրաժեշտ պայմաններեն մին կը համարվի։
Մեր վարժապետներեն անմիջապես վերջ և պարզ մահկանացուներն անմիջապես առաջ, կիները կուգան տիրապետական մրցումներու մեջ, նույնիսկ դրական ասպարեզին մեջ։
Մեր կիները՝ փոքրիկ ունին ոտք ու մեծ ունին գլուխ, նեղ ու բարակ աչք ու շատ խոստացող ակնարկ, անուշ բերան ու կծու լեզու, հեշտալուր ձայն ու խաբեբա խոսքեր, սահմանափակ միտք ու անսահման պահանջումներ։
Կանացի հրապուրանքներու անդիմադրելի զորությունը և այն քաղաքավարությունը, որ ի բնե ամեն չինահայու հատուկ է, բարեբախտաբար անտանելի չի դարձներ մեր գեղուհիներուն լուծը և հոժարակամ կը ճանչնանք գերիշխանություն մը, զոր մեր մեծազոր կայսրությունն իզուր կը պահանջե Թոնքենի համար։
Ազդեցությանց կարգով խոսելով՝ կիներեն վերջը կուգան մեր լրագիրնեբը. հասարակաց կարծիքի այս ինքնակոչ ներկայացուցիչները՝ սովորական մահկանացուներեն սա տարբերությունն ունին որ նախ կը մկրտվին և հետո կը ծնին, կը մեծնան, կամուսնանան, հասարակաց շահերը պաշտպանելու կը ձեռնարկեն ու իրենցը պաշտպանելու հազիվ կը հաջողին ու բազմարդյուն այլ կարճատև կյանքե մը վերջը կը վախճանին՝ իրենց ծաղիկ հասակին մեջ անբուժելի հիվանդութենե մը (զոր բժիշկները լրագիրներու համար համաճարակ կը վճռենք խոր սուգով և անմխիթար կսկիծով համակելով բոլոր ցրվիչները, գրաշարները, տպագրիչները, թղթավաճառները, այլ մանավանդ բաժանորդները, որոնք այս առթիվ կանխավճարի անպատեհություններն անգամ մը ևս կը հաստատեն։
Բայց ինչ որ ալ ըլլա սա ճշմարիտ է որ լրագրությունը հառաջդիմելու վրա է մեր մեջ. մասնավոր թղթակից ուղարկելու նախաձեռնությունը հզոր ապացույց մըն է այս մասին։
Ընդվայր պիտի առարկեն թե թղթակից-խմբագրի պաշտոնը կրկնապես նվիրական է, ըստ որում՝ հեռավորությունը անկարելի դարձնելով լուրին ճշտությունն ստուգել, ընթերցողը թղթակցին պարկեշտությունն ու ճշմարտախոսությունը ունի միայն գրավական, թե այդ ճանապարհորդ թղթակցին դժգույն երեսը ամոթի զգացումին դեմ բանիցս անթափանց մնացած է, որպես մեր Փեքինի նավարանին մեջ խարսխյալ զրահավորը հուսանք որ պիտի մնա ֆրանսական գնդակներու դեմ, թե ծանրաբեռնյալ՝ ոչ Պուալոյի փայտահատին պես փայտերով ու տարիներով միայն, այլ այնպիսի անցյալով որ պատժական դատարանին ուղին կը դյուրացնե, այդ թղթակցին երեսին սևը բնական թե վերտեն հավաքված մուրերեն ներկված լինելը խնդրո նյութ է, թե փորձառությանը տեր ըլլալե վերջը՝ պարագային հարմար սուտեր միևնույն հաջողությամբ կրնա գրվիլ Փեքինեն կամ Վաղարշապատեն։
Այս ամենը պարապ գանգատներ են միայն. սուտը ճշմարտին աղն է՝ ըսած է մեծանուն փիլիսոփա մը, որուն անունը կորսնցուցած եմ. և հիրավի շարունակ ճշմարտախոս անձ մը անտանելի խոսակից մըն է. թղթակցին պարտականությանը առաջինն է իր ընթերցողները գոհ ընել և ես նախամեծար կը համարիմ ուրախառիթ սուտ մը ողբալի ճշմարտութենե մը։
Եթե լրագիրներու թղթակիցները սուտեր կը շինեն, պատճառն այն է որ դառն փորձառութենե մը վերջը, որ քիչ մնաց խեղճերը առանց ընթերցողի պիտի թողուր, թղթակիցներն ալ պարտավորվեցան թրուտոսի նման գոչել «Ո՜վ ճշմարտություն, դու բառ մըն ես միայն»։
Մեր ազգային գործերը չեն տնօրինվիր կրոնական գլուխ համարվող բարձրաշնորհ մանտարենե մը և երկու ժողովներե, որոնց մին՝ ազգին կամքը հայտնելու և մյուսն ալ գործադրելու կոչված է։
Այս հոգևոր գլուխով, երեսփոխանական մարմինով ու վարչական ոտքով արարածը, որ չինահայերուս ապագան կը ճակատագրե, այն հանելուկին լուծումն է որ «Կայի չկամ — չկայի կամ» նախադասությամբ սկսելով, տասը տարի շարունակ բարեհիշատակ տպարանապետի մը տարեցույցին ամենեն հրապուրիչ մասը կը կազմեր։
Տարաբախտ տպագրիչը շատոնց զղջացած էր այս աստիճան հայտնի բան մը հանելուկի վերածելուն, իզուր հանելուկը խիստ բացահայտ ակնարկությամբ կսկսեր «Կայի չկամ — չկայի կամ» պարբերությամբ։ Ամեն կողմեն կը հարցնեին իրեն թե հանելուկը կուտվե՞ր թե չէր ուտվեր, խանութի՞ մեջ թե ձեռքե կը ծախվեր, ու ասոր նման հազար մանրախուզութենե վերջը, «գտա գտա՛, կաղա՛մբ է, կաղա՛մբ» կը գոչեր մին, որ տարվան մեկ եղանակը կա, մյուսը չկա: Ո՛չ, «Պատրիարքարանի պաշտոնյաներու բարեկրթությունն է որ կա ու չկա բան մըն է», կավելցներ ուրիշ մը։ «Չէ՛, չէ՛, կիներու հավատարմությունն է որ բնավ չկա» կը պոռար երրորդ մը, որ իր անձնական փորձառության վրա կը հիմներ իր պատասխանը։ Իսկ ոչ ոք կը մտածեր ազգային վարչության վրա, որ ստվեր մըն էր. մինչդեռ համառ տպարանապետը, այս լուծումին գտնվելուն հուսահատ՝ իր գրավը շարունակ կավելցներ խաղամոլ անգլիացիի մը պես։
Առեղծված մեքենային գլխավոր մասը մեր Ներկայացուցիչներու Ժողովն է, որուն վրա իրավամբ կը պարծինք. վասն զի մեր Ներկայացուցիչներով Ժողովը՝ Քրիստոսեն ավելի բարեբախտ՝ իր աջակողմը և ձախակողմը ունի, ոչ սակայն դատապարտված ավազակներե կազմված։
Իսկ մեքենային ամբողջացուցիչ մասն է գործադիր իշխանությունը, որուն ատենապետր Վսեմաշուք Փի-Փի-էյունկ, իր գիրքը գինու զորությամբ գրավելուն վրա կարծես պարծենալով ֆրանսացի զորապետին պես կը գոչե՝ «j’y suis, j’y restel»։ Եվ արհամարհական ակնարկով նախ կը պատասխանե Ներկայացուցիչներու ժողովին ապստամբական շարժումներուն, որոնք անլուր աշխարհակալության մը պտուղը մեկ վայրկյանի մեջ իր ձեռքեն հափշտակելու կը հանգին։
Վասնզի ցավ է խոստովանիլ, որ պաշտոնեության դեմ հակառակությունն իբրև սահմանադրական հիվանդություն մեր ժողովներուն մեջ ալ մարտի կը մղե երեսփոխանները, բայց վարչությունը անհողդողդ իր աթոռին ետին՝ թշնամիին կը՝ սպասե ու կը ծիծաղի այն հարցական ու հարցապնդական ռումբերուն վրա, զորս պարզամիտ ժողովականներ կարձակեն իբրև խորհրդարանական կռիվի մեջ նորագույն ու մահատու զենք մը։
Միայն թե նեղ պարագաներու մեջ անպայման զինադուլ մը, որուն փոքրագույնը վեց ամիսեն պակաս չէ, կը լռեցնե հարցանոթներու որոտումը, և հաշտության ծիածանը, թեև վաղանցիկ, ժողովականներու ու պաշտոնյաներու գլուխը կը միացնե։ «Սիրով կը պատասխանեմ ձեր հարցումին, միայն թև տարի ու կես կը պահանջեմ» — խոսք մըն է, որ այս կիրքերը մեղմելով հանդերձ համբերությունը կյանք քինելը կուսուցանե թերահավատ երեսփոխաններու, որոնք հայտնի դժգոհությամբ կը լսեն Հիսուսի այս դառնահամ պատգամը։
Այս առթիվ կը հիշատակեմ Ներկայացուցիչներու Ժողովին մեջ անցյալները տեղի ունեցած միջադեպ մը, որ մեր խորհրրդաբանական սովորությանը վրա փոքրիկ գաղափար մը կրնա տալ ձեգի։ Փեքինի Ֆոնկ-Թու թաղին ներկայացուցիչը վարչության ատենապետին հաճելի ըլլալու անկեղծ դիտավորությամբ, ուզեց գովեստ մը ընել անոր վարչական տաղանդին վրա, դաստիարակության օրենքներու վիճաբանութենեն օգուտ քաղելով՝
— Կը հիանամ, տյա՛րք, ըսավ, թե ի՛նչպես վայելչաձև է Գործադիր իշխանության վսեմ ատենապետին գլխարկը և ի՛նչպես բարեձև է իր պեխերուն ոլորքը, այսպիսի շնորհալի գլխարկ մը և ոլորուն պեխ մը իր վարչական կարողություններուն անհերքելի ապացույցները չե՞ն միթե։
— Վեց ամիս կը պահանջեմ այս հարցումին պատասխանելու համար, գոչեց անզուսպ ատենապետը։
— Բայց, ներեցե՛ք, հարցում մը չէ որ...։
— Ինչ կուզե թող ըլլա, երեք ամիս կը պահանջեմ առնվազն՝ բացատրություն մը տալու համար, կրկնեց Վարչության գլուխը անվրդով»։
<1884>