Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՈՒՌԵՆԻ
ՈՒռենի է, բայց չի լալիս, կոծում՝
Հայացքում պահած թախծոտ մի գետակ.
Վիհին նայելիս՝ աչքը չի գոցում,
Ինչքան էլ որ այն լինի խոր, անտակ։
Հպարտ է մնում
Չարք ու հողմի դեմ։
Ինչ ամպ՝ որտեղից, ինչպե՞ս է գալիս,
Որ ամպ է կայծակ կամ անձրեւ բերում՝
Գերազանց գիտե։
Ապրում է այդպես ժայռերում - անջուր,
Արմատներով՝ հող,
Իսկ թավ շյուղերով երկինք նվաճում,
Սլացքում՝ զուլալ ավիշն արեւի...
Ուռենի է, բայց լեռա՛ն ուռենի։
|
|