Jump to content

Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ,

Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու.
Դու վարդ պըտռէ, յիս՝ գօզալին,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

Ա՛րի բըլբո՛ւլ, խօ՛սի բարըն.
Օխնըվի քու էկած սարըն.
Քի վարդն էրից, ինձ՝ իմ եարըն.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

Ման իմ գալի դիդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ.
Դու՝ վարդի հիդ, յիս՝ եարի հիդ.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

Սալբուի նըման կանանչ իմ,
Ե՛կ, խօսի, ձայնիդ ճանանչ իմ,
Դու վա՜րդ կանչէ, յիս եա՜ր կանչիմ.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

Ղարիբ բըլբո՛ւլ, ձայնըդ մալում,
Յիս ու դուն էրվինք մէ հալում,
Սայաթ-Նովէն ասաց՝ զալո՛ւմ,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:


Արութինի ասած էրկու թասլիբ:

թարգմանություն
Ուստի՞ կուգաս, ղա՛րիբ բլբուլ

Ուստի՞ կուգաս, ղա՛րիբ բլբուլ[1],
Դու մի՛ լացիր, ես եմ լալու,
Դու վարդ փնտրիր, ես՝ սիրունին,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:

Արի՛ բլբո՛ւլ, խօ՛սի բարն[2],
Օրհնվի քո եկած սարն,
Քեզ վարդն այրեց, ինձ՝ իմ յարն,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:

Փնտրում եմ ես իմ պատկերին
Ոնց ղարիբ բլբուլը խարին[3],
Դու վարդ տենչող, ես՝ իմ յարին,
Դու մի լացիր, ես եմ լալու:

Նոճիի նման կանաչ եմ,
Ե՛կ խոսիր, ձայնիդ ճանաչ եմ,
Դու վա՜րդ կանչի, ես յա՜ր կանչեմ,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:

Ղարիբ բլբո՛ւլ, ձայնդ մալում[4],
Ես ու դու էրվենք մի հալում,
Սայաթ-Նովեն ասաց՝ զալո՛ւմ[5],
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:


  1. Խաղը գրված է Ն. Հովնաթանի «Ուստի՞ կուգաս, քաղցր բլբուլ» երգի ազդեցությամբ
  2. Խոսի բարն - բարի խոսք ասա, իսկ գուցե և մրգահամ, անուշ խոսք ասա: Հ. Բախչինյանը դարձրել է բառըն, որը ընդունելի չէ:
  3. Խար — այստեղ վարդի մակաբույծ միջատ է, որով սնվելու համար է սոխակը պտտվում վարդի շուրջը: Այս բառի վերաբերյալ մի զվարճալի ռեպլիկ ունի Հ. Թումանյանը՝ ուղղված Պ. Մակինցյանին, որը խար բառը թարգմանել էր «էշ»: Թումանյանը իր թումանյանական ոճով գրում է. «Ես ամենայն քաղաքավարությամբ խնդրում եմ պ. Մակինցյանին՝ իր էշը դուրս տանի Սայաթ-Նովի վարդերի միջից...» Եվ այնուհետև «...պ. Մակինցյանի էշը դուրս հանելուց հետո այժմ իմ վարդի բողոճը կամ որդը տեղավորեմ».
    Տես՝ Հ. Թումանյան, Սայաթ-Նովա, Եր., Հայպետհրատ, 1949թ., էջ 29
  4. Մալում — ծանոթ, ընկալելի, հասկանալի
  5. Զալում — անգութ