Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Յիս քու ղիմէթըն չիմ գիդի
Յիս քու ղիմէթըն չիմ գիդի՝
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մէջլում կու շինիս՝
Լէյլու դիդարի նըման իս:
Աշխարհումըս իմըն դո՛ւն իս,
Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս,
Պըռօշնիրըդ նաբաթ ունիս՝
Ղանդ ու շաքարի նըման իս:
Դադա պիտի թարիփդ ասէ,
Ակռէքըդ եաղութ-ալմաս է,
Ռանգըդ փըռանգի ատլաս է՝
Զար-ղալամքարի նըման իս:
Մազիրըդ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Ռա՛հմ արա, հոգիս մի՛ հանի.
Մուրվաթով եարի նըման իս:
Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին՝
Աչքէմէս կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազլու եարին
Գընած նոքարի նըման իս:
Էսպէս Արութ (ինի ասած) թասլիբ:
|
թարգմանություն
Ես քո հարգը չեմ իմանում
Ես քո հարգը չեմ իմանում՝
Ադամանդ քարի նման ես.
Տեսնողին Մեջլում ես շինում՝
Լեյլու պատկերի նման ես:
Աշխարհումըս իմը դո՛ւ ես,
Անգութ ես դու ու գութ չունես,
Նաբաթե շրթունքներ ունես՝
Ղանդ[1] ու շաքարի նման ես:
Հանճար է պետք գովքդ ասէ,
Ատամներդ լալ-ալմաս է,
Գույնդ ֆրանկի ատլաս է՝
Ոսկե բանվածքի նման ես:
Մազերդ նման ռեհանի,
Դու է՛լ ուրիշ միտք մի՛ անի,
Խղճա՜ ինձ, հոգիս մի՛ հանի,
Գթառատ յարի նման ես:
Ո՞նց դիմանամ էսչափ չարին՝
Աչքիցս կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազան յարին[2]
Գնած նոքարի նման ես:
|
- ↑ «Ղանդը»- շաքարի մի տեսակ է, ճակնդեղից շաքար ստանալու պրոցեսում միջանկյալ նյութ: Վարդագույն քաղցր մասսա է:
- ↑ Նազան յարին — այսինքն՝ նազան յարի համար: