Jump to content

Չայլդ Հարոլդի երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չայլդ Հարոլդի երգը
Թարգանիչ՝ Հովհաննես Թումանյան



      Մնաս բարյա՜վ, կապույտ հեռվում
Կորչող եզերք հայրենի,
Բուքն հեծում է, ծովը գոռում,
Ճայը ճըչում վայրենի։
Արևն ահա շտապում է
Ծովի խորքում հանգչելու…
Բարի գիշեր, իմ հայրենի՛ք,
Մնաս բարյավ նաև դու։

      Կանցնեն ժամեր, և նա կրկին
10 Նոր առավոտ կըծնի,
Ես կողջունեմ ծով ու երկինք,
Բայց ոչ հողը մայրենի…
Ապարանքըս ամայացած,
Օջախս հանգած—անկըրակ,
Պատերիս մեջ խոտ է լցված,
Շունըս ոռնում դռան տակ։

      — Մոտիկ արի՛, մանկլավիկս,
Ինչո՞ւ համար ես կոծում,
Վախենո՞ւմ ես ալիքներից,
20 Թե՞ ցըրտիցն ես դողացնում։



Սրբի՛ր աչքիդ արտասուքը,
Պինդ է մեր նավն և թեթև,
Հազիվ նրան կարողանար
Հասնել բազեն սըրաթև։

— Չեմ վախենում, թող հողմահար
Ալիքները բարձրանան,
Բայց դու, պարո՛ն, մի՛ զարմանար,
Որ ես լալիս եմ այսքան.—
Հեռացել եմ ես իմ հորից
30 Եվ մորիցըս սիրասուն,
Դու ես ընկեր մընացել ինձ,
Եվ նա, որ կա երկնքում։

      Հայրս օրհնեց գալիս ինձի
Եվ չըտնքաց միանգամ,
Բայց մայրս խիստ պիտի հեծի,
Մինչև ես ետ կըդառնամ։
— Հերի՛ք, մանուկ, այդ արցունքը
Վայե՞լ է քո աչքերին.
Թե պարզ լիներ և իմ սիրտը,
40 Իմ աչքերս էլ կուլային։

      Ե՛կ, զինակիրս հավատարիմ,
Ի՞նչ գունատ ես երևում,
Ֆրանսիացո՞ւց մեր ոխերիմ,
Թե՞ բուքիցն ես վախենում։
— Ինձ համար չեմ դողում, պարո՛ն,
Այդքան թույլ չէ քո ծառան,
Բայց հարազատ կնոջ հոգսը
Դժգունացնում է նորան։

      Ամրոցիդ մոտ ես տխրադեմ
50 Զավակներիս թողեցի,
Արդ, հոր մասին եթե հարցնեն,
Մայրը նրանց ի՞նչ ասի…



— Բավական է, բարի ծառաս,
Դու իրավ ես վշտանում,
Իսկ ես անփույթ եմ ավելի,
Ծիծաղելով եմ գընում։

      Եվ արդյոք ո՞վ կըհավատար
Հառաչանքին կանացի,
Մեր տեսած լացը մի օտար
60 Սիրուն աչքից կըսրբի…
Չեմ ափսոսում վայելքս հին,
Ոչ վտանգից կըսարսեմ,
Այն է, որ չեմ թողնում մեկին,
Որի համար արտասվեմ։

      Եվ այժմ ահա ես մենակ եմ
Լայնատարած այս ծովում,
Բայց թե ինչո՞ւ կըհառաչեմ,
Երբ ինձ համար չեն ցավում։ —
Շունըս երկար չի ոռնալու,
70 Մի ուրիշը կըխնամի,
Եվ, թե լինեմ ես դառնալու,
Պատառ-պատառ ինձ կանի։

      Դե՛հ, իմ նավակ, մենք սլանանք,
Ծովի վերա փրփրադեզ,
Ուր որ կուզես, հոգ չէ, գնանք,
Միայն հայրենիք չըտանես։
Ողջո՛ւյն, ողջո՜ւյն մութ ալիքներ.
Եվ, երբ աչքիցս ընկնեիք,
Ողջո՛ւյն, խուղե՜ր, անապատնե՜ր…
80 Բարի գիշեր, հայրենի՜ք։