Jump to content

Չափածո երգիծանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱՏԱԿԱՊԱՀԵՐ

Երգիծական բանաստեղծություններ, պարոդիաներ և էպիգրամներ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 178-207։

ՉԱՓԱԾՈ ԵՐԳԻԾԱՆՔ


Այլապատում-Փարվանա

(PARODIA-ներ ԱԺ-ային եղանակով)


ԱՌԱՋԻՆ ԵՌՕՐՅԱ

Օր առաջին
Խոսնակ.

   -Ներկայացնում եմ այս եռօրյայի թեման։
  Բոլորս քաջ գիտենք Փարվանայի պատմությունը։ Գիտենք իր երազային ասպետին սպասող երազանուշ այն աղջկան, «շտապելուց թև առած» ու «թեթև թիթեռներ դառած» Փարվանա կտրիճներին, որ... «ջանք է անում ամեն մինը, շուտով տանի, տիրանա, ու այրվում են, այրվում անվերջ»...
   Բայց, պատկերացնենք, որ աղջիկը «սեր-ընկերից իր կյանքի» պահանջում է ոչ թե անշեջ հուր, այլ... երգ։
   Մեր բանաստեղծներից ամեն մեկը երևի յուրովի կմեկնաբաներ դա։
   Եվ, այսպես, ուշադրությո՛ւն, միացնում եմ առաջին խոսափողը։ Ուզում եմ նախ խոսքը տանք հանճարեղ «Փարվանայի» հանճարեղ հեղինակին։


Առաջին խոսափող՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԳՈՒՍԱՆՆԵՐԸ ՓԱՐՎԱՆԱ

...Ասում են՝ էն գուսանները,
Որ գիշերվան խավարում
(Երբ խրախճանք ու սիրո երգ,
Սիրո մեջլիս է լինում),

Հավաքվում են, շուրջը պատում
Երգ-նվագով խելագար,
Եվ ասում են, թե Փարվանա
Էն գեղուհու սիրով վառ

Ջանք է անում ամեն մինը՝
Շուտով տանի, տիրանա,
Ու երգում են, երգում անվերջ
Գուսանները Փարվանա։

Սակայն սիրո երգը անշեջ
Երբեք չկա, ա՜խ, չկա,
Ու այրվում է, այրվում անվերջ
Սիրտն էն դժբախտ աղջկա...

26-27.08.82, Մարտակերտ


Երկրորդ խոսափող՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ԳՈՒՍԱՆՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ

1

Հեռո՜ւ, մոտի՜կ գուսաններին, աշխարհների՜ն, արևների՜ն,
Հրանման հոգիների՜ն։
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ՝
Փարվանա կույս գեղեցկուհու սիրո համար։
Եվ անշեջ երգ որոնող մեր գուսանների
Ողջակիզվող հոգիներին՝ ողջո՜ւյն, ողջո՜ւյն։

2

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը բորբ լուռ մայր մտավ արևմուտքում։
Դաշտի վրա կամաց-կամաց լուռ համրացան
Կարմիր փայլով վերջին շողերն արեգական,
Ու մուժ փռվեց դաշտի վրա արյունամած,
Մուժ ու մշուշ՝ բորբ արևի լույսից քամված։
Ծո՛վ էր կարծես դաշտն անսկիզբ ու անսահման,
Ծո՛վ էր անհուն՝ տարված երգով գուսանական։

3

Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված,
Այդ հին դաշտում մրցում էին գուսանները սիրահարված։
Քաղաքներից ու գյուղերից, կալվածքներից հեռու ու մոտ
Եկել էին նրանք նորից հուսավառված ու կրակոտ։
Համակ հույզ էր սերը կույսի, որ դարձրել նրանց գերի,
Նետել էր կույր քմայքներին ու հույզերին երազների։
Ու մրցում են գուսանները հանուն կյանքի, հանուն սիրո,
Գեղեցկուհու սիրո հանդեպ ածած քնքուշ երազներով։
Անշեջ երգը այստեղ բերել ու բավիղում ճանապարհի
Նենգ դևերին պահ է տվել տիրակալը մութ աշխարհի,
Ինքը՝ չքվել գաղտագողի։ Դեռ մրցում են գուսանները,
Ով որ անշեջ երգը բերի՝ նա է կույսի սրտի տերը։

4

Մրցում էին ու մրցելով երգում էին նրանք արի՝
Նման քնքուշ սեր-սրտի տեր մի դեռահաս սիրահարի։
Ե՛րգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր՝ հայա՛ցք, երգ էր՝ կարո՛տ,
Վառվում էր սիրտն ամեն մեկի՝ որպես կարմիր մի առավոտ։
Երգ էր կարծես արևն էլ հին՝ այդ հի՜ն դաշտում արյունամած,
Ու երգելով մրցո՜ւմ էին գուսանները սիրահարված։

5

...Գիշերի դեմ լո՜ւյս է պայծառ՝ լուսապայծառ նրանց հոգին,
Որ կարոտով մի կրակոտ սպասո՜ւմ է առավոտին։
Երգ է ու սեր սիրտը նոցա, և այդ երգում անծա՜յր, անծի՜ր,
Երկինքնե՜ր կան կապուտաչյա, հորիզոննե՜ր անծայրածիր։
Նրանց ձգված մկաններում ուժն է նստել խոնավ հողի։
Եթե ուզեն՝ երգով կառնեն անգամ ճամփա՛ն հարթագողի,
Եթե ուզեն՝ մութ աշխարհի տիրակալին դևերի հետ
Կշպրտե՛ն երկինքն ի վեր՝ փրկած անշեջ երգը հավետ։
Եթե ուզեն՝ Փարվանա կույս գեղեցկուհու սիրով վառված՝
Ինչե՜ր միայն չեն կատարի գուսանները սիրահարված։



6

...Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում արևատես
Երևում էր դաշտը բոսոր՝ կարմիր վառված արևի պես,
Նոր հույզերով, երազներով, ձգտումներով՝ վառված-տարված,
Դո՜ւրս նետվեցին թաքստոցից գուսանները սիրահարված։
Դեմը՝ դաշտն էր անծայրածիր, ճանապարհը արևագույն,
Որ նիրհում էր՝ քնաթաթախ առավոտի մարմանդ միգում։

Հեռվից-հեռու՝ բավիղներում այդ հեռահար ճանապարհի,
Երևում էր դևերի հետ տիրակալը մութ աշխարհի։
Արշավում են գուսանները դեպի կռիվ ու հաղթանակ,
Իրենց երգով կործանելով թշնամական քանի՜ բանակ։
Շուրջը՝ մահ է, ավեր, արյուն, բայց գնում են նրանք էլի՝
Նվաճելու նոր հաղթանակ, տիրելու նոր բարձունքների։
Գնում են, որ հուր-հավիտյան ճանապարհը փակեն չարի՝
Մահին տալով դևերի հետ տիրակալին մութ աշխարհի։
Գտնեն նորից անշեջ երգը և Փարվանա կույսին տանեն,
Որ տիրանան կույսի սիրուն՝ գուսանները մեր հանճարեղ...

24.10.82, Մարտակերտ


Երրորդ խոսափող՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ԳՈՒՍԱՆԱԿԱՆ

    Եվ երգն այն է, որ ծնվում է ակնթարթում իմաստուն...

Երբ անհայտ ոգին՝ աշխարհն արարող,
Որ Աստված կոչվեց դարեր ու դարեր,
Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,
Ստեղծեց համայն տիեզերքը մեր,
Եվ ծեփեց մարդուն կոշտ կավահողից,
Մեկ-մեկ բաժանեց բարիքը անհուն,
Փարվանա կույսի՛ն երբ աշխարհ բերեց՝
Նոր զգաց՝ երգ է հարկավոր մարդուն։
Ու նա ստեղծեց գուսաններ բազում,
Որ գնան անշեջ երգը որոնեն,
Բայց... չէր ստեղծել դեռ երգը անշեջ,
Էլ գուսանները որտեղի՞ց գտնեն։
Ու չգիտեին գուսանները դա,
Ու փնտրում էին անշեջ երգն անվերջ,
Փնտրում լեռներում, երկնքում, ծովում։
Փնտրում էին... Ու չկար երգն անշեջ
Ո՛չ երկրի վրա, ո՛չ երկնի մովում։
Ու տարակուսած Աստծո մոտ եկան։
-Դու անշեջ երգը դեռ չե՞ս ստեղծել,
Թե ստեղծել ես՝ որտե՞ղ է, չկա՛,
Թե ստեղծել ես՝ ո՞վ է թռցրել...
Ու Աստված քահ-քահ ծիծաղել է, հա՛,
Միամիտ մարդու խելքին միամիտ.
-Այս երկնքի տակ անշեջ բան չկա՛,
Մի՛ հավատացեք, միամի՜տ մարդիկ...

21.09.94, Ստեփանակերտ
  

Չորրորդ խոսափող՝ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ՅՈԹ ԳՈՒՍԱՆՆԵՐԻ ԲԱԼԼԱԴԸ


                   Երանի՛ նրան, ով ծերացել է
                   Ու սիրահար է մնացել դեռ...

1

Յոթ օր խորհեցին երազին հլու,
Ու հեծան յոթ ձի՝ յոթ արի գուսան,
Յոթն էլ՝ վառ սիրով չքնաղ տիրուհու,
Յոթ երազներով յոթ ճամփա ընկան։
Յոթ օր, յոթ գիշեր ճամփա գնացին,
Յոթ մազե կամուրջ, յոթ մահով անցան,
Յոթերորդ օրվա իրիկնաժամին
Յոթգլուխ դևի դղյակին հասան։
Յոթգլուխ դևը յոթ անգամ հազաց,
Յոթ անգամ ռեխը բացուխուփ արեց,
Յոթ գլուխներին իջավ յոթ հարված
Ու յոթգլխանին յոթ շունչն էլ փչեց։

Նորից յոթ լուսե երազով գերված՝
Յոթ ճանապարհով առաջ սլացան,
Բայց անշեջ երգը չկա՜ր ու չկա՛ր...
Եվ դատարկաձեռն ետ վերադարձան։

2

- Անշեջ երգը չկար։ Շատ փնտրեցինք՝ չկար։
Որտեղ եղանք՝ չկար։ Ում հարցրինք՝ չկար։
Լուսաբացին՝ չկար։ Երեկոյան՝ չկար։
Արդեն յոթը գիշեր ու յոթ օր էր՝ չկար։
Կորել էր ու չկար։ Կորե՞լ, ասեղ հո չի՞,
Տեսնված բա՞ն էր, արդյոք, անշեջ ե՞րգն էլ կորչի...

...Պարսպի մոտ խմբված իշխանական մեծ տան՝
Գանգատվում են իրար յոթ հանճարեղ գուսան։

3

Ու լսում է նրանց լուռ
Փարվանա կույսը տխուր՝
Սիրտն արյուն-լաց էր.
-Ո՞ւր մնացին, գուսաննե՛ր,
Զորությունն ու ձիրքը ձեր՝
Երբ աչքս թաց է։
Մի՞թե չկա անշեջ երգ,
Ու չեք կարող դուք երբեք
Փակ սիրտս բացե՞լ...

...Ու թախծում է այսպես լուռ
Փարվանա կույսը տխուր...

4

...Եվ ասում են՝ շատ դարեր
Սպասում է կույսը դեռ։

Գուցե ինչ որ մի լավ օր
Գուսանները ձիավոր
Վերադառնան ավարով՝
Բերեն անշեջ երգն ու տան
Այդ լուսեղեն աղջկան,
Որ այդ երգի հաճույքից
Նրա փակ սիրտը բացվի,
Աչքը ժպիտ տեսնի միշտ՝
Արյուն-լացից չթացվի...

03.10.82, Ստեփանակերտ


Հինգերորդ խոսափող՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

«ՓԱՐՎԱՆԱ» ԼԵԳԵՆԴԸ

Եվ գուսանն ինչքան էլ ցանկալի,
Անշեջ ե՛րգն է թանկագին, դու գիտե՛ս...

-Ով գտնի ու բերի անշեջ երգը սիրո
Ու գերի իմ սիրտը երգո՛վ այդ,
Ես նրան կընծայեմ իմ թագը մեծ սիրով
Ու կօծեմ արքա-արքայաց...

...Գուսանը չգնաց անշեջ երգ գտնելու,
(Դե, սիրտն իր երգով վարարուն է),
Աներեր է կամքը Փարվանա տիրուհու,
Գուսանը հանկարծ... վարանո՞ւմ է։

Գուսանի սազի պես հուզված է խիզանը,
Հուզված է տիրուհին Փարվանա,
Երգում է իր կարոտն ու սերը գուսանը,
Որ երգով իր սիրուն տիրանա։

-Ո՜վ գուսան, անշեջ երգ չգտար թեկուզ, բայց
Սազդ սիրտս հիմքից շեղե՛լ է...
. . . . . . . . . . . . . . . . . .
...Ու հիմա չգիտեմ՝ «Փարվանա» լեգենդն այս
Լեգե՞նդ է արդյոք, թե՞ եղել է...

11-27.09.82, Մարտակերտ


Օր երկրորդ

Առաջին խոսափող՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՆԼՍԵԼԻ-ԱՆՊԱՏՄԵԼԻ

Իսկ անշեջ երգը գտնելու համար
Դուք այն միշտ փնտրեք վաղվա՛ աչքերով...

Կանգնել, ահա,
Գովքն եմ լսում Փարվանա կույս գեղեցկուհու՝
Պապիս պապի նախապապի գուսան քեռուց։
Պատմում է նա գեղեցկուհու
Անլսելի-անպատմելի գեղեցկության,
Նրա հանդեպ տածած անկեզ սիրո մասին.

-Փնտրել եմ ես գիշեր-ցերեկ, փնտրել եմ ես երկար-երկար,
Բայց ոչ մի տեղ, ոչ մի երկրում երբեք անշեջ երգը չկար,
Այնպես լիներ՝ անշեջ երգով քեզ հարս տանել կարենայի,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։

Ուշք ու միտքդ անշեջ երգին, ամեն, ամեն ինչ մոռացած,
Քանի՜ գուսան ուղարկեցիր, սպասում ես դեռ դալկացած,
Ես էլ գնամ... Շա՜տ կուզեի անշեջ երգով գիրկդ գայի,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։

Ես առանց քեզ ինչպե՞ս ապրեմ՝ իմ արևը, շունչը դու ես,
Գնամ գտնեմ։ Երգը անշեջ մեկ ուրիշը երբ բերի քեզ՝
Չեմ դիմանա, քեզ կորցնելու միտքը անվերջ սիրտս կայրի,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։

...Շա՜տ փնտրեցի, քանի՜ աշխարհ, քանի՜-քանի երկիր մտա,
Քանի՜ չքնաղ գեղեցկուհի, քանի՜ սեր ու երազ գտա...
Բայց ուր եղա՝ դու աչքիս դեմ, դու մտքիս մեջ միշտ էլ կայիր,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։

Այնպե՜ս լիներ՝ ե՛ս գտնեի... Ես երջանի՜կ կլինեի,
Երբ գտնեի անշեջ երգն ու իսկույն այն քեզ նվիրեի,
Դու ժպտայիր ուրախ ու գոհ... Գրկիս մեջ քե՛զ ունենայի,
Անշեջ երգին սիրահարված գեղեցկուհի Փարվանայի։


Երկրորդ խոսափող՝ ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ...

Ամենից առաջ,
Ամենից առաջ,
Խոհեմ եղիր քիչ,
Եվ ուրիշ ոչինչ...
Բռնիր դու ձեռքից այն կույր ծերունու,
Որ գուցե իսկի գուսան չէ բնավ,
Բայց թառ ու սազ է նվագում կարգին։
Գիտե նաև ոնց տիրել սրտերին,
Հատկապես՝ կնոջ։
Իսկ Փարվանա այն տիրուհու մասին
Արի չխոսենք։
Բան ու գործ թողած
Ես չեմ ընկնելու սարեր ու ձորեր,
Թե ինչ է՝ անշեջ երգն եմ փնտրելու,
Ուրիշ գործ չկա՞...

Չկա՞...
Դու արի՛,
Ես գործ կճարեմ...


Չորրորդ խոսափող՝ ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԺՊԻՏԴ ԵՐԳ Է ԱՆՇԵՋ...

Ես անձրև չեմ ուզում,
Եվ ոչ էլ ուզում եմ իմանալ
Գույնն անձրևի։
Ես քո ժպիտն եմ ուզում,
Իսկ քո ժպիտը երգ է,
Գուցեև՝ ոչ անշեջ...

... Թե չես կարող գտնել
Անշեջ երգը սիրո
Ու բերել ինձ նվեր՝
Գոնե... ժպտա...


Երրորդ խոսափող՝ ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՓՐԿԱՆՔ

Կանգնել եմ Փարվանա տիրուհու առաջ։
Ծաղկած բալենի է հիշեցնում նա,
Իսկ շփոթահար իմ հայացքից
Թախիծ է ծորում անըմբռնելի, անվերծանելի...
Այս ո՞ր գուսանը նրան
Բերեց անշեջ երգը սիրո։
Թե՞ դեռ կարգին չայրացած
Արևորդուց առաջին համբույրն ստացավ
Ու մայրացավ անմիջապես,
Իսկ ո՞ւր մնաց սերը։
Խաբվել է, երևում է,
Որ մենակ է հիմա,
Եվ խեղճ ու անօգնական է զգում իրեն։

Հեռվում նորից ձյունել են սարերը,
Իսկ ծաղկած բալենի-փարվանուհու սրտում
Գարունն ու ձմեռը միախառնվել են իրար...

...Փարվեմ փարվանուհուն՝
Գուցե մի քիչ զգա սիրո հրապույրը։

16.05.08, Ստեփանակերտ

Օր երրորդ

Առաջին խոսափող՝ ԷՌՆԵՍՏ ԵՍԱՅԱՆ

ՀԻՄԱ ՏԱՔՍԻ ԿՎԱՐՁԵՄ...

Հիմա տաքսի կվարձեմ ու դուրս կգամ քաղաքից...
Կհեռանամ աղմուկից ու գրկում մայր բնության,
Կփնտրեմ ես անդադար, մինչև գտնեմ ու տանեմ
Անշեջ երգը ես նրան՝ այն գեղուհուն Փարվանա։

Ես կվազեմ դեպի այն արևագույն բաշով ձին,
Կհամբուրեմ աչքերը այն ձիապահ աղջկա,
Կգրկեմ բաշը ձիու և սրընթաց վարգելով
Կանցնեմ սարեր ու ձորեր՝ անշեջ երգը գտնելու։

Ու կգտնեմ երգն անշեջ ես հանդերում մեր խոլոր,
Մեր սարերում ուրցաբույր, անտառներում կուսական,
Ու Փարվանա կույսի հետ անտառամերձ բացատում
Խոտերի մեջ բուրավետ՝ հաղթանակս կտոնեմ։

Հիմա տաքսի կվարձեմ ու դուրս կգամ քաղաքից...


Երկրորդ խոսափող՝ ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

ՃԱՆԱՊԱՐՀՍ...

Ճանապարհս՝ քո երազով եմ հյուսել ես,
Որ միտվել է հորձանքի մեջ ապագայի,
Ես միտք չունեմ հևք որսալու և ոչ էլ... սեր։
Այլ՝ անշեջ երգ,
Այլ՝ անշեջ երգ...

Ես ճանապարհ ընկա՝ լույսը դեռ նոր բացված,
Ոչ մի գուսան չէր երևում դեռ ճամփեքին,
Ու գնացի երկա՜ր, երկար որոնելու՝
Անշեջ մի երգ,
Անշեջ մի երգ...
Փնտրում եմ ես իմ հուշերի լուսանցքներում,
Անշեջ երգը սակայն չկա, ես չեմ գտնում։
Ուր գնում եմ՝ քո ստվերն է ինձ հետևում...
Օ՜, գեղուհի,
Փարվանուհի...

Երրորդ խոսափող՝ ԱՐԻՍ ԱՐՍԵՆԻ

ԱՆՇԵՋ ԵՐԳԻ ՄԱՍԻՆ, ԵՎ՝ ԿՈՒՅՍԻՆ ՓԱՐՎԱՆԱ

Դառնալու եմ մի օր ես գուսան իսկական,
Որ գտնեմ անշեջ երգ, տանեմ այն աղջկան։

Անհամբե՜ր եմ այնպես՝ դառնալու եմ գուսա՜ն,
Իսկ հիմա՞, դեռ փո՞քր եմ, գուսանի չափ չկա՞մ։

Եվ մնում է՝ գնամ դեռ բակում խաղալո՞ւ...
Ոչ, վաղն անպայման գուսան եմ դառնալու,
Որ գնամ ու երգն անշեջ գտնեմ ու տանեմ
Փարվանա այն չքնաղ գեղուհուն ընծայեմ,
Որ տա ինձ սերն իր նա,
Տիրակալը դառնամ տիրուհու Փարվանա...

16.04.08, Ստեփանակերտ


Խոսնակ.

   -Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են։
  Միայն ավելացնեմ, որ ելույթների «ձայնագրման գործը» շարունակվում է։ Եվ ում այս եռօրյայի ընթացքում խոսափող չտրամադրվեց՝ թող շատ չտխրի, զինվի համբերությամբ ու սպասի...
   Իսկ հերթը, հուսով եմ, շատ չի ուշանա...
   Հաջողություններ եմ մաղթում բոլորիդ։
   Կհանդիպենք հաջորդ եռօրյայի ընթացքում։



Էպիգրամներ և ֆելիետոններ

ԷՊԻԳՐԱՄ-ՁՈՆ

Հերիքնազ Հայրապետյան (ք. Երևան).
- Խմել եմ «Լուսաստղ» օղի, շահել... ավտոմեքենա...
(Հ1 հեռուստաալիքի եթերից)

Հայրապետյա՛ն Հերիքնազ,
Հերիք` այդպես... պարծենաս,
Որ խմում ես դու օղի`
«Լուսաստղ», թե` խաղողի։

Նույնիսկ... ավտո՞ ես շահել`
Էլ ինչո՞ւ միշտ չխմել,
Անվերջ շահով չտարվել...
Իսկ վերջո՞ւմ... ի՞նչ... վթարվե՞լ...
Արդեն ո՞ւշ է խելքի գալ,
Թե՞ չես ուզում հավատալ,
Որ օղի կոնծելուց բացի
Շա՜տ գործեր կան կանացի...
17.09.02, Ստեփանակերտ


ԼԵՆԻՆԻ ԺՊՏԱՑՈՂ ԴԻՄԱՆԿԱՐԻ ԱՌԱՋ

Ժպտում ես` ժպտա,
Ժպի՜տդ բարի,
Խղճո՜ւկ խեղկատակ
Մեր թշվառ դարի՛...

1989, Ստեփանակերտ


PARODIA ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
«ԵՐԿՈՒ ՇԻՐԻՄ ԻՐԱՐ ԿԻՑ...» ՔԱՌՅԱԿԻ

Է՜յ, շիրիմնե՛ր իրար կից,
Հավերժական լուռ դրկից,
Ի՞նչ եք թախծում դուք այդպես`
Թե ի՜նչ տարաք աշխարհից։
Լավ է` խորհեք ա՛յն մասին,
Թե ձեր թողած աշխարհից
Ի՜նչ է, արդյոք, մնում ինձ...

07.09.82, Ստեփանակերտ


ԲԱՅՑ` ՀԱՎԱՏՈՒՄ Է...

Խեղճ Քաջ-Նազարն էլ կոմունիստ գրվել,
Դրոշը փոխել, ընկել է ճամփա,
Շատ է գնացել, թե քիչ` ո՞վ գիտե,
Բայց կոմունիզմը չկա ու չկա։

Չկա ու չկա։ Բայց գնում է դեռ`
Հյուծվել է Նազարն, հյուծվել է էշը,
Եվ... հավատում է, որ... տեղ կհասնի,
Թեև չի անցել դեռ... ճամփակեսը...

1990, Ստեփանակերտ


ԲԵՄԻ ՎՐԱ
(Ֆելիետոնի փոխարեն)

Բեմի վրա համբուրվեցին աղջիկն ու տղան`
Եվ պտտվեց բամբասանքը բերանից բերան։
Ու մի գիշեր նրանք ծածուկ գյուղից հեռացան,
Հեռու ու մեծ մի քաղաքում դարձան դերասան։

Իսկ երբ մեկ-մեկ գյուղ են գալիս կարոտով անհուն,
Եվ գյուղի հետ նախկին սիրով լուռ <<ողջագուրվում>>,
Գյուղը հրճվում ու ծփում է սիրով անսահման,
Չէ՞ որ արդեն ունի հայտնի երկու դերասան...

20.08.82, Ստեփանակերտ


ՏՐԻՈԼԵՏ-ԱՆԿԱՄ

Մի ինքնագոհ «խայամամոլի»

Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար,
Թեկուզ հանճար լինի, Խայա՛մ անգամ,
Երբ մենք Չարե՛նց ունենք պայծառ այսքան,
Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար...

Թեկուզ անցնի միլիոն տարի անգամ,
Պիտի ապրի այսպես անհաս ու հար...
...Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար,
Թեկուզ հանճար լինի, թեկուզ` Խայամ։


ԷՊԻԳՐԱՄ-ՏՐԻՈԼԵՏ

Հուսով եմ` դու քեզ ճանաչեցիր...

Չէի՛ մեղանչի ես քո առաջ,
Թեկուզ լինեի՛ր դու գեներալ,
Եվ դեռ... կուզեիր ընկե՞ր մնալ`
Չէի՛ մեղանչի ես քո առաջ։

Դու նե՛նգ ես, ագահ ու ոխակա՛լ,
Գոռո՛զ ես, դաժա՛ն, բռի՛ ես` ա՛րջ,
Չէի՛ մեղանչի ես քո առաջ,
Թեկուզ լինեիր և... գեներա՛լ...

24.03.96, Ստեփանակերտ


ԷՊԻԳՐԱՄ-ՊԱՏԱՍԽԱՆ
                   Ֆ.Կ.-ին
Իզո՜ւր ես դու արևի հետ
Վիճում, խե՜ղճ ճրագ...

Քանի՜¬քանի ճրագներ են
Վառվել ու մարել,
Իսկ արևը, դե` տեսնում ես,
Ապրո՜ւմ է դարեր։

1977, Դիլիջան


ԲՐԻԳԱԴԱՎԱՐԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

(Լճացման հանրահայտ տարիների հուշ)

րջկենտրոնի պետտնտեսությունում եմ աշխատում,
Շա՜տ բանվոր է հիմա ինձ մոտ օրվա հաց վաստակում։

Բրիգադավար եմ կարգին, դե, ղեկավար մարդ եմ,
Ո՞վ կարող է իմ հասցեին ասել կոպիտ բառեր։

Մեր բարեխիղճ աշխատանքով անուն հանել մարզում,
Հեշտ ենք մենք լավ աշխատանքի արդյունքները մարսում։

Բանվորներս թող աշխատեն` նրանց փառք ու ծափեր...
Իսկ ես նստեմ հաշտ ու հանգիստ` առանց քրտինք թափել։

Մեկ է, լինեմ թե չլինեմ` գնալու է գործը,
(Այդ է ցուցում իմ մի քանի տարիների փորձը)։

Նստեմ հանգիստ, տեսնեմ ինչպես բանվորներիս խաբեմ,
Կտրեմ նրանց կոպեկները ու... ճաղատս շփեմ։

Շատ եմ ատում կարդացողին ու նախանձում թաքուն
Նրան, ով իմ բրիգադում գրքով աչք է բացում։

Ու... չեմ ներում ընչաքաղցին` սնանկությունն հոգու,
Բայց ծննդյան իմ օրվանից ունեմ երկու... անուն։

Երկու անունն ինչի՞ս է պետք, չէ՞ որ մեկն էլ բավ է,
Մեկ լավ անունն երկու վատից հազար անգամ լավ է։

Բայց ի՞նչ արած` անձս, խիղճս ես տանուլ եմ տվել
Այն ժամանակ, երբ մեկի տեղ երկանուն եմ առել։

Ու, չգիտեմ, (պատասխանե՛ք, խնդրում եմ, իմ հարցին),
Ընչաքաղց եմ թեև մի քիչ ու սնանկ եմ կարգին,

Ե՛վ մեքենա, և՛ փող ունեմ ազնիվ ( ՞) աշխատանքով,
Ասացե՛ք ինձ, խնդրում եմ, ես երջանի՞կ եմ արդյոք...

15.08.82, Ստեփանակերտ


«ՈՒՍՈՒՑԻՉԸ»

(Ֆելիետոնի փոխարեն)

Երկու ամիս էր` ինչ ավարտեց,
Գործուղվեց դպրոց` աշխատանքի։
Դպրոցը մեծ էր,
Ձգտումը` մեծ։
Առաջին անգամ մտավ դպրոց,
Եվ հենց առաջին դասաժամին,
Դասագրքերը երբ որ տեսավ,
Վերցրեց, թերթեց անմիջապես։
- Այս ի՜նչ գրքեր են` գեղեցի՜կ, լա՜վ,-
Վրա տվեց նա չտեսի պես,-
Այսպիսի գրքեր եթե կային`
Ինչո՞ւ բուհում մեզ չէին տալիս։
Նման գրքերով բուհն անպայման
Մենք կավարտեինք... կես ժամկետում։
Եվ այս գրքերից կարելի է
Կշտանալ... նույնիսկ դեռ չընթերցած...
- Ի՞նչ,
            Այդպե՞ս,
                        Մի՞թե...
Ասացե՛ք, խնդրեմ,
Գիրքն... ուտելի՞ք է, թե՞ գիտելիք...
Նա կմկմում է, բայց չի կարմրում.
- Դե, ինչպե՞ս ասեմ,
Դա` արդեն... նայած գրքին...

17.03.82, Ստեփանակերտ


 ԻԲՐԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ

Գիրք ունենալը ոչինչ չի հուշում։
Սովորել է պետք։
Երբ գիրքը ունես դու,
Բայց չես բացում`
Էլ ունենալդ պե՞տք է արդյոք...

17.03.82, Ստեփանակերտ

ՊԱՐԶԱՄԻՏ ԶՐՈՒՅՑ

- Արդեն մի ժամ է` կանգնել ես լուռ,
Ո՞ւմ ես դու այդպես լուռ սպասում...

- Սպասում եմ ես` իսկ նա չկա,
Սակայն անպայման պիտի որ գա։

- Բանաստեղծո՞ւմ ես...
                        - Հեշտ է ասել,
Հապա մի փորձի՛ր բանաստեղծել...

- Ու ապրում ես դու միայն հանգո՞վ...

- Նախ` կյանքում պետք է ապրել... կյանքով,
Նոր միայն հանգի մասին խորհել,
Կյանքը հանգի հետ համատեղել։
Թող աշխարհն ապրի հանգ ու վանկով,
Իսկ մենք` այսօրվա մեր այս կյանքով։
«Բանաստեղծելը»... հեշտ է ասել,
Սակայն... դժվար է բանաստեղծել...

...Ու, ընթերցո՛ղ իմ, մի զարմանա,
Որ մեր առօրյա հոգսը թողել,
Անգամ զրույցը այս պարզամիտ
Ես որոշել եմ... հանգավորել...

21.06.82, Ստեփանակերտ


ԷՊԻԳՐԱՄ
                 N-ին
Ի՜նչ ես անվերջ մտածում,
Տխուր ես ու գլխիկոր,
Նրա մասի՞ն ես թախծում
Այդպես անվերջ, օրերով։

Քեզ թվում է, թե նրա
Արատները կիմանա՞ն...
Զզվելի է ողջն այս, գա՛ղջ,
Դժվար թե քեզ հասկանան...

15.07.93, Ստեփանակերտ

«ԱՆՀԱՄԲԵՐԸ»

Դրսից ինչ որ մեկը կրկին
Բախում է իմ լուսամուտը,
Լուսամուտից սակայն դեռ չեն
Տարբերակվում լույսն ու մութը։

Ու չգիտեմ` թողնեմ նե՞րս գա,
Թե՞ սպասեմ լույսը բացվի,
Սակայն մինչև լուսանալը
Նա դռան մոտ լուռ կսպասի՞։

Ի՞նչ իմանաս, գիշերվա մեջ
Ի՞նչ է կորցրել, որ չի գտնում,
Լույսը բացվի` գնամ փնտրեմ,
Էլ ի՞նչ է զուր գլուխ տանում։

...Չի համբերում սակայն... քամին,
Հա՛ բախում է լուսամուտը։
Իսկ իրարից դեռ բաժանվել
Չեն կամենում լույսն ու մութը։

25.07.93, Ստեփանակերտ


ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է կարդվում քո աչքերից տխրածոր,
Ո՞վ է գողի «գողացածը» գողանում,
Եվ ինչո՞ւ է` քեզ են նայում կասկածով,
Երբ ուրիշն է գողոնն ազատ գրպանում։

Ո՞վ է հայտնում հազարների մասին կեղծ
Ու նայում քո աչքերի մեջ անվարան...
...Ինչպե՞ս գտնել արդարացման ելևէջ,
Ինչպե՞ս գտնել արդարացի պատասխան։

08.07.93, Ստեփանակերտ


ՂԱՐԱԲԱ՜ՂՍ...

Բարբառային տարբերակ

Գրել եմ արցախյան առաջին հանրահավաքների անմիջական տպավորությունների տակ, ժողովրդիս պարզ մտածողությամբ, որ եթե խնդրենք` Մոսկվան անմիջապես Արցախը կմիացնի Մայր-Հայաստանին։ Չէինք ակնկալել այսօրվա պատերազմը...
 Հեղինակ
27.02.94, Ստեփանակերտ

Ղարաբաղը հայոց վեղն ա,
Հայոց աշկէն մաչի յեղն ա,
Հայոց անթէղ կրակ-պօղն ա,
Ամմա հայոց մաշկեն հօռռը
Նրա տյօղն ա։
Հի՞նչ անե խեղճ Ղարաբաղըս`
Լյուզին` օրիշ,
Խօսքը` օրիշ,
Հայոց սրտէն էնքան մօտէ,
Բայց հայ տանան հեռու տե՛ղ ա։

Ու հըվաքվեց ժողովուրթը`
Միտինգ ըրեն մեծ ու կյուճուր,
Բանվօր,
Քաղվօր,
Թա` բօ՛լ-հէրիք.
Յեկեքյ մինին ղարկէնք Մոսկօվ։
Յէր կաց քյինա՛, Գա՛բօ ապա,
Մոսկօվու մեծ թաքավերեն
Մեր դյարդերը պատմե մին-մին,
Թող ճար անէ...

...Գա՛բօ ապան քեցավ Մոսկօվ,
Մոսկօվու մեծ թաքավերեն
Ասեց.
- Տյու մեր թաքավերնըս`
Կյանքըտ հազար տարավ ինի,
Տիյեր Աստուծ, տուվեր տյուվըս,
Ղարաբաղցուն հույսը տյուվըս։
Ժողովուրթես տեղը նեղ ա,
Լյուզին` օրիշ,
Խօսքը` օրիշ,
Հայոց սրտէն էնքա՜ն մօտէ,
Բայց հայ տանան հեռո՜ւ տէղ ա։
Ղարաբաղըս օ՜րիշ վէղ ա...
Ղարաբաղըս անթէղ-պօղ ա,
Քանի՞ մընա մօխրեն տակեն,
Քանի՞ մընա տյօղը սըրտում `
Օրիշ խօսքավ,
Օրիշ լյուզվավ։
Յէ՛ք, Մոսկօ՛վու մեծ թաքավեր,
Մեր էս դյարդան մեզ ըզադէ,
Մունք մեր վէղէն տարը տյէռնանք,
Մունք մեր թանէն,
Մեր թըցանէն տարը տյէռնանք,
Վէր մեր հացը օրիշ չօտէ,
Ժողովուրթըս էլ` լյաց չօտէ...

Մոսկօվու մեծ թաքավերը ասէց.
- Գա՛բո ապա, բօ՛լա,
Յէս տէղյակըմ էտ պենէրան,
Տա էն Ըստալին-գյօռբագյօռին
Փռնած պենն ա։
Քյինա ա՛սէ ժողովուրթէտ`
Թօղ տէմ կէնա,
Հէսա կյամում` իմ զորքավըս
Ղարաբաղըտ օրիշ լյուզվա,
Օրիշ խօսքա ազադ անէմ։
Թօղ հայ խօսքը թէվ յօր օնէ`
Ղարաբաղա սարէրըն իննի,
Հինչ տէղ ցավ կա` դա՛րման անէ,
Հինչ տեղ չօռ կա` քըշի տա՛ նէ...

17.02.88, Ստեփանակերտ


Ամուսնանա՞նք, թե՞... քիչ էլ սպասենք

(Ուսանողական հումորեսկներ)

Համակուրսեցիներիս` մշտավառ սիրով

1

ՆԱԽԵՐԳ

Մոռացած տարիք, կյանք ու ժամանակ,
Սրտերում մեր` սեր սուրբ ու անարատ,
Գրքերին գերի, գրքերով տարված,
Գիտության աշխետ նժույգներն հեծած`
Առաջ ենք սուրում փութով-շտապով,
Նոր բարձունքների տենչով-փափագով,
Մինչդեռ... մենք կյանքից շա՜տ ենք ետ մնում,
Թեկուզև փութով առաջ ենք սուրում։


ԼԵՆՍԵՐԻ ԴԱՍԸ
                 Լենսեր ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ

...Առաջին հերթին խոսենք Լենսերից։
Ամուսնացա՞ծ է, թող որ` հետո՞ ինչ։
«Երեկո»-ներում այնպե՜ս է պարում,
Ասես դեռ նոր է իր սերը ճարում։

Կինը չի խանդում. ի՞նչ կա, թող պարի՛,
Միայն մի պայման` իրեն չդավի՛։

Լենսերից պիտի օրինակ առնել
Ու նրա նման սիրել սովորել։

...Սիրելը` սիրել,
Բայց այնպե՜ս անենք,
Որ նաև... սիրվենք...


ՊԱՐԳԵՎՆ ՈՒ ՆԻՆԱՆ

                 Պարգև ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ
                 Նինա ՆԱԼԲԱՆՅԱՆԻՆ

Ա՜խ, եթե սիրեր Նինան Պարգևին`
Ես նրանց սի՛րտս կպարգևեի։

Երկուսին էլ շատ լավ եմ ճանաչում,
Ազնիվ փափագով սիրում ու պաշտում։

Պարգևին գիտեմ, քաջ տղա է նա,
Եթե պետք լինի` սարեր շուռ կտա։

Նինան էլ լավն է, համեստ է, պարկեշտ,
Էլ ինչո՞ւ իրար մերժեն այդքան հեշտ։

Էլ ինչո՞ւ ապրեն իրարից խռով,
Իրար կարոտով և ոչ թե սիրով։


ՄԵՐ ԶԻՆԱՆ

                 Զինա ՋԻՎԱՆՅԱՆԻՆ

Մեղրավանի վերին թաղի մեր Զինան
Պատրաստ է միշտ սեմինարի, քննության։
Սակայն ունի իր հոգու մեջ մի լուռ բաց`
Այն, որ մինչև հիմա մարդու չգնաց։
Ինքն էլ հալվեց գրքի ձեռքին` մոմ դառած։

Բայց մոմի լույսն անվերջ պիտի բոցկլտա,
Մինչ երազի իր ասպետը երևա...

11.04.86, Ստեփանակերտ


ԱՇԱՆԻ ՀՄԱՅՔԸ

                 Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Աշանից մի աղջիկ սովորում է մեզ հետ,
Ուշ-ուշ ենք տեսնվում, մի կուրսում ենք թեպետ։

Հմայի՜չ է այնպես, հայացքով գեղեցիկ,
Իսկ երբ որ խոսում է իր ձայնով երգեցիկ`
Թվում է` աշխարհում արև՜ է, գարո՜ւն է։
Սակայն նա սիրում է Աշանի... աշո՛ւնը։
Իսկ հետո էլ սիրեց մի սևաչ տղայի
Ու փախավ շա՜տ հեռու իր սիրած Աշանից։

Մեզ էլ է նա ուշ-ուշ այցելում, ի՞նչ անենք,
Բայց ինչքան հեռանա` նրան միշտ կհիշենք
Աշանը, աշունը ու մենք...

15.12.84, Ստեփանակերտ


ՄԵՐ ԱՆԱՀԻՏՆԵՐԸ
                 Անահիտ ԽԱՉԻՅԱՆԻՆ
            և մյուս երկու Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻՆ

Անահիտները այնքա՜ն շատ են մեր`
Մարդ չգիտե, թե ում մասին գրել։

Մի Անահիտի անվանում ենք «Ժ»,
Մյուսին էլ` «Դ»։
Երրորդը` «Խ» է, Անո Խաչիյան,
Անուն-ազգանուն մաքուր հայկական։
(Երևի պապը Խաչ է գողացել,
Անունն էլ... Խաչիպապ է մնացել)։
- Չէ՜ մի...
           
...Լա՛վ, թողնենք նրան իր հոգսին
Ու վերադառնանք Անահիտ «Ժ»-ին։


ԱՆԱՀԻՏ «Ժ»-Ն

Եվ հրաժեշտից մինչ նոր հանդիպում`
Ապրում ենք հուշով նախորդ հանդիպման,
Բայց տարին, ինչքան դասերը գերում,
Երկու անգամ ենք այցելում իրար։
Այցի ենք գալիս իրա՞ր, թե՞ իրավ
Կան այցելելու առիթներ հարմար։
Դե, իհարկե, կան։ Ու հավաքվելով`
Գգվում ենք իրար մենք... հայացքներով։
Ու թե պատրաստ չենք քննություններին`
Թող ների դա մեզ մեր կուրսի... «ներին»։
Իսկ Անահիտ «Ժ»-ն պատրաստ է ամեն
Քննության։ Ու` միշտ։
Սակայն սիրում է շրջել քաղաքում,
Այնքան, մինչև որ գիշերը կիսվի
Ու հաջորդ օրը նորեն սկսվի...
...Բայց մի անգամ նա «Չյորտվի մոստից»
Ընկավ։ Քիչ մնաց... ուշքը գար... փոստից։
Ու... մնում է դեռ նա փոստի հույսին`
Բա դա վայե՞լ է, արդյոք, մեր կուրսին։

22.06.85, Ստեփանակերտ


ԱՆԱՀԻՏ «Դ»-Ն

Առաջին անգամ, երբ տեսա նրան`
Ասի` աղջիկն այս ինչի՞ է նման...
- Դե, կապիկ հո չի՞, աղջիկ է էլի,-
Վրա տվեցին այս ու այն կողմից։
- Լա՛վ աղջիկ է նա,- Պարգևն ասաց,- տե՛ս,
Չլինի՞ հանկարծ... սիրահարվել ես...

Այդ մասին, սակայն, դեռ չգիտեի,
Բայց այնպե՜ս լիներ... սիրահարվեի՛...

...Լա՛վ, ասենք` թե ես սիրահարվեցի,
Բայց սիրտս ինչպե՞ս դռներն իր բացի։
Թե սերս հայտնեմ մի քանի տողով,
Կհասկանա՞ նա ու կապրի՞ սիրով։
Իսկ թե չընդունի` գրողը հետը,
Թող գնա ընկնի Ախուրյան գետը։

...Պահը հարմար էր, նա դաս էր պատմում,
Իսկ ես` ինչ որ բան թղթին խզբզում։
Նա «Բայ» էր պատմում, բայի սեռերից`
«Կրավորական», «չեզոք»... Իսկ ինձ ի՞նչ`
Ես լսում, ոչինչ չէի հասկանում,
Մինչդեռ... իմ սիրո տողե՜րն են ծնվում.

-Դու բայի սեռի մասին ես պատմում,
Ես լսում եմ ու... բա՜ն չեմ հասկանում։
Դու մի՛ նեղանա` չե՛մ հասկանա ես,
Ինձ ուրի՜շ հարց է հուզում պարզապես։
Դու պատմի՛ր, պատմի՛ր «Բայ», թե «Գոյական»,
Իսկ ես լսեմ ու.բա՜ն չհասկանամ.

...Պարգևը թուղթը երբ նրան տվեց`
Կարդաց ու... «Էլի կբերես»,- խնդրեց։

Բայց... չհասկացավ։ Գրողը հետը։
Թող գնա՛ ընկնի... Ախուրյան գետը...


ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ

Հիմա ի՞նչ անենք, ընկերնե՛ր, ասե՛ք,
Մեզ ընկերական մի խորհո՛ւրդ տվեք։
Գործը թե այսպես մինչև վերջ գնա`
Վերջը զգո՞ւմ եք, թե ինչ կդառնա։
Սպասե՞նք։ Դե, լավ, սպասե՛նք մի քիչ։
Կյանքն առջևում է, չի փախչում, ոչի՛նչ...

11.03.82, Մարտակերտ

  
ՄԵՐ ՍՊԱՍՈՒՄԸ

Մեր սպասումը երկար չտևեց։
Մենք ամուսնացանք։ Մեր բախտը բերեց։
Մենք մտանք կյանքի իսկական ուղի,
Փնտրեցինք-գտանք մե՛զ սիրողներին։
Այդ սերը բերեց մեզ երգ ու բերկրանք`
Կյանքի կոչելով տենչ ու երազանք։

...Մեր սիրո համար հուր է ու գինի`
Մեզ վրա ազդած դասը Լենսերի...


ՄԵՆՔ ԱՄՈՒՍՆԱՆԱՆՔ,
ԴՈՒՔ ԴԵՌ ՍՊԱՍԵ՞Ք...

...Եվ ` մյուսներին

Մենք ամուսնացանք։ Օրերի փոշին
Էլ չի աղտոտում մեր կյանքի ուղին։
Ու պիտ ծերանանք մեկտեղ, մի բարձի,
Իսկ մի «երկրորդ բարձ» եթե սեր հայցի՞...
Երբե՛ք։ Քանզի դուք սիրում ենք նրանց`
Ամուսնյակներին ձեր, մենք` մեր կանանց,
Որոնց մեր կուրսում պիտի չընդունենք,
Սակայն միշտ պիտի պաշտենք, գուրգուրենք։
Քայլենք միասին, մեկ ճանապարհով,
Ապրենք, որ սերը մնա ապահով։

...Բայց մենք ունենք և ... չամուսնացածներ,
Իսկ դա պատիվ չի բերում կուրսին մեր...

Ասացե՛ք, խնդրեմ, հիմա ի՞նչ անենք,
Մենք ամուսնանանք, դուք դեռ սպասե՞ք...

22.06.85, Ստեփանակերտ


ՊԱՐԳԵՎԻ «ՀԻՆԳԵՐԸ»

Տարօրինակ է մեր այս Պարգևը`
Իրար է խառնել օրվա ժամերը։
Գիշերը մինչև լույս դաս է սերտում,
Ցերեկը հոգնած ու դադրած` ննջում։

Իսկ երբ օրերն են հասնում քննության.
- Անպայման պիտի «հինգեր» ստանամ...
Բայց... տուն է գալիս «չորսեր» ստացած
Ու գրքին թեքվում աչքերով հոգնած։

- Ի՞նչ ես ստացել,- հարցնում են տանը։
- Է՜, ի՞նչ ասեմ ձեզ, անիծվի չարը,
Երբ հերթս հասավ` մնացի մոլոր,
Վերջացել էին... «հինգեր» բոլոր։
Ոչինչ, կձգտեմ ես այս հունվարին
Բոլորից էլ շուտ հասնել «հինգեր»։

- Ա՛յ Պարգև, ի՞նչ ես «ախ ու վիշ» անում,
Դատարկ բաներով այդպես վշտանում։
Քառասուն տարվա բանաստեղծներ ենք,
Նոր պիտի նստենք ու դաս սովորե՞նք...

- Եվ բանաստե՞ղծ ես դու քեզ համարում,-
Կարենն է հանկարծ զրույցին խառնվում...

-Ի՞նչ, մի՞թե, իրո՞ք, դու դեռ չգիտես,
Որ ինձ բանաստեղծ չեմ համարում ես։
Երբ հարցնում են` բանաստե՞ղծ ես դու,
Ասում եմ` չէ՛ մի, բանաստեղծացո՛ւ...

10.08.82, Ստեփանակերտ
  

ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ

Քայլում ենք նորից հոգնած փողոցով
Ես ու Պարգևը։ Պարգևի ձեռքին
Լ. Հովակիմյանի «Բարի անձրևն» է։
Բարի՞ անձրևը...
Իսկ չա՞րս... որն է։
Անձրևը...
                        Հանկարծ խենթ որոտներով
Մթագնում է երկինքը խաղաղ,
Անձրև է տեղում,
Անձրև` հորդ ու խենթ...

- Վազե՜նք...
                        Վազում ենք
Ու մայթերը թաց
Լուռ մտմտում են մեր ոտքերի տակ,
Իսկ անձրևն անգութ
Շարունակում է քրքրել նորից
«Բարի անձրևի» թրջված էջերը։
Ի՜նչ է մտածում այդ անիծյալը,
Մի՞թե նա բարի «անձրևին» անգամ
Հանգիստ չի տալու։
Ո՜ւր մնաց` «չարին»։
Կամ էլ` գուցե... մեզ։
Կամ էլ` գուցեև
Ինքն է «չար անձրև» կոչեցյալը հենց։

- Վազե՜նք...
Վազում ենք
Ու մայթերը թաց
Լուռ մտմտում են մեր ոտքերի տակ։
Գրախանութի շենքի մոտ ենք ու...
- Մտնե՛նք,- ասում եմ...
- Է՛հ, այս խելագար ու խենթ անձրևին
Ի՜նչ գիրք գնելու ժամանակ է ո՛ր...
- Մտնե՛նք,- նորից եմ համառում,-
Մտնե՛նք...
Մտնում ենք։ Վերցնում
Մովսես Յախշունցի «Անձրևից հետոն»
Ու նորից փողոց`
«Անձրևից հետոն»
Հորդ անձրևի տակ թերթելու համար։
Թող տեսնի խենթը ու քիչ մեղմանա,
Թող զգա, որ ինքն ինչքան համառի,
Ինչքան նենգ լինի`
Հիմա անձրև է`
Հետո... «անձրևից հետո» կլինի...
  

«ԽՈՐԵՆԱՑՈՒ ՀԵՏ»

Քառասուն տարի առա՞ջ էր։ Ե՞րբ էր...
Գրախանութում
Խորենացի էր վաճառվում նորից`
«Հայոց պատմություն»։
Իսկ մենք զբաղված` մի օր` ստուգարք,
Մի օր` սեմինար, մի օր` քննություն,
Ու չհասցրինք։
Իսկ մի օր էլ, երբ ժամանակ գտանք
Մենք գրախանութ մտնելու համար`
Խուլ դարակներում
Սուրբ Խորենացու
«Հայոց պատմություն» մատյանը չկա՜ր...

...Անցել է ուղի՜ղ... քառասո՛ւն տարի։
Գրախանութում
Հիմա էլ նորից
Խորենացի է վաճառվում...
- Պարգև՛,-
Ասում եմ,- գնա՜նք ու Խորենացի գնենք...
Պարգևն էլ.
- Զբաղված եմ, է՜, հետո՛ կգնենք...
- Հետոն գալիս է,- ասում եմ,- այո՛,
Բայց ո՛ւշ է գալիս։
Հիմա էլ եթե չգնենք` պիտի
Սպասենք հետո՛ գնելու համար,
Քառասո՛ւն տարի հետո, լսո՞ւմ ես։
Քառասո՜ւն տարի՛...
  

ԳՐԱԽԱՆՈՒԹԻ ՄՈՏ

Ես ու Պարգևն ենք։
Գրախանութի մոտ կանգնել ենք լուռ
Ու սպասում ենք`
Կարենն, ուր որ է, պիտի երևա...

Հանկարծ մի աղջիկ
Երկու գրքույկ է ձեռքին
Դուրս գալիս գրախանութից։
Այստեղ Պարգևը չի դիմանում ու...
- Օրիո՛րդ, մի վայրկյան կարելի՞ է Ձեզ...
- Չէ՛, չի կարելի` ո՛չ մի վայրկյան էլ...
- Բայց ես անպայման պիտի ասեմ, որ...
- Դե, լա՛վ, ասացե՛ք,- տեղի է տալիս։
- Գրքերից բացի դուք պետք է նաև
Ակնո՛ց գնեիք։
- Ինչո՞ւ,- հեգնախառն ժպիտն է կախվում
Հարցումից նրա։
- Դե, որովհետև... կարճատես եք Դուք...
- Ինչի՞ց իմացաք...
- Գրախանութում «Տերյան» կար, ազատ,
Իսկ Դուք թողել ու... այդ ի՜նչ եք գնել...

02.08.82, Ստեփանակերտ


ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ
ԿԱՄ` PARODIA ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ
«ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս...» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ

Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։
Ախր ուրիշ տեղ տագնապներ չկան,
Ախր ուրիշ տեղ ստուգարք չկա,
Ախր ուրիշ տեղ քննաշրջանում
Կամա-ակամա խորովվել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ Նինաներ չկան,
Սեդաներ չկան, Զինաներ չկան,
Ու «պտըտորված» Մարինե չկա։
Ախր ուրիշ տեղ
Մեզ թև ու թիկունք Լենսերներ չկան,
Գայանե չկա, Մարիետա չկա,
«Ժ» ու «Դ» չկա։

Ախր ուրիշ տեղ` տեղահան եղած`
Եկած` ուսերով մեր կուրսին հենված
Ուրիշ կուրս չկա։
Ախր ուրիշ տեղ, մեր դասախոսներ,
Ձեզ նման բարի, անշահախնդիր,
Պարզ ու հասարակ էակներ չկան։

Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ձեզ...

10.04.86, Ստեփանակերտ