Jump to content

Փոքրիկների մոլորակում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մանկական բանաստեղծություններ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 208-225։

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ


ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ

Այսօր, ահա, մտնում ենք մենք
Մկրտության ավազան,
Մեր ճակատը սուրբ մեռոնով
Օծի՜ր, Պարգև Սրբազան։
           
Օծի՜ր, մենք էլ հայ մկրտվենք
Մեր հայաշատ օջախում,
Հայ մկրտվենք, որ հա՜յ մնանք
Ու զորանա՜նք Արցախում...


Ի՞նչ են պատմում փոքրիկները


ՍԱՄՎԵԼԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Իմ հորեղբայր Անդրանիկը
Շա՜տ է սիրել Հայրենիքը։

Երբ Արցախ է թուրքը մտել՝
Նա զինվոր է իսկույն գրվել։
Գնդացիրն իր ուսն է առել
Ու Մարտակերտ իսկույն հասել։

Մերթ՝ Մաղավուզ, մերթ՝ Մոխրաթաղ,
Մեծշեն, Օմար ու Գյուլաթաղ,
Ուր եղել է՝ կռվել է նա,
Ուր կռվել է՝ հաղթել է նա։

Ու պարտվել է թուրքը նորից,
Փախել մեր շեն Կոճողոտից...
    24.05.94, Շուրաբադ (ԿՊՇ, գործող բանակ)


ՍՈՒՍԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Իմ հորեղբայր Անդրանիկը
Զոհվել է մարտում,
Պաշտպանելով Հայրենիքիս
Սահմաններն անքուն։

Քա՜ջ է եղել մարտի դաշտում՝
Գնդացրորդ արի,
Կռվել է, որ հի՜ն Արցախիս
Ծուխը չմարի։

Կռվել է ու... հաղթել թուրքին՝
Զոհվելո՜վ անգամ,
Ու գրկել է սիրող մոր պես
Մայր հողը նրան...
    20.05.94, Շուրաբադ (ԿՊՇ, գործող բանակ)


ՄԱՐԻԱՄԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Իմ հորեղբայր Անդրանիկը
Ինձ Մարիամ է անվանել,
Պաշտել է շատ Աստվածամորն
Ու Աստծուն է նա պաշտել։

Բայց եղել է կռիվ մի մեծ,
Ավեր, արյուն ու թալան,
Ու նետվել է նա թեժ մարտի.
- Տեր Աստվածն ինձ պահապա՛ն...

Աստված, սակայն, չի պահպանել՝
Նա զոհվել է այդ մարտում,
Իր արյունով փրկված հողը
Հայավարի է ծաղկում...

...Երբ խաղում ենք ընկերներով՝
Սուտ չեմ խոսում ես բակում,
Միշտ երդվում եմ՝ <<Աստված վկա>>,
Ու երդումս չեմ խախտում...


ԱՆԴՐԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Իմ հորեղբայր Անդրանիկը
Ինձ իր անունն է թողել,
Մեկ էլ՝ փրկված Հայրենիքը,
Որը նա շատ է սիրել։

Եվ զոհել է կյանքը ջահել,
Որ ապրի Հող-հայրենին,
Ու միշտ պարտվի թուրքը վայրի՝
Մեր ոխերիմ թշնամին։

...Ես էլ շուտով կմեծանամ,
Իսկ թե կրկին թուրքը գա՝
Չեմ երկնչի մարտի դաշտում
Լինել քեզ պես, հորեղբա՛յր...


ԶՈՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Կարմիրավանի ավերակները սպասում են իրենց ազատարարներին...

Մենք թոնի՛ր ենք ունեցել,
Մի երա՜զ թոնիր,
Իսկ թոնիրը՝ տաք կողեր
Ու հույսեր կարմիր։

...Թուրքը եկավ ու մեր շեն
Գյուղը ավերվեց,
Եվ արյունից թոնիրը
Էլի՛ կարմրեց։

Գյուղը քանդվեց, չմնաց
Քար-քարի վրա,
Ավերակներ են այնտեղ
Ու մահ է հիմա։

Բայց միշտ կա իմ հուշերում
Թոնրատունը տաք՝
Որպես անցած օրերի
Հուշ ու հիշատակ...


ՆՈՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 Եվ կգա այդ օրը ու դպրոցական Նորայր Բաբայանն իր քրոջ՝ Ռեգինեի
ու եղբոր՝ Զորայրի հետ կրկին կվերադառնա Կարմիրավան...
                       
Հիշո՞ւմ ես, Զորիկ, դու մեր տունը,
Թե ո՜նց էր հաչում բակի շունը։

Կչկչան հավը ածում էր ձու,
Որ առավոտյան ուտենք ես ու դու։

Մեր տունը ո՜նց էր կահավորված՝
Քո մահճակալը, բազմոցը բաց։

Հեռուստացույցը, որ հայերեն
Բառ անգամ չէր էլ արտաբերել։

Փոքրիկ, անվավոր արկղիկը,
Ուր պահում էինք խաղալիքը։

Այն, որ պոկվել էր կափարիչը,
Քեռին նորոգեց, հիշում ես, չէ՞։
                       
Իսկ պահարանը խոհանոցի,
Ուր խաղում էինք պահմտոցի։

Ուր մտնում էինք՝ փակվում ներսից,
Որ երբ թուրքը գա՝ մեզ չտեսնի...

Թուրքերը եկան, տունը թողինք,
Մի կերպ փախանք ու ազատվեցինք։

...Չի էլ մթնում, որ շուտ էլ քնենք,
Գոնե երազում տունը տեսնենք։

Տեսնենք՝ դեռ տե՞ղն է ամեն ինչը,
Չի՞ պոկվել արկղի կափարիչը։

Մեր հավը էլի ձո՞ւ է ածում,
Բայց առավոտյան ո՞վ է ուտում։


ՀԱՅԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ
           
Մռավ սարը մեր չքնաղ՝
Հայացքը՝ երկինք հառած,
Զարդարում է Արցախիս
Հող ու քարերը ծաղկած։

Մռավ սարը մեր սիրուն՝
Ինչե՜ր ասես՝ չտեսավ,
Հայրենիքս ծիծաղկուն՝
Ավերված էլ նա տեսավ։

Մռավ սարը մեր բարի՝
Պահապանն է պատմության,
Մեր դարավոր հառաչի
Ու տրտմության լուռ վկան։


ԱՐԵՎԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Սուտասան է Գայանեն,
Սուտ է ասում ամեն օր.
- Էլ չե՛մ հրի դուռը ձեր
Ու չեմ փախչի, Մարիամի՛կ։

Սակայն հաջորդ օրը հենց՝
Նույնն է անում Գայանեն,
Դուռը հրում մինչև վերջ,
Ու փախչում, որ չբռնեն։

Իսկ քիչ անց ետ է գալիս
Ու՝ թե.
            -Մարիա՛մ, եկ՝ խաղանք...
-Բա չե՞ս ասել, Գայանե՛,
Էլ չե՛ս հրի դուռը մեր...

-Մեղավո՜ր չեմ, Մարիամի՛կ,
Որ հրել եմ դուռը ձեր,
Կարինեն է ասել ինձ՝
Հրի՛ր, բացի՛ր՝ շուտ փախչե՜նք...


ԱՆՈՒՇԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Քամին սարերն է ընկել՝
Պահմտոցի է խաղում։

Երկինքն իր գույնը փոխել՝
Ճերմակ գույն է ստանում։
           
Առուն ո՜նց է հորդացել՝
Երկինքը լաց է լինում։

Ամպը ձորերն է լցվել՝
Ձորերը չեն երևում։

Սարերը պար են բռնել
Իմ հայրենի Արցախում...


ՍՈՒՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Մնա՜ս բարով, Մասի՛ս սար,
Ես գնում եմ Գանձասար...

Նստել ավտոն՝ տուն էր գնում
Երևանից Սանասարը,
Իսկ ավտոյի պատուհանից
Երևում էր Մասիս սարը։

Սլանում էր ավտոն առաջ,
Գալիս էր և Մասիս սարը,
Նայում, անխոս հիանում էր
Ու հրճվում էր Սանասարը։

Բայց որտեղից-որտեղ՝ մի ամպ
Եկավ ծածկեց Մասիս սարը,
Մի տխուր ցավ, մի լուռ տագնապ
Ապրեց փոքրիկ Սանասարը։

Իսկ երբ ամպը անցավ նորից՝
Հանկարծ լսեց Սանասարը.
- Տեսա՞ր, էլի հասա ես քեզ,-
Հպարտ ժպտաց Մասիս սարը։


ԱԼՎԱՐԴԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Դեռ փոքրիկ է Լիլիթիկս՝
Հազիվ երկու ամսական,
Կծկվում է ցավից սիրտս,
Երբ լացում է այնպես շատ։

Կչկչում է մեկ էլ հանկարծ,
Բայց նորից է նա լացում,
Երբ տեսնում է իր ծծակը
Արմանիկի բերանում։


ՍԻՐԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Փաթիլները լուռ իջնում են՝
Այնպե՜ս հանգիստ,
Այնպե՜ս դանդաղ,
Կարծես նրանք
Երա՜զ լինեն խորհրդավոր,
Որ իջնում են
Լուռ... պարելո՛վ...

Փաթիլները լո՜ւռ են իջնում
Ու ներկում են
Դաշտ ու անտառ՝
Միայն
Ճերմա՜կ երանգներով։


ԳՈՀԱՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Ձյունը հալվեց,
Առուն լցվեց,
Առուն տարավ գետակին,
Իսկ գետակը
Շնկշնկալով
Վազեց գետը մոտակա։

Գետը տեսա՜վ,
Ուրախացա՜վ,
Փարվեց սիրով գետակին,
Իսկ գետակը
Ուրախությամբ
Փարվեց գետին մոտակա։

Ուրախության
Արցունքն աչքին
Գետը հասավ ծովերին։
Ձնծաղիկն էլ
Հողից ելավ ՝
Գարո՜ւն բացվեց աշխարհին...


ՌՈՒԶԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Ի՞նչ է, արդյոք, պատահել
Անդրանիկին, չգիտեմ,
Ո՛չ խնդում է, ո՛չ խաղում,
Ո՛չ թռչկոտում, ո՛չ պարում։

Հոպ, հոպ՝ այդպես, դե՝ խաղա,
Սիրտս սիրուց թող դողա,
Խնդա՜, խաղա՜, լա՜վ բալիկ,
Սի՜րտս ձեռքիդ խաղալիք։


ՆԵԼՍՈՆԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Գարո՜ւն է եկել,
Վարդ ու ծաղի՜կ է բերել մեզ համար,
Ցող ու շաղի՜կ է բերել մեզ համար,
Երգ ու տաղի՜կ է բերել մեզ համար։

Գարո՜ւն է եկել,
Մեզ համար թովիչ երա՜զ է բերել,
Մեր սուրբ իղձերին բարի կատարում
Ու ջերմ սրտերին բերկրա՜նք է բերել։

Բերել է՝ ինչ որ ունի նա պահա՜ծ,
Մեզ համար ինչ որ ունի նա շահա՜ծ։
Մի ամբողջ տարվա կարոտից ծնված
Գարո՜ւնն է եկել...


Իմ պապը Խաչունց Անդրին է


ԻՄ ՊԱՊԸ
           
Իմ պապը Խաչունց Անդրին է,
Ականջս նրա կանչին է։
           
Փոքրիկ չեմ, ես մեծ եմ արդեն,
Ու պապիս տեղն էլ լավ գիտեմ։
           
Անտառն է գնացել՝ փայտի,
(Անտառի տեղն էլ է հայտնի)։
           
Գնացել ու ետ չի գալիս՝
Ձեն ու ձուն չկա անտառից։
           
Ի՞նչ անեմ, սպասե՞մ, կգա՞,
Թե՞ գնամ պապիս ետևից։


ԱԿԱՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ

-Ասա՛, Մարիա՛մ,
Թե քեզ տամ
Երկու խնձոր,
Երեք տանձ,
Երկու տանձը
Ետ ինձ տաս՝
Քեզ քանի՞սը
Կմնա...

- Վա՜, երկուսը
Ետ քեզ տամ,
Որ մի հա՞տը
Ինձ մնա...


ՍՈՒՍԱՆԻ <<ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ>>
                       
Սուսանը ծամոն ծամելիս
Նայում ես՝ ծիծա՜ղդ է գալիս.
Ծամում ու շուտ կուլ է տալիս։
                       
Նայում է Սամվելը նրան խեթ,
Իսկ քույրը՝ թե.
                        - Ի՞նչ է, եղբա՛յր,
Ծնոտս մեղքդ չի՞ գալիս...

  
ՍԱՄՎԵԼԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ

-Ծառի վրա՝
Երեք ճյուղ,
Ամեն ճյուղին՝
Երեք շյուղ,
Ամեն շյուղին՝
Երեք ծիտ,
Բոլորն իրար
Շատ մոտիկ։

Երկու ճյուղի
Ծտերը
Թռան իրենց
Բները։

Ծառին քանի՞
Ծիտ մնաց...
Հաշվեց Սուսանն
Ու ասաց.

- Ես դա գիտեմ,
Սամվելի՛կ,
Ծառին մնաց
Իննը ծիտ...

...Ինչպե՞ս հաշվեց
Սուսանը,
Երբ դեռ փակ էր
Մառանը,
Իսկ մռռանը՝
Դռռանը...
  

<<ԱՄԱՉԿՈՏ>> ԱՐԱՐԱՏԸ
             
-Մեծ տղա է դառել արդեն
Մեր հարևան Արարատը,
Բայց անցնելիս չի բարևում,-
Դժգոհում է Արշակ պապը։

- Ո՞նց բարևի, քեռի՛ Արշակ,
Ամաչում է նա երևի,
Քաղել է ձեր խաղողը խակ՝
Ի՞նչ երեսով էլ բարևի...
    21.07.93, Ստեփանակերտ

<<ՄԻԱՄԻՏ>> ԱՐԵՎԻԿԸ

-Ցուրտ է դրսում,
Բա չե՞ն մրսում ծառերը,-
Զարմանում է
Չարաճճի Արևը։
                       
- Դե, ծառերը
Ինչպե՞ս կարող են մրսել,
Չէ՞ որ ճերմակ
Ձյունե մուշտակ են հագել...
    12.07.93, Ստեփանակերտ


ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ
            Գյուղական ուսուցչուհի
                 Նորա ՂՈՒԼՅԱՆԻ հիշատակին

 Փոքրիկ էի, անհոգ մանկիկ,
Երբ ինձ դպրոց բերին,
Դու քո սրտի հուրը տվիր
Իմ՝ դեռ մանուկ սրտին։

Թևեր առել քո տվածով՝
Հեռուներ եմ թևել,
Իմ առաջի՜ն ուսուցչուհի,
Իմ չմարող արև...

ՀԱՄԼԵՏԻԿԸ
         Անուշ Իսրայելյանի հիշատակին

Մեկ ամսական Համլետիկը
Այդպես էլ բան չհասկացավ,
Թե ո՜նց հանգավ իր տատիկը,
Թե ո՜նց կյանքից նա հեռացավ։

Դեռ կպատմի Համլետ պապը,
Երբ մեծանա թոռը մի քիչ,
Թե ինչպես էր Անուշ տատը
Սիրում, պաշտում Համլետիկին...
    10.11.06, Ստեփանակերտ
  
ԴՊՐՈՑԱԿԱՆԸ
                       
Էլ փոքրիկ չէ Նորիկը,
Դպրոց է նա հաճախում,
Եվ չի ցավում փորիկը,
Երբ խակ խաղող չի ուտում։
                       
Իզուր դես-դեն չի ընկնում՝
Շարում է իր գրքերը,
Նստում մինչ ուշ երեկո՝
Սովորում է դասերը։
    21.03.93, Ստեփանակերտ


ԷԴՈՒԼԻԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Գիտեմ, որ շատ չար մարդիկ կան
Այս աշխարհում,
Բայց ուզում եմ բարի մնալ
Ես իմ կյանքում։

Դու է՛լ բարի եղիր, Գևո՛րգ,
Բարին արա,
Որ բարի գործ սիրողը քեզ
Չմոռանա։


Ի՞ՆՉ Է ՍԻՐՈՒՄ ՌԵԳԻՆԱՆ

Ես գարո՜ւնն եմ սիրում,
Ես կանա՜չն եմ սիրում,
Սիրում եմ, երբ հանդում
Գարունը ծաղկո՜ւմ է։

Երբ ծաղկո՜ւնքն է բուրում,
Երբ կանա՜չն է բուրում՝
Իմ հոգին դյութվո՜ւմ է,
Իմ հոգին ժպտո՜ւմ է։
           
Սիրո՜ւմ եմ, սիրո՜ւմ եմ,
Երբ անհուն երկնքից
Ժպտո՜ւմ է, հրճվո՜ւմ է
Մայիսյան արևը։

...Ես գարո՜ւնն եմ սիրում,
Ես կանա՜չն եմ սիրում։


ՍՈՍԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
                       
Թող հավերժ կանաչ լինի
Առվա՜կ իմ, քո եզերքը։
           
Ու թող քո երգին խառնեմ
Իմ փոքրի՜կ սրտի հևքը։

Ախր ինձ կախարդում է
Քո քնքո՜ւշ-անուշ երգը...


ԹԱՐԹԱՌ

Դու գալիս ես հեռուներից
Ու խոսում ես, խոսում անվերջ
Հպարտ ու վեհ մեր լեռներից՝
Քո քչքչան երգերի մեջ։

Ու բացվում է, ահա, քո դեմ
Իմ հայրենի գյուղը ծաղկուն,
Քեզնով է նա, ես այդ գիտեմ,
Շնչում, ապրում իմ Արցախում։


ՀՐԱԺԵՇՏԻ ԶԱՆԳ

Հավաքվել ենք դասարանով,
Դպրոց եկել նորից,
Բայց այս անգամ մեր սրտերում
Տխրություն է, թախիծ։

Զանգն է հնչում հրաժեշտի,
Հուզվում ենք ու տխրում,
Մեր համատեղ վերջին պահն է
Զանգն այս ազդարարում։

Հնչիր ուժգին, զիլ ղողանջիր,
Դպրոցական մեր զանգ,
Քո ղողանջի ներքո այսօր
Մենք մտնում ենք նոր կյանք։

Սակայն ուր էլ, ուր էլ լինենք`
Քո ղողանջում միշտ կանք...
    21.01.12, Ստեփանակերտ


ՍԱՄՎԵԼԻ ԵՐԴՈՒՄԸ

Աշնանային այս սո՜ւրբ առավոտյան
Երդվում եմ, որ միշտ ու հավատարիմ
Պիտի ծառայեմ իմ Հայրենիքին։
           
Ու թե հարկ լինի՝
Ես քաջի մահով նաև կզոհվեմ,
Միայն թե հավերժ գարնան կարկաչով
Ու խինդով օծվեն
Արցախիս կապո՜ւյտ առավոտները...


Իմ թոռնիկները

ՔԱՂՑՐԻԿԸ
          
Մայրիկիս անունը կրող Ելենա քաղցրիկ թոռնուհուս

Քաղցրիկն արդեն մեծացել
Ու քայլում է արդեն, տե՛ս։

Մի քայլ անի՝ դեպի ետ,
Մի քայլ անի՝ դեպի ինձ,
Քայլ-քայլ գա ու մոտենա,
Կատարեմ՝ ինչ կամենա,
Նստի՝ ձիու պես քշի,
Կամ՝ մազերից քաշքշի,
Բոլոր ցավերը տանեմ,
Ու... նույնիսկ ձայն չհանեմ,
Որ... նախանձող չլինի,
Աչքով չտան հանկարծ... մեզ։

...Փոխարենը՝ նաև ձեզ։

    25.02.11, Ստեփանակերտ


ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՔԱՂՑՐԻԿԸ

Երբ որ մի քիչ մեծանամ,
Ես էլ դպրոց կգնամ:

Տատիս ակնոցը դնեմ,
Դպրոցում լավ սովորեմ:
Կարդամ պապիս գրքերը,
Որսամ նրա մտքերը...

...Քաղցրիկն եմ ես, Քաղցրիկը,-
Պապիս անուշ բալիկը:

20.01.12, Ստեփանակերտ


Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ՔԱՂՑՐԻԿԸ

Հապա նայեք Քաղցրիկին՝
Ո՜նց է հակվել սեղանին,
Գրիչը ձեռքն է առել,
Թղթերն իրար է խառնել։

Կողքից ուզում եմ նայել,
Բայց դեռ բան չեմ հասկացել՝
Թղթին ի՞նչ է խզբզում,
Նկարո՞ւմ է, թե՞ գրում։

Իսկ Քաղցրիկն էլ.
                    - Հապա տե՞ս,
Նման չե՞մ ես միթե քեզ,
Ես ուզում եմ սովորել,
Եվ անունս ճիշտ գրել։

Տե՞ս, գրել եմ ես, ապա*,
Իմ գրածը ճիշտ կարդա։

30.03.12, Ստեփանակերտ
_____
   * Ապա - պապի (Արցախյան բարբառով)


ՓՈՔՐԻԿ ԱՆԻՆ
            33 օրական թոռնուհուս՝ Անիին
Դեռ բարուրում է փոքրիկ Անին,
Ու չգիտե նա դեռ ոչ մի բառ,
Կարողանում է միայն նայել,
Կարողանում է միայն ժպտալ։

Ու երբ մեկ-մեկ էլ լաց է լինում՝
Եղբայրը պիտի դառնա հենակ,
Գարիկը մոտից չի հեռանում,
Քրոջը ինչպե՞ս թողնի մենակ։

12.01.12, Ստեփանակերտ


ԵՂԲԱՅՐԸ

Մայրը չգիտեր, թե ինչ անի`
Հիվանդացել էր փոքրիկ Անին,
Ցավը սեղմել էր մեծ ու փոքրին,
Գարիկը եկավ, կանգնեց կողքին,
Ու քրոջը` թե` մի վախենա,
Բժիշկը ծակի` անցկկենա։

12.01.12, Ստեփանակերտ


ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՅՐԻԿԻՍ

Ինչպես լուսինն ամպերում`
Թաքնվում է մոր գրկում։

Պապն է քաշում՝ չի գալիս,
Տատն է կանչում՝ չի գալիս։
 
Մորաքույր ու մորեղբայր,
Ամեն մեկը՝ իր համար,
Շա՛տ են նեղում Գարիկին։
 
Իսկ Գարիկը մայրիկին
Պինդ պահում է իր գրկում.
- Ես ոչ մեկիդ չեմ ուզում,
Ես մայրիկիս եմ սիրում...
    12.01.12, Ստեփանակերտ


ՍԵԳՈՒԼԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Մի մեքենա ու չորս ակ՝
Իսկույն հասանք Դպրաբակ։

…Բայց քանի որ մեքենան
Գլորվելով էր գնում՝
Էլ ակերն ի՞նչ է անում։

    11.12.2016, Դպրաբակ

 
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Երբ պապիկ ես դառնում՝
Մանկանում ես մի քիչ,
Թոռնիկներիդ հետ ես
Կյանքդ կապում։

Մանկանո՞ւմ ես իրոք։
Հասկանո՞ւմ ես արդյոք՝
Դու հիմա էլ...
Ինքդ քեզ ես խաբում։

    07.03.12, Ստեփանակերտ