Jump to content

Չափանիշների անտեսումը հոգեւոր արժեքների կորուստ է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՏԵՍՈՒՄԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ Է

Ատելությունը, թշնամու եւ հաճախ՝ իրար հանդեպ, չպիտի կարողանա մեզ սիրող մարդուց, ընդհանրապես, վերածել ատողի։ Դա թշնամու ուզածն է։ Իրար ատենք՝ հայրենիքը չի սիրվի։ Էլ չեմ խոսում այն մասին, որ երբեմն սլաքներով ուղղորդում ենք մեր սրտին նշան բռնված թշնամական գնդակները։ Թշնամու դեմ գնալիս վահան ենք դարձնում ժողովրդի սերը, բայց թիկունքի վերքերից քի՞չ ենք զոհվում։ Մեր մեջ մի վատ գիծ էլ է աջակցում մեր ուղուն. մեր դեռեւս ինքնորոնման մեջ գտնվող ժամանակի, մեր ինքնորոնման մեջ գտնվող հասարակության, մեր ինքնորոնման մեջ գտնվող գրականության մեջ կորցնում ենք այն չափանիշները, որ հազարամյակներում ենք ձեռք բերել։ Տեղի է ունենում լավի ու վատի համահարթեցում։ Տաղանդը բոլոր ժամանակներում էլ մնում է տաղանդ։ Խորհրդային տարիներին՝ Զորյանի, Շիրազի, Սեւակի կողքին աննշան մնացածներն այսօր իրենց «չերեւալու» մեղքը բարդում են խորհրդային կարգերի վրա՝ հետին թվով հերոսանալով... Չափանիշների անտեսումը հոգեւոր արժեքների կորուստ է։ Ամեն առումով։

Այստեղ, իրար կողքի կանգնած, իրար չենք սիրում, ավելին՝ տանել չենք կարող իրար, բայց Լոս-Անջելոսից կամ մյուս Անջելոսներից մինչ Հայաստան ու Արցախ իրար պաշտում ենք։ Որքան իրարից հեռու՝ սերն այնքան մեծ է։ Կարոտ ենք ստեղծում՝ իրարից հեռանալով, կարոտով ապրում։ Սա դառնում է ազգային հատկանիշ, ցավոք։ Կարոտը մաքրելու ուժ ունի, դեմ չեմ, բայց սովորենք իրար կարոտել նաեւ իրար կողքի։ Մինչդեռ, երբ նայում եմ պարբերական մամուլին, ուր գաղափարական վեճերը երբեմն վերածվում են հայհոյաբերան տեղատարափների, նախնադարը մատնացույց անող քարակռվի, զգում եմ, որ հեռանում ենք ինքներս մեզանից, ժողովրդից, ասել է թե՝ ընդհանուր ցավից փախս ենք տալիս, մոռանալով, որ երբ ձագերն իրար ուտում են, ուրեմն՝ ուտում են իրենց մորը։


***

Գրական-գեղարվեստական խոսքի, մեր ստեղծածի մակարդակի մասին։ Վերջին տասնամյակները որական որոնումների առումով, հետաքրքիր են. եվրոպական առաջադիմական սկզբունքները կիրառվում են նաեւ մեզանում։ Կատարվել է բառի հեղափոխություն՝ ի դեմս Հովհ. Գրիգորյանի, Հ. Էդոյանի, Ա. Հարությունյանի, Հ. Սարուխանի, Է. Միլիտոնյանի, Դ. Հովհաննեսի, Հր. Թամրազյանի, Ա. Մարտիրոսյանի եւ ուրիշների։ Բոլորին չնշեցի։ Կա՛ն շնորհալիներ։ Բայց անցյալին կառչած, դեռեւս չենք կարողանում անվերապահորեն ընդունել գեղագիտական հեղափոխությունը, մեր ոտքերից ետ ձգող պարաններն ինքներս ենք հաճախ հյուսում։ Ես չեմ ասում ծայրահեղությունների դիմենք, թեպետ առանց դրան էլ, պատմությունը ցույց է տալիս, չենք կարող յոլա գնալ։ Նոր մտածողությունն ու նոր բառը, նոր աշխարհայեցողությունն ու փիլիսոփայությունը չեն կարող մեր ոչ թե հին (հինը ընդունելի է տվյալ դեպքում), այլ հնացած-փտած արմատների վրա բարձրանալ։ Պիտի նորանանք ոչ միայն սաղարթով, այլ հին արմատների նոր դալարումներով. սա է գլխավորը։ Առանց նորի ավանդականը մահանում է։ Եթե ասպարեզ մտնող գրողի մեջ Թումանյանը չի նորացվում՝ չհնանալով հանդերձ, դա ոչ թե Թումանյանի, այլ նոր եկողի մահվան նշանն է։


***

Ձեւը վերցնելը հեշտ է, ոգու գործն է դժվարինն ու էականը։ Ձեւով տարված՝ մեր ոգին տանուլ չտանք։ Վերջին տասնամյակում գրական քիչ, չգոյության աստիճանի, քիչ գործեր կարելի է հիշել, որոնց մեջ ոգին ամուր է՝ իր հայկականությամբ, իր անցյալ ու ապագա ճանապարհների տառապանքով։ Անսեր երգերը, ի վերջո, մեխանիկական տարրերի բացիլակիրներ են հոգեւորի մեջ, որոնք Ադամի եւ Եվայի սիրո գեղեցիկ ծեսը վերածում են պոռնկասեքսի, հոգեւոր մարդուն օտարում մարդուց, նրա մեջ թողնելով միայն մարմինը։ Հոգեւորի կորուստը, անշուշտ, ինքնաոչնչացման պայման է։


***

Մեր գեղարվեստական իրականության մեջ թարմացումը իրական դարձավ հակտապես թարգմանականով։ Ահա թե ինչու պատշաճը պիտի հատուցել եւ վերհիշել այս ասպարեզի երեւելի մեր գրողներին, թարգմանիչներին։ Նրանք որակ ու մակարդակ են ապահովում։ Սակայն այստեղ ես կարեւորում եմ մի էական հանգամանք. մեր կացութաձեւը, եվրոպական դարձնելով՝ մենք չենք կարող եվրոպացի դառնալ, իսկ եթե մեր ասիացի լինելուց հրաժարվենք, այլեւս ոչ մի տեղացի չենք կարող լինել ընդհանրապես։ Ինչ եմ ուզում ասել։ Եվրոպացու գործը թարգմանելով, այն պիտի մեզ համար ազգայնացնենք, ազգային արժեք դարձնենք, ոչ թե նրանք թարգմանելով` մենք եվրոպացի դառնանք։ Առաջին մեր թարգմանիչը Մաշտոցն է։ Դեպի Մաշտոց գնալով՝ չհեռանանք Մաշտոցից, ընդհակառակը՝ Մաշտոցից հեռանալով՝ մոտենանք Մաշտոցին։

Այսպես։ Առնվազն տարակուսանք է պատճառում՝ Դոստոեւսկու «Դեւերը» հրատարակիչ չի գտնում մեզանում։ Սա հանցագործություն է, եթե ոչ կոնկրետ որեւէ մեկի, ուրեմն՝ բոլորիս կողմից, աններելի է։ Այո՛, չափազացություն չէ ամենեւին Րաֆֆու խոսքը՝ մի լավ գիրքը ազգ է փրկում։ Պատշաճը պիտի հատուցել Ռուբեն Հովսեփյանին, «Հարյուր տարվա մենությունը» հայերենացրեց։ Դրանից առաջ՝ Կարպիս Սուրենյանին՝ Դոստոեւսկուն մեր ազգային արժեքը դարձնելու համար։ Այս ասպարեզում անուրանալի է Արմեն Հովհաննիսյանի կատարածը։ Քիչ չեն եւ նորերը։ Հիշենք Հ. Էդոյանի («Հին արեւելքի պոեզիան»), Ա. Հարությունյանի («Ընտրանի ամերիկյան եւ անգլիական պոեզիայի») թարգմանությունները։ Առաջխաղացում այս ասպարեզում կա։ Բայց եւ, այդուհանդերձ, ինչո՞ւ մի լավ երաժշտական գործը (խոսքը ժամանակավրեպ ինչ-որ մոդեռն խաղի մասին չէ) միանգամից մեր հոգեւոր կյանքի մեջ է մտնում, իսկ գրականության մեջ առնվազն տարիներ, տասնամյակներ, հարյուրամյակներ են պահանջվում, որպեսզի այս կամ այն նորույթը հասնի հայ ընթերցողին։ Այո՛, հարցադրման իմաստությունը ավանդական է՝ առանց ազգայինի չկա համշխարհային, բայց համաձայնենք Սարինյանի հետ, որ համաշխարհայինը կեղծ կատեգորիա է, եթե չի ազդում ազգայինի որակի վրա։ Համաշխարհային արժեքներին դիմելով, մենք ավելի ենք խորանում մեր ազգայինի մեջ։ Եվ սա բնական է։ Մեր գեղարվեստական մտքի մեջ կատարված թարմացումը, որի հիմքում ազգային-ազատագրական շարժումն ու դարակազմիկ իրադարձություններն են մեր ժողովրդի կյանքում, չի կարելի չընդգծել «Գարունի» եւ «Ապոլոնի» նպատակամետ գործունեությունը, որի ակունքում կանգնած է Լեւոն Անանյանը։ Մեր զարգացումը սկսվում է մեր գրից, մեր գիրը՝ հանրահայտ «Ճանաչել զիմաստությունից...»-ից։ Աշխարհը յուրացնենք, որ մեր աշխարհը մերը լինի։ Այստեղից է սկսվում հայտնությունը (ապոկալիպսիս) մեր գիտակցության մեջ։


***

Սարոյանը ասում էր՝ ես կսիրեմ մեր պատերազմները։ Արցախյան համահայկական շարժման, մեր գոյամարտում հաղթանակած հայ զինվորի մասին ոչինչ չի գրվել։ Ոչինչ։ Կամ՝ համարյա ոչինչ։ Ասում են՝ պիտի նստվածք տա, դեռ կգրվեն արժանի գործեր։ Համաձայն եմ, ճշմարտություն կա այդտեղ։ Բայց եւ այնպես, իսկ այսօ՞ր։ Մի՞թե Դեմիրճյանի, Զորյանի կամ Զարյանի համար «նստվածքի» հարց չկար, երբ նրանք ձեռնամուխ եղան պատերազմական թեմաներով մոնումենտալ գործերի ստեղծմանը։ Մի՞թե հայ մարդն էլ պատմական «նստվածքի» կարիք ունի, մի բան, որով նա, ցավոք, այնքան հարուստ է։ Մեր օրերի հայ զինվորը երեւույթ է եւ սպասում է գեղարվեստական իր կերպարի կերտմանը, առանց որի մեր ազգային մտքի գեղարվեստական պատկերասրահը շատ աղքատ է ու անհաղթանակ։


***

Թող տարօրինակ չթվա, տեսեք՝ ծնվածների հոգսը քաշեցինք, հիմա էլ չծնվածների պրոբլեմն ենք առաջ քաշում։ Ավելի շատ հայ երեխաներ այսօր զրկված են Հայաստանում ծնվելու իրավունքից։ Քիչ չեն եւ նրանք, ովքեր ընդհանրապես զրկված են ծնվելու իրավունքից, քանի որ նրանց ծնողները անազատության մեջ են՝ դա լինի բանտային, սոցիալական, քաղաքական, թե այլ տեսակի։ Սա եւս ազգային խնդիր է, գրականության խնդիր՝ բավականին նուրբ։ Հենց այստեղ էլ մեջ է գալիս գաղթեղեռնի հարցը։ Գաղթեղեռնը դարձել է մեր «գորդյան հանգույցը»։ Այն միայն թեմա չէ մեզ համար։ Ինչպե՞ս է գրականությունն անդրադառնում դրան։ Երբ փախստական է հայն Ամերիկայում կամ Ռուսաստանում, սա ինչ-որ կերպ հասկանում ես՝ չընդունելով հանդերձ, երբ Հայաստանում է հայը փախստական, սա արդեն, մեղմ ասած, աբսուրդ է։

Մեկ այլ պրոբլեմ։ Պետությամբ իրավական լինելուց հեռու ենք, բայց գոնե օրենսդրական դաշտի մեջ պիտի տեղավորել, թե ինչու հայրենիքին ծառայելը բանակում ամեն մեկիս պարտքն է պարտադիր, բանակից հետո՝ ոնց կուզես, լքիր թեկուզ նեղության մեջ հայտնված հայրենիքդ, քո գլուխը փրկիր, բանակից հետո հայրենիքին պարտք չունես, ավելին, հայրենիքն է քեզ պարտք, քո ետեւից պիտի գա ու քեզ՝ հսկի, որ Ամերիկաներում հանկարծ քեֆիդ չդիպչեն։


***

Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ շա՞տ չենք անտարբեր դարձել շրջապատի ու մեր աշխարհի հանդեպ։ Ազատությունը, որի մասին հաճախ ենք խոսում վերջերս՝ ամենատարբեր մակարդակներով, աստվածաշնորհ պարգեւ է, բայց ինչպե՞ս ենք օգտվում նրանից, ինչպե՞ս էր այն «կիրառվում» երեկ Շիրազի կամ Սեւակի, Եսենինի կամ Պաստեռնակի, Չարենցի կամ Բրոդսկու կողմից նույն այդ սովետի օրոք՝ երբ ազատ չէր երկիրը, ինչպե՞ս է «կիրառվում» այսօր ազատությունը մեր կողմից, երբ երկիրը ազատ է... Ասել է թե՝ ազատությունը գրողի համար ներքին հատկանիշ է, կարող է անգամ ազատ երկրում արվեստագետը չլինել ազատ, եթե... այդ շնորհը իր ներքին շարժման պայմանը չէ... Ազատությունը տաղանդ է հենց։ Իսկական տաղանդներին տեր կանգնենք։ Թեկուզ՝ սիրով։ Խոստովանենք, միշտ չենք գտնվում «բարիկադների վրա»։ Սա, արդյո՞ք, չի նշանակում, որ մեր մեջ արդեն արմատ է նետել հայկական (դիֆերենտիզմը) անտարբերականությունը, որից այնքան զգուշանում էր անզուգական Տերյանը։

Հաճախ ենք նշում՝ ընթերցողը օտարվել է գրքից։ Բայց չէ՞ որ դա ազնիվ վիճակ է։ Եվ այդքանով՝ ընդունելի։ Միաժամանակ՝ խրախույս՝ լավի ստեղծման։ Երեկ, խորհրդային կարգերում, գիրքը շատ դեպքերում տան զարդ էր, կեղծ պահվածքի մասնակից, հիմա դրությունը հստակվում է։ Այնքան դժվարին ժամանակներում Շիրազի, Սեւակի, Մաթեւոսյանի ստեղծած ընթերցողին մենք չկարողացանք պահել եւ դրանում մեղավոր են ոչ միայն ժամանակի սրընթաց վերուվարումները, դարակազմիկ իրադարձությունները, այլեւ առաջին հերթին՝ գրողները։ Ինչո՞ւ։ Մտածենք՝ ինչո՞ւ։


***

Քննադատություն, թող ներվի, չունենք, կամ՝ համարյա չունենք։ Երբեմն եղածը չենք տեսնում, չեղածը տեսնում ենք։ Երբեմն, եղածը չտեսնելուն տալով, կարծում ենք, թե չկա։ Հայոց հազարամյակների ամենաակնառու երեւույթներից է (Նարեկացի, Թումանյան, Իսահակյան, Չարենց...) Հրանտ Մաթեւոսյանը։ Երջանկահիշատակ Սուրեն Աղաբաբյանից հետո ոչ մի փորձ չի արվել մեր արձակի այդ աննախադեպ երեւույթը գիտականորեն բացելու ուղությամբ, չէ՞ որ դա մեր անցնելիք ճանապարհից թելադրվող ինքնաճանաչման անհրաժեշտություն է։ Մինչդեռ մամուլը՝ գրական եւ ոչ գրական, լի է միջակությունների բարեբանումով։ Դեռ չեմ խոսում մեզանում գոյություն ունեցող այն ախտի մասին, երբ որեւէ մեկը դեռ մի լուրջ գործ չստեղծած՝ գալիս եւ տեղ ու տարածք է ուզում, մոռանալով, որ տեղ-տարածքը որեւէ մեկը չի տալիս, իր ստեղծածի մեջ պետք է բերի ինքը՝ ընդլայնելով հոգեւոր հայրենիքի սահմանները, ոչ թե պահանջի։ Նորով ուղեկցվենք, բայց մեզ առաջնորդողը Տերյանի «Հոգեւոր Հայաստանի» ավանդական դասը լինի։


***

Ընթերցողը հոգնել է հարթագրությունից՝ անդեմ, անհոգի։ Բառը գրողի կերպարի կրողը պիտի լինի եւ պահի հոգեբանական պատկերը։ Գրողի ծաղրն են ճմրթված, քամված, ծոցից-ծոց անցած բառերը։ Բառը՝ եթե քեզանով չես լիցքավորում, ուրեմն՝ այն արդեն դատարկված պարկուճ է՝ առանց վառոդի, իզուր ես խցկում հրազենի փողի մեջ, չի պայթելու, չի կրակելու։ Հազար վերմակ մաշած մտքերը ո՞ւմ են պետք. առավել եւս՝ մեղսագործություն է, երբ մեր երիտասարդ օժտվածները նույնիսկ «գրական առագաստների» մեջ են մտնում նրանց հետ. ինձ անհանգստացնողը առողջ սերնդի ծնունդն է, մեր գալիքը։


***

Բանաստեղծությունը ազատություն է։ Տաղաչափությունը եւ մտածողությունը, ձեւը եւ բովանդակությունը պիտի ներկայանան լեզվի եւ ոգու ընձեռած անսահմանության մեջ, նրանց ողջ սերմի վրա։ Ես գտնում եմ, որ մեր բանաստեղծությունը պիտի երկրի պտույտներին հակառակ գնա, որ... համընթաց լինի նրան։ Սա որքան էլ պարոդոքսալ հնչի, այնուամենայնիվ, ճշմարտություն է։

2003թ.