Jump to content

«Աշխարհն ամփոփում եմ իմ մեջ եւ ներանձնանում...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՇԽԱՐՀՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԵՋ ԵՎ ՆԵՐԱՆՁՆԱՆՈՒՄ...»

Սերգեյ Սարինյանը բարդ երեւույթ է։ Անընդգրկելի։ Եվ երբ արդեն գրիչ եմ առել գրելու նրա մասին, զգում եմ նյութի հաղթահարման դժվարությունը։ Նախքան իմ խոսքը սկսելն, ահա, նրա ձայնն ինձ ընդհատում է թալեսյան ժամանակների հարցով. «Ինչի՞ մեջ է սկզբնապատճառը», ապա խոսքի մտերմիկ ելեւէջներում նշմարվում է շեշտը՝ Շոպենհաուերը ճիշտ է նկատել, որ փիլիսոփայությունը գիտություն լինելուց առաջ արվեստ է, այնուհետեւ դառնում է ի՞նձ, թե ինքն իրեն՝ ո՞ւր է գնում ժամանակակից բանաստեղծությունը։ «Կարդացե՞լ ես Հեգելի «Ոգու ֆենոմենոլոգիան»։ Արդեն հստակ ինձ է դիմում։ Մի պահ կանգ առնելուց հետո կարծես արձագանքում է Ռասելին՝ ամեն ինչ ոգի է։ Պլատոնից, «ունիվերսալիաներից» գալիս-հասնում է Այնշտեյնի հարաբերականության տեսությանն ու Վիկտոր Համբարձումյանի հակադարձ խնդիրների օրենքին, Արսեն Տերտերյանի գիտական համակարգերին ու սիլլոգիզմներին, անցնում «ամբողջ հայ գրականության մեջ հետչարենցյան շրջանի խոշորագույն դասական» Հրանտ Մաթեւոսյանի գեղագիտությանն ու Հովհաննես Գրիգորյանի տաղանդի «բացառիկ թռիչքին»... Ինձ մնում է, առանց մի բառ անգամ արտաբերելու, հետեւել նրան ու տեսնել, թե ինչպես է ալեհեր ու իմաստուն գլուխը խոնարհում հայրենի Սպիտակ աղբյուրի վրա ու դեմքը օծում ճերմակ-ճերմակ ջրերի մեջ։ «Քանի տարեկան կլինի Սպիտակ աղբյուրը» հարցս փակում է իր անառարկելի պատասխանով. «Աղբյուրը տարիք չի ունենում»։ Եվ ես սկսում եմ նրան տեսնել Սպիտակ աղբյուրի նկարագրի ու պատկերի մեջ՝ անաղարտ, անտարիք, մաքուր-երեխայական, իմաստուն-մարգարեական, անպաշտպանության հասնող զուլալությամբ ու անսպառ, առաջին հայացքից անհաղորդ թվացող պահվածքի տակ՝ անասելի նուրբ, մարդամոտ ու քնքշահոգի։ Դառն ու ձեռնթափ մի ժպիտ կախվում է օդում. «Անցյալ տարի Արզումանյան Սեւակի հետ էինք այստեղ»։ Դժվար է, իհարկե, հետեւել նրա մտքի սլացումներին, սահմանել հուզմունքի ու տրամաբանության պարագծերը։ Լռությունը, որ այդ պահին նրա ինքնասուզումն էր հուշել, ընդհատում է ինքը. «Արցախն այժմ մեր հայոց գոյության խորհրդանիշն է»։ Մտքի ճանապարհներն անկռահելի են։

Սարինյանի հետ, անկեղծ ասած, իմ զրույցներն անընդհատական են, դրանք շարունակվում են անգամ իր բացակայությունների ժամանակ։ Եվ նրա մասին խորհելիս, մշտապես հիշում եմ Պոլ Վալերիի խոսքը աշխարհահռչակ դեմքերից մեկի մասին՝ գրված Վ. Գյոթեի առիթով («Գյոթե. ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս»), որն էլ ուզում եմ մեջբերել փոքր-ինչ ձեւափոխած, սակայն՝ պահելով երեւույթի գնահատման մոտեցումն ու տրամաբանությունը, ըստ որի Սարինյանը մեզ թվում է հնադարից եկած, ինչպես, ասենք, Խորենացին է թվում ժամանակակից, քանզի թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ կարող են հայտնվել ու գործել բոլոր ժամանակներում, նրանց հզոր ու ճշգրիտ երեւակայությունը «չի ճանաչում իրեն խոչընդոտող ավանդույթներ, իսկ ինչ վերաբերում է նորույթներին, ապա դրանցից գլուխ է հանում»։

Երբ հայացք եմ ձգում Սարինյանի անցած ուղուն, նախնական զգացումը, որ ունենում եմ, հետեւյալն է՝ մի՞թե նա էլ շարքային բանասերի կարգավիճակով թեկնածուական է պաշտպանել, ապա՝ դոկտորական, ապա... Ճիշտն ասած, այս խնդրում ես ավելի համամիտ եմ Հրանտ Մաթեւոսյանի հետ։ Նա Սարինյանին համարում է «ի ծնե ակադեմիկոս-գրականագետ»։ Եվ դա այդպես է։ Հրանտ Մաթեւոսյանը գրում է. «Նրա ու նրանց (նկատի ունի Սարինյանի սերնդակիցներին-Վ.Հ.) լուրջ, երկրի ու իրենց ժամանակի պատվախնդրությամբ պատվախնդիր հայացքի ներքո երկրի հասարակական-քաղաքական, գրական-գրականագիտական միտքը հայտնաբերեց մեր այն ու այնքան կայունորեն ճշմարիտը, ինչը մեզ ազգերի ու ժողովուրդների եթե ոչ առաջին շարքերում, բայց եւ նույն երթի մեջ է պահում»։ Գրողի նկատած այդ «կայունորեն ճշմարիտը», կարծում եմ, իր մեջ ներառում է Սարինյանի գործն ընդհանրապես եւ, առաջին հերթին, նրա «Հայ գաղափարաբանությունը», որը եւ, իրավամբ, կարելի է համարել նրա ստեղծագործության թագն ու պսակը։ Հիշենք «Հայկական ռոմանտիզմը», «Րաֆֆի», «Մուրացան», «Լեւոն Շանթ» մենագրական աշխատանքները, «Հայ գրականության երկու դարը», «Հայ նոր գրականության պատմություն» հատորները. սրանք այնպիսի մոնումենտալ աշխատանքներ են, որոնցից յուրաքանչյուրն, առանձին վերցրած, պատիվ կբերեր ցանկացած գիտնականի։

Սարինյանի գիտական գործունեությունը բավականին արգասաբեր է։ Խոսելով գրականության պատմության հնգհատորյակի մասին, Սարինյանը, թեեւ իր մեծ հայրենակցին՝ Մուրացանին պարուրած ցավն է կրծքի տակ զգում՝ ինչ-ինչ առումներով, բայց ինքը ոչ միայն կորած չի համարում տարիների իր ջանքերը, այլեւ գոհ է կատարածից։ «Շուրջ երկու տասնամյակ եմ ես նվիրել կոլեկտիվ այս աշխատությունների ստեղծմանը։ Պատկերացնո՞ւմ ես, թե քանի մենագրություն կգրեի այդ ընթացքում։ Բայց չեմ ափսոսում։ Եթե ես չանեի, ոչ ոք չէր անելու այն»։ Այսպես է արտահայտվում ինքը՝ Սարինյանը, «հայ գրականագիտական մտքի մնայուն արժեքների մատնեշարը հարստացնող» հատորյակների մասին՝ «Հայոց գրականության երկու դարը» երրորդ հատորյակի առաջաբանում։ Ուշադրություն դարձնենք գիտնականի «Եթե ես չանեի, ոչ-ոք չէր անելու այն» խոստովանությանը։ Եվ, իրոք, այդպես է՝ թե՛ «Հայ նոր գրականության պատմության», թե՛ «Հայ քննադատության պատմության», թե՛ «Հայ վեպի պատմության», առավել եւս՝ թե՛ «Հայ գաղափարաբանության», թե՛ ուրիշ շատ ու շատ գործերի պարագաներում։ Ինչ խնդրի ու պրոբլեմի ձեռք է զարկում գիտնականը, թեման իրենն է դարձնում։ Եվ դա խոսում է հարցի հիմնավոր ու բազմակողմանի ուսումնասիրման, ճշմարիտ ելակետերի վրա լուսաբանելու եւ անսխալ եզրահանգումների հասնելու մասին։ Սարինյանն անկրկնելի է եւ որպես գրականության պատմաբան ու տեսաբան, եւ որպես գրական քննադատ ու մեթոդաբան։ Նրա գործունեության ոլորտները լայն են։ Նա երբեք չի գնում, ինչպես ասում են, տրորված կամ բաց ճանապարհով, նրա յուրաքանչյուր ձեռնարկում ու աշխատանք առաջինն է՝ արծարծված խնդիրների ու հարցերի ոլորտում, չունի իր նախօրինակը։ Քիչ չեն դժվարին ու փակ համարվող այն թեմաները, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են իրենց հետոզոտողին։ Եվ հենց այստեղ է, որ նա հայտնվում է իր ինտելեկտուալ բարձր կարողություններով, առարկայի սահմանումը տվողի, համակարգողի ու պարբերացնողի ոչ դյուրին, բայց իր համար միանգամայն սովորական դերում։ «Իմ հետազոտական մեթոդին,- գրում է նա,- անհարիր է պատահական փաստերի վրա ընհանրացումներ կատարելու սկզբունքը»։

Ժամանակն է արդեն արձանագրելու, որ ինչպես Պարույր Սեւակը հեղաշրջում կատարեց մեր գեղարվեստական մտածողության մեջ՝ նորացնելով ու թարմացնելով մեր պոեզիան, այն թոթափելով դարավոր ժանգից ու փոշուց, այդպես էլ նրա (բարեբախտաբար՝ նաեւ մեր) ժամանակակից Սարինյանը գրականագիտության ու հայոց գեղագիտության մեջ հանդես եկավ որպես նորարար։ Եվ ամենեւին էլ պատահական չէր երկու մեծերի մտերմությունը. հիշենք, թե որքան փոխըմբռնում ու ներքին ջերմություն կա Սեւակի կողմից Սարինյանին հղված սքանչելի նամակի թեկուզ այս երկու հատիկ բառում՝ Սերգեյ ջան, ախպե՜րս...

Սեւակի եւ Սարինյանի ընկերությունը խարսխված էր, ինչպես բանաստեղծն է ասում, ոչ թե միայն բաժակի, այլեւ նույն դրոշակի ու սկզբունքի վրա։ Ահա թե գրական մամուլն ինչ է վկայում։ Տարիներ առաջ, երբ Համո Սահյանի խմբագրությամբ «Հայպետհրատ»-ում էր հայտնվել Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, բանաստեղծի դեմ սկսեցին խարդավանքներ հյուսել «մարքսիստ քննադատները», գտնելով, որ պոեմը թույլ, ժամանակավրեպ գործ է, որ Սեւակը պոեմում «գործող հիմնական անձ է դարձրել... հոգեւորականին, այսինքն՝ քահանային, քիչ ավելի պարզ ասած՝ տերտերին», որ... Մի խոսքով, տպագրության հանձնված գրքի երկու գրախոսներն էլ խիստ բացասական կարծիք էին հայտնել՝ իրենց արարքով հիշեցնելով 37-ականների մղձավանջը։ Գործին չի օգնել ոչ մի միջամտություն, քանի որ «ժամանակները խառն ու խրթին» էին։ Եվ ահա «մարքսիստ քննադատների» (Չարենցի խոսքով՝ մարքսիզմի չստեր հագած փիլիստերների) գաղափարախոսությանը միանգամից հակադրվեց մի նոր (արդեն՝ երրորդ) գրախոսական, որը եւ դարձավ վճռական ու «կանաչ ճանապարհ» բացեց «Անլռելի զանգակատուն» պոեմի համար։ Այդ գրախոսականի հեղինակը Սերգեյ Սարինյանն էր, որը ոչ միայն պոեմը համարել է տպագրության արժանի, այլեւ շեշտել է. «Անտարակույս, «Անլռելի զանգակատունը» Պարույր Սեւակի բանաստեղծական տաղանդի ամենացայտուն արտահայտությունն է, այն իր ուրույն տեղը կունենա հայ պոեզիայի պատմության մեջ։ Բանաստեղծական վերացությունը, պատկերների հորդահոս հաջորդումը, բառերի տարափը, տարերքի հասնող ռիթմը տեղ-տեղ ուղղակի հիշեցնում են Նարեկացուն»։ Եվ Սարինյանն իր խոսքը հիմնավորել է սարինյանավարի. «Շռայլ է Պարույր Սեւակի բանաստեղծական երեւակայությունը։ Ինտելեկտուալ հարստությունը նա հիանալիորեն զուգակցել է պատկերների պոետիկական հրապույրին եւ հասել բանաստեղծական զգացմունքի զարմանալի ներհունության։ Այս միասնության մեջ բանաստեղծի ներշնչման տարերքը հորդաբուխ է, անկաշկանդ, բառի հարստությունը, պատկերների անակնկալ հայտնագործումը, որոնք երբեմն տարօրինակ են ու ապշեցուցիչ, հաջորդում են իրար չթուլացող թափով, չընկրկող համարձակությամբ»... Այսօր, իհարկե, դժվար չէ ժամանակի քննությունը բռնած սեւակյան գործերը դրվատել, բայց գլխավորն այն է, որ Սարինյանը դա արել է խիստ աննպաստ ու դժնդակ ժամանակներում, երբ խորհրդային գաղափարաբանության հսկայական մեքենան ելել էր Սեւակի ու նրա ստեղծագործության ու շիտակ պահվածքի դեմ, երբ Սեւակի կողքին կանգնելը՝ ի դեմ ժամանակի քարացած կաղապարների, հավասարազոր էր, առանց չափազանցության, անձնազոհության։ Եվ այդ ամենի անունն ասպետականություն է։

Կարճ ժամանակով Սեւակի եւ Սարինյանի անկեղծ բարեկամության ականատեսը լինելու բարեպատեհությունն ունեցա նաեւ ես, երբ նրանց հետ (Բաքվում գտնվող ուսանողներիս համար) կազմակերպվել էր հանդիպում։ Դա հայրենի պոետական մտածողության նորացման այն բեկումնային ժամանակաշրջանն էր, երբ Սարինյանը հանդես եկավ « Մարդն ափի մեջ» ժողովածուի մասին դարձյալ բավականին համարձակ գնահատանքի խոսքով, իր ճշգրիտ դիտարկումներով ու գրողի գեղագիտությունը հիմնավորող վերլուծություններով՝ սատար կանգնելով «անբանաստեղծական բանաստեղծության» հաղթանակին, խորապես (եւ իրեն բնորոշ հեռատեսությամբ) համոզված լինելով, որ այդ գիրքը որոշակի ուղղություն է տալիս մեր «գրական շարժման ընթացքին»։ Համանվագայնության (սիմֆոնիզմ) եւ սինթետիկ արվեստի պահանջը Չարենցն առաջադրում էր դեռեւս անցյալ դարի 30-ական թվականներին։

Պարույր Սեւակի եւ Սերգեյ Սարինյանի հետ ուսանողներիս հանդիպման մանրամասնությունների գրառումը թողնելով մի այլ առիթի, նշեմ միայն, որ դեռեւս այն ժամանակ Սարինյանն իր խոսքում արձանագրում էր Պահը, որը «Մարդը ափի մեջ» գրքով մեր քնարերգության համար նոր դարագլուխ էր բացում։

Վաթսունական թվականներին Սարինյանի գիտական աշխատանքների մեջ առանձնացավ նրա «Հայկական ռոմանտիզմը», որը եւ համարվեց «հայ գրականության մտքի խոշոր նվաճումներից մեկը»։ «Հայկական ռոմանտիզմը» բարձր գնահատանքի արժանացավ, ինչպես նշված է ժամանակի գրականագիտական աղբյուրներում, հայ, ռուս եւ այլ ժողովուրդների գիտնականների ու արվեստագետների կողմից, «», «» միութենական ամսագրերում տպագրվեցին դրվատական հոդվածներ, այն համարվեց երեւույթ։ Ահա թե Սուրեն Աղաբաբյանն ինչպիսի հիացմունքով է խոսել այդ գործի մասին. «...դա հանրագումարային գիրք է... մեծարժեք ներդրում հայագիտության՝ հայ գրականության պատմության ուսումնասիրության բնագավառում»։

Բուլղար գրականագետ Կ. Գենովի կարծիքով այն «մեթոդաբանական ուղեցույց է»։ Սարինյանն առաջինն էր, որ իր այդ ուշագրավ աշխատանքի մեջ տարբերակեց «գրական ուղղությունների ու հոսանքների տիպաբանական եզրերը», հատկանիշները, կատարեց «գրականության գիտական համակարգումը», բացահայտեց, «թե ինչպես հայ աշխարհայացքը դասականությունից (կլասիցիզմից) անցում կատարեց ռոմանտիզմին», վեր հանեց ու գիտականորեն լուսաբանեց «հայկական ռոմանտիզմի ծագման» ազգային առանձնահատկությունները, նրա զարգացման օրինաչափությունները, հայտնաբերեց հայկական ռոմանտիզմի «պատմական կատեգորիան»։ Ի դեպ, ասենք, որ գրականգիտության մեթոդաբանության, տիպաբանության խնդիրներում նույնպես անկրկնելի է Սարինյանը։

Բավականին հետաքրքիր է բանաստեղծ ու գիտնական Սեւակի դիտարկումը «Հայկական ռոմանտիզմի» վերաբերյալ։ Բանաստեղծը գտնում է, որ «Սարինյանը հայ ռոմանտիկ դպրոցի դրսեւորումները դիտում է երկու երեսից՝ ընդհանուր եւ մասնավոր։ Ընդհանուրը, որ է՝ գաղափարական տեսականը, հանձին Սարինյանի գտել է իր զորավոր արտահայտչին, որի հետ մրցել ցանկացողն առնվազն պետք է շատ զգույշ լինի»։

Գրականության պատմաբանը, տեսաբանն ու գրական քննադատը մի ընդհանուր ներդաշնակության մեջ են հատկապես Սարինյանի «Հայոց գրականության երկու դարի» հատորյակներում։ Այստեղ արդեն Սարինյանը ներկայանում է փոքրածավալ հոդվածներով ու ուսումնասիրություններով։ Նրա դիտարկումներն ու վերլուծությունները՝ ինքնատիպ ու անսովոր հարցադրումներով, համարձակ ու ազատամիտ լուծումներով, որոշակիորեն ուղղություն են տալիս մեր գրականագիտության զարգացմանը։ Անշուշտ, այստեղ մեծ է համաշխարհային գրականության քաջիմացությունը, գրական դպրոցների, ուղղությունների, հոսանքների ու մեթոդների նորօրյա զարգացումներին, ժամանակակից արձակի ու քնարերգության ներքին փոխազդեցություններին ու ժանրային վերաձեւումներին, թեմատիկ-բովանդակային ընդգրկումներին մշտապես հետեւելը։ Ահա թե ինչու Սարինյանին մեկ տեսնում ենք արդի հայ արձակի պրոբլեմները շարժելիս, մեկ վիճարկելիս ժամանակի գիտական-փիլիսոփայական հիմնադրույթները, մեկ լատինաամերիկյան հոգեբանական վեպի ոճական-պատկերային խնդիրները արծարծելիս, մեկ անգլոամերիկյան պոեզիայի մեջ քաղաքական-հասարակական, կենցաղային պրոբլեմների շրջանակները դիտարկելիս, մեկ հայ դասական գրականության այս կամ այն երկը վերաարժեքավորելիս... Խիստ ընդգրկուն է «Հայոց գրականության երկու դարի» երրորդ հատորի մեջ լուսաբանվող հարցերի շրջանակը, ուր Սարինյանը, հարազատ մնալով իր գործին ու սկզբունքին, գիտական-փիլիսոփայական ընդհանրացումներ է կատարում՝ ամբողջացնելով խոսքը, որով փաստորեն դարձակետ է նշանավորվում մեր գրականագիտության մեջ։ Բազմավաստակ գիտնականը, բնականաբար, խստապահանջ է նաեւ նյութի ընտրության խնդրում՝ Խաչատուր Աբովյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Պարույր Սեւակ, Հրանտ Մաթեւոսյան...

Մեր իրականության մեջ քիչ կլինեն երեւի, այն գրականագետները, որոնք անդրադարձած չլինեն Վահան Տերյանի ստեղծագործությանը։ Սակայն բոլորովին ուրիշ են Սարինյանի հայացքներն ու կոնցեպտուալ մոտեցումները «Վահան Տերյանի հայտնությունը» մենագրական աշխատանքում. «Տերյանը փոխակերպեց հայ պոեզիայի սեմանտիկական կարգը՝ ստեղծելով երեւույթների իռացիոնալ, խորհրդավոր էությունն արտահայտող, բանաստեղծական մտքի շարժման առկախությունը, ակնարկությունը, այլաբանությունը բնորոշող բազմանշանակ եւ բանականորեն անվերծանելի խոսքի պոետիկա, հանգամանք, որ ուղեկցվեց բանաստեղծության հնչյունային կազմույթի եւ պոետական բառարանի միանգամայն նոր հայտնություններով»։ Տերյանի «թախծի փիլիսոփայությունը», «հոգու ներքին նվագները» հարազատ են Սարինյան մտածողին ու գիտնականին, որի գլխավոր հայտնությունն այս հոդվածում «տերյանական շարքերի գեղագիտական փիլիսոփայական մոտիվների բացահայտումն է»։ Ընդհանրապես, Սարինյանն իր խառնվածքով տխուր մարդ է, ասել է թե՝ Տերյանի պոեզիային դիմելը նրա համար ոչ միայն գրականության պատմաբանի պարտքի գիտակցում էր, այլ նաեւ ինքնահաստատման յուրօրինակ ընթացք։ Կյանքը փոխվում է, փոխվում են տարիները, սակայն Սարինյանի գիտական դիտարկումներն ու սկզբունքները ուժի մեջ են մնում բոլոր ժամանակներում՝ զարգացման ճշգրիտ ձեւ ու բովանդակությամբ, անսխալ պահանջադրումներով։ Եվ պատահական չէ, որ վերջերս վերահրատարակված նրա մենագրությունը՝ «Մուրացան», ընթերցողի սեղանին դրվեց հեղինակային շատ չնչին ու աննշան սրբագրումներով։

Սերգեյ Սարինյանին, բնականաբար, միշտ էլ հուզում են մեր ազգային գոյության, հայոց պետականության խնդիրները, մայր ժողովրդի ճակատագիրը։ Ահա թե ինչու նրա գիտական միտքը կանգ առավ ռազմավարական նշանակության այնպիսի մի պրոբլեմի վրա, ինչպիսին հայոց ազգային գաղափարաբանություն է։ Եվ ծնվեց «Հայ գաղափարաբանությունը», մի գիրք, որ «կարելի է ասել, արարվել է Սարինյանի գրեթե ամբողջ ստեղծագործական կյանքում՝ հիմքում ունենալով հեղինակի ոչ միայն գիտական-փիլիսոփայական հետազոտություններն ու եզրահանգումները, ստվարածավալ աշխատանքները, հայ եւ համաշխարհային մտքի տիտանների գեղարվեստական փորձն ու վարպետությունը, այլեւ այն գլխավորն ու առանցքայինը, որը թելադրվում է դարակազմիկ իրադարձությունների ու հեղափոխական վերափոխումների խառնարաններում հայտնված ազգերի ու ժողովուրդների պատմության կողմից։ Հետեւապես, գիրքն ունի ընդհանրացնող նշանակություն։ Այն, հեղինակի խոստովանությամբ, մեր ազգային գաղափարաբանության պատմաքննական տեսությունն է՝ սկզբնավորումից, այսինքն՝ 18-րդ դարասկզբից մինչեւ 1997 թվականի դեկտեմբերը։ Սերգեյ Սարինյանը պետական գաղափարաբանությունն իրավացիորեն դիտարկում է որպես ազգային գոյության կարեւոր գործոն։ Փաստերի եւ երեւույթների խորն իմացությունը, դրանց համադրումն ու գիտական համակողմանի վերլուծությունները, բազմաթիվ ու բազմապիսի աղբյուրների բնագրային ընթերցումները, քաղաքական-հասարակական զարգացումների պարբերական ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին Սարինյանին ամբողջականացնել հայ գաղափարաբանությունը՝ զարգացման իր բոլոր առանձնահատկություններով ու օրինաչափություններով, ազգային նկարագրով, համակարգել նրա երեքհարյուրամյա ընթացքը եւ գիտական պարբերացման ենթարկել այն։

«Հայ գաղափարաբանությունը» մեր ազգային ոգու վերջին հիսնամյակի հոգեւոր աննախադեպ սխրանքներից է, բացառիկ մի աշխատություն, որ կարող էր հեղինակել միայն ու միայն այնպիսի մի փորձառու գիտնական ու մտածող, ինչպիսին ինքը՝ Սերգեյ Սարինյանն է։ Հիրավի՝ անզուգական ու վիթխարի անհատականություն։ Իսկ համահայկական ազատագրական շարժումն ու արցախյան գոյամարտը հասունացրին ազգային գաղափարաբանությունը, որպես գոյության ու պետական անկախության առաջին նախապայման ներկայացնելու անհրաժեշտությունը, առաջադրեցին ժամանակի հրամայականը՝ ճշգրտել ու հստակեցնել ռազմավարության մեր առաջնահերթ պրոբլեմները։ Սարինյանը ստեղծեց ազգային գաղաբարաբանության տեսությունը, խորապես համոզված լինելով, որ «առանց տեսության ու առանց փիլիսոփայության անիմաստ է ամեն մի գոյություն»։

«Հայ գաղափարաբանության» ծնունդն, այո՛, նախապատրաստել էին Սարինյանի երկարամյա գիտական հետազոտությունները, նրա, առաջին հերթին, մենագրական աշխատությունները՝ նվիրված մեր գրականության դասականներին («Րաֆֆի», «Մուրացան», «Լեւոն Շանթ» եւ այլ եւ այլն)։ Գիրքը, փաստորեն, ստեղծվեց որպես պատմության դասերի յուրացում, ուստի եւ մեծ է նրա դիդակտիկական դերը։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպիսի հետեւողականությամբ ու գիտական խորաթափանցությամբ է հեղինակը կարողացել համադրել ոչ միայն մեր, այլեւ մոլորակի տարբեր ժողովուրդների կյանքից ու պատմությունից քաղված դեպքերն ու իրադարձությունները, անհրաժեշտ եզրահանգումներ կատարել՝ ցուցադրելով առասպելական իմացություններ ու աշխատասիրություն։ Այդ աշխատությունը հայ գաղափարաբանության եզակի ամփոփարան է՝ գրված Սարինյանին հատուկ գիտական-փիլիսոփայական խստությամբ ու ճկուն լեզվով։ «Ազգային գաղափարաբանությունը,- գրում է Սարինյանը,- իրական հասկացություն է եւ գիտականորեն միանգամայն ճանաչելի։ Տիպաբանորեն նա նույնքան ներարժեք է, որքան մակարդված են, օրինակ, գերմանական, անգլիական, ֆրանսիական, իսպանական, իտալական ոգու արքետիպերը։ Ոգու արքետիպը փիլիսոփայական հավաքականություն է։ Դա մի բարդ սինթեզ է ժողովրդի կենսագրության համարժեքների՝ էթնիկական գեն, պատմություն, մշակույթ, բարոյականություն, կրոն, սոցիալական բնավորություն եւ այլն։ Ազգային գաղափարաբանությունը հարաբերական է ազգային ոգուն։ Բայց ոգին եւ գաղափարը նույնարժեք հասկացություններ չեն։ Ոգին իռացիոնալ է, նախաստեղծ, անգիտակցական եւ անբանաձեւելի։ Գաղափարը կամ գաղափարաբանությունը երեւույթական են։ Նա ոգու արտածումն է գիտակցության մեջ»։

Սերգեյ Սարինյանի մտածողությանը հատուկ է մաթեմատիկական չափազանց դիպուկ ու հստակ ոճի կիրառումը, մանավանդ՝ եզրահանգումների ու գիտական հետեւությունների բանաձեւման ժամանակ։ Սարինյանը միշտ հավատարիմ է մնում Սարինյանին եւ, ապա, ինչպես ասում են, փիլիսոփայության հայր Պարմենիդեսին՝ չգոյություն գոյություն չունի, կամ՝ երբ ասվում է սխալը, ոչինչ չի ասվում, այլ ասվում է մեկ այլ բան, քան ճիշտն է։ Ահա եւ Սարինյանի աֆորիստիկ ձեւակերպումը. «Աշխարհը ամփոփում եմ իմ մեջ եւ ներանձնանում»։ Այնքան են Սարինյանի ձեւակերպումները դիպուկ, որ նույնիսկ, ինչպես Սեւակն է նկատել, մեղք է դրանք վերաշարադրելը։ Եվ, իրոք որ, Սարինյանի համար նման գնահատականը հույժ բնութագրական է, դա նրա կայուն եւ ամենօրյա (եթե չասենք՝ ամենպահյա) վիճակն է։ Նրա բնույթին համահնչուն է կանտյան «քննադատության» ոգին, որքան «ֆիզիկ» է էությամբ, նույնքան էլ «մետաֆիզիկ» է։ Ընթացքը նրա համար կանգառ չունի, տիեզերքը չունի սահմաններ եւ, գրեթե միշտ, հիասթափության մեջ է, որովհետեւ ամեն խնդրում սպասելիքն ավելին է։ Մշտապես խիզախումի ոգին է առաջնորդում նրան։ Եվ, ի վերջո, Սարինյանի հավերժական խռովքը բացատրվում է ինքնադժգոհության ու ինքնաանբավականության մեկնակետերի վրա, քանի որ աշխարհից սպասումներն ավելի են, ներուժն՝ անսպառ, իրականությունը՝ անտանելի։ Լինելով անհանգիստ էություն, Սարինյանն անվերջ ձգտում ունի՝ «առ անհայտ անսահմանություն»։ Նրան մշտապես հուզում են ունիվերսումի եւ համապարփակի ոլորտները։ Եվ խորապես հավատում է ոգու ամենազորությանը, գտնում է, որ աշխարհում «ամեն ինչ կերտում է ոգին»։ Սերգեյ Սարինյանի համար չկան ու չեն եղել թեմատիկ սահմանափակումներ։ Նա տիրապետում է ոչ միայն հումանիտար, այլեւ բնական գիտություններին։ Հանգամանք, որը գիտնականին հնարավորություն է ընձեռում, ցանկացած խնդրի անդրադառնալիս, ցուցաբերել համակողմանի մոտեցում, ինչպես ասում են, ծառը ճանաչել ոչ միայն սաղարթից, այլեւ արմատից։ Եվ ամենակարեւորը՝ Սարինյանն անթեքելի է իր գիտական կողմնորոշումների մեջ։

Սերգեյ Սարինյանը մեր մեծերի դասական է ներկայացնում այսօր՝ շիտակ, արդարադատ, բոլորանվեր՝ գործին, երկրին ու ժողովրդին, հասարակ։ Մեծեր, որոնց հետ նստել ու բաժակ է խփել, ինչպես Թումանյանը կասեր։ Խառնվածքի բերումով մշտապես գտնվելով սուր բախումների, վեճերի ու պայքարի հորձանուտներում, երբեք չի ծռել հոգին, տուրք չի տվել հավուրպատշաճությանն ու տիրադայնությանը, խորհրդային դարձդարձիկ ժամանակների «գաղափարական մամլիչն»՝ անգամ չի կարողացել ընկճել նրա անկոտրելի ոգին, զտարյուն մարդու եւ գիտնականի սկզբունքը, որ նաեւ դավանանքն էր անթիվ փորձություններ ու արհավիրքներ ճաշակած իր ոսկե սերնդի, նա մշտապես բարձր է պահել եւ, այժմ էլ, շարունակում է ապրել ու արարել նույն ձեւով՝ ինքն իրեն նման, զուլալ ու խորը, ինքնատիպ ու տարբեր, հաճախ հակասական ու անմատչելի, բայց եւ անպայման՝ ճշմարիտ ու անդրդվելի։

Գրականագետների մի քանի սերունդներ է կրթել-աճեցրել Սերգեյ Սարինյանը։ Նա ստեղծել է իր՝ սարինյանական դպրոցը։ Անուրանալի է նրա դերը նաեւ դպրոցական եւ բուհական դասագրքերի պատրաստման գործում։ Ամենից շատ որոնվող գրքերի համարում ունեն Սարինյանի աշխատությունները, մանավանդ, սովորող երիտասարդության լայն շրջաններում։ Ասել է թե՝ մեծ է նրա գիտական երկերի կիրառական-գործառնական նշանակությունը։ Եվ եթե այս ամենին էլ հավելենք Սարինյանի մարդկային վեհ ու առինքնող գծերը, ապա միանգամայն պարզ կդառնա, թե ինչու ամենուրեք նրան վերաբերվում են այնքան խորն ակնածանքով ու անթաքույց պատկառանքով։

Ականավոր գիտնականն իր բազմազբաղվածության ու անթիվ գործերի մեջ ոչ մի վայրկյան չի մոռանում նաեւ հայրենի Արցախը, ուր Սարինյան որդու, Սարինյան մարդու, ազգային գործչի հանդեպ սերը, չափազանցացրած չեմ լինի, եթե ասեմ՝ պաշտամունքի է հասնում։ Ի դեպ, նշենք, որ, դեռեւս կոմունիստական կարգերի օրոք, բացարձակորեն անտեսելով ու արհամարհելով «ինտերնացիոնալիզմի» վտանգները, Սարինյանը (դարձյալ՝ առաջինը) բացեց սահմանագիծն այն, որով լենինյան բռնապետությունն Արցախում ստեղծվող հայ մշակույթը փորձում էր տարանջատել մայր Հայաստանից՝ հոգեւոր տարածքներում եւս իրականացնելով իր վարչական բաժանումները։

Վերջերս մամուլում հրապարակվել է Սերգեյ Սարինյանի «Հայ գրականության փիլիսոփայությունը» անավարտ աշխատանքից մի հատված։ Սխալ կլիներ ասել, թե Սարինյանի ընթերցողը դրան չէր սպասում, որովհետեւ գիտնականի յուրաքանչյուր հոդված եւ ուսումնասիրություն, մենագրական աշխատանք ու հետազոտություն որոշակիորեն հավաստում է հեղինակի խորը հակումը դեպի փիլիսոփայությունը, ըստ որում, այստեղ հարկ է կատարել մի դիֆերենցում՝ գրականության փիլիսոփայության հարցերն արծարծում է ոչ առանց գրականագիտության փիլիսոփայության։ Դա միանգամայն հատուկ է Սարինյանի ոճին ու մտածողությանը։ Աշխարհը, երեւույթները նա ընկալում եւ մեկնաբանում է գիտական-փիլիսոփայական հենքի վրա, յուրովի՝ գնահատման ու արժեքավորման սարինյանական բարձր չափանիշներով, որոնք անպայման համահունչ են ոչ միայն հայ, այլ նաեւ համամարդկային մտքի զարգացումներին ու գիտական նորույթներին։ Ասել է թե՝ երդվյալ իմաստասեր է Սարինյանն իր աշխատությունների մեջ։ Եվ պիտի ասել, որ վաղուց արդեն հասունացել է Սերգեյ Սարինյանի գիտական-փիլիսոփայական երկերի ամբողջական հրատարակության խնդիրը, երկեր, որոնք, ինչպես ասում են, վաղուց իրենց ուրույն տեղն են նվաճել մեր ազգային մշակույթի հոգեւոր արժեքների գանձարանում։

Սերգեյ Սարինյանը հայ դասական գրականության լավագույն ավանդների ջատագովն է մեր իրականության մեջ եւ ամենայն նորի ու օրիգինալի (որը հաճախ «ավանդապահների» կողմից դիմավորվում է սրերով) կրքոտ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ մոլեգին, դատապաշտպանը։ Սարինյանը միշտ էլ եղել է այդպիսին. այդ են վկայում նրա, գրեթե առանց բացառության, գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները, ուսումնասիրությունները, որոնք առանձնանում են նյութի գերազանց տիրապետմամբ ու սարինյանական ընդգծված պոլեմիկայով, գիտական անաչառությամբ, փաստերի ու երեւույթների մեկնաբանման կուռ տրամաբանությամբ։ Ավելին, Սարինյանը բացառիկ սեր է տածում դեպի նորույթը։ Եվ, երեւի, հենց նման սերն է նրան պարգեւում այն հեռատես, «սուր աչքը», որի մասին իրավացիորեն նշել է Պարույր Սեւակը։ Մի հատկանիշ եւս Սարինյանին առանձնացնում է իր ժամանակակիցների մեջ. դա երիտասարդ սերնդի խոսքի ու գործի նկատմամբ նրա ունեցած հավատն է, հետաքրքրությունը եւ ուշադրությունը։ Որպես կանոն, անսխալ տեսանող Սարինյանը գրականագիտական իր դիտարկումներում շատ հաճախ ոչ միայն առաջ է անցնում Քրոնոսից, այլեւ նրան հուշում-պարտադրում է իր ժամն ու ժամանակը, որի ստեղծողն ինքն է, տերը՝ ժողովուրդը։

Եվ այսպես ներանձնանալով՝ աշխարհվում է նա։

2004թ.