Պահի վկայումներ
Պահի վկայումներ
ՎԿԱՅՈՒՄ-1
Քամին ծառերից
Տերև է պոկում,
Որ տանի հեռու՝
Աշխարհին ի տես։
Ու ծառի ցավով
Տառապում եմ... ե՛ս։
10.06.85, Ստեփանակերտ
ՎԿԱՅՈՒՄ-2
Բարեկամներ են
Ծառերն ու քամին։
Քամին հեքիաթ է
Պատմում... ծառերին։
Ծառերը լսում,
Գլխով են անում,
Իբր...լսածից
Բա՜ն են հասկանում...
05.05.82, Մարտակերտ
ՎԿԱՅՈՒՄ-3
Պատուհանիս տակ շրշում է քամին,
Ի՞նչ է որոնում նա այս ուշ ժամին...
10.06.82, Ստեփանակերտ
ՎԿԱՅՈՒՄ-4
Ձյուն էր նստել քարերին,
Մրսում էին քարերը։
Իսկ երբ ծագեց արևը,
Հանկարծ ձյան կորստից
Արտասվեցի՜ն... քարերը։
23.03.82, Ստեփանակերտ
ՎԿԱՅՈՒՄ-5
Մենավոր կաղնուն կայծակը խփեց,
Կաղնին սարսռաց, կախեց ճյուղերը։
Սարսուռն այդ անհուն՝ մի վայրկյան տևեց։
Հաջորդ վայրկյանին ճյուղերը ելան
Ըմբոստ պայթյունով մի մեծ պայքարի։
Սակայն... կայծակն այլևս չկար։
18.06.82, Ստեփանակերտ
ՎԿԱՅՈՒՄ-6
Ծառը նիրհում էր
Աշնան բյուրերանգ տերևներն ուսած,
Իսկ աշնան քամին
Խաղում էր գույն-գույն տերևների հետ։
Խաղաղ էր շուրջը։
Հանկարծ փոթորիկ բարձրացավ ուժգին։
Ծառը ծառս եղավ,
Ծառն ըմբոստացավ ի դեմս չարի,
Սակայն... անզոր էր՝
Տերևներն ընկան։
Ծառը նիրհում էր
Աշնան բյուրերանգ տերևներն ուսած...
...Հիմա ննջում է արդեն ծերացած։
07.02.82, Մարտակերտ
ՎԿԱՅՈՒՄ-7
Անտառը այնքա՜ն երգեր է հյուսել,
Սակայն չգիտե, թե ինչպես վարվել։
Ծառերի վրա երգերը սփռել,
Չգիտե՝ ինչպես լույս աշխարհ հանել։
...Ու կրկին հյուր եմ եկել քեզ, անտա՛ռ,
Ուզում եմ երգդ աշխարհին տանել։
10.06.82, Մարտակերտ
ՎԿԱՅՈՒՄ-8
Անտառն ինձ հեռվից ձեռքով է անում,
Ու ես գնում եմ գիրկը անտառի։
Անտառն ինձանից խոհ է թռցնում,
Ես թռցնում եմ հևքը անտառի։
Ու ընթերցում եմ, անտառի լեզվով,
Հեքիաթի հրաշք գիրքը անտառի...
10.06.82, Մարտակերտ
ՎԿԱՅՈՒՄ-9
Միշտ,
Երբ փողոցով քայլում եմ դանդաղ,
Ինչ-որ ձայներ են հասնում ականջիս,
Ու նորից մարում,
Ինչ-որ պատկեր է
Աչքերիս առջև լուռ գծագրվում
Ու... անէանում։
1977, Կոճողոտ
ՎԿԱՅՈՒՄ-10
Ողբերգական դեպք էր այն՝
Մեկն անզուսպ ծիծաղեց,
Մեկը անհույս լաց եղավ։
...Ու մնացին հոգուս մեջ՝
Մեկը՝ անզուսպ ծիծաղով,
Մեկը՝ տխուր՝ իր լացով։
1977, Կոճողոտ
ՎԿԱՅՈՒՄ-11
Ես երազներով երբեք չեմ տարվում,
Սակայն ապրում եմ միշտ երազելով,
Որ կյանքում հասնեմ լավին ու բարուն։
Ու... երազում եմ այդպես օրերով,
Օրե՛ր, ձեր կապույտ օրոր¬շորորով...
05.05.82, Ստեփանակերտ
ՎԿԱՅՈՒՄ-12
Կապույտ են լինում հորիզոնները։
Իսկ երբ ցերեկվա հոգսերից հոգնած
Դեպ մայրամուտ է թեքվում արևը՝
Ինչո՞ւ են հաճախ
Հորիզոնները կարմիրով ներկվում։
...Աշխարհը մեծ է,
Ես ի՞նչ իմանամ,
Գուցե ինչ-որ տեղ արյո՜ւն է հեղվում։
05.03.82, Մարտակերտ
ՎԿԱՅՈՒՄ-13
Լինե՜ր,
Այնպե՜ս լիներ,
Հունից շեղված առուն
Նախկին հունը գտնե՜ր...
1977, Կոճողոտ
ՎԿԱՅՈՒՄ-14
Երբ հայ են ասում՝ քար հասկացեք,
Երբ քար են ասում՝ հիշե՛ք հային։
Վշտի պահի՛ն ենք հաճախ ասում.
- Հա՛յ ես դու, պիտի՛ որ դիմանաս...
Բայց ասում ենք ու... չենք հասկանում,
Թեև պարզից էլ պա՛րզ է հարկավ։
Երբ քարերն անգամ չեն դիմանում,
Վիշտ ու զրկանքի խարդավանքին
Ինչպե՞ս դիմանա սի՛րտը մարդու...
21.03.82, Մարտակերտ
ՎԿԱՅՈՒՄ-15
Քարերին ձյան հետքեր նկատեց
Արևն ու տարավ։
Քարերին ջրի հետքեր նկատեց
Արևն ու տարավ։
Քարերին մարդու հետքեր նկատեց
Արևն ու... տանել չկարողացավ։
29.12.81, Ստեփանակերտ
ՎԿԱՅՈՒՄ-16
Մեծերի մահով ուրախանո՞ւմ են,
Որ մեծացել է՝ նո՞ր մահացել։
Թե՞ տխրում են միշտ...
Դե, ամեն դեպքում,
Մարդ մի անգամ է ծնվում¬մեռնում։
...Մեռնողներն, արդյո՞ք, զգում են դա։
18.03.82, Ստեփանակերտ
ՎԿԱՅՈՒՄ-17
Տեսնես մահամերձն իր վերջին պահին
Թախծո՞ւմ է արդյոք, և ինչի՞ մասին։
Աչքերը դանդաղ երբ կուլ են գնում,
Կոկորդում բառը կիսատ է մնում,
Ու վերջին անգամ քնում է, ահա,
Եվ նախազգում, որ էլ չի արթնանա,
Մահվանն այդ դաժան անիծո՞ւմ է չար,
Թե՞ այնպես բարձր ծիծաղում է նա,
Որ մահն իրենից վախենա գոնե
Մի ակնթարթո՜վ...
14.04.82, Մարտակերտ
ՎԿԱՅՈՒՄ-18
Ամպը սարին թիկնել է,
Սարը՝ սար է, չի ճկվել...
...Սարը ամպին սիրել է՝
Սիրով մաքուր ու անբիծ,
Ու երբ սերն է իր հայտնել՝
Ամպը սարին մերժել է։
Սարը վշտից ծերացել,
Ամպը թողել՝ չքվել է։
1977, Կոճողոտ
ՎԿԱՅՈՒՄ-19
Թև է առնում,
Թև տալիս,
Հետո խեղճ ու թևաթափ
Հեռանում է աշխարհից
Մարդը...
01.04.82, Մարտակերտ
ՎԿԱՅՈՒՄ-20
Բռնկվե՛լ էր քամին
Ու կրա՛կ էր թափում,
Ինչ գտնում էր ճամփին՝
Առնում էր ու... լափո՛ւմ։
Չէր էլ ուզում լսել
Լացն ու կոծը լույսի,
Բայց ապրում էր լույսը
Անուրջներով հույսի։
Մեղավո՞ր էր լույսը,
Որ մռլտում քամին,
Մերթ ծառին էր խփում,
Մերթ էլ... լուսնի ծամին։
Քամին լույսին տարավ
Եվ անդունդը գցեց,
Մթնեց աշխարհն արար,
Մարդու սիրտը մթնեց։
Ու նա խղճաց մարդուն,
Գնաց, բերեց լույսին,
Եվ տուն շինեց անտուն
Մարդը՝ շողով լուսնի։
Ու մինչ այսօր մարդը
Հսկում է լույս աչքով,
Որ չտանի լույսը,
Քամին՝ ընկած քաջքով...
05.03.85, Ստեփանակերտ
ՎԿԱՅՈՒՄ-21
Ես միշտ ժպտում եմ...
Ինչ-որ տեղ գուցե տխուր են մարդիկ,
Ինչ-որ երգչախումբ մահերգ է երգում,
Եվ մահամերձը մահով աշխարհիկ
Հանդերձյալ կյանքի լեգենդն է հերքում։
Քայլում է դանդաղ թափորը լռին՝
Ուսերին առած մի կյանք-մի աշխարհ,
Հնչյունների տակ անհույս մահերգի
Ուղեկցում նրան վերջին ճանապարհ։
Նրան տանում են փայտե դագաղում,
Տանում են հանգիստ, ուսերին առած,
(Ժպիտ է նրա դեմքին նշմարվում,
Ժպիտ, բայց... սառած)։
Ժպիտն է նրան աշխարհում պահել,
Ժպիտը նրան արև էր ու սեր,
Եվ մահացել է՝ հայացքով հտպիտ,
Սառը դեմքին մի չխամրած... ժպիտ։
Ես միշտ ժպտում եմ...
Երբ-որ ապրելը դժվար է թվում,
Երբ նեղ է թվում աշխարհն իմ աչքին,
Բայցև՝ ձգում է, կախարդում, թովում՝
Ես միշտ ժպտում եմ աշխարհին, կյանքին։
Եվ իմ ժպիտը դառնում է արև,
Դառնում է կարոտ ու սեր է դառնում,
Որով ես պիտի աշխարհում ապրեմ,
Որով շնչում եմ, քայլում, թև առնում...
...Ու ես ժպտում եմ։