Պապիս հեքիաթը
Պապս սիրում էր հեքիաթներ պատմել,
Հայրս չէր սիրում բնավ հեքիաթներ։
Իսկ երբ մեծացա՝ պապս էլ չկար,
Ու ես մնացի հեքիաթի ծարավ...
...Եվ եդեմական ծաղիկը ձեռքիս՝
Հեքիաթ-գրքերում լուռ թափառեցի։
Փնտրեցի անվերջ հավքին Հազարան,
Որ տանեի իմ սիրած աղջկան։
Շրջեցի անհույս սև-մութ աշխարհում
,
Ուր գարուն էր միշտ ու միշտ... սև շորում։
Տեսա դևերին ես յոթգլխանի,
Աղբյուրը փակող արնոտ վիշապին։
Ու հանդիպեցի երբ ծարավ մարդկանց՝
Խղճահարվեցի, խղճացի նրանց։
Փրկեցի աղբյուրն արնոտ վիշապից,
Գարունն ազատվեց իր սև շղարշից։
Ու դեռ շատ երկար կթափառեի,
Սակայն լույս աշխարհ պիտի դուրս գայի։
Եվ դուրս կգայի, իրոք, լույս աշխարհ,
Եթե ճերմակին նստեի միայն։
Խոյերը խելառ դեռ կռվում էին,
Երբ ընկա մի կերպ ճերմակի մեջքին...
Ու... տուն հասա ես առանց հեքիաթի,
Չգտած կորած հեքիաթն իմ պապի։