Jump to content

Տատս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տատս
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 104։

Տատս իր վերջին օրերն է ապրում,
Տատս մահվան հետ արդեն հաշտվել է,
Տեսնես մանկության օրե՞րն է հիշում,
Թե՞ պատանության լույս գիշերները։

Կամ գուցե հո՞րն է նորից վերհիշում,
Մորը չի հիշի, մայր չի տեսել նա,
Գուցե եղբո՞րը, քրո՞ջն է հիշում,
Որոնցից ոչ ոք այլևս չկա։

Թե՞ ամուսնուն է նորից վերհիշում,
Բարի, մարդասեր այն Խաչունց Անդրին,
Ով ազնիվ գործով հայրենի գյուղում
Վաղուց է կերտել իր վեհ կիսանդրին։

Ու շշնջում է ծանոթ անուններ,
Որոնք եղել են ու հիմա... չկան։
Շշնջում է լուռ, նախազգում նաև,
Որ մահը շուտով իր դուռն էլ կգա։

...Տատս իր վերջին ժամերն է ապրում,
Տատս աշխարհից պիտի հեռանա...
Ես այդ կորուստը լուռ եմ տագնապում,
Ես այդ կորստին ինչպե՞ս դիմանամ։

21.03.82, Մարտակերտ