Զանգում եմ անծանոթ համարով,
Պատահած համարով զանգում եմ,
Ասում եմ՝
ներեցեք,
խնդրում եմ,
Պարզապես մենակ եմ ես հիմա,
Ցանկացա մեկի հետ զրուցել,
Զանգեցի...
Աշխարհում մարդիկ կան այնքան շատ,
Չուզեցի ես մենակ զգալ ինձ,
Զանգեցի:
Չեն լսում,
Ասում են՝
Սխալ եք համարը հավաքել.
- Տու-տու-տու...
Զանգում եմ մի ուրիշ համարով,
Պատահած համարով զանգում եմ,
Լսում են,
Լսում են
Ու լռում,
Իսկ հետո ժպտում են.
- Դուք խենթ եք, այդպե՞ս չէ, - ասում են:
- Երեւի...
- Որտեղի՞ց համարս իմացաք...
Ձայնի մեջ լսվում են նվագներ:
- Մոցա՞րտն է...
- Կոմիտա՜ս...
Նվագը կարոտ է իմաստուն,
Կարոտ է եւ այնպես... խելագար:
- Ներեցեք, - ասում եմ, -
Իմ զանգը խանգարե՞ց գուցե ձեզ:
- Դե, մի քիչ,
Բայց ոչինչ,- աղջիկը ծիծաղեց:
Ու հանկարծ.
- Մի՛ կեղծիր ձայնը քո, խռովկան,
Կարծում ես չե՞մ հիշում,
Մոռացա՞...
Սպասիր գալիս եմ,
Գալիս եմ ես, շուտով...
- Տու-տու-տու...
Զանգում եմ անծանոթ համարով,
Պատահած համարով զանգում եմ.
- Այդ ո՞վ է,
Այդ դո՞ւ ես, ողջույննե՜ր, բարեկա՜մ,
Երջանիկ կյանք եմ ձեզ մաղթում
Նոր տարում,
Մաղթում եմ...
- Նույնը ձեզ, նույնը ձեզ, նույնը ձեզ,
Բայց ներեք,
Ո՞վ եք դուք...
Արդեն՝ վերջ
Ինքս եմ զրույցը ընդհատում.
- Տու-տու-տու...
Զանգում եմ անծանոթ համարով,
Անծանո՞թ,
Անծանոթ համարներ էլ չկա՛ն,
Ծանո՜թ են բոլորը ինձ այնքան...