Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ ԻԳ ԳԼՈՒԽ ԻԴ

Առաքել Դավրիժեցի

Գլուխ ԻԵ
ԳԼՈՒԽ ԻԴ
ՏԵՐ ՄՈՎՍԵՍԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՍԱՍԻՆ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԷՋՄԻԱԾՆԻ ԼՈԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՍՈԻՐԲ ԱԹՈՌԻ ՆՈՐՈԳՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեծահավատ, սրբասնունդ և բարեփառ մեր տեր Մովսես կաթողիկոսը Սյունյաց երկրի Բաղք[1] գավառի, որ այժմ Աճանան է կոչվում, Խոտանան կոչված գյուղից էր։ Դեռևս տասնհինգ տարեկան էր՝ ավել կամ պակաս, նրան քահանայության աստիճան տվին և օրհնեցին կուսակրոն աբեղա։ Նրան բախտ վիճակվեց հանդիպել տիեզերալույս վարդապետ Սրապիոնին, որին առնչակից դառնալով՝ աշակերտեց նրան։ Բայց Սրապիոնի վախճանը շուտ վրա հասավ. այդ ժամանակ տեր Մովսեսը ուսմամբ ու տարիքով տհաս էր։ Բայց Սրապիոն վարդապետը մտքով նկարել և հոգով իմացել էր, որ տեր Սովսեսի վրա աստվածային շնորհք է երևում, որի համար սրտացավորեն հոգաց նրա մասին։ Իր մոտ կանչեց իր ավագ աշակերտ կեսարացի Գրիգոր վարդապետին և տեր Մովսեսին նրան հանձնարարեց՝ ասելով․ «Սրան քեզ եմ հանձնում, որպեսզի իմ փոխարեն սրան հովվելով պահես և հասցնելով արբունքի հասակի և վարդապետական ուսման տաս վարդապետական գավազան ու պատիվ, իսկ իմ օրհնությունը լինի քո և սրա վրա»։

Սրապիոնի վախճանից հետո տեր Մովսեսը մնաց Գրիգոր վարդապետի մոտ իբրև նրա աշակերտ։ Քիչ տարիներ անց տեր Մովսեսը թույլտվություն խնդրեց Գրիգոր վարդապետից, որպեսզի գնա Երուսաղեմ ուխտի ու երկրպագության մեջ աստված Քրիստոսի մարդեղության վայրերին։ Նա թույլատրեց իսկ տեր Մովսեսը եկավ, գնաց հասավ Երուսաղեմ և տիրոջ բոլոր մարդեղության տեղերին ուխտ արեց։ Ապա այնտեղից գնաց Եգիպտոսի երկիրը և շրջեց ղպտիների վանքերն ու անապատները, որովհետև շատ վանքեր ու անապատներ կան, որտեղ բնակված են բազմախումբ միաբաններ կրոնավորական կարգերով ու դրվածքով, որոնք ամեն ինչով կարգավորված են եկեղեցիների, բեմատեղերի, զգեստների, խցակցության, կրոնավորական ժուժկալության և այլ ամեն բաների։ Նրանց մեջ շրջելով, հարցնելով ու տեսնելով՝ ամեն ինչին տեղեկանում էր․ թեպետ ինքը՝ տեր Մովսեսը այդ բաների նկատմամբ անհոգ ու անփույթ էր, բայց տնօրինող սուրբ հոգին ման տալով շրջեցնում էր այսպիսի կրոնավորական կարգերի մեջ նրան ուսուցանելու ապագա ժամանակների համար, որպես և պետք է եկավ Մեծ անապատի կարգավորության ժամանակներում։ Տեր Մովսեսը Եգիպտոսից դառնալով եկավ Երուսաղեմ և եղավ Սուրբ Հարության տաճարի լուսարար։

Այդ ժամանակ պատահեց, որ պարոն Սարգիսը և տեր Կիրակոսը այնտեղ էին, որոնց մասին գրեցինք, թե եղան անապատի ու կրոնավորական կարգերի սկզբնավորողներ։ Սրանք գտնվում էին Երուսաղեմում, շրջում էին այն երկրում, հունաց վանքերում, Հորդանան գետի եզրերին, Փորձության լեռան վրա և որոնում էին ուշադրությունից զերծ ու գայթակղիչ անապատի տեղ, բայց ըստ պատշաճի չէին գտնում։ Այդ առթիվ տեր Մովսեսը ասաց. «Այդպիսի տեղ, որ որոնում ենք, [հայոց] արևելյան երկրում շատերը կան, մանավանդ Սյունյաց աշխարհում, որոնց ես իսկն ականատես եմ․ այն աշխարհում շատ ավելի պատշաճ է անապատ շինել, որովհետև բուն Հայաստանն է. վանքեր, գյուղեր ու քրիստոնյա ժողովուրդ շատ կան, ուստի անապատի բոլոր կարիքները կլրացվեն։ Նաև ինքը տեր Մովսեսը հանձն առավ, որ երբ նրանք ժամանեն այն երկիրը և որևէ տեղ անդորրանալով զետեղվեն, որտեղ էլ ինքը՝ տեր Մովսեսը լինի, ամեն ինչ կթողնի այնտեղ, նրանց մոտ կժամանի և նրանց հետ կբնակվի իբրև միաբան։ Արդ՝ այսպիսի հորդորող խոսքով նրանց ուղարկեց Արևելյան վերին աշխարհը [Սյունիք], ինքը մնաց Երուսաղեմում։ Սուրբ Գրիգոր եպիսկոպոսի, որ սուրբ Հակոբի առաջնորդն էր, հրամանով [Մովսեսը] գնաց նվիրակության Երուսաղեմի համար և, քրիստոնյաներից մեծ քանակությամբ արդյունքներ հավաքելով, բերեց Երուսաղեմ Գրիգոր եպիսկոպոսի առջև։

Ապա Երուսաղեմից ելավ, եկավ իր վարդապետ Գրիգոր Կեսարեցու մոտ, որը Կոստանդնուպոլսում էր, քանզի թագավորական հրամանով նստել էր իբրև քաղաքի առաջնորդ՝ պատրիարք կոչումով։ Մի քանի տարի մնալով իրրև Գրիգոր վարդապետի աշակերտ պարկեշտ և սրբակրոն վարքով՝ ոչ պերճապաճույճ և փափուկ հագուստով, որպես այդ ժամանակ ուրիշներն էին, այլ կոշտազգեստ էր, պահեցող, որ շաբաթ և կիրակի օրերն էր [պասը] լուծում նավակատիքի[2] կերակուրներով՝ զերծ մսից ու գինուց, մշտապես սաղմոսերգող և պատարագամատույց։

Այս բանին հավանելով ու հաճելո Կոստանդնուպոլսի ողջ ժողովուրդը՝ եկեղեցականներ, աշխարհականներ և երևելի մարդիկ, օրինակ՝ Շահին չալաբին[Ն 1], որ թագավորի արքունիքում նշանավոր մարդ էր, և ուրիշ շատեր։ Նաև Արևելյան երկրի վաճառականները, որոնք պատահեցին Կոստանդնուպոլսում, մանավանդ ջուղայեցիներն ու գողթնեցիներ, քանի որ գիտեին, թե Մովսեսը Արևելյան աշխարհից է, ամենքը մոտենալով Գրիգոր վարդապետին՝ խնդրում էին տեր Մովսեսին վարդապետություն շնորհել։

Իսկ Գրիգոր վարդապետը ահարկու և շատ գոռոզ մարդ էր և դժվարահավան, բայց տեսնելով տեր Մովսեսի քաղցր սրբասեր թարքը և պարկեշտ վարքը, նաև ժողովրդի վկայությունը, չեղավ չլսող, այլ ըստ նրա անձի և ողջ ժողովրդի վկայության նրան վարդապետական գավազան տվեց մեծ հանդեսով։ Այնուհետև տեր Մովսես վարդապետը բոլոր եկեղեցիներում անխափան, վճիտ ու պայծառ քարոզությամբ քարոզում էր Քրիստոսի ավետարանը։

Տարիներ հետո Գրիգոր վարդապետի հրամանով Մովսես վարդապետը ուղարկվեց գնալ ինքնագլուխ քարոզությամբ շրջագայելու։ Նա ելավ Կոստանդնուպոլսից եկավ հասավ Տիգրանակերտ քաղաքը, որտեղ էր Սրապիոն վարդապետի տապանը։ Նրան սուրբ տապանի միջոցով համբուրեց և նրանից օրհնություն առնելով, ելավ այնտեղից Վաստպուրական [Վան] քաղաքով եկավ Թավրիզ և այնտեղից իր հայրենի աշխարհը՝ Սյունյաց գավառը, Տաթևի վանքը։ Սրա գալստյամբ եղավ անպատմելի ուրախություն ամենքի համար՝ եկեղեցականների և աշխարհականների։ Նրան առաջինը սիրով ընդունեց Տաթևի վանքի միաբաններւ՝ եպիսկոպոսները, աբեղաները, բայց հետո ետ կանգնեցին նրանից, քանզի նրա քարոզությունը չընդունեցին։ Այդ պատճառով Տաթևի վանքից դուրս գալով՝ գնաց Մեծ անապատը՝ Սարգիս եպիսկոպոսի և տեր Կիրակոսի մոտ ըստ իրենց նախկին ուխտադրության, որ Երուսաղեմում պայմանավորված էին։ Այնտեղ անապատում իր բնակության համար գազար առավ և ժամանակ առ ժամանակ ելած շրջանում էև քրիստոնյաների մեջ [հայերի] և քարոզում աստծու պատվիրանը, վերստին վերադառնում անապատ, որովհետը ինչպես որ ձուկը ջրից դուրս գալով մոտենում է մեռնելու և նորից ջուրն ընկնելով կենդանանում է, այնպես էլ սա անապատից ելնելով և անապատ մտնելով։

Իսկ Մովսես վարդապետի քարոզությունը ողջ ժողովուրդը խնդությամբ էր ընդունում, սիրով էր կատարում և ուրախությամբ փառավորում էին աստծուն՝ մարդկանց այդպիսի շնորհներ տվողին։ Բայց գավառի եպիսկոպոսները և վանքերի աբեղաները չէին ախորժում Մովսեսի քարոզությունը, որովհետև Մովսես վարդապետը ինչպես ինքը մերկ էր ամեն աշխարհիկ նյութականությունից, պասով, սրբությամբ և կրոնական վանքով էր ապրում, ըստ գրքերի պատվիրանների սույնպես էլ քարոզում էր, որ բոլոր վանականները լինեն։ Իսկ նրանք արհամարհելով նրա խոսքերը՝ չընդունեցին, որովհետև հայոց ազգի բոլոր վանքերում յուրաքանչյուր սևագլուխ ուներ իր սեփական հարստությունը՝ այգի, ծաղկաստան, փեթակ, տուն, մառան, ամբարան, եկամուտներ։ Նաև ընդհանուր վանքի եկամուտը բաժանում էին իրար մեջ։ Եվ այդ ամենը ծախսում էին իրեն, իրենց ազգականների, իրենց հաճելի մարդկանց կարիքների համար։ Եվ աստծուն նվիրված վայրերը, որոնք սքանչելագործ սրբերի և աստծու շնորհները կրող հրաշքների բնակարաններ են, լցված էին կանանցով, տանտիկիններով և իրենց ազգականներով։

Բնավ չգիտեին, որ կրոնավորը պարտավոր է վեղար ու փիլոն կրել կամ կոշտ ու բրդյա հագուստ հագնել, այլ որպես աշխարհական և մաևմնավոր իշխաններ, թանկագին հագուստներով պճնվում էին, անդրավարտիք, կապա, թանկագին գլխարկ գլուխներին և մեկնոց էին վրաննները առնում։ Նաև չէին համարում, թե վանականները պարտավոր են պասով, ծոմական տքնությամբ կյանք վարել, այլ ամբողջ տարին անխտիր ուտիս ճաշեր, միս էին ուտում և գինի խմում։

Այդպես էլ գյուղական քահանաները անունով էին միայն քահանաները, բայց ոմանք ստանձնում էին մելիքության, ոմանք տանուտերության իշխանության, ոմանք պոռնիկներ ու երկկանայք էին, ոմանք միանում էին այլազգի իշխաններին և դառնում նրանց չար գործերի արբանյակները, քրիստոնյաների մատնիչներ։ Ոմանք մարմնական արհեստներով և հողագործությամբ էին զբաղվում իբրև աշխարհականներ՝ բոլորովին լքելով ժամն ու պատարագը։ Աղոթքի ժամին եկեղեցի չէին գնում, և գյուղերում ժամկոչի[Ն 2] ձայն չէր լսվում․ նրանցից լրիվ վերացել էր քահանայության շնորհքը, բայց տակավին իրենք քահանաներ էին անվանում և քահանայական գործ էին անում ոչ իբրև քահանաներ, այլ իբրև արհեստավորներ իրենց մարմնական վարձի համար։

Ոչ միայն գյուղական քահանաներն ու աբեղաները ըստ ասածիս անուղղա կարգուկանոնով թափառում էին, այլև կաթողիկոսները, որովհետև մեկը չէր, այլ երեք և չորս կաթողիկոսները և այն էլ՝ փառամոլության ու ագահության պատճառով իբրև մաքսավորներ կապելով ու հարկով պարսից թագավորից գնում էին կաթողիկոսական իշխանությունը և Սուրբ աթոռ Էջմիածինը։ Եվ ժողովրդի մեջ շրջագայելի թագավորական ծառա և այլազգի զորականներ էին շրջեցնում իրենց հետ և ժողովրդի տուրքը, հասը ճշտիվ և ուժի բռնությամբ առնում էին ինչպես Հեղիի որդիները[3]։ Եվ կաթողիկոսները, ինչպես իրենք դրամով ու կաշառքով կաթողիկոսական աստիճան էին ստանում, այդպես էլ իրենց ձեռնադրած եպիսկոպոսները, քահանաները տգետ, խոտան, անպետք ըստ Սաղոմոսի, որոնք որովայնի պաշտոնյաներ[Ն 3] էին, մշտապես գինարբուքի մեջ շրջում էին գուսաններով ինչպես մարմնավոր իշխաններ առավոտից մինչև երեկո, հետևում էին կատակների, լկտի խոսակցությունների և դատարկամտության։

Եվ սրանց բոլորի պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հեռացումը Աստվածաշնչից և աստծո երկյուղից․ բնավ գրքեր չէին կարդում, աստվածային մատյանները փակվել ու լռել էին, որովհետև խափանվել էր Աստվածաշնչի ընթերցումը, որ արհամարհված էր նրանց աչքում. հողով ու մոխրով պատված ընկած էին որևէ անկյուն, որովհետև ըստ տիրոջ խոսքի ոչ դիրք էին ճանաչում, ոչ էլ գրքերի զորությունը[Ն 4]։

Արդ՝ եթե եկեղեցականները այսպես էին, ի՞նչ ասեմ աշխարհականների մասին, որոնք բնավ չգիտեին, թե քրիստոնյաները պարտավոր են խոստովանել, հաղորդվել, կամ ամեն օր աղոթատեղ այցելել, նաև պասը ձեթով ու գինիով փչացնում էին, ոմանք կնաթող էին, ոմանք երկկին, չհաս և ազգապղծության մեղքերով շաղախված:

Իսկ եկեղեցիներն ու վանքերը՝ բոլորն անշուք ու անպատիվ, զարդերն ու սպասքները՝ բոլորովին կողոպտված, մինչև իսկ սուրբ սեղանը՝ ամենևին մերկ ու բաց։ Երկար ժամանակ փակված դռներով, խավար ու անլույս, պաշտամունքից ու պատարագից լուռ, շինվածքը ավերված ու խախտված, տանիքն ու պատերը իբրև անտեր ու այրի՝ զրկված փեսայից, օտարացած որդիներից, նստած թախծոտ ոգով ու անմխիթար լալիս էին մարդու երեսին[4]։

Արդ՝ բազմապատիկ ավելի քան ինչ որ շարադրեցինք, աղավաղված ու եղծված էր բարեկարգությունը հայոց Վերին աշխարհից[5]: Դրա փոխարեն արձանացել ու արմատացել էր անկարգությունը։ Այս պատճառով վշտանում և հոգու չափ ցավում էին այս տգետ մոլորությունների վրա այս երկու սուրբ վարպետները՝ Մովսեսն ու Պողոսը, որի որպիսությունը անցյալ գլխում ծանոթացրինք։ Պողոս վարդապետը Մովսեսից քիչ ժամանակ ավելի առաջ էր եկել Վերին երկիրը [Սյունիք] և իր մենակության պատճառով հակառակորդները ճնշում էին նրան, իսկ երբ Մովսես վարդապետը եկավ, իրար զորավիգ լինելով բոլոր գավառներում համարձակ քարոզում էին։ Այս երկու վարդապետները, պարոն Սարգիսը և տեր Կիրակոսը՝ հիշված մյուս մարդականցով, որոնց Մեծ անապատի գլխում հիշատակեցինք, նախ՝ անապատի ու կրոնովորության այն ամեն կարգն ու դրվածքը սահմանեցին, որոնք գրքերի ընթերցումով գտան և որոնք Մովսես վարդապետը ղփթիների անապատում տեսել ու սովորել էր, ապա նրանք անապատում մնալով աղոթում էին աշխարհի փրկության համար և նույն աղոթքով նպաստում էին վարդապետներին՝ խնդրելով սուրբ հոգուց օժանդակելու նրանց կենաց խոսքի քարոզության մեջ։ Իսկ երկու վարդապետները՝ Պողոսն ու Մովսեսը հավատքի ամոլներ լինելով շրջեցին մեր Արևելյան աշխարհի բոլոր գավառները, ամենքին քարոզում էին ճշմարտությունը, շինում էին եկեղեցիներ, կարգում էին քահանաներ, հաստատում էին դպրոց, սովորեցնում էին մանուկներին, որովհետև առաքելաբար հետիոտն շրջում էին՝ գնալով. որևէ մեկից ոչինչ չէին վերցնում, այլ միայն ուտելիք, իսկ ամբողջ շաբաթը պաս էին պահում, միայն կլոր տարին շաբաթն և կիրակի օրերն էին նավակատիքի կերակուրներով ճաշակվում, իսկ գինուց ու մսից ամենևին հեռու էին:

Իսկ Վերին աշխարհի [Սյունիքի] քրիստոնյաները [հայերը] լսելով նրանց ճշմարիտ քարոզները և տեսնելով նրանց գործերը՝ բոլորը ետ կանգնեցին իրենց թյուր ճանապարհից, հնազանդվեցին նրանց կարգերին ու սահմանադրությանը՝ իշխաններ, եպիսկոպոսներ, քահանաներ և նշանավոր մար֊դիկ բոլոր ռամիկներով հանդերձ: Բայց շատ անվանի մարդիկ՝ եկեղեցականներ ու աշխարհականներ, ոչ միայն չընդունեցին նրանց քարոզները, այլև հակառակվում էին, կենսամոլ ու խաբեբա անվանում, և նրանց սահմանած կարգերը իրենք և իրենց արբանյակներն էին խանգարում, ուր որ հասնում ու կարողանում էին:

Բայց հակառակության այս գործը անում էին թյուր ու օրինազանց մարդիկ, որոնց հաճելի չէին ճշմարտության ճանապարհները. վարդապետների մասին չարահամբավ լուրեր էին տարածում և նրանց ամբաստանում. նրանց ամմբաստանության լուրը մինչև անգամ հասավ երկրի այլազգի իշխաններին՝ խանին ու սուլթանին, մանավանդ Մելքիսեթ կաթողիկոսին, որը թագավորական բռնությամբ էր վարում կաթողիկոսության իշխանությունը։ Որովհետև ինքը նույնպես ուղիղ ճանապարհի վրա չէր, այդ պատճառով տեղի էր տալիս այնպիսիների ամբաստանությանը և նրանցից նյութ առնելով նեղում էր վարդապետներին։ Շատ անգամ կաթողիկոսը պատահելով այստեղ-այնտեղ նրանց սահմանած կարգը խափանում էր և նրանց կողմից առաջ քաշված անձանց ետ էր մղում, իսկ նրանց կոպիտ խոսքերով սպառնական պատգամներ էր ուղարկում։

Նաև վարդապետները հանդիպեցին կաթողիկոսին և նույն անարգալից խոսքերը լսեցին նրանից։ Որովհետև թագավորական իշխանությամբ էր խրոխտանում վարդապետների վրա, և այնքան վտանգեցին վարդապետներին, մինչև որ Պողոս վարդապետից ստորագրություն առան, որ այլևս չի շրջի քրիստոնյաների [հայերի] մեջ և չի քարոզի, ինչպես նախօրոք պատմեցինք նույնին վերաբերող գլխում[Ն 5]:

Իսկ երբ այնպես եղավ, որ Պողոս վարդապետին մի կողմ մղեցին և Մովսես վարդապետին միայնակ գտան, սկսեցին սաստիկ մրցանքով մաքառել նրա դեմ և նրան այնքան նեղը լծեցին, մինչև որ Մովսես վարդապետը ինքն իր փիլոնը, գավազանը և գորգը ուղարկեց Մելքիսեթ կաթողիկոսին՝ ասելով. «Որովհետև չես կամենում մեր քարոզությունը, ահա և առ քեզ մեր իշխանությունը, իսկ մենք լռելով կդադարենք քարոզելուց, և եթե դրա առիթով որևէ մեղք լինի, դու պատասխան կտաս աստծուն»։ Իսկ բարիքներ կամեցող աստված, որ ամեն ինչ տնօրինում է, Մովսեսի արարքը հաճելի չարեց Մելքիսեթի խորհրդակիցներին, դրա համար համոզեցին Մելքիսեթին՝ Մովսեսի իշխանությունը չառնել, այլ իր գավազանը իրեն վերադարձնել և հրաման տալ քարոզության։ Մելքիսեթը այդպես էլ արեց։

Թեպետ Մելքիսեթը Մովսեսին քարոզելու հրաման տվեց, բայց նենգելուց չդադարեց, քանզի անընդհատ ճնշում էր, դատափետելով պարտավոր էր դարձնում ու զրպարտում, ինքն ու իր համախոհները անխնայորեն նրա վրա նեղություններ էին բարդում։

Մովսես վարդապետը դրանց արարքներից զզված, ոգով չափ դառնացած, ձանձրացած, սրտով վհատված ու լքված մտածում էր տիրոջ խոսքը. թե՝ «կհալածեն ձեզ այս քաղաքից, փախեք մյուսը[Ն 6]։ Մտածեց հեռանալ Արևելյան աշխարհից և գնալ արևմտյան աշխարհը և այնտեղ գտնված քրիստոնյաներին քարոզել։ Այս դիտավորությամբ ելավ, եկավ Երևան քաղաքը, որպեսզի այնտեղով անցնի, գնա Թեոդուլպոլիս, որ Կարին քաղաքն է։

Այս ժամանակ Երևան քաղաքի և Արարատյան աշխարհի մեծ ու հզոր իշխանն էր Ամիրգունա խանը, որը պատահմամբ ու դիպվածով տեսավ Մովսես վարդապետին. խանը սրա մասին հարցրեց իր առջև ծառայող քրիստոնյաներին. սրանք պատասխանեցին որտեղից և ինչպիսին լինելը։ Եղավ, որ մի անգամ էլ խանը պատահեց վարդապետին և որքան տեսնում ու խոսում էր վարդապետը, խանին հաճելի էր թվում, որովհետև աստծու խնամքը իր ծառային բռնավորի առջև շնորհալի է ցույց տալիս։ Խանը Մովսեսին չթողեց գնալ արևմտյան աշխարհը, այլ այնտեղ Երևան քաղաքում արգելեց։ Օրավուր խանը գալիս էր և լսում էր պատարագը և գալիս էր ժամակարգության այլ արարողությունների պահերին և խոսում էր նրա հետ երբեմն իմաստության, երբեմն հավատքի վերաբերյալ և լսում վարդապետի պատասխանները, որոնք ախորժելի էին ու հաճելի և լի աստծու շնորհներով։ Նրա պարկեշտ վարքի համար խանը նրան սիրեց, այդ պատճառով նրան պահեց Երևան քաղաքում՝ նշանակելով կաթողիկե եկեղեցում երեք տարի։

Վաղեմի ժամանակներից սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի վրա մի վայելուչ մատուռ կար շինված, որ Երևան քաղաքի հյուսիսային կողմում այգիների մեջ էր. սա ավերակ ու անմարդաբնակ էր. սրա համար խանը վարդապետին ասաց. «Տեսնում ես, այս եկեղեցին, որ ամայի կանգնած է. այժմ լսիր ինձ ու մի գնա ուրիշ երկիր, այլ սա դարձրու քեզ բնակավայր ևդադարիր այստեղ, որպեսզի իրար մոտիկությամբ ու տեսակցությամբ մխիթարվենք»։ Նաև ողջ ժողովուրդը՝ քաղաքացիներ, վաճառականներ աղաչելով նույնն էին խնդրում վարդապետից: Սրանց խոսքը հաճելի լինելով վարդապետի համար՝ գործի ձեռնարկեց շինելու տեղը քրիստոնյա տեղացիների ու վաճառականների արդյունքներով ու օգնությամբ, որոնք սիրահոժար տալիս էին ողորմության տուրք տեղի կառուցման և վարդապետի սիրու համար, որպեսզի բնակվի իրենց մեջ։ Այդ պատճառով շտասլ շինեցին շուրջանակի պարիսպ, խուցեր, ժամատուն, սարավույթ և սւյլ շատ տներ։ Վերջացնելով բոլոր շինվածքները՝ վարդապետը իր միաբաններով բնակվեց այնտեղ այն կարգուկանոնով ու դրվածքներով, որ կարգել էին Մեծ անապատում։ Նրա մոտ հավաքվեցին բազմաթիվ միաբաններ, մենակյացներ, Սուրբ Գրքի իմաստուն ու սրբակյաց աշակերտներ։ Մեծ և փոքր միասին սիրով ու խաղաղ մնում էին խցում՝ միշտ կատարելով աղոթքներ և Սուրբ գրքի ընթերցում։

Սրա ուղիղ ուսմունքի և բարի կենցաղավարության համբավը աշխարհում ծագեծագ տարածվեց՝ Հունաստան, Քուրդիստան, Վրաստան, Պարսկաստան, որովհետև բոլոր երկրներից վաճառականներ էին գալիս այնտեղ, տեսնում էին ու համբավը տանում։ Մելքիսեթ կաթողիկոսը, Մովսես վարդապետի այս բոլոր հաջողություններն ու առաջադիմությունը տեսնելով, չարությամբ լցվում, սրտում փոթորկվում էր, բայց չէր կարողանում Մովսեսին որևէ չար բան անել խանից երկյուղելով, որովհետև նա վարդապետին շատ էր սիրում։

Մելքիսեթ կաթողիկո խորհրդակիցներով արեց այսպիսի խորհուրդ. սա ոչ թե աստծու փառքի ու Մովսես վարդապետի օգտի, այլ իրենց շահի ու օգտի համար էր, որպեսզի շատ ինչք ու արծաթ գումարվի իրենց։ Սահմանեցին, թե Սուրբ աթոռ Էջմիածնռւմ մեռոնօրհնեք ենք անում և այն Մովսես վարդապետի ձեռքով, որպեսզի նրա համբավով շատ երկրներից բազմաթիվ մարդիկ հավաքվեն, որոնցից մեզ շատ ինչքի ու արծաթի շահ լինի։ Այս սլաաճառով Մելքիսեթ կաթողիկոսի եպիսկոպոսներից ոմանք եկան Մովսես վարդապետի մոտ և նրան մեծարեցին Մելքիսեթ կաթողիկոսի խոսքով, որ գա Էջմիածին և մեռոնօրհնեք անի։ Մովսես վարդապետը այդ ժամանակ տակավին եպիսկոպոսության աստիճան չուներ, այդ պատճառով հրաժարվեց՝ ասելով. Ես եպիսկոպոսության աստիճան չունեմ, այդ իմ գործը չէ, այլ նրանց գործն է, որոնք եպիսկոպոս են»։ Այս պատճառով Մելքիսեթ կաթողիկոսն ասաց. «Եթե պատճառը եպիսկոպոսությունն է, ես իրեն եպիսկոպոս կօրհնեմ, որպեսզի պատրվակ չբռնի և գա մեռոնը օրհնի»։ Իսկ Մովսեսը հրաժարվում է եպիսկոպոսության աստիճանից՝ իրեն անարժան համարելով, բայց նրա աշակերտները, բոլոր քահանաներն ու ժողովուրդը թախանձում էին հանձն առնել եպիսկոպոսության աստիճանը, որի համար Մովսես վարդապետը հանձն առավ լինել եպիսկոպոս։

Ապա Մելքիսեթ կաթողիկոսը եկավ սուրբ առաքյալ Անանիայի դամբարանը, որտեղ Մովսես վարդապետի բնակությունն էր, որը և անվանեցին անապատ, այնտեղ (Մելքիսեթը) նրան օրհնեց եպիսկոպոս ավագ երկուշաբթի օրը։ Ապա կաթողիկոսն ու վարդապետը եկան Էջմիածին, և բոլոր եկեղեցականները, աշխարհականներ ու ավագ հինշաբթի օրը մեռոն օրհնեցին։ Մեռոն օրհնելուց հետո, շտապ ճամփու դրին ժողովրդին, քանզի բազմաթիվ երկրներից ժողուվուրդ էր եկել․ որոնք, սուրբ մեռոնի և Էջմիածնի օրհնությունը առնելով, գնացին իրենց տեղերը։

Իսկ ջուղայեցի վաճառականները հասնելով Սպահան քաղաքը իրենց համազգայինների մոտ ամենքին պատմեցին բարեվայելուչ արարողությունների մասին, որ տեսել էին Մովսես վարդապետից։ Իսկ ջուղայեցիները՝ եկեղեցականներ ու աշխարհականներ, լսելով այդ` տենչում էին վարդապետի սիրուն և խանդակաթ սրտով փափագում էին նրա տեսությունը։ Նրանք պատրաստեցին նշանավոր մարդիկ՝ քահանաներ ու աշխարհականներ, և ուղարկեցին իբրև հրավիրակ Մովսես վարդապետի, որպեսզի գա Սպահան իրենց մեջ։ Նաև ջուղայեցիների գլխավորը՝ Քրիստոսի ողորմությունները իրեն արժանի խոջա Նազարը, դրեց իր որդուն՝ խոջա Սաֆրազին, որ այդ օրերին Ատրպատական երկրում էր, մեծարել Մովսես վարդապետին Սպահանում։ Նրանք եկան, Մովսեսին առան, տարան Սպահան։ Իսկ նա այնտեղ ըստ քրիստոսական վարդապետության և ավետարանական քարոզության սփոփելով՝ մխիթարում էր նրանց և հաստատում քրիստոսական հավատքի մեջ, ոչ միայն քաղաքի բնակիչներին, այլև ամբողջ շրջակա գավառին։ Այնտեղ որոշ ժամանակ մնալով մեծ փառքով փառավորվեց նրանցից, ապա այնտեղից վերադարձավ Երևան քաղաքը՝ իր տեղը։

Մինչդեռ Մովսես վարդապետը անհոգ միամտությամբ մնում էր Երևան քաղաքում՝ իր տանը, Մելքիսեթ կաթողիկոսը նենգություն նյութեց նրա դեմ հետևյալ ձևով։ Մի թուղթ մեջտեղ հանեց իբրև ստացագիր, որտեղ գրված էր, թե՝ «Ես Մովսես վարդապետս պարտք եմ Մելքիսեթ կաթողիկոսին հարյուր թուման, դնամ Սպահան, այնտեղից վերադառնամ, տամ»։

Այս թուղթը տարան Ամիրգունա խանի դիվանը և ճշտիվ պահանջում էին հարյուր թուման։ Իսկ Մովսես վարդապետը ինչպես որ անպարտ էր, նույնն էլ պատասխանում էր, թե անպարտ եմ դրանից, որովհետև այդ թուղթը ես չեմ տվել, այլ դավադրությամբ ու ինչ֊որ հնարքով են սարքել այդ գրությունը։ Եվ թեպետ Մովսես վարդապետը բազում խոսքերով պատասխանում էր, սակայն փրկություն չէր լինում, որովհետև զրպարտիչների կողմը ճարտասան էր և չարիքներում փորձված։ Իսկ խանը իր իշխաններով և բոլոր քրիստոնյաները վերահասու եղան, որ այդ թուղթը ինչ֊որ հնարանք է, իսկ Մովսեսը անպարտ է, ուստի ամենքը ջանում էին փրկել Մովսեսին, բայց չէին կարողանում։ Այս գործի դատը երկարաձգվեց երկու ամիս, բայց ազատարար աստված նրան փրկեց հետևյալ ձևով։

Մելքիսեթը և իր եղբորորդի Սահակ կաթողիկոսը ոխ ունեին Համազասպ եպիսկոպոսի դեմ, որ Հավուց թառի վանքի և Երևան քաղաքի առաջնորդն էր։ Սա խրոխտ և ճարտարաբան մարդ էր, որ ճարտարախոսությամբ վախեցնում էր Մելքիսեթի կողմին և իշխում էր նրանց վրա։ Մելքիսեթյանները այս քենի պատճառով վնասը գցեցին Համազասպ եպիսկոպոսի վրա։

Սի օր երբ դատական ատյանում էին, Սահակ կաթողիկոսը խանի առջև ատյանի մեջ կանգնեց և ասաց ի լուր ներկաների. «Այդ թուղթը ամբողջովին կեղծ է, որովհետև ոչ իմ հորեղբայր Մելքիսեթ կաթողիկոսը գիտի, ոչ էլ ես, այլ ես գիտեմ, որ Համազասպ եպիկոպոսն է այդ նենգությունը արել»։

Այն ժամանակ խանը և այնտեղ գտնված բոլորը ցնծությտմբ օրհնեցին աստծուն, որ անպարտին զրպարտիչների ձեռքից ազատեց։ Նույն ատյանում այդ թուղթը պատռեցին, իսկ Մելքիսեթյանները կորագլուխ ու ամոթապարտ գնացին իրենց տեղերը։ Սրանից հետո անցան քիչ ժամանտկներ, երբ մեծ Շահ֊Աբաս սրքայից Ամիրգունա խանին Մովսես վարդապետի վերաբերյալ հրովարտակ եկավ հասավ, որի մեջ գրված էր, թե՝ «Ամիրգունա խան, ճանաչիր Մովսես անունով վարդապետի, որ բնակվում է քո քաղաքում՝ քեզ մոտ, շտապ նրան ինձ մոտ ուղարկես, ես ուր որ լինեմ, թող զա ինձ գտնի»։

Այս որոնման պատճառը սպիտակեցրած մոմն էր, որովհետև այն ժամանակ, երբ Մովսես վարդապետը Երուսաղեմ քաղաքում էր, այնտեղ սովորեց մոմ սպիտակեցնելու արհեստը և ներկայումս ինքը ամեն տարի [մոմը] սպիտակեցնում և եկեղեցում պատարագին և բոլոր ժամերգություններին սպիտակ մոմ էր վառում, որ տերունական և նշանավոր սրբերի տոները կատարում էր մեծ հանդեսով, սպիտակ ու պայծառ մոմերով, մեծ ցնձությամբ, ինչպես որ դրված է սուրբ Հովհան Օձնեցու պատմության մեջ[6]։

Դարձյալ՝ թագավորները սովորություն ունեն, որ տղաներ ու աղջիկներ հավաքեն բոլոր երկրներից։ Այս սովորության համաձայն նաև Շահ֊Աբաս թագավորը իր նախարարներից մեկին, որի անունն էր Բայինդուր բնկ, սրա հետ նաև այլ ներքինիներ ուղարկեց Ատրպատական երկիրը թագավորի համար հավաքելու տղաներ ու աղջիկներ։ Նրանք գալով՝ եկան, հասան Երևան քաղաքը։ Մի օր Բայինդուր բեկն ու Ամիրգունա խանը միասին զբոսանքի ելած շրջում էին․ զրոսնելով եկան այն անապատը, ուր բնակվում էր Մովսես վտրդապետը։ Այնտեղ Մովսես վարդապետը բերեց սպիտակ մոմից յոթ մոմ նվիրեց Բայինդուր բեկին, յոթն էլ Ամիրգունա խանին։ Բայինդուր բեկը տեսնելով մոմի առավել պայծառ, չքնաղ, հրճվալի սպիտակությանը, խիստ սքանչացտվ, հաճելիություն զգալով հավանեց և ասաց․ «Պահեմ սա և տանեմ, նվեր մատուցեմ շահին»։ Երր Ամիրգունա խանը այս լսեց, ասաց․ «Որովհետև այդպես ասացիր, իմն Էլ բաժին եմ դնում քոնի հետ, որպեսզի դրա հետ նվեր մատուցվի թագավորի առջև»։

Իսկ երբ Մովսես վարդապետը լսեց իշխանների խոսքերը և տեսավ նրանց գործերը, ասաց. «Որովհետև այդպես արիք, յոթ մոմ ևս բերում ավելացնում եմ դրանց վրա, այդպես կմատուցես թագավորին»։ Իսկ Բայինդուր բեկը գործերը վերջացնելուց հետո գնաց թագավորի մոտ և շատ ու զանազան նվերների հետ թագավորին մատուցեց նաև սպիտակ մոմերը, որոնք թաղավորը տեսնելով՝ ձեռքն առավ մոմերը, նայում ու զննում էր և հարցնում, թե որտեղի՞ց է։ Իսկ Բայինդուր բեկը ասաց, թե որտեղից է։ Արդ՝ դրա համար թագավորը հրովարտակ գրեց Ամիրգունա խանին, որ Մովսես վարդապետին ուղարկի իր մոտ․ առանց չնչին հապաղման Ամիրգունա խանը Մովսես վարդապետին ուղարկեց շահի մոտ[Ն 7]։

Դրա համար Մովսես վարդապետը Երևանից ելավ, գնաց Բաղդադ քաղաքը, որովհետև այնտեղ էր Շահ֊Աբաս թագավորը, որ կամենում էր Բաղդադ քաղաքը ետ գրավել օսմանցիներից, որը և գրավեց քիչ օրեր անց։ Մինչ տակավին չէր գրավել Բաղդադը, այլ նստած պատերազմում էր նրա շուրջը, այնտեղ Մովսես վարդապետը ներկայացավ թագավորին, երբ մեր թվականության 1075 [1626] տարին էր։ Թագավորը հարցրեց մոմի սպիտակության մասին, իսկ վարդապետը առջևը կանգնած ըստ պատշաճի պատասխանում էր։

Ապա շահը հրովարտակ գրեց, տվեց Մովսես վարդապետին և ուղարկեց Սպահտն քաղաքը Լալաբեկ իշխանի մոտ, որ թագավորի կողմից Սպահանի քաղաքապետ էր նշանակված, որ Մովսես վարգապետին տա հարյուր լիտր[Ն 8] մոմ, թագավորի ծառաներից երեք ծառա և նրանց բոլոր ծախսերը հոգա։ Իսկ Մովսես վարդապետը այգիներից որին հավանի, անպատճառ տան նրան, որպեսզի այնտեղ մոմ սպիտակեցնի, ծաոաներին սովորեցնի, տանի թագավորի մոտ, ուր էլ նա լինի։

Մովսես վարդապետը, առնելով արքունական հրովարտակը, եկավ Սպահան քաղաքը, ցույց տվեց Լալաբեկին, իսկ նա կատարեց թագավորի բոլոր հրամանները, Մովսեսին մոմ և երեք ծառաներ տվեց, որոնց անուններն էին՝ Ֆառուխ, Ղարչխա, Բեհզադ, և այն այգին, որը կոչում են Թիլիմ խանի այգի։ Մովսեսը այնտեղ ութ ամիս աշխատեց, մոմը սպիտակեցրեց, ծաոաներին սովորեցրեց, ապա սպիտակեցրած մոմը և ծառաներին առավ, գնաց Ֆահրապատ, քանզի շահը այնտեղ էր, որովհետև Բաղդադ քաղաքը դրավել էր և դարձել, գնացել էր Ֆահրապատ այնտեղ ձմեռելու համար․ այս պատճառով Մովսեսը դնաց այնտեղ։

Այդ նույն օրը այնտեղ էր մեծ փառավոր իշխան ջուղայեցի խոջա Նազարը, որ խիստ բարեկամ էր Մովսեսին և հարգված Շահ֊Աբաս թագավորի առջև։ Սրա ձեռքով Մովսես վարդապետը սպիտակ մոմն ու սովորեցրած ծառաներին ներկայացրեց թագավորին, որը տեսնելով արքան շատ ուրախացավ, ձեռքը առավ և զվարճանում էր նրանցով ու բազում հուսադրական խոսքերով անմիջապես ճամփու դրեց վարդապետին։

Այդ օրերին եկավ, վրա հասավ մեր Քրիստոս աստծու ծննդյան հայտնության տոնը․ և որպես Մովսեսը սովորություն ուներ մշտապես մեծ հանդեսով էր կատարում տերունական տոները։ Եվ ավելի առավել այս տոնը [նախատեսել էր] մեծ պատրաստությամբ շատ ավելի պատշաճ կարգավորությամբ, քանզի ինքը թագավորը ևս պատրաստվել էր գալ տոնը տեսնելու և զվարճանալու, որ և եկտվ։ Մովսես վարդապետը թափեց երկու մարդաչափ մոմ և ճրագալույցի գիշերը լույս տոնի օրը վառեց երեկոյան սուրբ Աստվածածնի անունով, իսկ ինքը ոտքի կեցած մինչև առավոտ հսկում էր կատարում ջերմագույն սիրով և հաստատուն հավատով։ Հորդաբուխ արտասուքներով աղոթում էր առ տերը՝ տիրամայր սուրբ Աստվածածնին բարեխոս բռնելով տիրոջ մոտ, որպեսզի տոնախմբությունը շնորհալի ցույց տա այլահավատ թագավորին և նրա սիրտը դութով ու խղճով լցնի քրիստոնյա ազգի հանդեպ։ Աստծու ողորմությամբ եղտվ ըստ վարդապետի խնդրանքի, որովհետև տոնի օրը մինչև արքան նստած էր զվարճանքին, իսկ վարդապետը զգեստավորված իր պաշտոնյաներով կատարում էր ջրօրհնեքի կարգը, արքան մեծ հաճույք էր ստացել և հավանել տոնախմբությունը։ Մովսեսի նկատմամբ համակրանք էր առաջացել, ուստի թագավորը վարդապետի մասին հարցրել էր խոջա Նազարին, իսկ նա բարի խոսքեր էր ասել և թագավորի մոտ շատ էր խոսել Մովսեսի մասին։

Օրեր հետո արքան ասաց խոջա Նազարին․ «Ձեր վարդապետը ի՞նչ խնդրանք ունի, որ կատարենք, գա՞նձ, կալվածք կամ ուրիշ որևէ բան, ինչ ինքը կամենում»։ Խոջա Նազարը պատասխանել էր, թե՝ «Նա այնպիսի մարդ է, որ աշխարհն ու նրա հարստությունը զանց է արել, և դրանցից ոչ մեկի պետքը չունի, իսկ եթե շնորհ անես, սրան իրրև պարգև տուր Էջմիածնի լուսարարությունը, որպեսզի այնտեղ այն եկեղեցուն սպասավորելով՝ աղոթի թագավորի կյանքի համար»։ Նրա [Նազարի] խնդրանքը հաճելի եղտվ, և արքան շատ հավանեց, ուստի թագավորական հրովարտակով Սուրբ Էջմիածնի լուսարարությունը տվեց Մովսեսին։

Ապա Մովսես վարդապետը Ֆահրապատից դուրս եկավ մեծ փառքով և անպատմելի ցնծությամբ, ոչ միայն իր, այլև բոլոր քրիստոնյաների [ցնծությամբ] եկավ, հասավ Երևան քաղաքը, ապա Սուրբ Էջմիածին և առանց հապաղելու ձեռնարկեց Սուրբ աթոռի վերանորոգության. մեր թվականության 1076 (1627) տարին վարդավառի պասի երկուշաբթի օրը սկիզբ դրին շինության ու նորոգության։


Արդ՝ տեսնում ես նորոգությունը, բայց չգիտես, թե ինչպիսին էր ավերակությունը. դրա համար հարկադրված գրում եմ ավերակության մասին, որպեսզի ծանոթանան Սուրբ աթոռի թշվառությանը, սրանով նաև այն ցավին ու կսկիծին, որ ունեին ողջ հայ ազգն ու վարդապետները ժամանակին Սուրբ աթոռի համար։ Սրա հետ նաև [ծանոթանան] Մովսես վարդապետի և իր աշակերտների աշխատանքներին, քրիստոնյաների նվիրատվություններին ու ողորմություններին Սուրբ աթոռի նորոգության համար։

Ինչպես ասում է Դավիթ մարգարեն, թե՝ «Երուսաղեմը դարձրին ինչպես մրգապահների հյուղեր»[Ն 9]։ Իսկ Եսայի մարգարեն Սիոնի մասին ասում է. «Սեխենիների մեջ իբրև հովանի»[Ն 10]։ Սրա նման համարիր նաև աստվածաբնակ Սուրբ աթոռը, որովհետև բոլորովին դատարկվել Էր ունեցվածքից, կողոպտվել էր զարդերից, ոչ գիրք կար, քանի որ այնտեղ ժամասացություն չկար, և ոչ էլ ընթերցում, ոչ զգեստ ու շուրջառ, որովհետև ժամակարգություն ու պատարագ չկային։ Մինչև անդամ Քրիստոսի իջման տեղն ու սուրբ սեղանը ծածկոց չունեին։ Ոչ կանթեղներ, որովհետև լույս չկար, այլ մըշտապես խավարի մեջ էր, բայց մի այլազգի մահմեդական ձեթի ճրագ էր վառում և դնում բեմի վրա, այն էլ երբեմն-երբեմն անցորդ-ճամփորդների համար, որպեսզի տեսնելով այն՝ իրեն ողորմություն տան։ Ոչ խնկարկություն, որովհետև բուրվառ ու խունկ չկար։ Եկեղեցու սալարկած հատակը քանդքընդված էր, դարձել էր զեռունների ու սողունների բույն, իսկ ունեցած մեծամեծ լուսամուտները բոլորը բաց էին առանց շրշանակի, որտեղից թռչունները ներս էին մտնում, եկեղեցին լցնում ծիրտերով ու ծեղերով և այլ աղբերով, որոնք ամեն օր հարկադրված սրբում էինք։ Իսկ առավոտյան լուսանալիս թռչունների ձայները խլացնում էին ժամասացությունը։

Իսկ դրսից գմբեթի գագաթը, ամբողջ տանիքը, պատերի երեսները քանդքնդված էին ու քարերը թափված, պատերի հիմքի քարերը փշրված ու ծակոտված։ Վաղեմի ժամանակներից եկեղեցու շուրջը եղած շինությունները դարձյալ ավերված են և միմյանց վրա փլված։ Հողն ու մոխիրը այնքան էին բարձրացել, որ եկեղեցու շուրջը ամեն կողմից աղբն ու հողը յոթ կանգուն բարձրացել, եկել ծածկել էր եկեղեցու հիմքերն ու աստիճանները, որ դրսոի կողմից են։

Իսկ եկեղեցու կամ տան զարդերը, սպասքներ ու անոթներ բնավ չկային, որովհետև ինչ որ եղել էին հին ժամանակներից, կաթողիկոսները բոլորը վաճառելով կամ գրավ դնելով վատնել էին, և այժմ նույնպես գրավ դրված անոթներ կային մահմեդական իշխանների մոտ։ Սրանք Մովսես վարդապետը աղատեց. դրանք էին սուրբ Գրիգոր լուսավորչի որդի Արիստակես հայրապետի աջը, նաև Աղջուց վանքի սուրբ Ստեփանոսի աջը, որոնց հետ խաչ, սկիհ, բուրվառ, շուրջառ և այլ իրեր։

Իմ ասած խոսքերը ցույց են տալիս, որ տեղը թափուր էր մարդկանցից․ ճիշտն ասեմ, ամենևին անբնակ չէր, իսկ դու համարիր իբրև անբնակ, որովհետև կաթողիկոսները այնտեղ՝ Էջմիածնում չէին բնակվում, այլ Երևան քաղաքում՝ կաթողիկե եկեղեցում կամ երկրներում շրջագայում էին։ Իսկ ոմն սևագլուխներ՝ սինլքորներ, գռեհիկներ, ինչպես գյուղացի հողագործներ, ստորին մշակների հետ բնակվում էին Էջմիածնում և տարվա շատ օրերը ավելի գյուղերում էին անցկացնում, քան Էջմիածնում։

Երբ Մովսես վարդապետը սկսեց նորոգումը, հողի ու մոխրի համար տարակուսում էին, որ բլրացել էր շուրջանակի, թե ինչպես կլինի պեղել։ Բայց որովհետև աստծու կամքը քաղցրացել էր, և գործի ձեռնարկությունը նրա հաճությամբ էր, դյուրին եղավ հողի վերացումը։ Որովհետև գետից վարար ու հորդ ջուրը բերին, հողի մի կողմը կապեցին և բազմաթիվ մշակներ գործի դրին․ մշակները սկսեցին հողը փորել և խառնել ջրին. այդպես անելով՝ ջուր հողը առած տանում էր, իսկ քարը մնում։ Քիչ օրեր հետո շուտափույթ ամեն կողմից հողը վերացավ և ամբողջ տեղը բացվեց, դարձավ հարթահատակ գետին։ Մնացած քարերը շարեցին տների պատերում, որ գործին օգտակար եղավ։ Ապա շուրջանակի լայն ու ընդարձակ պարիսպ քաշեցին՝ նրա վրա ութ բուրգ կառուցելով։

Իսկ շինված պարիսպը այսպես ձևեցին։ Ինչպես որ եկեղեցու մեջ տեսնվում են եկեղեցու չորս խորաններ, որոնք հորինված են նրա մեջ աշխարհի չորս կողմերը ուղղված․ եկեղեցու արտաքին կողմից այս չորս խորանների ճակատներից [սկսելով]։ Նախ չափեցին արևելյան ճակատից դեպի արևմուտքի քառասունհինգ գազ[Ն 11], որ անում է վաթսուներեք հալաբի[Ն 12], ապա քաշեցին արևելյան կողմի պարիսպը․ այսպես իմացիր նաև արևմտյան կողմինը։ Սույնպես և հյուսիսային կողմի խորանի ճակատից չափեցին դեպի հյուսիս քառասուն գազ, որ անում է հիսունվեց հալաբի, ապա պարիսպը քաշեցին․ այսպես իմացիր նաև հարավային կողմինը։ Ապտ արևմտյան կողմում պարսպի մեջ շինեցին սեղանատուն, փուռ, տնտեսատուն, ցորենի և այլ նյութերի ամբարանոց։ Այս բոլոր շինվածքներից միայն պարիսպն է հողից շինված, թրծված աղյուսով, կրով ու գաջով, գեղեցիկ ու վայելուչ հորինվածքով։

Սրանից հետո եկեղեցու գմբեթի տանիքը նորոգեցին, քանզի սալերը քանդվել և տեղերից հեռու էին թռել։ Իսկ եթե մեկը ցանկանում է իմանալ Սուրբ Էջմիածնի լուսակառույց, քրիստոսանկար, աստվածաբնակ տաճարի չափը, այսքան է. հիսուն հալաբի չափ երկայնքն է արևելքից դեպի արևմուտը, քառասունութ հալաբի լայնքն է հյուսիսից դեպի հարավ. երեսունհինգ հալաբի բարձրությունն է՝ ներսի կողմի գմբեթի պատից մինչև գետին։ Այս չափերը եկեղեցու մեջ ներսի կողմինն են առանց պատերի։

Եվ օրավուր նորոգում, հաստատում էր Սուրբ աթոռը, որով [հաստատում էր] քրիստոնեության հավատի ամեն կարգ ու կրոն։

Որովհետև Սուրբ աթոռի նորոգման լուրը հռչակվելով ծավալվեց ողջ աշխարհում՝ Հունաստանում, Պարսկաստանում, Քրդաստանում, Վրաստանում, ուստի ամենքն էլ ուրախանալով ցնծում էին։

Մովսես վարդապետը նաև իր աշակերտներից ուղարկեց ամեն կողմ քարոզության, որոնք գնացին հոգեբուխ քարոզությամբ և բարեկրոն վարքով հաստատեցին քրիստոնեական հավատի և եկեղեցական ավանդության կարգերն ու կրոնը, որովհետև ուր էլ գնում էին, ըստ իրենց վարդապետի նմանության ճշմարիտ գործեր էին ցույց տալիս։ Շինում էին եկեղեցիներ, կարգում էին քահանաներ և պարտելով կործանում էին ճշմարտության հակառակորդներին, որի հետևանքով զորանում, առաջանում էր ճշմարտությունը։ Այլև այս հոգելից սուրբ վարդապետ տեր Մովսեսը հաստատեց դպրոց Օհանավանքի[7] մեծափառ Սուրբ Ուխտում, որտեղ հավաքեց բազմաթիվ մանուկներ և ամենի ծախսն ու պետքերը ինքն էր հոգում, իսկ մանուկները անզբաղմունք ու անխափան սովորում էին եկեղեցական ուսումը, աստվածաշնչական գրքերը, իմաստասիրություն։ Սրանք բոլորը եղան երկրին պիտանի մարդիկ և օգտակար՝ վարդապետներ, եպիսկոպոսներ, աբեղաներ, քահանաներ և բոլոր վանքերը, որ ամայացել ու խավարի մեջ էին, լցվեցին միաբաններով, աբեղաներով, կրոնավորներով, իսկ գյուղերը հմուտ քահանաներով։ Այս պատճառով ողջ ժողովուրդը, որ ամբողջ աշխարհում բնակված է, առաջին կաթողիկոսի անկարգությունից ձանձրացած, իսկ սրա բարեկարգությունից մխիթարված, սիրով ու հոժարությամբ, կաթոգին սրտով կամենում էին, որ մեր սուրբ հայր Մովսես վարդապետը լինի կաթողիկոս։ Ամեն տեղերից գրություններով ու աղաչանքներով թախանձում էին վարդապետներ, եպիսկոպոսներ և նշանավոր մարդիկ, որ հանձն առնի կաթողիկոսության աստիճան, բայց նա հրաժարվում էր՝ իրեն անարժան համարելով առաքելական աստիճանին։

Բայց աստծու մարդ այս տեր Մովսես վարդապետը մշտապես իր հոգում վարանում, տխրում ու ցավում էր հարյուր թուման տուգանքի համար, անտանելի ծանր բեռ ու անխզելի շղթա եղավ Էջմիածնի Սուրբ աթոռի վրա. ոչ միայն նա, այլև ողջ հայոց ազգը [տխրում ու ցավում էր]։ Քրիստոսաբնակ Սուրբ աթոռի փրկության համար Մովսես վարդապետը չծուլացավ՝ իրեն կամ իր տկար ծերությունը խնայելով, այլ ելավ գնաց արքայի արքունիքը՝ Ղազբին քաղաքը, քանզի այնտեղ էր Շահ-Աբաս թագավորը մեր թվականության 1077 (1628) տարում։ Եվ դիմելով այստեղ-այնտեղ՝ թագավորների նախարարների մոտ, աղաչում էր նրանց իմացնել արքային հարյուր թուման հարկը վերացնելու էջմիածնի վրայից։ Նախարարները հարմար չհամարեցին, ասելով․ «Այս թագավորը շատ փողասեր է և ագահ. փողի այդքան շահից չի հրաժարվի, մանավանդ որ այդ գործը ինքն է հաստատել, որով ավելի երևում է, որ չի հրաժարվի դրանից։ Այս պատճառով դու պարտավոր ես լռել այս ժամին և օրերին։ Իսկ մենք հարմար ժամանակ գտնելով՝ կխոսենք արքայի առջև»։ Այս պատճառով թախծալից սրտով վերադարձավ Ղաղբինից, եկավ Սուրբ Էջմիածին։

Իսկ Շահ-Աբաս արքան ելավ Ղազբինից, գնաց Ֆահրապատ քաղաքը, որ կոչվում էր Աշրավ, այնտեղ ձմեռելու։ Եվ մարդկային հյուծվող բնույթին համապատասխան հիվանդացավ, մեռավ մեր թվականության 1078 (1629)) տարվա հունվար ամսի 7-ին և կտակով հաստատեց, որ թագավորությունը արվի իր թոռին։ Քանզի արատամիտ ու բազմախորհուրդ Շահ-Աբաս թագավորը իր որդիներից ոմանց սպանեց, ոմանց կուրացրեց՝ երկյուղելով, թե մի գուցե [նրանցից մեկնումեկին] իշխանները թագավորեցնեն։ Մնացել էր մի թոռ՝ իր ավագ որդու որդին, այս պատճառով թագավորությունը տվեց իր թոռին։ Բոլոր նախարարները, թագավորի տան հավատարիմները հավաքվեցին թոռին թագավորեցրին և նոր թագավորի անունը կոչեցին Շահսեֆի, քանի որ վիճակով գրին նրա անունը. վիճակն ու կոչումը անվանը հարմարվեց, որովհետև նորընծա թագավորի հոր անունը Սեֆի էր։ Նորընծա թագավոր Շահսեֆին թագավոր նստավ նույն թվականին՝ 1078 տարվա հունվար ամսի 19-ին։

Այս ժամանակ պատշաճ ու հարմար պահ եղավ հարյուր թուման տուգանքը վերացնելու համար։ Այդ պատճառով Սպահան քաղաքում բնակված ջուղայեցի ժողովուրդը, մանավանդ աստծու ողորմությունների արժանի քրիստոսասեր մեծ իշխան խոջա Նազարը նամակ գրեցին և արագընթաց սուրհանդակի միջոցով հասցրին Էջմիածին Մովսես վարդապետին, որ շուտափույթ հասնի նորընծա թագավորի պալատը հարյուր թումանը վերացնելու համար։ Մովսես վարդապետը անհապաղ շտապանքով գնաց Սպահան քաղաքը թագավորի պալատը և թագավորի պալատում ութ ամիս մնալով, տեսնելով բոլոր նախարարներին՝ հներին ու նորերին, և նրանց սրտերը գրավեց բազմանվեր աղերսանքով։

Ապա աստծու սուրբ մարդը պատրաստեց ընծա որպես վայել է թագավորներին, սկուտեղով զուտ ոսկի դահեկան և այլ թանկագին իրեր, խնդրագիր, որ կոչվում է արղա։ Վարդապետն ու խոջա Նազարը նախարարների միջնորդությամբ ներկայացրին թագավորին։ Վարդապետի վերաբերյալ արքայի հարցումին խոջա Նազարը նրան տեղեկացրեց՝ պատմելով վարդապետի ազնվության մասին, նաև թե նախածանոթ և հաճելի ծառա էր նախորդ մեծ թագավորին՝ քո պապին և այժմ աղոթող է թագավորի կյանքի համար, բայց այս խնդրանքը ունի, որպեսզի արքան քննելով գթա իր տառապյալ ժողովրդի վրա և ծանր բեռը, որ անտեղի և զուր դրվեց մեր վրա, այսինքն՝ հարյուր թուման տուգանք, արքան հրամայի վերացնել։

Եվ արքա Շահսեֆին այնտեղ ատյանում շատ բան խոսեց խոջա Նազարի հետ, Մովսես վարդապետից հարցրեց հարյուր թուման տուգանքի մասին և աստվածային ողորմությամբ ու շնորհներով վարդապետի բոլոր խոսքերը դյուրին ու ախորժելի թվացին թագավորին, քանզի ամենաթագավոր աստված, որ իր ձեռքում պահում է թագավորների սրտերը, թագավորի կամքը հաճելի դարձրեց ու քաղցրացրեց, ուստի ի լուր ամբողջ ատյանի ասաց. «Զիջեցի հարյուր թուման տուգանքը, որ պիտի տայիք թագավորի դիվանին, այսուհետև կացեք ազատ և աղոթեցեք մեր կյանքի ու հաջողության համար»։ Այն ժամանակ խոջա Նազարն ու Մովսես վարդապետը և բոլոր իշխանները, որ կանգնած էին թագավորի առջև, ձեռքերը բարձրացրին, գոհության ձայնով օրհնեցին աստծուն ու թագավորին։ Եվ ուրախությամբ ատյանից արձակվեցին, գնացին իրենց տեղերը։ Այնուհետև Մովսես վարդապետը և խոջա Նազարը ամեն օր շրջելով իշխանների պալատները և դիվանական մատյանների վերակացուների ու գրագիրների մոտ այնքան չարչարվեցին, մինչև որ բոլոր մատյաններից, որտեղ որ գրված էր այդ բանը, ամեն տեղից հանին, դուրս գրեցին։

Ապա խոջա Նազարը գրեց մի այլ խնդրագիր և մատուցեց թագավորին խնդրելով, որ տա թագավորական կնիքով հրովարտակ հարյուր թուման տուգանքը վերացնելու մասին, սրա հետ արքայից խնդրեց Մովսես վարդապետին տալ կաթողիկոսության իշխանությունը։ Արքա Շահսեֆին կատարեց նրանց բոլոր խնդրանքները, քանի որ թագավորական կնիքով, ազդու և հատու խոսքով հրովարտակ տվեց, թե՝ «թող վերացվի հարյուր թուման տուգանքը, որը մեր թագավորներից դրված էր ձեր Էջմիածնի աթոռի վրա, այլև տրվի հրաման Մովսես վարդապետի կաթողիկոսության ըստ ամենայն հայոց ազգի խնդրանքի»։ Արդ այսպես մեծ չարչարանքով և շատ դրամ ծախսելով, մոտ հազար թուման, հազիվ կարողացավ վերացնել հարկի ծանր բեռը Սուրբ աթոռից։

Սուրբ վարդապետ Մովսեսը թագավորական հրովարտակը առավ, վերադարձավ մեծ ուրախությամբ, եկավ հասավ աստվածաբնակ աթոռ Սուրբ Էջմիածին։ Սուրբ աթոռի ազատության լուրը տարածվեց ընդհանուր աշխարհի հայ ազգի մեջ, ամենքը լցվեցին անպատմելի ուրախությամբ, ցնծության ձայնով գոհանում էին աստծուց։

Այնուհետև ամբողջ աշխարհի երևելի մարդիկ, եկեղեցականներ, աշխարհականներ [խոսքը հայերի մասին է] սկսեցին առավելապես աղերսագիր ուղարկել Մովսես վարդապետին. խնդրում, աղաչում էին, որպեսզի նաև մի այլ պատճառ հնարի հավատի հաստատության և եկեղեցու կարգի համար, հանձն առնի կաթողիկոսությունը։ Այս խնդրագրերը ուղարկվեցին Պարսկաստանից, Վրաստանից, Քուրդիստանից, Հոռոմստանից։ Իսկ մեր սուրբ հայրը ոչ թե անձնական փառքի, որ փառավորված էր աստծուց և մարդկանցից, այլ աստծու ժողովրդի օգտի և հոգևոր կրոնի հաստատության համար լսող եղավ ամենքի աղաչանքներին, ընդունեց կաթողիկոսական աստիճան և աստծու ամենասուրբ հոգու օծմամբ օծվեց ամենայն հայոց ազգի հայրապետ պայծառ և պանծալի ժառանգորդ Սուրբ Էջմիածնի բարձրագահ աթոռի մեր թվականության 1078 [1629] տարվա հունվար ամսի 13-ին՝ տիրոջ տնօրինության [մարդեղության] օրը։ Եվ տիրոջ խոսքի համաձայն լուսավորող ճրագ[Ն 13] դրվեց բարձր աշտարակի մեջ գերագահ աթոռում լինելու լուսատու մեր Արամյան տան. և իր աստվածաշնորհ վարդապետությամբ մխիթարում էր բոլորին քաղցր քարոզությամբ՝ ուղղելով արդարության ճանապարհը։

Եվ մեր սուրբ հայրը մաքրակենցաղ էր ու սրբասուն, երկայնամիտ էր ու ողորմած։ Սրա ձեռքով շատ գերիներ ազատվեցին գերիչներից, որովհետև սրա ժամանակ անհաշտ խռովություն կար պարսիկների ու օսմանցիների միջև, ուստի ավար ու գերություն շատ էր լինում երկու կողմերից։ Գերիներից ում էլ տեսնում էր, անպատճառ գնում էր և ազատում։

Սա մնաց Բարձրագահ աթոռի վրա՝ Սուրբ Էջմիածնում ուղիղ վարդապետությամբ, նորոգեց ավերակները նոր շինությամբ, պայծառացրեց միաբաններով ու վարդապետներով, պատշաճ ու հաստատուն ժամանակագրությամբ, հարստացրեց եկեղեցական անոթներով, նյութական հարստությամբ։ Սա կաթողիկոս մնաց երեք ու կես տարի և 1081 [1632] թվի մայիս ամսի 14-ին վախճանվեց, այս կյանքից մահով պակասեց և հանգստով ավելացավ տիրոջը, գնաց իր անձկալի Քրիստոսի մոտ, որ հանապազ, մշտապաղատ և սրբանվեր աղոթքներով կրում էր հոգում։

Այնպես պատահեց, որ սրա մահը տեղի ունեցավ Երևան քաղաքում՝ Սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի վանքում, այս պատճառով տարան ընղհանուր գերեզմանատուն՝ Կոզեռն կոչված բլուրը, որ Կոզեռ վարդապետի այնտեղ գտնվող գերեզմանի համար այդպես են կոչում բլուրը: Կոզեռ և Մելքիսեթ վարդապետների գերեզմանին կից, այս երկուսի մեջտեղում պատրաստեցին այս սրբի հանգստյան շիրիմը, այնտեղ երկու փակված տապանների միջև դրին նրա սրբասուն մարմնի նշխարները մեծ պատվով ու փառքով՝ ի փառս Քրիստոսի և ի բարեփոխություն քրիստոնյաների։

Եվ ինչպես սրա կենդանությամբ ամեն ոք ուրախանալով ցնծում էր, այդպես էլ սրա մահով ամեն ոք սգով տոգորված տխրեց, ոչ միայն քրիստոնյաները [հայերը], այլև մահմեդականները, նաև ինքը քաղաքապետ Մահմադղուլի խանը՝ Ամիրզունա խանի որդին, և իր բոլոր իշխանները, որոնք եկան Մովսես կաթողիկոսի թաղման և սգակից լինելով քրիստոնյաներին, ողբում էին նրա մահը, որովհետև այնպիսի աստվածահաճո և աշխարհաշեն մարդ պակասեց երկրից, որի հիշատակը թող օրհնությամբ լինի և նրա աղոթքներով տերը մեզ ողորմի, ամեն։

Նշումներ
  1. Չալաբին հայերին տրվող պատվանուն էր Թուրքիայում
  2. Ժամկոչ կարծում եմ պետք է ժամկանչ [եկեղեցի կանչելը] հասկանալ, որ կատարվում է զանգահարությամբ։
  3. Զի այդպիսիքն տեառն մերոյ Քրիստոսի ոչ ծառայեն, այլ իւրեանց որովայնին [Հռովմ. ԺԶ 18]։
  4. Պատասխանի ետ նոցա Յիւսուս եւ Մոլորեայք, ոչ գիտէք զգիրս եւ ոչ զզօրութիւն Աստուծոյ [Մատթ. ԻԲ 29]:
  5. Տե՛ս նախորդ գլուխը:
  6. Մատթ. Ժ 23:
  7. Առանց որոշ լրացումների մոմերի պատմությունը տրված է նաև ԺԹ գլխում։
  8. Լիտրը մոտավորապես 4 800 գրամ է կամ 12 ֆունտ։
  9. Սաղմ. ՀԸ 1։
  10. Ես. Ա 8։
  11. Գազը մեկ մետր 12 սմ է։
  12. Հալաբի - արաբական երկարության չափ է, որ մոտավորապես հավասար է 94 սմ։
  13. Ծննդոց Ա 14, 15, 17
Ծանոթագրություններ
  1. Բաղքը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի գավառներից մեկն էր։ Բաղքը համապատասխանում է ներկայիս Ղափանի շրջանի մի մասին։ Իսկ Խոտանանը Բաղքի գյուղերից է, որ առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարի վերջերին։
  2. Նավակատիքի կերակուրների մեջ միայն մսեղեն կերակուրներ չեն մտնում։
  3. Հեղին հրեաների քահանայապետն էր և միաժամանակ քառասուն տարի դատավորություն արեց: Բայց իր զավակների վերաբերյալ անհոգ ու անտարբեր, ուստի պատժվեց աստծու կողմից։
  4. Այստեղ Դավրիժեցին հիշում է Խորենացու «Ողբի» խոսքերը․ «Ողորմիմ քեզ եկեղեցի Հայաստանեայց, խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին, ի քաջեն զրկեալ ի հովուէ եւ ի հովուակցէ...»
  5. Վերին աշխարհ Հայոց արտահայտության տակ պետք է հասկանալ Սյունիքը, և ոչ թե Բարձր Հայքը՝ Կարինը։
  6. Հովհան երրորդ Իմաստասեր Օձնեցի։ Այժմյան Ալավերդու շրջանի Օձուն գյուղից էր: Կաթողիկոս դարձավ 717-728 թվերին։ 719 թվին գնաց Դամասկոս Օմար Բ ամիրապետի մոտ եկեղեցին հարկից ազատելու և քրիստոնյաների դեմ հալածանքը դադարեցնելու համար։ Նա Նշանավոր մատենագիր է։ Հայտնի երկասիրություններն են՝ «Ատենաբանութիւն», «Կանոնք», «Մեկնութիւն ժամագրոց», «ՀիմնարկԷք և օրհնությիւն եկեղեցւոյ» և այլն: «Պատմութիւն» ասելով [այստեղ] պետք է հասկանալ «Ցազագս կարգաց եկեղեցւոյ» [Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ «Մատենագրութիւնքը» , Վենետիկ 1953, Էջ 98-120] գործը։
  7. Օհանավանք կամ Յովհաննավանք Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի վանքերից Է, որ այժմյան Աշտարակի շրջանի Օհանավանք գյուղում Է գտնվում։ Ըստ ավանդության վանքը գոյություն ունի հնուց ի վեր։ Ղազար Փարպեցին Է եղել վանքի առաջնորդը և իրենից հետո առաջնորդ Է կարգել Հովհաննես անունով մեկին։ Ներկայիս եկեղեցին հիմնովին ավարտվել Է 1217 թվականին։