Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԻԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գլուխ ԻԴ ԳԼՈՒԽ ԻԵ

Առաքել Դավրիժեցի

Գլուխ ԻԶ
ԳԼՈՒԽ ԻԵ
ՏԵՐ ՓԻԼԻՊՈՍԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՍԻՐՈՒՀԻ ԳԱՅԱՆԵԻ ԵՎ ՀՌԻՓՍԻՄԵԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ. ՆՐԱՆՑ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեր Փիլիպոս կաթողիկոսը Բարմ[1] երկրից էր, որ այժմ կոչվում է Աղբակ, այն գյուղից որի անունն է Էրնկան[2]։ Սա լինելով մանուկ՝ տասնչորս տարեկան, ավելի կամ պակաս, լսեց Մեծ անապատի մենակյացների ճգնական վարքի մասին։ Մեծատենչ փափագով ելավ, գնաց Մեծ անապատը կրոնավոր դառնալու և հետևելու առաքինական վարքի մաքրակենցաղ սրբությամբ, որը խիստ փափագում էր։ Իսկ անապատի կրոնավորները նրան անապատ չթողին մանուկ հասակի և անմորուք լինելու պատճառով։ Սակայն նա աշխարհ չդարձավ, այնտեղ անապատից դուրս անտառների մեջ մնաց, որ անապատի շրջապատում էին և այդպես համբերեց ութ ամիս։

Այս ժամանակները Մովսես կաթողիկոսը տակավին վարդապետ լինելով քարոզությամբ շրջում էր երկրում և լուսավորում բոլոր մարդկանց ինչպես արեգակ։ Իսկ պարոն Սարգիսը՝ մեծ անապատի հայրը, Փիլիպոսին տվեց Մովսես վարդապետին աշակերտության։ Սրա մոտ մնալով Փիլիպոսը հասավ արբունքի՝ երիտասարդական հասակի։ Նրան օրհնեցին աբեղա՝ կուսակրոն քահանա, իսկ նա գիշեր-ցերեկ հետևում էր ճգնական վարքի, առաքինի գործերի և Աստվածաշնչական գրքերի ընթերցման։ Մովսես վարդապետը տեսնելով սրա առաջադիմությունը՝ իր համաձայնությամբ ու բոլոր միաբանների վկայությամբ նրան վարդապետական իշխանություն, քիչ տարիներ անց վարդապետական գավազան տվեց. 1070 (1630) թվականին նրան օրհնեց եպիսկոպոս։

1081 (1632) թվականին, երբ հասավ Մովսես կաթողիկոսի վախճանը, նրա մոտ հավաքվեցին եպիսկոպոսներ, վարդապետներ և երևելի մարդիկ, նաև Թահմազղուլի խանը՝ քաղաքի իշխանը, և ողբալով ասացին. «Որովհետև քո տերը և կյանք տվողը այդպես կամեցավ, որ դու հեռանաս ու գնաս մեզնից, ուստի այժմ խնդրում ենք քո հայրախնամ գութից, որպեսզի մեզ բոլորովին որբ չթողնես, այլ հայտնես մեզ, թե ումն ես տալիս մեզ, որ քեզնից հետո լինի հայր և հովիվ»։ Նա ասաց. «Դուք գիտեք, ում կամենում եք, ընտրեցեք»։ Իսկ ժողովի բազմությունը ասաց. «Մենք ամբողջ աշխարհով քեզ ընտրեցինք, իսկ այժմ դու ում ընտրես, մեզ ընդունելի է»։ Նա ասաց. «Ես կամենում եմ, որ Փիլիպոս վարդապետը լինի իմ փոխանորդը և Սուրբ Էջմիածնի աթոռի հաջորդը»։ Երբ նրանք բոլորը լսեցին, հոժար կամքով հաճեցին և ընդունեցին, որ Փիլիպոսը լինի կաթողիկոս։ Երբ Մովսեսի մահվան լուրը տարածվեց ողջ աշխարհում՝ արևելքում, արևմուտքում, նաև այն խոսքը, թե Փիլիպոսի համար պատվիրել է կաթողիկոս անել բոլորը հոժարությամբ և կամովի հավանություն տվին, այս պատճառով ամեն տեղից ուղարկեցին վկայական թղթեր, որպեսզի Փիլիպոս վարդապետը լինի կաթողիկոս։ Մինչև վկայական թղթերի գալը այդ տարին անցավ, վրա հասավ 1082 (1633) թվականը, երբ նրան հունվար ամսի 13-ին տիրոջ տնօրինության տոնին սուրբ Հոգու օծմամբ օրհնեցին կաթողիկոս։ Եվ մեր հայոց ազգը չնայած Մովսեսի մահվան առիթով վշտալից եղած տխրեց, սակայն Փիլիպոսի հաջորդությամբ ուրախանալով ցնծաց, որովհետև հոր փոխարեն որդին մնաց հանուր ազգի իշխանը ըստ մարգարե Դավթի վկայության. «Եվ թեպետ Մովսեսը[3] վախճանվեց, նրան հաջորդեց Հեսուն, և թեպետ վերացավ Եղիան, նրա փոխարեն Եղիսեոսը մնաց միևնույն հոգով»։

Իսկ երբ վրա հասավ մեր թվականության 1084 (1635) տարին, Կոստանդնուպոլսի թագավոր Սուլթան Մուրադ կոչեցյալը՝ չավլաղանց խրոխտ, հզոր, հաղթական և խելացի մի մարդ, Կոստանդնապոլսից յոթ հարյուր հազար հեծելազորով ելավ, եկավ Արարատյան աշխարհը։ Նստեց Երևանի բերդի շուրջը, պատեց, պաշարեց այն և ինը օրում գրավեց բերդը իշխան Թահմազղուլի խանին՝ Ամիրգունա խանի որդուն բռնեց, ուղարկեց Կոստանդնուպոլիս, իսկ իր նախարարներից մեկին՝ բարի ու խելացի իշխան Մուրթուղա փաշային, նշանակեց բերդի մեջ իշխան ու տասնհինգ հազար սպառազեն և ընտիր հեծյալներով։ Իսկ ինքն անցավ, գնաց Թավրիզ քաղաքը, այնտեղից վերադարձավ Վանի վրա և գնաց իր տեղը։

Երբ այդ ամառը անցավ և եկավ ձմեռը, երբ մեր թվականության 1085 (1636) տարին էր, պարսից թագավոր Շահսեֆին հարյուր հազար հեծյալներով ելավ, եկավ, մտավ Արարատյան աշխարհը և նստավ Երևանի բերդի շուրջը իննսուներեք օր. մեծ տաժանքով, բազում չարչարանքով և շատ արյան հեղումով հազիվ կարողացավ օսմանցիների ձեռքից Երևանի բերդը ետ գրավել։ Այս երկու ինքնակալ թագավորների շարժումից ավերվեցին, ոչնչացան երկրներ արևելք և արևմուտք, մանավանդ Արարատյան աշխարհը իր շրջակա գավառներով։ Որովհետև երկու թագավորներն էլ իրենց հեծյալներով ու հետևակներով այնտեղ միանալուվ՝ կատարեցին իրենց գործը և ետ դարձան։

Իսկ Սուրբ աթոռ Էջմիածինը բացի եկեղեցուց և գմբեթաշեն տներից բոլորը լրիվ ավերվեցին. ինչ որ փայաշեն շենքեր կային, քանդվեցին։ Այս պատճառով Փիլիպոս կաթողիկոսը բազմաշխատ չարչարանքով բոլոր շենքերը նորից շինեց։ Միայն փայտաշեն շենքերի համար հազար ղուռուշ կանխիկ դրամ դրանց (շենքերի) արհեստավորներին տվեց։ Սեղանատան մեջ հացկերույթի սեղանը և նրանցում գտնված այլ կայքերը Մովսեսի ժամանակ փայտից էին շինված, այս պատճառով հեշտությամբ ավերվեցին, բայց այժմ Փիլիպոս կաթողիկոսը հացկերույթի սեղանը, նստելատեղը և նույնի (սեղանատան) հատակը քարով շինեց, որպեսզի հեշտությամբ չավերվեն հեծյալների շարժման ժամանակ։ Արևելյան կողմի խցերը լրիվ նոր շինվեցին, ընդ որում ոչ ըստ նախնական ձևի, այլ շինված են ուրիշ ձևով։ Նաև եկեղեցու տանիքը բացի գմբեթի ծածկից լիակատար նորոգվեց։ Քարակապ սալահատակը, որ եկեղեցու շուրջն է, և մյուս սալահատակը, որ խցերին այլ տների առջևն է [շինվեցին]։ Պարսպից դուրս հարավային դռանը մոտիկ երկու գմբեթավոր ձիթհանք նոր շինվեցին, որովհետև բնավ չկային։ Սրանցից շատ այստեղ այնքան տեղ կառուցեց շատ այլ մասնավոր շինվածքներ, որոնք անվանապես չենք հիշում։

Իսկ Երևանի անապատում, որի մասին ասացինք, թե կար Անանիա առաքյալի դամբարանը, ինչ շինվածք որ կար այնտեղ բացի մատուռից, բոլորը փայտակերտ էին, սրանք բոլորը քանդվեցին, ավերվեցին, վերոհիշյալ երկու թագավորների գալով, այդ բոլորը լրիվ վերստին շինեց ոչ թե փայտով, այլ քարով, գմբեթը կրով՝ ժամատունը, սեղանատունը, խցերը և բոլոր մյուս շինվածքները։

Բոլոր շինվածքների ավարտից հետո, որ կատարվեց Էջմիածնում ու անապատում, 1086 [1637] թվականին մեր սուրբ հայրը՝ տեր Փիլիպոս կաթողիկոսը դնաց Սպահան քաղաքը և այնտեղ գտնվող քրիստոնյաների մեջ մնաց տարի ու կես ՝ քարոզելով նրանց աստվածային օրենքներն ու հաստատելով քրիստոնեական հավատքի մեջ, նաև նրանցից հավաքում է Սուրբ Էջմիածնի նվիրակը. իսկ ջուղայեցիները և բոլոր քրիստոնյաները նրան ընդունում էին մեծ ու բազում փառքով իբրև աստծու հրշետակի նրա ճգնական ու առաքինական վարքի համար։

Սուրբ Լուսավորչի աջի համար, որ տակավին Սպահանում էր, ինչպես նախօրոք պատմեցինք սրա մասին, թե առաջին Շահ֊Աբասի հրամանով աջը տարան Սպահան քաղաքը։ Այո Փիլիպոս կաթողիկոսը մշտապես ըղձատոչոր ու խանդակաթ տենչանքով փափագում էր, թե ինչով հնար կլինի, որ սուրբ աջը առնի, բերի Սուրբ Էջմիածին։ Այս մասին շատ օրեր նա խնդրանքով խոսեց քահանաների, ջուղայեցի ժողովրդի, մանավանդ մեծահավատ քրիստոսասեր իշխան խոջա Սաֆրազի որդու՝ խոջա Նազարի հետ, որ ներկա ժամանակ ջուղայեցիների ավագն էր։ Փիլիպոս կաթողիկոսը խոսում ու աղաչում էր, որպեսզի Լուսավորչի աջը տան իրեն, որ տանի Սուրբ Էջմիածին՝ իր [աջի] տեղը։

Իսկ ջուղայեցիները չէին կամենում սուրբ աջը տալ, կամ նրա հեռանալը իրենց միջից, որովհետև ասում էին. «Օտարոտի երկրում և այլատեսակ ազգերի, մանավանդ նենգամետ և օձաբարո պարսից ազգի մեջ ենք բնակված և որևէ նշան կամ հիմք չունենք քրիստոսական հավատքի հաստատության համար, ոչ վանքեր, ոչ ուխտատեղիներ, և ոչ էլ քրիստոսական սրբերի հրաշագործության կառուցվածքներ, աստծու սրբերի, կամ մեր հայրերի ու պապերի գերեզմաններ ու դամբարաններ չունենք, այլ միայն այս սուրբ աջն է, որի հրաշագործությունը տեսնելով մեր նորահաս զավակները կմնան քրիստոսական հավատքի մեջ. իսկ եթե սա էլ առնեն-տանեն, ինչո՞վ մխիթարվենք այս երկրի պանդխտության մեջ, որում գտնվում ենք»։ Արդ՝ այս պատճառով ջուղայեցիք չցանկացան աջը տալ։ Այս առիթով պատճառներ հնարեցին և Փիլիպոս կաթողիկոսին ասացին, թե՝ «Սուրբ Լուսավորչի այս աջը, որ դու մեզնից խնդրում ես, պարսից արքան բերել, հանձնել է մեզ, իսկ մենք ինչպես կարող ենք սա քեզ տալ առանց թագավորական հրամանի, երբ վախենում ենք թագավորական պատիժներից և մատնիչների նենգությունից»։

Իսկ այնուհետև տեր Փիլիպոս կաթողիկոսը Երևանի հայ ժողովրդի երևելի մարդկանցով, որ կամենում էին աջի Էջմիածնի գնալը, սկսեց շրջել թագավորի իշխանների դռները և առատաձեռն նվերներով ամենքի սիրտը գրավեց։ Ապա այս ամենից հետո զուտ ոսկի դահեկան լցրեց սկուտեղը և սրա հետ գրված խնդրագիր մատուցեց Շահսեֆի արքային՝ նրանից սուրբ Լուսավորչի աջը տալու հրաման խնդրելով։ Իսկ ամբողջ հավիտենից և ազգաց տերն ու աստված, որ իր ձեռքում պահում է բոլոր թագավորների սրտերը և որ կողմը կամենում շրջում է այն, այս ժամին քաղցրացրեց թագավորի սիրտը․ նա շնորհ արեց հայրապետին, կատարեց նրա խնդրանքը և գրով, թագավորական կնիքով հրաման տվեց, որ ջուղայեցիք սուրբ Լուսավորչի աջը տան տեր Փիլիպոս կաթողիկոսին։ Երբ Փիլիպոս կաթողիկոսը առավ թագավորի հրաման-հրովարտակը, բերեց խոջա Սաֆարի թոռների մոտ, որովհետև որդիները վախճանվել էին, թոռների անուններն էին՝ Ջալալ, Միքայել, Սինան և Պստիկ աղա։ Սրանք չկամեցան աջը տալ, կաթողիկոսը սրանց մեծ բարկությամբ սաստեց, իսկ նրանք վախենալով նրա սրբությունից և հայրապետական անեծքից, փափկեցին համառությունից։ Եվ տեր Փիլիպոս հայրապետը բազմաթիվ քահանաներով ինքը գնաց խոջա Սաֆարի տունը, այնտեղից աջը առավ և բերեց Խոջենց եկեղեցին։ Կիրակի օրը պատարագ տվեց և աջը բաց արեց։ Այս լուրի վրա բոլոր ջուղայեցիները հավաքվեցին, ուխտ արին և տակավին ընդդիմանում էին և չէին թողնում աջը տանել։ Այս պատճառով այնտեղից աջը գաղտնի հանեցին, բերին Ջուղայի վանքը, այնտեղից գաղտնի տարան քաղաք երևանցիների մեջ, այստեղից էլ թաքուն հանին, տարան Բրինջլուի իջևանատունը և դրին մի քրիստոնյա (հայ) վաճառականի բեռների մեջ, որի անունն էր Մարգարա, որ Գողթան գավառի Ցզնա գյուղից էր և վաճառականության համար եկել էր Սպահան։ Նա աջը բեռան հետ միասին առած վաճառականական կարգով նախապես գնում հասնում է Թավրիզ, որից ջուղայեցիք ոչ մի տեղեկություն չունեին: Ապա Փիլիպոս կաթողիկոսը Սպահանից ելավ, գնաց Թավրիզ, աջը Մարգարայից առավ, բերեց հասցրեց Էջմիածին՝ նույնի (աջի) սեփական աթոռը։ Եվ այս անպատմելի ուրախություն պատճառեց բոլոր հայերին, որովհետև երբ բոլորը լսեցին, ցնծության ձայնով, մեծ գոհունակությամբ օրհնում էին աստծուն՝ քրիստոնյաներին հասնողին: Սուրբ Լուսավորչի աջի Սպահանից Սուրբ Էջմիածին իր աթոռը գալը տեղի ունեցավ մեր 1087 (1638) թվականի սեպտեմբեր ամսի 20-ին։

Սուրբ հայրապետ Փիլիպոսի կաթողիկոսոթյունը օրավուր զորանում ու հաստատվում էր, որովհետև տերը նրա հետ էր, քանզի վարքով խիստ ճգնող, պաս պահող, մտքով սրբախորհուրդ, աղոթքներում անձանձիր, խոսակցությունը աստվածային էր, ինչ որ աստծուց խնդրում էր, աստված ամենը անթերի պարգևում էր։ Մեր աչքերով հենց տեսանք, որ բազում դիվահարներ նրա աղոթքներով ազատվեցին, հիվանդներ, պես–պես ցավագարներ, անդամալույծներ առողջացան, ամուլ կանայք նրա աղոթքներով զավակներ ծնեցին։ Նրա բժշկություններից այստեղ երկուսը միայն հիշեմ։ Մինչ միաբաններ էինք մեծ միաբանությամբ բնակված Սուրբ Էջմիածնում Փիլիպոս կաթողիկոսի ժամանակ, պատահեց, որ միաբաններից մեկը այսահարվեց։ Չարը այնքան ուժեղացավ, որ մինչև անգամ նրան առած-տանում էր շինությունից դուրս՝ դաշտ, հանդեր, այստեղ-այնտեղ մարդկանցից հեռու շրջեցնում էր, որին միշտ բռնում, բերում էին վանքը. ապա նրա ոտքերը երկաթյա ոտնակապեր դրին և այդպես պահելով ամեն օր քահանաները ավետարան էին կարդում և երկարեց այսպես մինչև հիսուն օր։ Ապա մի օր, որ կիրակի էր, փրկական խորհրդի սուրբ պատարագը մատուցելուց հետո, երբ ողջ ժողովուրդը եկեղեցուց դուրս գալով գնաց, տեր Փիլիպոս հայրապետը հրամայեց՝ այսակիր միաբանին եկեղեցի բերել, որպեսզի պատարագիչ քահանան ատյանի[Ն 1] մեջ սրբության զգեստով նրա վրա ավետարան կարդա։ Տեր Փիլիպոսը այս ասաց և ինքը ելավ, գնաց տուն, որովհետև անհրաժեշտ գործ ուներ, պատվավոր ինչ-որ մարդիկ նրան հյուր էին եկել։ Գնաց նրանց մոտ, սեղան բացեց նրանց առջև և մի քիչ մնաց նրանց մոտ նրանց սիրտը շահելու համար, ապա թողեց նրանց հացկերույթի սեղանին, ինքը վերադարձավ եկեղեցի․ եկեղեցու արևմտյան դռնից հանդարտ մտնելով, խաղաղորեն եկավ մինչև ատյանի մոտ և այնտեղ ընկավ իր ծնկների վրա՝ իր դեմքը պահելով սուրբ սեղանի հանդեպ։ Մի գոբղայի[Ն 2][4] չափով սաղմոսի սրտառուչ պաղատանքով և հորդ արտասուքով աղոթեց։ Այդ ժամանակ այսակիր մարդը կամենում էր ազատվել, փախչել բռնողների ձեռքերից։ Եվ երբ չկարողացավ ազատվել, այդ ժամանակ ուժգին բարձրաձայն գոչումով աղաղակեց ընկավ գետին ու փոխեց և դարձավ ինչպես մեռել: Այնուհետև տեր Փիլիպոսը դադարեց աղոթելուց և մոտականերին հրամայեց վերցնել նրան և տուն տանել։ Եկեղեցու սպասավորները մոտեցան սրբեցին փսխած տեղը։ Այդ օրից և հետագայում Քրիստոսի շնորհներով և աստծու մարդ տեր Փիլիպոսի աղոթքներով այն միաբանը ազատվեց այդ հիվանդությունից։ Ազատված միաբանը ինքն էր պատմում, թէ՝ «Մինչդեռ միաբանները ինձ բռնած ունեին ավետարանի ներքո, որ ժամարարը կարդում էր, տեսնում էի, որ մի ահագին սև վիշապ օձ պատել էր իմ մեջքը, պարանոցս և ամբողջ մարմինս: Նաև տեսա Փիլիպոս հոգևոր տիրոջը, որ իր ձեռքում բռնել էր խիստ մեծ մերկ սուսեր, սրընթաց հարձակումով մտավ եկեղեցու դռնով և հասավ ինձ մոտ. այդ սրով զարկեց օձին, որ փաթաթվել էր ինձ, և կտրատելով ինձնից ցած թափեց։ Օձի գլուխը և կտորները մեծ շտապանքով փախուստի դիմելով ելան եկեղեցուց ու կորան»՛ Ոչ միայն այս, այլև այսպիսի շատերի բժշկեց, բայց այս միայն գրեցի իբրև օրինակ նաև մյուսների համար։

Պատմեմ նաև մյուս հրաշքը: Երբ տեր Փիլիպոս կաթողիկոսը քարոզությամբ շրջում էր օսմանցիների երկրում, Անկարա քաղաքում զատկի մեծ տոնի կիրակի օրը այսպիսի բան պատահեց։ Մինչդեռ տեր Փիլիպոս հայրապետը առանձնացած նստած էր, իսկ իր աշակերտներից Հովհաննես անունով մի վարդապետ՝ երևելի մի մարդ, կանգնած էր նրա առջև: Տեսան, որ մոտ տասնհինգամյա մի պատանի եկավ, որ մեջքին ուներ մի փոքրիկ մոտ յոթնամյա մանուկ, որին բերեց, դրեց հայրապետի առջև։ Նույն պատանին նաև իր ձեռքում բռնած էր իր գլխարկով լիքը խնձոր և ներկած ձու։ Այդ էլ դրեց հայրապետի առջև և աղաչանքով ու աղերսանքով խոսեց և ասաց նրան. «Քո ծառան եմ, տեր հոգևոր, այս փոքրիկ մանուկը, որ դրի քո սրբության առջև, իմ եղբայրն է, այսքան տարի է, որ ծնվել է, ոչ կարողանում է խոսել, քանզի համր է, և ոչ կարողանում է կանգնել, քանզի ոտքերը թույլ են։ Դրա համար մեծ պաղատանքով խնդրում եմ քո սրբությունից, որպեսզի սրա վրա աղոթք անես, և ես հավատամ տիրոջը, որ քո աղոթքով առողջություն լինի իմ եղբորը։ Իսկ մեր հայրը և սուրբ հայրապետը ծնկի եկավ, ձեռքերը վեր բարձրացրեց և իր մեշ հավաքելով մտքերը և իր մտքի տեսողությունը հառելով բոլոր սրտերը տեսնող աստծուն, աչքերից արտասուք հոսեցնելով աղոթք արեց բավական ժամեր. աղոթքից հետո, երբ ասաց «հայր մեր երկնքում», առավ խնձորից, գլորեց հեռու և խանդաղատական խոսքով ասաց փոքրիկ մանկանը, «վեր կաց, որդյակ, վեր կաց և գնա այն խնձորը բեր»։ Այն ժամանակ շնորհներով ու ողորմությամբ բարերար աստծու մանուկը ոտքի ելավ, գնաց վերցրեց խնձորը, բերեց հայրապետի մոտ: Մյուս անգամ հայրապետը մանկանն ասաց. «վերցրի՞ր խնձորը, որդյակ»։ Այն ժամանակ աստծո շնորհներով համր մանուկը պատասխանեց. «Այո, վերցրի, և ահա այն»։ Սուրբ հայրապետն ասաց.«Այժմ փառք տուր աստծուն, որդյակ, և գնա գոհացած նրանից»։ Մանուկն ասաց, «Փառք աստծո»։ Ապա մանկանը տվեց եղբորը, որ առավ գնաց՝ փառավորելով հրաշագործ աստծուն, որ զորության շնորհ է տալիս իր ծառաներին։ (Կան նաև ուրիշ շատ հրաշագործություններ, որ սուրբ կաթողիկոս տեր Փիլիպոսը արել է, և որ մեր իսկ աչքերով տեսել ենք, բայց այսքանը բավական է)։

Նա նաև խոր մտածող, խելոք, աշխարհաշեն և արդյունարար մարդ էր, աստվածաշնչական գրքերի մեջ սրամիտ, նրբաքնին, խրատների ու քարոզների մեջ քաղցրախոս, արդյունավոր։ Եվ սրանք աղոթքների շնորհիվ աստիճանաբար հետո ստացավ, որովհետև ամեն տեղ, ուր էլ քարոզում էր ու կանոնադրում, ամենը պտղաբերում և արդյունավետ էր դառնում։

Նաև շատ տոնասեր էր, տոները պայծառացնող, եկեղեցիները զարդարող, տերունական և սուրբ աստծո տոների պատվիչ, ինչպես որ գրված է Հովհան Օձնեցու մասին։ Այս պատճառով նրա անունը չափազանց հռչակվեց և համբավը տարածվեց ողջ աշխարհում՝ ոչ միայն հայերի մեջ, այլև մահմեդականների, վրացիների, և ամենքը սիրում, հարգում էին նրան։ Առավել ճգնության, սրբության և աստծուն հաճելի ծառա լինելու համար խիստ վախենում էին նրանից ոչ միայն ռամիկները, այլև աշխարհակալները, իշխանները, զորավարները, քանզի նրա թշնամիներից շատերին տեսան, որոնք կործանվեցին, մեջտեղից վերացան և նրա սիրելիներից, որոնք զորանալով առաջադիմեցին։

Եվ այն դպրոցը, որ Հովհանավանքում հաստատեցին, սա ևս ամուր հաստատեց և ուսումով ու առաքինությամբ վարժեցնելով հասցրեց կատարելության և տարիներ հետո Հովհանավանքից փոխեց, բերեց Սուրբ էջմիածին և դպրոցը այնտեղ հաստատեց, որտեղ բոլորը սովորեցին և եղան պիտանի մարդիկ՝ վարդապետներ, եպիսկոպոսներ, քահանաներ: Եվ վաղուց ի վեր խափանված վանքերը լցվեցին աբեղաներով, իսկ գյուղերն ու քաղաքները՝ քահանաներով, և դեռևս օրավուր աճում է նույն դրվածքով։ Եվ սրանով բազմաթիվ կիսավեր ու խախտված եկեղեցիներ նորոգվեցին և գյուղերում, քաղաքներում շատ եկեղեցիներ նոր շինվեցին հրաշալի հորինվածքով, պայծառ ու փառավոր ամեն որպիսությամբ։

էջմիածնի բոլոր շինություններից հետո, որոնք սուրբ հայրապետ Փիլիպոսը արեց, այնուհետև ձեռնարկեց, որպեսզի սրբուհի կույսեր Գայանեի և Հռիփսիմեի տաճարները նորոգի։ Որովհետև, ինչպես քիչ չափով նշեցինք Հռիփսիմեի վերաբերյալ գլխում երկու կույսերի տաճարների ավերակների մասին, որտեղ և պատմեցինք, թե ինչպես ֆռանկ հայրերը եկան և նրանց նշխարները գտան։ Բայց սուրբ Գայանե կույսի տաճարը ավելի ավերված էր, որովհետև ողջ տանիքը իջած էր, միայն շուրջանակի պատերը և չորս սյուներն էին կանգուն մնացել, գլուխը բաց, պատերի հիմքերը այստեղ– այնտեղ ծակռտված, խրամատված։ Սրանց նորոգման սկիզբը տեր Փիլիպոս կաթողիկոսը դրեց։ Մեծատենչ կարոտով ու ջանքով և շատ դրամ ծախսելով հիմքից մինչև գմբեթի ծայրը գեղեցկաշեն նորոգեց, որի վրա գրեցին տերունական խաչի նշանը [խաչը]։

Սուրբ կույս Գայանեի եկեղեցին նորոգելիս գտնվեցին սրա և նրա ընկերների նշխարները։ Անպատմելի ուրախություն պատճառեց ամբողջ հայ ազգին որպես վերականգնում կործանված թագավորության։ Որովհետև ամենքը խորհում ու մտածում էին սուրբ կույսերի նշխարների մասին՝ արդյոք տեղում են, թե ոչ, քանզի ավագ խորանի ներքո շինված մատուռը, որ այս սրբերի նշխարների հանգստյան շիրիմն էր, ավերված էր ամբողջովին, ոչ միայն մատուռը, այլև նրա վրա կառուցված ավագ բեմն էր ավերված ու քանդված մինչև հատակը և աղբով ու փողոցի կեղտով լցված էր մինչև վեր։ Այս նորոգման ժամանակ տեր Հովհաննես անունով մի աբեղա կար, որ մի ստեղծարար, գործունյա և խորախորհուրդ մարդ էր, սրան տեր Փիլիպոս կաթողիկոսը նշանակել էր այս գործի վերակացու և գործերի վարիչ։ Սա մի օր ինչ-որ պատրվակով բոլոր գործավորներին ուրիշ տեղ է ուղարկած լինում, իսկ առանձնացրած տեղը մի գիշեր և ցերեկ ինքը միայնակ քանդեց գետինը, որտեղ մտքի ազդեցությամբ կարծիք էր ունեցել. այնքան փորեց հողը, մինչև հասավ անշարժ հողին, որի վրա դրված էր եկեղեցու հիմքը. այնտեղ՝ հիմքի տակ, երեք տապան գտավ, որոնցից մեկը հարավային կողմն էր, մյուսը՝ հյուսիսային, երրորդը՝ արևելյան։ Երբ տապանը բացեց, իսկույն նորասքանչ ու զարմանալի ա նուշ հոտ բուրեց, որի անուշության որպես լինելը ոչ ոք չի կարող պատմել, որ ծավալվելով լցրեց ամբողջ վայրը: Նա տեսնում է տառապանքի մեջ յուրաքանչյուրի նշխարները՝ սպիտակ, փայլուն, ինչպես ձյուն, և տապանների մեջ ամբողջ նշխարները լրիվ անպակաս։ Սրա վրա ցնծալից բերկրությամբ լցված տեր Հովհաննեսը ընկնում է երեսի վրա և երկրպագում աստծուն և գոհանում նրանից, որ իրեն արժանի արեց այդպիսի շնորհների։ Ապա առնելով սրբերի ոսկորներից մի մասունք վերցնում է իբրև հավաստիության նշան, ապա կափարիչ վեմը դնում է տապանների վրա, խճով, կրով ամրացնում, փակում է տապանները և նշանները անհետ անելով կորցնում է։ Գործավոր մարդկանցից ոչ ոք այդ չիմացավ։ Այս անելուց հետո վերցրած մասունքը բերում ցույց է տալիս վարդապետներին ու բոլոր միաբաններին ու պատմում որպիսությունը, որի համար բոլորը ցնծության ձայնով գոհանում են աստծուց և ուրախանում անպատմելի ուրախությամբ։ Սուրբ կույս Գայանեի ու նրա ընկերների նշխարների գյուտը և նույնի եկեղեցու նորոգումը կատարվեցին 1101 [1652] թվականի հոկտեմբեր ամսի 19-ի երեքշաբթի օրը։

Երբ Գայանե կույսի տաճարի ամբողջ շինվածքը ավարտվեց, ապա գնացին սրբուհի կույս Հռիփսիմեի տաճարը և ձեռնարկելով սկսեցին այն ևս նորոգել, որովհետև եկեղեցու արտաքին կողմից գմբեթի գլուխը, ամբողջ տանիքը, պատերի երեսները և նրանց հատակները, իսկ ներսի կողմից բեմը, հատակի սալարկը, չորս խորանների մեջը՝ բոլոր հիշածներս ավերված ու քայքայված էին, դրա համար մեծ ջանքով և երկար աշխատանքով ճիգ թափելով ամբողջը նորոգեցին, վերջացրին և եկեղեցու գագաթին [գմբեթին] շինեցին տերունական խաչի նշանը [խաչը]: Եվ մեր տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու ողորմածությամբ այստեղ ևս ի հայտ գալով գտնվեց սրբուհի կույս Հռիփսիմեի նշխարը՝ ոչ միայն մեկ, այլ երեք տեղում, որ բաժին–բաժին էին արել և ամփոփել ապահով տեղերում, երկու տեղերի նշխարները դրել էին վեմերի միջև, իսկ մեկը, որի նշխարները շատ էին, դրված էին փայտյա արկղի մեջ, որ սնդուկն է, իսկ փոքրիկ տեղը իբրև մատուռ շինված էր նշխարների համար և այնտեղ դրել էին նշխարներով լի սնդուկը, իսկ մատուռի պատին գրեր էին գրված, որի օրինակը առա ահավասիկ գրեցի այստեղ, որ հետևյալն է։

+ Ով անբաժանելի ծոցածին հոր և համազույգ հոգու, այսինքն՝ երկրայիններին կամեցողի, անոխակալ երկնավոր փեսայի հարս հրաշափառ ու երջանիկ նահատակ, բարեգործ արքային նվաճող՝ լինելով գլխավոր միշտ և անընդհատ քեզ ծանոթ սուրբ հոգու համար սպասավոր։

+ Ով սրբուհի, աղաչում եմ քո բարեխոսությամբ և անսպառ աղոթքներով այնտեղ պահապան եղիր քո անվան հիշատակողներին և այնտեղ ինձ, որով հանդես կգաս երկրայիններիս համար լինելու սուրբ կույս, արագ օգնական, որ և կլինես պատսպարան ամեն բանի մեջ, հաղթող ու բարեխոս։

+ Հիշիր և ինձ, որ ինքնահաճ նվիրվեցի իսկապես ըստ անվան վերստին աստվածաստեղծի այս տաճարին իբրև մասնակի զոհ, որի շնորհներով ես բավարարվեցի. աղաչում եմ անձով և հարակից անունով քեզ, Հռիփսիմե[Ն 3]:

+ Սուրբ կաթողիկե արքեպիսկոպոսարանի Հակոբ քահանա։

+ Ես Խոսրովիկ Սուրբ Հռիփսիմեի ծառա։

+ Սուրբ Ոլոգին:

+ Ստեփանոս։

Արդ՝ այսքան խոսքերը, որոնց սկզբում խաչանշան եմ գրել, առանձին-առանձին գրված էին մատուռի պատին, որի մեջ գրած էր նշխարներով լի սնդուկը, իսկ մենք այնտեղից առանք օրինակը, գրեցինք այստեղ հուրախություն ձեր՝ ապագայում պատահող ընթերցողներիդ և մեզ աշխատասիրողիս Քրիստոսի կողմից բարիքների վարձի առիթ ձեր աղոթքներով և սրբուհի Հռիփսիմեի բարեխոսությամբ։ Երկու վկայանոցների՝ սրբուհի Գայանեի և սրբուհի Հռիփսիմեի սկիզբն ու ավարտը եղան երեք տարում, որովհետև 1100 [1651] թվականին սկսեցին նորոգությունը և 1102 [1653] թվականին ազատվեցին գործից. մեծ ծախսերով և շատ աշխատանքով շինեցին, վերջացրին ի փառս Քրիստոսի և նրա սուրբ վկաների։ Մեր սրբազան հայր տեր Փիլիպոսը կամեցավ գնալ Երուսաաղեմ, որը և ելավ մեծ ամբոխով՝ վարդապետներով, եպիսկոպոսներով, քահանաներով և սպասավորներով, որոնք իր միաբաններն էին: Իսկ քաղաքներից ու գավառներից շատ նշանավոր անձինք՝ բազմաթիվ վարդապետներ, եպիսկոպոսներ, իշխաններ, որոնք լսելով սուրբ հայրապետի գնալու լուրը, նրանք ևս շտապեցին գնալ։ Երբ Փիլիպոս կաթողիկոսը հասավ Թեոդուպոլիս, որ Կարին քաղաքն է, և նրա գնալու համբավը հասավ մեծ քաղաք Կոստանդնուպոլիս, Կոստանդնուպոլսում բնակված հայ ժողովուրդը իր հայրապետի մեծաշուք փառքի համար մոտեցավ թագավորի եպարքոսին, որ վեզիրն է, և խնդրեցին նրանից թագավորական ծառա թագավորի արքունիքից, սրա հետ նաև հրովարտակ թագավորական կնիքով, որպեսզի ծառա կոչված իշխանը գա պաշտպանելով սպասավորի հայրապետին այն երկրներում շրջագայելու ընթացքին, որոնք օսմանցիների իշխանության տակ են գտնվում, որպեսզի չլինի թե իշխաններից կամ կուսակալներից որևէ մեկը զրպարտելով տանջի կամ բռնադատելով վշտացնի հայրապետին։ Սրանց խնդիրքը հաճո թվաց եպարքոսին, նրանց տվեց թագավորական հրովարտակ և մի բարի իշխան, որը և գնալով հայրապետի մոտ՝ կատարեց իր պարտականության գործը՝ սպասավորելով հայրապետին նրա բոլոր շրջագայությունների ընթացքում։ Քանզի այն բոլոր քաղաքները, որոնք օսմանցիների իշխանության ներքո էին, կաթողիկոսը շրջեց, իսկ իշխանը նրա հետ շրջագայելով սպասավորում էր, մինչև որ նրան բերեց հասցրեց նրա աթոռը Սուրբ Էջմիածին և հանձնեց երկրի իշխան Մահմադղուլի խանին և առնելով նրանից հավաստիքի և ազատության թուղթ դարձավ իր թագավորի պալատը՝ Կոստանդնուպոլիս։

Եվ տեր Փիլիպոս կաթողիկոսը Երուսաղեմում մնաց չորս ամիս, իսկ քաղաքի փաշան, հոռոմների պատրիարքը և ֆռանկների վանքի պետը շատ սիրով, մեծաշուք փառքով էին ընդունում և պատվում նրան, որքան նա այնտեղ մնաց։

Նա Սուրբ Հակոբ եկեղեցու հատակը գեղեցիկ հորինվածքով և նկարակերտ ներդաշնակությամբ, գույնզգույն քարերով սալարկեց։ Թեպետ և նախապես ուներ սալարկ, բայց հավասար ու հարթ չէր, այլ բարձր ու ցածր, անհարմար ու կոպիտ։ Բարձրացրեց նաև ավագ խորանի բեմը, որ առաջ շատ ցածր էր։

Այն նույն տարին, երբ տեր Փիլիպոս կաթողիկոսը գնացել էր Երուսաղեմ, այնտեղ Երուսաղեմ էր եկել նաև Սսի կաթողիկոս տեր Ներսեսը, այդ ժամանակ Երուսաղեմի առաջնորդն էր Աստվածատուր վարդապետը։ Իսկ հոգեկիր հայրապետ տեր Փիլիպոս կաթողիկոսը, որ Պողոս առաքյալի նման մշտապես ցավում ու հոգում էր եկեղեցու թերությունների ու անկարգությունների համար, իր վիճակի բոլոր ժառանգավորների հետ միակամ եղած կամեցավ անկարգությունները մեջտեղից վերացնել, առօրյա խոսքով բոլորին հորդորում էր գալ սիրո ու միաբանության և վերացնել անկարգությունն ու ատելությունը։ Սրա քրիստոսասփյուռ քարոզությամբ ու հոգեբուխ վարպետությամբ գումարված ընդհանուր ժողովը բարիանալով՝ եկեղեցականներ, աշխարհականներ, որոնց մեջ էին գլխավորներ Սսի կաթողիկոս տեր Ներսեսը, Երուսաղեմի առաջնորդ Աստվածատուր վարդապետը, միաբանությամբ խոնարհվեցին հայրապետի հրամանի առջև և հաստատեցին տասներեք գլուխ կանոնադրություն, որոնք համառոտ կերպով բերում եմ այստեղ։ Սրանց առաջինն է սեր ու միաբանություն երկու աթոռների միջև՝ Էջմիածնի ու Սսի կաթողիկոսների․ յուրաքանչյուր կաթողիկոս յուր վիճակի նվիրյալին ձեռնադրի և ոչ թե այլ վիճակի, իսկ եթե այնպես պատահի, որ ձեռնադրի այլ վիճակից որևէ մեկին, նրան պետք է տեղավորի իր վիճակում, և եթե ձեռնադրյալը տվյալ կաթողիկոսի վիճակից փոխադրվի մյուս կաթողիկոսի վիճակը, անընդունելի լինի։

Երկրորդ՝ ինքը նվիրյալն էլ չհամարձակվի իրենը թողնելով մյուս կաթողիկոսի մոտ գնալ, այլ պետք է մնա իր կաթողիկոսի մոտ։

Երրորդ առանց ժողովրդի խնդրանքի և վկայագրերի որևէ մեկին չպետք է եպիսկոպոս ձեռնադրել։

Չորրորդ՝ ինչ պատճառով ուզում է լինի, որևէ մեկը մյուս վիճակի եպիսկոպոսին չպետք է հափշտակի։

Հինգերորդ՝ մի վիճակը երկու եպիսկոպոս և երկու առաջնորդ, չպետք է ունենա, եթե խիստ պատճառ մեջտեղ չգա։

Վեցերորդ՝ որևէ մեկը չհամարձակվի այլ վիճակից մեկին եպիսկոպոս ձեռնադրել, իսկ եթե համարձակվի, ինքն ու իր ձեռնադրածը լուծվեն:

Յոթերորդ՝ եթե եպիսկոպոսը ոչ իր կաթողիկոսի հրամանով, այլ կաշառքով կամ այլազգիների բռնությամբ համարձակվելով իշխի այլ վիճակի, իր կարգից լուծվի։

Ութերորդ՝ որևէ վարդապետ չհամարձակվի ամեն մեկին ինքնագլուխ վարդապետության իշխանություն տալ, եթե նվիրյալը ուսումով, առաքինությամբ, հասակով աստվածային երկյուղով կատարյալ և ամենքի կողմից վկայված չէ, որովհետև այս պատճառով շատ անկարգություններ ու գայթակղություններ մուտք գործեցին եկեղեցի, իսկ եթե չլսելով հաշվի չառնեն այս հրամանը, իշխանություն տվողը զրկվի պատվից, իսկ իշխանություն ստացողը չընդունվի:

Իններորդ՝ քահանա կամ այլ Ժառանգավոր ձեռնագրություն պետք է ստանա իր եպիսկոպոսից իր ժողովրդի համաձայնությամը, իսկ եթե այդպես չէ, կարգից գցվի:

Տասներորդ՝ իրավունքն ու հասույթը, որ եպիսկոպոսները և քահանաները սահմանել են ժողովրդից, ըստ հայրապետական կանոնների ստանան եպիսկոպոսներն ու քահանաները իրար չղրկեն, որոնց առիթով հաճախ տրտունջներ ու դժգոհություններ ենք լսում մշտապես։

Տասնմեկերորդ՝ քահանաները իրար չպետք է զրկեն՝ միմյանց ծուխն ու հասույթը հափշտակելով կեղծավոր բարեձևությամբ, կամ այլազգիների բռնությամբ, այլ յուրաքանչյուր մեկը պետք է իր բաժնով բավարարվի, իսկ եթե այդպես չէ, հանդգնողը պետք է կարգազուրկ արվի։

Տասներկուերորդ՝ երբ պատրաստվում են նշան դնել որևէ աղջկա մի որևէ երիտասարդի համար, կանայք կամ բնակիչները չհանդգնեն այդ անել առանց երկար քննության կամ առանց առաջնորդի գիտության. քահանաները շատ օրեր պետք է եկեղեցու մեջ քարոզեն և առհասարակ բոլորին հայտնեն, որպեսզի գուցե թե մեկը տեղյակ լինի նրանց արյունակցության, որը լսելով նա նախապես իմացնի։ Իսկ երկար քննություններից հետո, եթե չգտնվի նրանց միջև արյունակցություն, ապա քահանաների և ժողովրդի ներկայությամբ բացահայտ կերպով օրհնեն այդ նշանը և հաստատեն գործը։

Տասներեքերորդ՝ այրի քահանաները, եթե պարկեշտ են և ծեր կամ սնուցելու մանուկներ ունեն, մնան եկեղեցում, իսկ եթե այսպես չէ, պետք է գնան վանքերն ու անապատները, իսկ եթե չգնան, հեռացվեն ժառանգությունից ու կարգից։

Խրատական խոսքի այսքան գլուխները իրրև կանոն գրեց սահմանեց և ամեն օր քարոզում էր բոլորի առջև, որ ընդունեցին և հավանեցին, սիրով հանձն առան Սսի Ներսես կաթողիկոսը, Աստվածատուր վարդապետը, բոլոր վարդապետները, իշխանները, ստորագրեցին, կնքեցին և ինքնակամ հոժարությամբ օրինակը առան, տարան իրենց երկիրը, շատ տեղերում սրա լրիվ օրինակը կա և տակավին նույն ուխտով ու սիրով մնում են Քրիստոսի շնորհներով։ Նաև ուղիղ երախտագիտության արժանի և ուղիղ գործեր սահմանեց այնտեղ Երուսաղեմում։

Ապա Երուսաղեմից ելավ, նստեց նավ ու ծովով գնաց Կոստանդնուպոլիս, այնտեղ մի կլոր տարի մնաց. այնտեղ ևս երախտագիտության արժանի ուղիղ գործեր սահմանեց։ Այս բոլորից առաջ նրանց անջատողական երկպառակությունը միաբանության վերածեց, քանզի ժողովրդից ովքեր որ բնիկ տեղացիներ էին՝ Կոստանդնուպոլիս քաղաքից, բարձրամիտ պարծանքով ճնշում, իշխում էին եկվոր ժողովրդին և իբրեև գռեհիկ ու տմարդի էին համարում։ Իշխանական բոլոր իրողությունները, գործերն ու խոսքերը վերցրել էին իրենց ձեռքը և այդպես էին գործում, իսկ եկամուտները շորթելով՝ անհաղորդ էին պահում (եկվորներին)։ Այս պատճառով նրանք հոգու խորքում վշտանում էին իրենց քահանաներից, և մշտապես վիրավորական ու ատելության խոսքերով էին դիմավորում միմյանց և կռվում էին խռովությունը նրանց մեջ հաստատվել, արձանացել էր անհաշտ ու արյան ատելությամբ։

Իսկ Փիլիպոս կաթողիկոսի այնտեղ գալով և նրանց այնտեղ տեսնելով՝ ամեն գործից ավելի կարևոր համարեց դրա մասին հոգալ։ Շատ օրեր բազմազան ձևերով, երբեմն ընդհանուր, երբեմն առանձին-առանձին խրատելով, սովորեցնելով, ամենքի սիրտը, կամքը շահելով բերեց իր խոսքին և նրանց հաշտեցնելով միաբանեց, որ լինեն համահավասար եղբայրներ և ամեն գործ ու բան միասին հոգան և կատարեն։ Այնուհետև ջերմ սիրելիներ և վշտալից եղբայրներ լինելով մնում են Փիլիպոս հայրապետի սահմանադրությանը ենթակա գեղեցիկ սիրով ու միաբանությամբ շնորհիվ օրհնյալ Քրիստոս աստծու։

Ապա դրանից հետո ձեռնարկեց եկեղեցիների պարտքը վճարելու, որովհետև քառասուն հազար ղուռուշ պարտք կար հայոց այն եկեղեցիների վրա, որոնք Կոստանդնուպոլսում են։ Պարտքերի պատճառը նախ՝ սոսկ միայն կոչումով, միայն պատրիարք անվանված առաջնորդները, որ թագավորական իշխանության օգնությամբ են նստում, դրամի ընտրությամբ սպրդելով ներս են մտնում, իրենց և դրամի ծառայությանն են նվիրված և ոչ աստծուն: Եվ երկրորդ՝ ժողովրդից կռվասերներ, խռովարարներ, որոնք փառասիրության, նախանձի, մարմնավոր շահի ակնկալության համար խմբավորվում են ոմանք այս առաջնորդի, ոմանք այն առաջնորդի շուրջը դրամի ծառայության արբանյակներ և զորավիգներ էին լինում նրանց։ Ապա գնալով մատյանավարի (քարտուղարի), վեզիրի, թագավորի մոտ՝ շատ կաշառք էին տալիս նրանց և վանում էին ախոյանին և առնում իշխանությունը իբրև սոսկ անուն պատրիարքության, առաջնորդության: Նաև բազմապատիկ կաշառք իշխանների դռներն էին ցրում այստեղ-այնտեղ։ Եվ այսպես անելով, պարտքը շատացավ, բարդվեց, հասավ մինչև 40 հազար ղուռուշի:

Այս պատճառով Կոստանդնուպոլիս քաղաքը մեծ խռովությամբ լցվեց. իբրև փոթորկված ծով անդնդապտույտ հատակով, լեռնանման կոհակով, շարժումով, շաչումով, շառաչումով, բարձրաձայն գոչումով, իբրև կայծակընկեց և հուր ցանող ամպերի դողացնում էր բոլոր մարմնավորներին։ Եվ այս խռովության լուրը ծավալվելով տարածվեց բոլոր քաղաքներում ու գյուղերում, արևելքում, արևմուտքում ամեն ոք բերանը բացած այս մասին էր խոսում։ Այս պատճառով շատ անվանի ու երևելի մարդիկ՝ քահանաներ, երեցփոխաններ և ուրիշներ Կոստանդնուպոլսից ելած երկարաձիգ ճանապարհով եկան Սուրբ աթոռ Էջմիածին կաթողիկոսի մոտ, որպեսզի մի հնար գտնեն խռովությունները վերացնելու և պարտքերը վճարելու։ Իսկ կաթողիկոսը իր ողջ զորությամբ ջանք էր թափում երբեմն գրությամբ, երբեմն մարդ ուղարկելով և այլ կերպ հնարներ գործածելով, բայց ժողովրդի խռովություններին խաղաղություն չեղավ։ Այս պատճառով քաղաքի Ժողովրդի շատ մարդիկ վշտացան, վտանգվեցին, որովհետև ոմանք դարձան տնանկներ և աղքատներ՝ ղրկված ունեցվածքից, ապրանքներից, տներից, ոմանք հայրենիքից, ոմանք բանտերում ու կալանատներում մեռան, ոմանք վտարանդի լինելով հեռավոր քաղաքներում պանդխտությամբ շրջում էին՝ հեռացած ընտանիքներից ծանոթներից և այդպես էին իրենց կյանքը անցկացնում։ Տասնութ տարի երկարեց այս դառը գործը, մինչև որ այնտեղ գնաց աստծու ծառա տեր Փիլիպոս կաթողիկոսը և որովհետև տերը նրա հետ էր, նրա շնորհներով նույն քաղաքի ժողովրդի այնքան պարտքը վրճարեց։ Որովհետև ժողովրդից ամեն մեկին հրամայում էր, որ իր կարողության օգնական լինել պարտքը վճարելու համար։ Եվ այն մարդը, որին ուղղվում էր կաթողիկոսի հրամանը, բոլորովին չէր հանդգնում որևէ բան ասել, այլ սիրահոժար կատարում էր հայրապետի հրամանը նրա օրհնության համար: Վստահելի մարդկանց այս գործի համար հոգաբարձուներ նշանակեց, որոնք մեծ ջանքով ու աշխատանքով ութ ամսում հավաքեցին ժողովրդի նվերները և վճարեցին ամբողջ պարտքը, և եկեղեցին ազատեցին պարտքերից հավիտյան օրհնյալ մեր Քրիստոս աստծու շնորհներով. ամեն։

Տեր Փիլիպոս կաթողիկոսի արդյունավետ գործունեության, աստվածաբանական վարպետության և առաքինական ճգնության համբավը, ինչպես բոլոր երկրներում, սփռվելով տարածվեց, այնպես էլ հասավ Լվով քաղաքը։ Լվով քաղաքի Նիկոլայոս անվանված եպիսկոպոսը իր հոգում հասկացավ, որ առանց որևէ կասկածի ու երկբայության իր վերքերի դեղն ու սպեղանին և ձախողված գործերի ուղղությունը սույն հայրապետից և հոգևոր բժշկից է լինելու, ուստի առանց դանդաղելու ելավ Լվովից, եկավ Կոստանդնուպոլիս հայրապետի ոտքը և հնազանդությամբ հանձն առավ նրա հրամանների կարգն ու կանոնները, որով և (ստացավ) կաշկանդումների արձակում և եպիսկոպոսական իշխանություն։ Ապա մեծ ուրախությամբ դարձավ, գնաց իր քաղաքը՝ Լվով։ Դու այս պատմության ամեն որպիսությունր, եթե կամենաս, նույն լվովցիների վերաբերյալ գլխից կսովորես, որ հետագայում դասակարգել եմ. այնտեղ լրիվ շարադրել եմ ըստ իր պատշաճի [Ն 4]։

Տեր Փիլիպոսը, ապրելով Կոստանդնուպոլիս քաղաքում, բազմաթիվ բարի գործեր և ուղիղ կարգեր հաստատեց այնտեղ եկեղեցականների ու աշխարհականների համար և ապա բազմաթիվ թանկագին եկեղեցական անոթներով ու առտնին կարասիներով ելավ Կոստանդնուպոլսից, ճանապարհ բռնեց, եկավ, հասավ բարձրագահ աթոռ Սուրբ Էջմիածին․ սուրբ կույս աստվածածնի փոխման տոնին[5] մտավ Էջմիածին։ Փիլիպոս կաթողիկոսի գնալ–գալը տևեց երեք տարի, որովհետև 1100 [1651] թվականին գնաց Երուսաղեմ, 1101 թվականին մնաց Կոստանդնուպոլսում և 1102 [1653] թվականին եկավ Էջմիածին։

Երբ եկավ 1103 [1654] թվականը, ավագպասի[6] օրերում սկսեց հիմք դնել Սուրբ էջմիածնի զանգակատան (շինարարարությունը), որովհետև նախապես Էջմիածնի վանքը զանգակատուն չուներ։ Բայց Փիլիպոս կաթողիկոսի սրտում կար զանգակատուն շինելու բուռն ցանկություն։ Եվ [աստված] յուր երկյուղածների կամքը կատարում է, նրա սրտի ցանկությունը կատարեց հետևյալ ձևով։

Այն ժամանակ, երբ տեր Փիլիպոս կաթողիկոսը Կոստանդնուպոլսում էր, այնտեղ էր ազգով հայ քրիստոնյա մի մարգ, որի անունն էր Անտոն չելեպի։ Սա Բուբսա քաղաքից էր, որի տանուտեղը և բնակությունը այնտեղ Բորսայում էր։ Բայց նաև Իզմիր քաղաքում ուներ տուն ու ապարանք. Կոստանդնուպոլսում էլ ուներ հոյակապ ոսկեզօծ գույնզգույն զարդարված տուն ու ապարանք։ Այս Անտոն չելեպին չափազանց երևելի ու այնքան հռչակված էր, որ մինչև իսկ հայտնի էր օսմանցիների թագավորի արքունիքում, նաև ֆռանկների հեռավոր երկրներում, Պարսկաստանում, քանի որ չափազանց ունևոր էր ու հարուստ։ Իր գործը վաճառականությունն էր, որի առիթով երբեմն լինում էր Կոսաանդնուպոլսում և երբեմն Զմյուռնիայում, որ Իզմիրն է։ [Եվ երբ վաճառականների կարավանները պարսից երկրից գալիս էին Իզմիր, կարավանի ամբողջ բեռները միանգամից գնում էր, ինչ էլ որ լիներ, թե մետաքս, թե որևէ հազվագյուտ բան, և միանգամից գինը վճարում էր: Այսպես էլ ֆռանկների երկրից, երբ նավերը թանկագին հարստությամբ բարձված բեռներով ծովով գալիս էին, նավի բեռը ինքը միայնակ միանգամից գնում էր և անմիջապես գինը վճարում]։

Եվ այն օրերին, երբ Փիլիպոս կաթողիկոսը Կոստանդուպոլսում էր, պատահեց, որ այնտեղ եղավ նաև Անտոն չելեպին, որը տեսնելով տեր Փիլիպոսի առաքելաշնորհ վարդապետությունը և մաքրակենցաղ ապրելակերպը՝ սիրով կապվեց։ Սրան տեր Փիլիպոսը ասաց. «Որովհետև աստվածայն իշխանությունից ամեն ինչ անպակաս պարգևած է քեզ՝ թե ինչքի առատություն, թե ծառաների բազմություն, թե անվան մեծություն, արդ դու պետք է ըստ քո հարդարման անվան երևելի հոգևոր հիշատակ թողնես երկրում քեզ համար. գրանցիր մեկը, որ քո առաջ կա, այդ Էջմիածնի զանգակատունն է, որ չափազանց հարկավոր է, բայց չկա։ Արդ՝ կամենում եմ, որ դու Սուրբ աթոռի այս պակասությունը լրացնես։ Իսկ չելեպին մեծ հոժարությամբ և ինքնակամ խոնարհությամբ են- թարկվելով հայրապետի հրամանին հանձն առավ կատարել նրա խնդրանքը։ Նա ասաց հայրապետին. «Որովհետև այդպես է քո ցանկությունը, նաև հարկավոր է Սուրբ աթոռ Էջմիածնին, իմ կողմից դու եղիր ինձ փոխարինող և հայր։ Աստծու օգնությամբ երբ Էջմիածին գնաս, որքան անհրաժեշտ է և հաճելի քո սրտի ցանկությանը, լայն, ընդարձակ, հաստահեղույս քո բարձրաշեն գեղեցկատես նկարակերտությամբ ձեռնարկելով կշինես, իսկ դրամական ամբողջ ծախսը, որ այնտեղի լինի, ես լիուլի և հոժարությամբ հավելումով կվճարեմ»։

Արդ՝ այս պայմանով երբ Փիլիպոս կաթողիկոսը հասավ Սուրբ Էջմիածին, սկսեց զանգակատան շինությունը, որի սկիզբն ու հիմնարկումը տեղի ունեցան մեր թվարկանության 1103 [1654] տարվա աղուհացքի[Ն 5] օրերում։ Սուրբ Էջմիածնի աստծու մեծ տաճարի արևմտյան կողմում, արևմտյան դռան վրա, սրա պատին ընդհուպ և կից սույն տարում բարձրացավ շենքը, մինչև կապվեցին ներքին կամարները, վրա հասավ ձմեռը, և փոխվեց 1104 թվականը, և երբ հասան մարտ ամիսը աղուհացքի հինգերորդ կիրակին, տեղի ունեցավ մեծ հայրապետ տեր Փիլիպոս կաթողիկոսի վախճանը, ուստի և խանգարվելով խափանվեց զանգակատան կառուցումը։

Քանզի Երևան քաղաքի իշխանը Լալաբեկի որդի Մահմադ խանն էր. այս այն Լալաբեկն է, որ ոչխարի հարկի մասին գրված գլխում հիշատակեցինք։ Սրա որդի Մահմադղուլի խանն էր, մի գոռոզ հաստագլուխ, այլև քրիստոնյաների նկատմամբ կոպիտ մարդ էր։ Թեպետ կաշառքով և շատ խնդրանքով Փիլիպոս կաթողիկոսը հրաման խնդրեց նրանից զանգակատան շինության համար, սակայն խանը նրան չլսեց իր կոպտության պատճառով։ Բայց կաթողիկոսը, որի հույսն առ աստված հաստատուն էր և այդ հույսով զանգակատան հիմքը դրեց և սկսեց շինել։ Իսկ երբ Փիլիպոս կաթողիկոսը վախճանվեց, զանգակատունը խանի չարության պատճառով մնաց կիսաշեն, որովհետև միշտ ասում էր, թե զանգակատունը չեմ թողնի շեն, այլ քանդելու եմ։ Այդ տարին նախախնամող աստված պահեց զանգակատունը և խանին քանդեց, քանզի անվանի և ավելի մեծ իշխաններ երկրորդ Շահ-Աբաս թագավորի կողմից ուղարկվեցին Արարատյան աշխարհը պետական գործերի և Մահմադղուլի խանի բարքի (քննության) համար, որը մարդատեղ չդնելով անպատիվ էր անում իշխաններին, չարանում էր նրանց դեմ. այնքան արեց, մինչև որ զայրացրեց իշխանների սրտերը, իսկ նրանք երբ գնացին թագավորի մոտ, սկսեցին ամբաստանել խանին, ուստի թագավորը ցասումով լցվեց խանի դեմ, նրան իշխանությունից գցեց՝ հափշտակելով, բռնագրավելով նրա ողջ հարստությունը, և կապանքներով տարավ Սպահան քաղաքը։ Թագավորական ծառայողներից Նաջաֆղուլի խան անունով մեկին ուղարկեց Երևան իբրև կառավարիչ։ Սրա մոտ գնաց տեր Հակոբ կաթողիկոսը և շատ օրեր նրա դռները գնալ–գալով և շատ ոսկի ու դրամ տալով նրան ու նրա իշխաններին, հազիվ զանգակատան շինության թույլտվություն առավ։ Արդ մինչ և ամենը եղավ, վերջացավ, թվականը փոխվեց և հասավ 1106 [1657] թվի հուլիս ամիսը։ Ապա այնուհետև սկսեցին կառուցել մինչև ավարտը հրաշալի արվեստով, քարերի վրա բոլոր պատշաճավոր տեղերում քանդակազարդեցին կենդանիների, գազանների, անասունների, թռչունների, բույսերի և տունկերի զանազան տեսակներ, նաև կառույցի հորինվածքը շատ գեղեցիկ ու ներդաշնակ է՝ խարիսխները, սյուները, խոյակները, կամարները և մնացած ամենը։ Նրա օրհնության օրը անվանեցին Սուրբ հրեշտակապետ՝ խորհրդանշելով գաբրիելյան փողը, որ բարձունքից կանչելու է։ Զանգակատան ավարտը տեղի ունեցավ 1107 [1658] թվականին և խաչվերացի[7] տոնին օրհնեցին խաչը, որ զանգակատան գլխին է, ապա քանդեցին տախտակամածները։ Արդ զանգակատան ստույգ պատմությունը այս է, թեպետ նրա վրա գրված թվականները այլ են։

Որքան Փիլիպոս կաթողիկոսը ապրեց աշխարհում՝ թե իր վարդապետության, թե կաթողիկոսության ժամանակ, անդադար ու անխափան արեց ու գործեց արդյունավետ գործեր աշխարհում, մանավանդ բարձրագահ աթոռ, Սուրբ Էջմիածնի համար: Սրանով ավելի հաստատուն դարձավ, հարստացավ եկեղեցական անոթներով, ոսկով ու արծաթով, թանկագին զգեստներով, պատվական գրքերով, բազմաթիվ վարդապետներով: Այդպես էլ [հարստացավ] առտնին սպասքներով, կահկարասիով, պղնձեղենով, բրդեղենով և այլ այսպիսի բաներով։ Նաև (շատացան) կենդանիների նախիրները՝ ուղտեր, ջորիներ, մատակ ձիերի երամակներ, ոչխարների հոտեր, խոշոր անասունների նախիրներ, նաև արտեր, այգիներ, ծաղկաստաններ։ Նա բազմազան ձևերով հոգևոր ու մարմնավոր գործերի մեջ օգտակար էր լինում երկրին, որովհետև բերդի նման ամուր էր նա հայոց ազգի շուրջը ընդդեմ մահմեդականների, որոնք չէին կարողանում հարստահարել, զրկել հայերին, քանզի բոլոր հակառակորդ թշնամիները, որոնք լեռան նման հզոր դեմ էին կանգնում, բոլորը խորտակված մեջտեղից վերացան՝ լինեին եկեղեցականներ, թե աշխարհականներ, այլասեռ ու այլազգի փառավոր իշխաններ:

Եվ նա մնաց աշխարհում մինչև ծերության ժամանակը՝ լինելով վաթսուներեք տարեկան հարգարժան, մեծաշուք բոլոր ազգերի մոտ՝ հայերի, հոռոմների, վրացիների, օսմանցիների, պարսիկների, մեծամեծ իշխանների, մինչև իսկ թագավորների։

Եվ այն օրից հետո, երբ ստանձնեց վարդապետական իշխանություն, անխափան զբաղվեց քարոզությամբ ու խրատներով՝ գյուղերում, քաղաքներում, վանքերում, անապատներում և ամենուրեք, և ինչ որ քարոզում ու խրատում էր, չէր սխալվում, այլ բոլորը արդյունավորվում, պտղաբերում էին։

Իր վախճանի մոտիկ օրերին տեր Փիլիպոս կաթողիկոսը Սուրբ էջմիածնում էր։ Աղուհացքի օրերում՝ չորրորդ կիրակի օրը ըստ իր մշտական սովորության նստեց աթոռին և սկսեց այդ կիրակվա քարոզն ասել, որի բնաբանն էր․ «Մի հարուստ մարդ, որը ուներ մի տնտես․ սրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե նրա ունեցվածքը վատնում է»[Ն 6]։ Մեկնաբանելով հասավ այն խոսքին, որ ասում է․ «Չես կարողանա այլևս տնտես լինել»։ Այստեղ խոսքը վերջացրեց։ Իսկ երկրորդ օրը, որ երկուշաբթի էր, տկարացավ և ընկավ մահիճ։ Նրա մոտ հավաքվեցին բոլոր միաբաններն ու նրա աշակերտները։ Հարցնում էին տկարության մասին։ Նրանց պատասխանելով ասաց. «Այս է իմ վերջին տկարությունը, այլևս չեմ առողջանա, քանզի մինչ քարոզս էի ասում, երբ հասա այն խոսքին, որ ասաց՝ չես կարող այլևս տնտես լինել, ինձ թվաց, որ ինչ֊որ մեկից հայտնվեց իմ սրտում, թե այլևս մարմնավոր կյանքով չես ապրի, այլևս չես տնտեսի աստծու տունը, այլ մահվամբ ես վճարվում, ինչպես որ խոսքը վկայելով ասաց, չես կարող այլևս տնտես լինել»[Ն 7]։ Նրա այս խոսքերը լսելով բոլորը մորմոքում ու մղկտում էին նրա ասածի վրա, բայց նա ըստ իր աստվածատուր շնորհների բոլորին մխիթարում էր։ Այդպես տկար մնաց մինչև հասավ հինգերորդ կիրակին և այդ գիշեր առավոտվա դեմ սկսվեց հոգեվարքը։ Ինքը իմացավ, որ հոգեվարքի մեջ է, ուստի միշտ աղոթք ու օրհնաբանություն ուներ բերանում աստծու հանդեպ՝ ասելով. «Այժմ արձակիր քո ծառաներին[Ն 8], տեր, դեպի խաղաղություն ըստ քո խոսքի»։ Փիլիպոս սուրբ Հայրապետը յուր սրբասուն հոգին ավանդեց աստծու ձեռքը։

Նրա մահվան լուրը տարածվեց Արարատյան աշխարհի բոլոր շրջակա գավառները։ Ամեն ոք, ով լսում էր, վհատված, թուլացած գետին էր ընկնում, որովհետև նա հայերի շուրջը ամուր պարիսպ էր, որ փլվեց։ Շրջակա գավառներից մեծ բազմություններ հավաքվեցին, եկան, որովհետև վեց օր անթաղ մնաց, Էջմիածնի միաբանները և բոլոր վարդապետները կամենում էին Սուրբ Էջնիածնի դռանը իր շինած զանգակատան մեջ թաղել, բայց իշխան Մահմադղուլի խանը, որ մեծ ոխ ու նախանձ ուներ հայրապետի դեմ, հայրապետի՝ խանի համեմատությամբ ավելի հզոր լինելու, այլև զանգակատունը շինելու պատճառով, քանի որ խանը չէր թույլ տալիս զանգակատուն շինել, իսկ կաթողիկոսը իր ուժի հզորությամբ հիմնարկեց և սկսեց շինել, և ներկայումս հայրապետի վախճանված լինելու ժամանակ, երբ լսեց, թե կամենում են զանգակատան մեջ թաղել, խիստ գրգռվեց, չարացավ և չէր թողնում զանգակատան մեջ թաղել, այլ մեծ հոխորտանքով ասում էր, թե ես զանգակատունը քանդելու եմ։ Եվ այս պատճառով կաթողիկոսը վեց օր անթաղ մնաց. դագաղով Էջմիածնի տաճարի մեջ գրված էր, նա զվարթ երեսով ինչպես կենդանի մարդ քնած էր, և նրանից անուշ հոտ էր բուրում. ամենքը, որ մոտենում էին նրան համբուրելու, արմանում ու զարմանում էին հորդաբուխ անուշահոտի և երեսի զվարթության վրա. ոչ միայն քրիստոնյաները, այլև այլազգի մահմեդականները հիացած վերև աստծուն փառք էին առաքում, որ փառավորում է իր սրբերին։

Եվ որովհետև Մահմադղուլի խանը չմեղմացավ իր բիրտ բարքից, չթողեց կաթողիկոսին Սուրբ Էջմիածնում թաղել, այս պատճառով Սուրբ Էջմիածնից վերցրին նրա մարմնի պատվական մասունքները խաչով, ավետարանով, մոմերով, հոգևոր երգերով տարան սուրբ կույս Հռիփսիմեի տաճարը և այնտեղ տաճարի մեջ խորանի հյուսիսային կողմում հանգստի դրին նրան։ Նա Քրիստոսի մոտ բարեխոս է բոլոր քրիստոնյաների և իր հոգեծնունդ որդիների համար։ Այժմ երկրի բոլոր բնակիչներից ցավագարները, ախտավորները ուխտ են գալիս նրա սուրբ տապանը համբուրելու և առողջություն են գտնում իրենց ցավերից և փառավորելով Քրիստոսին՝ դնում են իրենց տեղերը։

Սուրբ ու տիեզերալույս հայրապետ տեր Փիլիպոսի վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1104 [1055] թվականի մարտի քսանհինգին աղուհացքի պասի հինգերորդ կիրակի օրը։ Նա կաթողիկոսություն արեց քսաներկու տարի երեք ամիս, իսկ ինքը երբ վախճանվեց, վաթսուներեք տարեկան էր։

Նրանից հետո Սուրբ էջմիածնի կաթողիկոսությունը ստանձնեց ջուղայեցի Հակոբ վարդապետը։ Քանզի Փիլիպոսի մահվան առթիվ հավաքված վարդապետները, եպիսկոպոսները մնացին Սուրբ էջմիածնում մինչև ծաղկազարդի[8] տոնը և այդ տոնին, միևնույն թվականի ապրիլ ամսի յոթին Հակոբ վարդապետին օրհնեցին կաթողիկոս, ապա յուրաքանչյուրը գնաց իր տեղը՝ փառավորելով հորը, որդուն և սուրբ հոգուն հավիտյանս հավիտենից. ամեն։

Նշումներ
  1. Ատյանը բեմից ներքև բեմի առջևի մասն է։
  2. Սաղմոսի երկու, երեք, չորս հատվածները կազմում են մի ղորղա, ամբողջ Սաղմոսարանը 56 զոբղայից է բաղկացած։
  3. Թարգմանեցինք մոտավորապես, քանի որ դժվար հասկանալի է (Վ.Ա.)։
  4. Տե՜ս ստորև գլուխ ԻԸ:
  5. Մեծ պասը
  6. Ղուկ․ ԺԶ 1
  7. Ղուկ․ ԺԶ 2
  8. Ղուկ. Բ 29:
Ծանոթագրություններ
  1. Բարմը, ինչպես ասում Է Դավրիժեցին, Աղրակ գավառն Է: Սա Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից Է։ Գավառի կենտրոնը եղել Է Հադամակերտ քաղաքը, որ այժմ թուրքերը անվանում են Բաշկալե: Սրանից քիչ հեռու Սուրբ Խաչ վանքն Է։
  2. Էրնկան գյուղը դարասկզբին 45 տուն հայ է ունեցել, գյուղում եղել է եկեղեցի 1660 թվականից։ Գյուղը Ս. Բարդուղիմեոսի վանքից հեռու է եղել մոտ 10 կմ։ Հաստատ փաստեր կան, որ 800 տարի առաջ գյուղը ունեցել է 500 տուն։
  3. Դավրիժեցին զուգահեռ է անցկացնում հրեական առաջնորդների հաջորդության և հայ կաթողիկոսների փոխնորդության միջև։ Մովսես մարգարեի մահից հետո առաջնորդությունը Հեսուն է վերցնում (ելք ժէ, 8-16 Թիւք ԺԴ 6)։ Եղիան ըստ աստվածաշնչական ավանդության երկինք է վերանում, վերարկուն ու առաջնորդությունը թողնում է իր աշակերտ Եղիսեին (Գ Թագ. ԺԷ-ԺԹ և Դ Թագ. Ա 2):
  4. Գոբղա երկու կամ չորս գլուխ սաղմոս է, որ ընդունված է իբրա մեկ ամբողջություն, որ վերջանամ է փառք նոր բանաձևով։
  5. Աստվածածնի փոխման [երկինք վերանալու] տոնը կատարվում է օգոստոսին։
  6. Ավագ պասը մեծ զատկի կամ Քրիստոսի հարության տոնի պասն է, որ շարժական է։ Հին Ժամանակ պասը պահում էին միայն աղ ու հաց ուտելով, ուստի պասը կոչվում էր աղուհացք, որ մասնավորվեց հատկապես իբրև Քրիստոսի հարության՝ մեծ զատկի պասի համար։
  7. Խաչվերացի տոնը կոչվում է նաև Սուրբ խաչ։ Այս տոնը կատարվում է սեպտեմբերի առաջին կեսին։
  8. Ծաղկազարդի տոնը շարժական է, կապված է զատկի հետ, կատարվում է մի շաբաթ առաջ, կոչվում է նաև ծառզարդար։