Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Դ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Կաղապար:Qualità

ԳԼՈՒԽ Դ
ՋՂԱԼՕԶԼՈՒ ԱՌԱՋԻՆ ԳԱԼՈԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇԱՀԸ ԲՈՎԱՆԴԱԿ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՍՐԱՆ ՄՈՏԻԿ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ԳԱՎԱՌՆԵՐԸ ՍՐԱ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԱՐԱԳՐԵՑ

Շահը այս ամեն գործերը և եղելությունները կատարելուց հետո, Երևանից իր ամբողջ բանակով առաջ շարժվեց գնաց Կարս քաղաքի վրա այն ևս գրավելու նպատակով։ Եվ երբ հասավ Շիրակավանի[1] գավառը, Ջղալօղլու գալու մասին բազմաթիվ լուրերի հետ, որ մշտապես բերում էին գնացած լրտեսները, այնտեղ եկան այլ լրտեսներ և ստույգ լուր բերին, թե ահավասիկ Ջղալօղլին եկավ մուտք գործեց Կարնո գավառը, որ Էրզրումն է։ Երբ շահը այս լուրը լսեց, իր երեսը շուռ տվեց, եկավ նախկին Երվանդակերտ[2] որ այժմ կոչվում է Աղջաղալա։

Եվ այն, որ վաղուց մտադրվել էր քրիստոնյա ժողովրդին տարադրել և հայոց աշխարհը ավերել, այդտեղ հայտնեց իր խորհրդակիցներին։ Քանզի իր մտքում հասկանում էր, թե չի կարող պատերազմով Սինան փաշային, այսինքն՝ Ջղալօղլի զորահրամանատարին, դիմադրել, այդ պատճառով հրամայեց Հայաստանի բոլոր բնակիչներին՝ թե քրիստոնյա, թե հրեա, թե մահմեդական, քշել Պարսկաստան, որպեսզի օսմանցիները գան երկիրը մարդկանցից թավուր տեսնեն, և չգտնվեն ուտելիք ու օրապահիկ և այլ պիտույք նրանց ու նրանց անասունների համար․ և հարկավոր առարկաների չգոյության հետևանքով օսմանյան զորքերը նեղվեն։ Նաև՝ քշված տարված ժողովուրդները նրա համար լինեն կայուն հարկատուներ, ծառաներ ու հողոգործներ մինչև հավիտյան։

Եվ նա մինչ մտավարանքի մեջ էր, լսեց, թե Ջղալօղլին դուրս եկավ Կարինից։ Այդ ժամանակ իր մոտ կանչեց Հայաստանի մեծամեծերին, իրեն կեղծավորաբար ցավակից ցույց տալով հայոց ազգի նկատմամբ, ասաց հայոց մեծամեծերին ու ավագներին. «Լսեցինք, թե եկել է Ջղալօղլին և ահավասիկ անթիվ զորքով գալիս մտնում է ձեր երկիրը: Նաև մեր զորքերն են անթիվ, գիտեք, որ սրանց մեջ երկու կողմերում էլ այսպիսի ժամանակ կան հոգով դաժանացածներ՝ ավազակներ, գողեր ու սրիկաներ, որոնց ով և որտեղից լինելը չգիտենք, գուցե ոմանք նրանցից անփույթ են դարձել իրենց կյանքի և իշխանների հրամանատարների նկատմամբ, հանկարծակի հարձակվեն և կոտորեն երկրի մի մասը և ձեր ժողովրդին, կամ ավարեն ունեցվածքը, ընտանիքները և առնելով հեռու ճողոպրեն, ու ձեր ժողովուրդը կորստի ու գերության մատնվի: Այդ պատճառով խղճալով ձեզ մտածել եմ ձեզ փրկել հետևյալ կերպով, որ գավառապետերը և ձեր երկրի բնակիչները դուրս գան իրենց տեղերից քիչ առաջ շարժվեն, գնան մի քանի օրվա ճանապարհ, իսկ մենք այստեղ դեմները կտրելով կռվենք օսմանցիների հետ. եթե տերը մեզ հաջողություն տա, այդ ժամանակ կդառնաք ձեր տեղերը և կլինեք մեկ ժողովուրդ. իսկ եթե աստված նրանց տա, մենք կթողնենք կգնանք, և դուք կդառնաք ձեր տեղերը, կլինեք նրանց ժողովուրդը»։ Երբ շահը այս ասաց հայոց ավագանուն, որոնց գլխավորի անունն էր տեր Հովհաննես, որին հարգալից մակդիրով ասում էին աղա տերտեր։ Նրանք հասկացան դավադրական նենգությունը և վատ զգացին նրա խոսքերից, պատճառներ մտածելով մոտեցան շահի նախարարներին, ասացին։ Այդ ժամանակը աշուն է,— քանի որ սուրբ խաչի տոնից հետո էր, երբ երկիրը տարագրեցին,— երկրի բոլոր բնակիչները ճանապարհի պատրաստություն՝ գրաստ և այլ բեռնակիր չունեն ունեցվածքն ու մանուկները բառնալու համար, թեպետ առողջներն ու կարողները ոտքով կգնան, իսկ ծերերն ու մատղաշ մանուկները չեն կարող գնալ։ Այս պատճառով խնդրում ենք արքայից այժմ մեզ ներել, իսկ այդ հրամանը աստծու հաջողությամբ գարնանը կկատարենք. այս ասում էին գուցե իրենցից [փորձության] ժամը անցնի։

Իսկ երկրների ավերիչը, քրիստոնյա ազգերի վատնիչը, սատանայի բնակարանը՝ Շահ-Աբաս թագավորը չանսաց հայերի խոսքին։ Այլ իր նախարարներին կանչեց իր առջև ու նրանցից վերակացուներ, երկրի բնակիչների վարիչներ նշանակեց. ամեն մի գավառի իշխան իր զորքով վարող ու քշող կլինիիր գավառի բնակիչներին։

Իսկ Ամիրգունա խանին հատկապես Երևան քաղաքի, Արարատյան երկրի և սրան մերձ գավառների [վերակացու Նշանակեց]։ Եվ շահը նրանց հրամայեց՝ որտեղ կարող են ձեռ գցել, տարագրեն-քշեն՝ չթողնեք ով ամենևին կենդանի շունչ, թե քրիստոնյա, թե մահմեդական, խոսքով համոզվողներին, չհամոզվողներին, թաղավորի հրամանին չանսացողներին սրով՝ մահվամբ, գերությամբ։

Իսկ զորապետները այսպիսի աշխարհակործան ու դաժան հրամանը թագավորի կողմից ընդունելուց հետո յուրաքանչյուր զորավար իր գնդով ելավ դիմեց հայոց աշխարհի հրամայված գավառը իբրև հողմակոծ հուր, որ անցնում է եղեգնուտով։ Տագնապալից աճապարանքով գավառների բոլոր բնակիչներին շուտավաւյթ շորթելով իրենց բնակավայրերից և վտարելով իրենց տեղերից ինչպես հոտ ու նա խիր բազմաթիվ ոչխարների ու տավարների առաջները անելով բռնությամբ քշեցին բերին հասցրին Արարատյան գավառը։ նրա լայնանիստ դաշտը ծագեծագ լցրին, որովհետև Գառնիի լեռների ստորոտներից մինչև Արաքս մեծ գետը բանակի լայնքն էր, իսկ երկայնությունը ըստ այդ լայնության դու կշռադատիր, ես կասեմ մի օրվա ճանապարհ, բայց այլուր տեսա՝ գրված էր հինգ օրվա ճանապարհ։ Հայոց թվականը նոր էր վերջացել, մտել էինք 1054 (1605) թվականի հայոց նավասարդ[3] առաջին ամիսը, երբ երկիրը տարագրեցին:

Եվ սլարսից զորքերը, որ անցան երկրի տարագրմանը, սրտեղից որ ժողովրդին դուրս էին քշում, գյուղերից, թե քաղաքներից, բոլոր շեները, տները, բնակավայրերը անխնայորեն այրելով հրկիզում էին։ Հրկիզում էին նաև խոտի, հարդի, ցորենի, գարու և այլ պիտույքների համբարանոցները, ամեն ինչ այրելով ոչնչացնում էին։ Այսպես ավերելով դատարկեցին երկիրը օսմանցի զորքերի համարդ որպեսզի նրանց որևէ օրվա պահիկ չմնա և նրանք վտանգավոր կացության մեջ լինեն։ Նաև տեղահանված ժողովուրդը այդ տեսնելով հուսահատ լինի ու ետ չդառնա։

Արդ՝ պարսից այն զորքերը, որ նշանակվեցին իբրև ժողովրդին տարագրողներ, ժողովրդին քշելով բերին հասցրին Էջմիածնի դաշտը։ Այդ ժամանակ Շահ-Աբասը նստած էր Աղջաղալա[4], իսկ օսմանցիների զորահրամանատար Ջղալօղլին իր զորքով հասել էր Կարս[5], Շահ-Աբասը գիտեր, որ դեմ հանդիման ճակատամարտելով չէր կարող օսմանցիներին դիմադրել, վախենում էր նրանց մեծաքանակությունից, ուստի դարձավ իր ամբողջ բանակով, հետևեց ժողովրդի չվերթին դեպի Պարսկաստան։ Նաև օսմանյան զորքերը շարժվելով հետևեցին պարսից բանակին։ Եղան երեք մեծ ու անթիվ բանակներ. առաջին բանակը ժողովրդի բանակն էր, երկրորդը պարսից բանակն էր, իսկ երրորդ բանակը օսմանյանն էր։ Այնպես էր պատահում, որ երբ ժողովրդի բանակը չվում էր, սրանց հանգրվանում Շահ-Աբասն էր պարսից զորքով իջնում բանակում, իսկ սրանց չվերթից հետո նույն տեղում օսմանյան զորքերով բանակում էր Ջղալօղլին. և այսպես միմյանց կրնկակոխ հետամտելով գնացին մինչև որ ժողովուրդը և պարսիկները հասան Ջուղա գյուղը, իսկ օսմանցիները հասան Նախիջևան։ Այսուհետև պարսիկները և ոչ մեկ ժամ չթույլատրեցին ժողովրդին հանգիստ առնել, այլ խիստ տագնապով նեղում էին ժողովրդին, ոմանց մահու հարվածներով ծեծում էին, ոմանց քթերն ու ականջներն կտրելով, ոմանց էլ գլուխները կտրում էին ու ցցում էին ձողի վրա, ինչպես Առաքել կաթողիկոսի եղբորը, որի անունն էր Օհանջան. սրա և մի այլ մարդու գլուխները կտրեցին և Արաքս գետի ափին ձողի վրա ցցեցին։ Սրանք և սրանցից առավել կտտանքերի ու խոշտանգումների էին ենթարկում ժողովրդին իբրև ահ ու սարսափ ժողովրդին և տեսնողներին, որպեսզի գետը շտապ անցնեն։ Պարսից խորամանկ ազգը այս ամեն փորձություններին էր ենթարկում ժողովրդին օսմանցիների սարսափից, որոնք հետապնդում էին պարսիկներին։ Որովհետև պարսիկները տեսնում էին, որ ժողովրդի բանակը անթիվ է, նույնպես տեսնում էին, որ իրենց բանակն էլ շատ է, մինչև այսքան բազմությունը գետը անցներ, շատ օրեր կանցնեին։ Օսմանյան զորքից երկնչում էին, թե մի գուցե այդքան օրերի ընթացքում հանկարծակի կհարձակվեն պարսից բանակի վրա, կոտորած կսարքեն, կամ վնաս կհասցնեն իրենց և կամ ժողովրդին իրենցից հափշտակելով՝ ետ կդարձնեն և իրենց չար դիտավորությունը կխափանվի։ Այս պատճառով տագնապալից ստիպում էին ժողովրդին գետն անցնել։ Եվ ժողովրդի շատության պատճառով նրանց նավ կամ արկղ չէր բավականացնում, որոնցով գետը անցնեին․ թեպետ այլ տեղերից ուրիշ նավեր բերին ու այնտեղ շատ արկղեր շինեցին, սակայն ժողովրդի բանակը և պարսից զորքը շատ-շատ էին, տակավին չէր բավականացնում։ Եվ պարսից այն զորքերից, որոնք նշանակված էին իբրև ժողովրդին քշողներ, ժողովրդին շրջապատած էին պահում, որպեսզի ոչ ոք չփախչի․ նաև փայտով ծեծում, հարվածում, ջարդում ու մղում էին, լցնում գետը։ Եվ այսպես ժողովրդի փորձությունն ու վիշտը սաստկանում էր։

Իսկ թշվառ ժողովուրդը նայում իր առջև տեսնում էր ծովի նման անհուն գետը, որ խեղդում էր, իսկ ետևից պարսից սուրն էր, որ սպանում էր, և փախուստի ոչ մի հնար չկար։ Ընդհանուր կերպով աղիողորմ ողբեր, հորդ արցունքներ աչքերից թափելով երկրորդ Արաքս էին գոյացնում. իսկ լացի, հառաչանքների, ճիչերի, վայերի, կսկծանքների, մորմոքների ձայները միմյանց խառնվելով ուժգին գոռում-գոչյուններ էին առաջացնում, բայց ողորմածություն ու փրկություն ոչ մի տեղից չկար։

Այստեղ մեր ժողովրդին խիստ անհրաժեշտությամբ պետք եղավ հին Մովսեսը[6] ու նույնի աշակերտ Հեսուն[7] Նոր Իսրայելը երկրորդ փարավոնի[8] ձեռքից փրկելու համար, կամ դադարեցնելու հորդահոս, լայնատարած մեծ գետի հոսքը, բայց չգտնվեց, քանզի մեր մեղքերի հորդությունը մեր դեմ փակեց գթառատ աստծո ողորմության դուռը։

Բայց պարսից անողորմ զորքերը ժողովրդին քշելով լցնում էին գետը, իսկ սրանք վտանգից գետի մեջ ավելի ու ավելի էին շատացնում աղաղակի ու ողբերի ձայները։ Սրանցից ոմանք բռնելով նավերի, ոմանք արկղերի եզրերից, ոմանք ձիերի, եզների ու գոմեշների պոչերից, ոմանք էլ ինքնուրույն լողալով անցնում էին։ Իսկ նրանք, որոնք լողալ չգիտեին, կամ ուժ չունեին՝ ծերեր, պառավներ, տղաներ, աղջիկներ, մատղաշ մանուկներ լցված էին ջրի երեսը, և գետը քշած տանում էր նրանց իբրև չոր ճյուղ գարնան ժամանակ։ Գետատար մարդկանցով ծածկված էր գետի երեսը․ թեպետ անցնողները անցան, բայց շատերը նրանք էին, որ ջրում խեղդվելով մեռան։

Պարսից զորքերի հեծյալներից ոմանք,որ ուժեղ ձիեր ունեին և իրենք արի տղամարդիկ էին և կարող, շրջում էին քրիստոնյաների մեջ ու տեսնելով քրիստոնյա ուստրերին ու դուստրերին, որոնց հավանում էին, լինեին կանայք,աղջիկներ և տղաներ, երբեմն խաբում էին տերերին, թե տուր քեզ համար գետից այն կողմ անցկացնեմ, և երբ անցկացնում էր, այնտեղ գետին չէր դնում, այլ առնում֊տանում էր ուր կամենում էր։ Ուրիշներն էլ գողությամբ էին առնում֊տանում։ Մի մասն էլ հափշտակելով ու սպանությամբ էր տերերից առնում֊տանում։ Եվ շատ մայրեր երեխաներին ու տերեր հիվանդներին ճանապարհ գցեցին, դարձրին լքյալ, թողին գնացին անհանդուրժելի ու անտանելի փորձության պատճառով,որ հասել էր նրանց։ Եվ միանգամից ասեմ, որ անտանելի թշվառություններ, արհավիրքներ հասան մեր ազգի վրա և չգիտեմ, թե ինչ ձևով դամբանական ու ապաշխարական ողբեր հյուսեմ հայ ազգի խորտակման վրա, որ ունակ դարձավ այսքան չարիքներ կրելու։ Քանի որ հին Իսրայելի նման գերի էին քշվում երկրորդ բաբելացիների[9] ձեռքով, բայց Երեմիան[10] չկար, որ խրատեր, ոչ ել Եզեկիելը կար, որ լուսավորեր, ոչ էլ Հեսուն կամ Զորաբաբելը[11], որ դարձը առաջնորդեր, այլ դարձել էին անհովիվ հոտեր, ցրվել ու հալածվել էին պատառոտող գայլերի ու գիշատիչ գազանների առջև, որոնք նրանց քշում էին բռնի կերպով։ Եվ նրանք գնալով գնում էին ու լալիս էին, որ բարձած տանում էին իրենց սերմերը։

Իսկ սրան հաջորդ տեսանելի չեղավ այն, որ ասում է․ գալով թող գան ու ցնծան, որովհետև ոչ եկան, ոչ էլ ցնծություն եղավ, այլ այնտեղ մնացին, ուր տարան, արգելեցին այսինքն՝ պարսից աշխարհը։

Եվ եղավ, որ ողջ ժողովուրդը գետը անցավ, ժողովրդի հետ խառը գետը անցավ նաև պարսից բանակը։ Մինչև այդտեղ Ամիրգունա խանն էր ժողովրդին քշողը, այստեղ Շահ֊Աբասը հրամայեց նրան գնալ իր բանակի հետ․ ժողովրդին քշող նշանակեց Խալիֆալու Էլիազ սուլթանին. և սրան հրամայեց շտապ ու շուտափույթ քշել ժողովրդին ու հեռացնել օսմանյան զորքերից և հասցնել Պարսկաստան: Իսկ ինքը շահը պարսից ամբողջ բանակով արքունի ճանապարհով, այսինքն` կենտրոնական ճանապարհով ուղի ընկավ, գնաց Թավրիզ։ Սակայն ժողովրդին միևնույն արքունի ճանապարհով չտարան Թավրիզ օսմանցիներից երկյուղ ունենալու պատճառով, որ գուցե հետևներից հասնելով ժողովրդին խլեն պարսիկներից, Շահը Էլիազ սուլթանին հրամայեց, որ նեղ ու անձուկ, դժվարին վայրերով տանի, որով օսմանյան բանակը չկարողանա նրանց հետևից գնալ։ Եվ նա քշելով ժողովրդին ձորի ճանապարհով, որտեղով Արաքս գետը հոսում է իր ընթացքով, լեռների ու ձորերի դժվարին ելևէջներով, կածան տեղերով։ Եվ բազում տառապանքներով ու փորձություններով անցան լեռների դժվարին տեղերը։ Ժողովրդին դժվարին վագրերից անցկացնելով տարան Թարումխալխալ, Ահար, Մուշկուն և սրանց մոտակա վայրերը, ուր տեղավորեցին նրանց ամիսներ ձմռան սաստկասառույց ու դառնաշունչ ցրտերի պատճառով, երբ չէին կարող գնալ։

Իսկ երբ եկավ գարնանային քաղցրաշունչ եղանակը, Արութուրաբ բեկ անունով մի այլ իշխան նշանակեցին ժողովրդին քշող, որ կրկին սկսեց քշել ժողովրդին մինչև տարավ, հասցրեց Սպահան քաղաքը։ Այնտեղ, ովքեր քաղաքացիներ էին, նույն քաղաքում տեղավորելով՝ բնակեցրին, իսկ ովքեր շինականներ ու գյուղացիներ էին, Սպահան քաղաքի շրջակա գավառներում բնակեցրին, այսինքն` Լնջանում, Ալնջանում, Գանգիմանում, Ջղախոռում, Փարիայում և Բուրվարիում. այդ տեղերում բնակվեցին ու մնացին մինչև այսօր։ Քանզի տարիքով մարդիկ, որ Հայաստանից էին գնացել և ծանոթ էին հայ աշխարհի վայելչություններին, սրանք մեռան այնտեղ, իսկ նրանք, որ այնտեղ ծնվեցին, սնվեցին ու վարժվեցին, այդ երկիրը սիրեցին, նրան ընտելացան, քանզի վարժվեցին նրան, այդ պատճառով այնտեղ մնացին մինչև այսօր։

Սպահան տարված հայոց այս ժողովրդից հինգ հարյուր տուն բաժանեցին, տարան Սպահան, հինգ հարյուր տուն բաժանեցին տարան Շիրազի երկրամասը և այնտեղ բնակեցրին: Քանզի Շիրազի տեր Ալահվերդի խանը Շահ-Աբասից խնդրեց իրեն շնորհել հայ ազգից մի մաս հայ ազգի բարեմտության ու հավատարմության համար, որպեսզի դառնան նրա ժողովուրդը. թագավորը հարգեց նրա խնդրանքը, և նա տարավ բնակեցրեց Շիրազի գավառում։

Դարձյալ անդրադառնանք մեր պատմության սկզբին։ Քանզի երբ թագավորի հրամանով Ամիրգունա խանը պատրաստվեց տարագրելու Արարատյան երկիրը, իր զորքերից մի զորամաս ուղարկեց Գառնու գավառը, որպեսզի նրանց ևս քոչեցնեն, բերեն խառնեն ժողովրդի չվերթին։ Իսկ գնացած զորքը նախ մտավ նույն Գառնի գյուղը, սրանք թագավորի հրամանի համապատասխան չվարվեցին, այլ իբրև գերեվարիչներ ու ավարառուներ սկսեցին քրիստոնյաների ունեցվածքն ու զավակներին հափշտակել։ Այս տեսնելով՝ գյուղի բնակիչները միմյանց ձայն տվին ու կազմեցին մեծ ամբոխ, ապա սրով, քարով ու փայտով խփեցին, վիրավորեցին, գլխատեցին նրանց ու իրենցից հեռացրին, իսկ իրենք այնտեղ մնացին անհոգ, ինչպես Մորիկի ժամանակներում[12], և ոչ մի տեղ չփախան և ոչ էլ գնացին խանին իմացնելու նրա զորքի հափշտակության մասին: Իսկ հալածված զորամասը գնաց Ամիրգունա խանի մոտ, սկսեց ամբաստանել ժողովրդին և մեծամեծ հանցանքներ հերյուրել նրանց վրա։ Սա խիստ բարկությամբ զայրացած իր հետ վերցրեց մեծ զորամաս, եկավ Գառնու գավառը, նախ նույն Գառնի գյուղի տղամարդկանց բռնեց, ենթարկեց խոշտանգումների ու չարչարանքների՝ գանահարությամբ, հոդերի հատումով, և հետո իսկույն տեղահանեց, տվեց իր զորականների ձեռքը, որ սրանց տանեն խառնեն ժողովրդի մեծ չվերթին, որ և տարան խառնեցին ժողովրդի չվերթին, ու սրանք նրանց հետ գնացին պարսից աշխարհը։ Այնտեղ Գառնիում Ամիրգունա խանին ասացին, թե Գառնու գավառում այլ գյուղեր ևս կան, որոնք ամրացել են այս երկրի լեռների ամուր վայրերում, այրերում, քարանձավների ծերպերում։ Եվ հանվանե հիշեցին Հավուզ թառի վանքի եպիսկոպոս Մանվելին և Գեղարդի վանքի Աստվածատուր եպիսկոպոսին, թե սրանք մտել են այսինչ այրերը և այնտեղ ամրացել։ Քանզի այս երկու եպիսկոպոսներն էլ երբ լսեցին երկրի տարագրության մասին, հոգացին իրենց կարիքների համար անհրաժեշտ պետքերը` իրեր, ուտելիք, ըմպելիք և իրենց հետ առնելով իրենց մերձավորներից ոմանց` կրոնավոր ու աշխարհիկ մարդիկ, ու սրանց հետ ելան, գնացին Գեղարդի ձորը և մտնելով քարանձավային մի այր՝ դադարեցին։ Որովհետև Գեղարդի ձորում շատ հին ժամանակներից կան փորած այրեր ու ամրոցներ։ Ամիրգունա խանը այս լսելով առավ իր հետ եղած զորամասը ու եկավ Գեղարդի ձորը և ինքը եկավ կանգնեց եպիսկոպոսների գտնված այրի դիմաց, դեպի այրը բարձր ձայն տալով խոսում էր նրանց հետ խաղաղությամբ, որպեսզի գան թագավորի հրամանին հնազանդվեն։ Իսկ նրանք անարգանքի, հայհոյանքի, անպատվության տգեղ խոսքեր էին այնտեղից ձայնելով ասում խանին։ Նաև քար ու նետ արձակեցին դեպի խանը: Իսկ երբ խանը տեսավ, որ խաղաղությամբ թագավորի հրամանին հնազանդության չեն գալիս, այնժամ հրամայեց իր զորամասին, ինչ որ կարող են անել, թող անեն։ Խանի զորականներից քարագնաց մարդիկ ելան լեռան գագաթը, որտեղ քարայրն էր և բռնելով քարաժայռերից հնարավոր ընթացքով իջան քարայրի մուտքի կողմը։ Քարագնաց տաճիկներից մեկը կանգնեց քարայրի մուտքի կողմը, որտեղ Մանվել եպիսկոպոսն էր, և նայելով ներս տեսավ եպիսկոպոսին նստած։ Եվ տաճիկների լեզվով նախ ողջույն տվեց եպիսկոպոսին, իսկ եպիսկոպոսը չկարողացավ պատասխանել, այլ ապշեց մնաց, իսկ տաճիկը սրտով ու գործով արիացավ, մտավ քարայրը և իսկույն մեջքը կապած կարճ սուրը դուրս քաշեց, զարկեց, այնտեղ սպանեց եպիսկոպոսին և գլուխը կտրելով ցած դրեց քսանի առջև։ Ապա պարսից զորքի այլ զինվորներ ևս սրտապնդվելով շտապ բարձրացան քարայր, եպիսկոպոսի մյուս ընկերներին ևս բռնեցին, իջեցրին ցած խանի առջև. բոլորին հենց այդտեղ սպանեցին։ Ապա նույն ձորը մանրակրկիտ հետախուզեցին, որոնեցին ու բոլոր փախածներին, որոնք քարերի խոռոչներում ու ծակերում թաքնված էին, ամենին գտան, նրանց ունեցվածքը կողոպտեցին, նրանցից ոմանց կոտորեցին, ոմանց թողնելով կենդանի տարան խառնեցին ժողովրդի բուն հավաքի չվերթին։

Արդ` հենց այստեղ հայտնի եղավ աստծո արդար դատաստանը որ բաժանում է մինչև շնչի, ուղեղի, օդի հատվածքը[13] այս երկու եպիսկոպոսների վրա, որոնք գնացին Սպահան, բերին պարսիկ ազգը, որոնք ավերեցին հայոց աշխարհը, և իրենք էլ նույն սրով սատկեցին, որովհետև ում հետ հույս կապեցին, նրանք էլ եղան իրենց սատակիչները, ըստ այն խոսքի, որ դրված է Օրինաց գրքում․ ինչով որ մեկը մեղանչում է, նրանով էլ տանջանքի կենթարկվի[Ն 1]։ Ոչինչ չօգտվելով իրենց փուչ առաջարկություններից ու անօրեն գործերից, նաև պարտական մնացին աստծու արդար դատաստանի առջև Հայոց աշխարհի ավերման, մեր ազգի կործանման, անմեղ մարդկանց կորուստի, այնքան անպարտ արցունքների թափման, սուրբ եկեղեցիների հանգման, այլ տեսակ-տեսակ չարաչար դիպվածների համար, և այս բոլորից հետո իրենք ևս սատկեցին պարսից սրով։

Այս ամենից հետո խանը հավաքեց իր ողջ զորքը ու գնաց նույն Գառնու գավառի այլ փախստականների վրա, որոնց որ չկարողացան բռնել, թողին հեռացան, իսկ որոնց որ բռնեցին, թալանեցին ու սպանեցին, կամ քշելով տարան իրենց հետ։ Գնալով գնացին մինչև հասան մեծ ձորը, որին անվանում են Քոռադարա։ Եվ չնայած այնտեղ ձորում շատ քարայրներ ու ամրոցներ կային, որտեղ քրիստոնյաները թաքնված էին․ թողին բոլոր թաքստոցները, դիմեցին մի նշանավոր քարայրի վրա, որին կոչում էին Յախշխան այր, քանի որ նրա ամրության շնորհիվ այնտեղ շատ քրիստոնյա տղամարդիկ ու կանայք էին հավաքված՝ մոտ հազար հոգի։ Քարայրի մուտքը քրիստոնյաները զգուշությամբ պահպանում էին։ Իսկ պարսից զորքը թեպետ և բազմաթիվ ժամեր նետաձգությամբ ու հրացանով կռիվ մղելով մարտնչում էր, սակայն չկարողացավ հաղթել որովհետև ներքևի կողմից խիստ շատ բարձր էր։ Ապա չարագյուտ պարսից ազգը գտավ մի այլ հնար։ Իրենց զորքից անջատեցին երկու հարյուր մարդիկ, որոնք ձորից բարձրացան գնացին ժայռի գլուխը, և որովհետև ձորի ժայռերն ու վեմերը միմյանց վրա դասավորված էին գոտիներով. շատ պարաններ իրար կապելով` իջեցնում էին միմյանց գոտի առ գոտի. և գոտուց գոտի իջնելով հասան այն գոտու գլուխը, որի մեջ քարայրն էր. այդտեղ բերին չորս մարդ և հագցրին երկաթե զրահներ` դրանց ոտից գլուխ դարձրին երկաթապատ. յուրաքանչյուրի մեջքը կապեցին չորսից հինգ թուր, որպեսզի երբ մեկը կոտրվի, մյուսը պատրաստ լինի. և նրանց ձեռքը տվին մերկացրած սուսերներ ու յուրաքանչյուրի մեջքը կապեցին երկու-երեք պարան, որպեսզի երբ մեկը կտրվի, մյուսը նրան պահի։ Ապա անսահման բարձրությունից նրանց կախեցին, մինչև եկան հասան քարայրին, և մտնելով քարայրի մեջ դիմելով տղամարդկանց ու կանանց վրա մերկ սուսերներով, սկսեցին անխնա կոտորել նրանց, ինչսլես գայլեր, որ մտնելով ոչխարների մակաղատեղին, կոտորում են առանց գթալու։ Եվ խեղճ քրիստոնյաները տեսնելով պարսից անողորմ սուրը, որ կոտորում է իրենց, սկսեցին ողբի, լացի ու կոծի, աղաղակի, բարձր ձայնով լալ ու ողբալ, կոծել իրենց կորուստը։ Խռովված աղմկում էին իբրև փոթորկված ծով, ալեկոծված միմյանց հետ մրցում էին, մի կողմից մի այլ կողմ էին ընկնում ազատվելու հնար գտնելու համար, բայց փախուստի տեղ չկար։ Եվ այն մարդիկ, որ պահպանում էին քարայրի մուտքի ճանապարհը, լսելով աղաղակը ու իմանալով տեղի ունեցածը, թողեցին պահպանությունը և իրենց ընտանիքներին խղճալու պատճառով գնացին քարայրի ներսը ընտանիքները փրկելու։ Դրսի կողմից պարսիկները տեսնելով պահապանների գնալը` հավաքված միասին մտան քարայր և սկսեցին քրիստոնյաներին սպանել մարդախողխող սրերով քարայրի դռնից մինչև քարայրի բուն ներսի անկյունները, խոտհարների նման բոլորին ջարդած վայր թափեցին: Եվ որովհետև արուներին, պառավներին և իրենց համար ոչ հաճելիներին սպանեցին, ուստի քարայրի հատակը ծովացավ քրիստոնյաների արյունով, ու բոլոր քարերը ներկվեցին։ Կաթնկեր մանուկներին մայրերի գրկերից խլում էին և քարայրից վայր նետում։ Իսկ կանանցից, տղաներից, աղջիկներից ոմանք, որ սպանումից փրկվեցին, երբ տեսան իրենց մատնված անիրավ մարդակերպ գազանների ձեռքը, որ իրենց քշելու են գերություն ու տեսակ-տեսակ կեղտոտություններով ապականելու են իրենց մաքրությունը, այդ պատճառով լավ համարեցին մաքուր վիճակով մահը, քան ժամանակավոր կարճ կյանքը, որ այն էլ պետք է անցնի մեղքերով ու չարիքներ կրելով. շատերը նրանցից իրենց երեսները ծածկում էին իրենց գլխարկով կամ զգեստով և անսահման բարձրությունից իրենց վայր էին նետում քարայրից ու մեռնում։ Եվ որովհետև ձորի մեջ խիտ ծառերի անտառ կար, նրանցից ոմանք, որ իրենց վայր էին նետում քարայրից, գալով հանդիպում էին ծառերի ոստերի ծայրերին ու մնում էին նրանց մեջ, ոմանց էլ ճյուղը վարից մտնում, մեջքից ելնում էր, ոմանց էլ սրտից մտնում, թիկունքից էր ելնում։ Սրանք էլ այսպիսի դաժան ու դառն մահով վախճանվեցին։ Իսկ սրանցից մնացածներին գերի դարձնելով տարան, նրանց ունեցվածքը կողոպտեցին ու բաժանեցին իրար մեջ ի լիություն իրենց։ Պարսից զորքերր ելան այնտեղից, վերցրին իրենց հետ բոլոր գերիներին, եկան պարսից բուն բանակատեղը։

Այս ամենը մենք լսելով ու գրելով` ճմլվում է մեր սիրտը, գալարվում են մեր որովայնի աղիները, իսկ մեր աչքերը արտասուքի վտակներ են հոսեցնելով իջեցնում մեր ժողովրդին թշվառություն գալու և հասնելու համար։ Եվ չենք կարողանում այստեղ [իմանալ], թե ի՞նչ օրինակով կամ ի՞նչ ձևով ողբեր սկսելով ողբանք մեր ազգի և երկրի խորտակման վրա, ի՞նչ պատճառով ելավ մահաբեր հրամանը երկրորդ Սաբյուռոսի[14] բերանից և հրախառն շունչը նրա ռունգներից ու կերավ Լիբանանի եղևնափայտերը[15], որովհետև միանգամից անմարդաբնակ դարձրեց ամեն ինչով լի ու հուռթի աշխարհս Հայոց, որովհետև տարագրելիս ոչ թե մեկ կամ երկու գավառ քշեց Պարսկաստան, այլ շատ գավառներ։ Եվ սկսեցին Նախիջևանի սահմաններից, անցան Եղեգնաձոր, Գեղամա ծովի եզերքով, Լոռիով, Համզաչիման գավառը, Ապարանը, Շարաբխանան, Շիրակավանը, Զարիշատը[16], Կարսի գյուղերի մի մասը, Կաղզվանի ձորը ամբողջովին, բովանդակ Ալաշկերտը, Մակուի գյուղերը, Աղբակի[17], Սալմաստի, Խոյի, Ուրմիայի գավառները, նաև ինչ պանդուխտներ, որ մնացել էին Թավրիզ քաղաքում կամ գյուղերում, բովանդակ Արարատյան դաշտը, Երևան քաղաքը, Կոտայքի շրջանը, Ծաղկունքի ձորը[18], Գառնու ձորը, Ուրծաձորը[19], սրանցից առաջ Կարինի, Բասենի, Խնուսի, Մանազկերտի, Արծկեի, Արճեշի, Բերկրիի, Վանա գավառները ավարով ու գերությամբ բերել էին Երևան, բոլորին սրանց հետ քշեցին տարան։

Արդ՝ այս բոլոր գավառները և նրանք, որ սրանց հետ էին, շահը հրամայեց՝ քշեցին տարան Պարսկաստան, և հայոց վայելչատես աշխարհը ավերակ ու անմարդաբնակ դարձրեց։ Եվ այժմ տեսնում ենք սրա արգավանդ ու բերրի հողերը, արտերն ու անդաստանները և բազմապատիկ գյուղերի ու մեծատարած ավանների ավերակները։ Նաև [տեսնում ենք] անառիկ ամուր, հաստահեղույս քարեղեն, կրով հեղուսված անմատչելի բերդերի ավերումը, տապալումն ու քայքայումը։ Եվս ավելի մեծափառ, հռչակավոր վանքերը սուրբ աստծու տեղ ու հանգստարան էին։ Իսկ Հայոց աշխարհի երկնանման, բարձրաբերձ, գմբեթաշեն, կոփածո, հաստահեղույս վեմերով կառուցված եկեղեցիները, որոնց մեջ հորինված էին շուշանների, կենդանիների զանազան ու պես-պես նկարներ ու ձևեր՝ գեղեցիկ հորինվածքով տեսակ-տեսակ հնարամտությամբ քանդակված վեմերի վրա։ Սրանց ձևն ու շինվածքի դիրքը, սյուները, տեսակ-տեսակ կամարների երնախարիսխները, լուսանցույցներն ու դռները և ամեն ինչ խորհրդավոր են։ Նաև տեսնում եմ քաղցրահամ, ականակիտ, մշտահոս ջրերի աղբյուրակները և կարկաչահոս, ծիծաղախիտ, մշտընթաց, հառաջախաղաց ջրերի վատակները, որ ձյունաբարդ, սպիտակափառ, բարձրաբերձ լեռների գագաթներից ներքև հոսելով իջնում են դաշտը ու նրանց շենություն պարգևում։

Նաև տեսնում եմ քաղցրաշունչ, առողջարար ու կենսապարգև օդը ու սրա հողմը։ Եվ սրա այլ ամեն վայելչությունները տեսնելով, հեղձամուղձ լինելով փղձկում եմ և արտասվելով ողբում ու կսկծում եմ, որովհետև անապատ եղավ մեր վայելուչ ու քաղցր երկիրը։ Եվ մեր հայրենի ու բնիկ Ժառանգություններից, օրհնված երկրից, որ լիքն էր աստծու սրբերի մասունքներով, ոռոգված էր սուրբ մարտիրոսների արյունով և օրհնված էր սուրբ առաքյալների քարոզներով, եղան վտարանդի ու տարագրված օտար երկիր, այլացեղ և այլալեզու ազգերի մոտ, որոնք հոգու և հավատի թշնամիներ են ու մարմնի արյան ծարավի։ Նրանք այնտեղ օրավուր քիչ քիչ նվազում են, ոմանք մահվամբ ու կորուստով, ոմանք հավատի ուրացությամբ դառնում են պիղծ անապատի անօրեն կրոնին։

Իսկ երկնանման ու դրախտակերպ եկեղեցիներին ի՞նչ ասեմ, որոնք մնացել են խավարում, բնակիչներից թափուր են դարձել, մերկացել են զարդերից, եղել են համբարուների ու ջայլամների հանգրվաններ, ըստ մարգարե Եսայու[20] դարձել են աղվեսների, նապաստակների որջեր, խաշների ու խոշոր անասունների մակաղատեղի, թռչունների ու ավերաբնակ բվերի բներ։ Փոխանակ օրավուր նորոգման, օր առ օր խարխլվում, քայքայվում, ավերվում ու փլուզվում են։ Փոխանակ անուշահոտ խունկերի բուրման լցվում են ողբերով, լռել են փառաբանիչների ձայները, տարեկան տոների ասմունքները և փրկական պատարագների նվիրաբերումները։

Արդ՝ այստեղ մեզ անհրաժեշտ է հին Երեմիան[21], որ ողբա նոր Իսրայելը (Հայաստանը), քանի որ ըստ քերթողահայր որբերգակ (Մովսեսի Խորենացու), այլևս փեսան չի դառնալու դեպի մեզ[22], այլ անդարձ ընթացքով հեռացավ մեզնից։ Արդ՝ մեր ազգի անունը կոչենք վայքաբովթ[Ն 2], քանզի վերացավ Իսրայելի փառքը ըստ հնում ասվածի։

Կրկին դառնանք մեր առաջին պատմության շարադրանքին, այն ասքին, որ Ջղալօղլուն հասցրինք Նախիջևան, իսկ շահին տարանք Թավրիզ։ Արդ շահը գնաց Թավրիզ ու այնտեղ պարսից զորքով ձմեռեց, որովհետև օսմանցիների ահը նրանից հեռացավ։

Իսկ Ջղալօղլին, որ գալիս էր պարսից բանակի հետևից, երբ Նախիջևան հասավ․ լսեց, որ շահը տարագրված ժողովրդին Արաքս գետից անցկացրել, տարել է Պարսկաստան։ Նաև բոլոր ջուղայեցիներին քշել տարել է, իսկ շենքերը հրդեհել։ Նա մեծ զարմանքով շվարած ապուշ կտրեց, թե ինչպես շտապ սուղ օրերի ընթացքում այդքան մեծ ու ծանր գործը պարսիկները գլուխ բերին։ Դրա համար պատրաստեց երկու լրտեսներ ու սրանց հրամայեց գնալ Ջուղա, տեսնել ու իմանալ խոսքերի իսկությունը և իրեն ստույգ լուր բերել։ Իսկ լրտեսները գնացին տեսան ամեն ինչ ըստ ասվածի կատարված վերջացած է, նաև Ջուղայի շենքերը հրդեհված են և դեռ խանձողները ծխում էին։ Լրտեսները այնտեղից դարձան Ջղալօղլու մոտ (և ասացին), թե բոլոր լուրերը ճիշտ էին։ Այդտեղ Ջղալօղլին իր մեջ խորհեց՝ չգնալ Ջուղայի ճանապարհով, այլ Արաքս գետը անցնել ու հետամտել պարսիկներին։ Նախ՝ կասկածի մեջ ընկավ ու երկյուղեց պարսից հնարամտությունից, որ միգուցե ետ դառնան և հանկարծակի հարձակվեն օսմանցիների վրա, շրջափակեն Արաքսի ու ձորերի միջև և կոտորեն։ Երկրորդ՝ տարագրված ժողովրդին այլ ճանապարհով քշեցին, (մի ճանապարհ), որով օսմանցիների ծանր բանակը չէր կարող անցնել, եթե անգամ կամենար։ Երրորդ՝ նրանց դարձի նշանավոր օրը, որ կոչում են ղասում գյունի [Ն 3], մոտեցել էր։ Այս բաները և սրանց նմանները կշռադատելով, Թավրիզ չգնաց [Ջղալօղլին], այլ Նախիջևանից շարժվելով Աստապատ գյուղի մոտ Արաքսը անցավ ու իր բանակով գնաց Վան քաղաքը և մինչև գարուն այնտեղ ձմեռեց։

Նշումներ
  1. Այս խոսքը Սողոմոնի իմաստությունից է․ «Զի գիտասցեն, թե որովք մեղանչէ, նոքիմբք և տանջի» [ԻՄ ԺԱ 17]
  2. Վայքաբովթ եբր․ բառ, որ նշանակում է անփառունակ, թշվառական։
  3. Թուրքերի զատկի օրն է, որ ընկնում է հոկտեմբերի 26-ին
Ծանոթագրություններ
  1. Շիրակավանը գտնվում է Կարսից 40 կմ հյուսիս արևմուտք, այժմյան Բաշշորագյալ գյուղի տեղում. հետագայում կոչվել է Երազգավորս։
  2. Երվանդակերտ քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արարատ նահանգի Երասխաձոր գավառում՝ Արաքս և Ախուրյան գետերի խառնարանին մոտիկ։ Հիմնադրել է Երվանդ վերջինը մ.թ.ա. 3-րդ դարի վերջում։
  3. Նավասարդը հայոց առաջին ամիսն էր, անշարժ տոմարով Նավասարդի մեջ համընկնում էր օգոստոսի 11-ին։
  4. Աղջաղալան գտնվում է Երվանդակերտի տեղում (տես. ծան. 31)
  5. Կարսը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի գլխավոր քաղաքն էր։ Գտնվում է Ախուրյանի վտակ Կարս գետի ափին։ 1915 թվականից առաջ ուներ ավելի քան 10 հազար հայ բնակիչ։
  6. Մովսեսը հրեաների այն մարգարեն է, որ նրանց Եգիպտոսից առաջնորդեց դեպի Իսրայել։ Ըստ ավանդության սա է գրել Աստվածաշնչի հնգամատյանը (առաջին հինգ գիրքը)։
  7. Հեսան հաջորդեց Մովսեսին. անվանի զորավար էր և առաջնորդ. հաղթեց քանանացիներին, նրանց երկիրը բաժանեց Իսրայելի ցեղերի վրա։
  8. Փարավոն եգիպտական հնագույն թագավորների հորջորջումն է. դրանցից մեկը իսրայելցիներին քշեց Եգիպտոս իրրև ստրուկներ։ Պատմիչը Շահ-Աբասին համեմատում է փարավոնի հետ։
  9. Քրիստոսի ծննդից մոտ 540 տարի առաջ իսրայելացինեը Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորի ձեռքով տարագրվեցին Բաբելոն։ Պատմիչը կրկնակի համեմատություն է անում, պարսիկները բաբելացիներն են, իսկ հայերը՝ իսրայելցիները։
  10. Երեմիայի նման Եզեկիելը նույնպես իսրայելցիների մարգարեն էր։ Նա Նաբուգոդոնոսորի կողմից տարագրվեց Բաբելոն, որտեղ խրատում և հուսադրում էր իր տարագրված ժողովրդին։
  11. Զորաբարելը իսրայեցի էր, ծնվեց Բաբելոնում և դարձավ առաջնորդ և կազմակերպեց ու իսրայելցիներին առաջսորղեց Իսրայել։
  12. Շապուհ Բագրատունա գրքում ասված է, թե Բյուզանդիայի Մորիկ կայսրը երկիրը խաղաղեցրեց այնպես, որ ժողովուրդը առակավոր խոսքով ասում էր, «ինչպես Մորիկի ժամանակ անհոգ նստել է» (տես Պատմություն Շապհոյ Բագրատունույ, Էջմիածին, 1921, էջ 5)։ Դավրիժեցին այդ է ակնարկում։
  13. Պատմիչը Աստվածաշնչի խոսքը՝ «Զի կենդանի է բանն Աստուծոյ եւ ազդող եւ հատու քան զամենայն սուր երկսայրի եվ անցանէ մինչև ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ եւ յօդից եւ ուղղոյ», բերել է աղավաղված։ Այդ խոսքը թարգմանվում է այսպես՝ «Աստծու խոսքը կենդանի է, և ազդու, և հատու ավելի, քան բոլոր երկսայր սրերը. այն անցնում է մինչև շնչի, ոգու, հոդերի և ուղեղի հատվածները»։
  14. Սարյուռոսը sapores Շապուհ երրորդ պարսկական թագավորն է (309-379), որը կոչվում է նաև Շապուհ երկարակյաց ։ Թազավորում է 69 տարի։ Սա ահավոր թշնամի էր Հայաստանի համար, հալածում էր քրիստոնյաներին, սպանել տալիս հայոց թագավորներին ու կաթողիկոսներին։
  15. Ծառերը կամենում են իրենց համար թագավոր ընտրել։ Ոչ ոք չի համաձայնում թագավոր լինել։ Դիմում են դժնիկ փշին, որ դառնա թագավոր։ Դժնիկ փուշը համաձայնվում է և հրամայում է բոլոր ծառերին, որ գան մտնեն իր հովանու տակ, այլապես դժնիկից հուր կառաջանա և կոչնչացնի Լիբանանի եղևնածաոերը (Դատ. Թ 15)։
  16. Զարիշատ ավանը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառում (Կարս)։ Կառուցվել է Արտաշես Ա-ի ժամանակ (մ.թ.ա. 189-160) և Արտաշեսի որդի Զարեհի անունով կոչվել է Զարեհաշատ-Զարիշատ։
  17. Աղբակը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից մեկն է։ Այս գավառով է անցնում Թավրիզ-Վան ճանապարհը։ Կենտրոնը Հադամակերտ քաղաքն էր։
  18. տես ծան. 61
  19. տես ծան. 63։
  20. Դավրիժեցին ակնարկում է Աստվածաշնչի Եսայի մարգարեի այս խոսքը. «Անդ (երկրում) հանղիցեն համբարուք են անդ դեւք կաքաւեսցեն եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա, եւ ոզնիք ձագս հանցեն յապարանս նորա (Ես ԺԴ. 21)։
  21. Երեմիան Աստվածաշնչի նշանավոր մարգարեներից է, որը ողբում է Իսրայելի ժողովրդի անցյալ ու թշվառ վիճակը։ Երեմիայի ողբը Հին կտակարանի գրքերից մեկն է։
  22. Խորենացին բարձր կրթություն ստացած օտար երկրներից (Ասորիք, Հունաստան, Եգիպտոս) վերադարձել է Հայաստան, տեսել է, որ ոչ Սահակ Պարթև կա, ոչ էլ Մեսրոպ Մաշտոցը: Սահակ Պարթևին առաջին անգամ պարսիկները գահընկեց արին, բայց նա կրկին վերադարձավ կաթողիկոսական գահը, բայց այս անգամ փեսան (Սահակը) անդարձ հեռացել է։