Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ Է
ՋԱԼԱԼԻՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՍԱՍՏԻԿ ՍՈՎԻ, ՄԱՐԴԱԿԵՐ ԳԱՅԼԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՎԱՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԹԱՓՎԵՑԻՆ ԵՐԿՐԻ ՎՐԱ

Այս երկու տիեզերակալների միջև, այսինքն՝ շահի ու Ջղալօղլու, ամայի մնաց Արարատյան երկիրը իր առանձին գավառներով, քանզի շահը գնաց Թավրիզ, ուստի անկարող է, իսկ օսմանցիների հրամանատարը մեռավ, և սրանք իրար մեջ թշնամություն ունեն և միաբան չեն։ Այդ պատճառով ինչ֊որ իշխաններ, որոնք խրախուսված էին և հույս էին կապել իրենց հզորության հետ, եկան և տիրեցին Արարատյան երկիրը, այսինքն՝ Երևանը, ինչպես այն իշխանը, որին Քանաքրլու Մահմադ էին կոչում, եկավ տիրեց երկիրը։

Սրանից հետո մի այլ ջալալի փաշա, որին Թոփալ Օսման փաշա էին ասում՝ Զիալ փաշայի որդին, եկավ կռվեց Քանաքրլու Մահմադի դեմ Կոտայք գավառում, որ այժմ կոչվում է Ղրխբուլաղ [Աբովյանի շրջանը] Առինջ գյուղի մոտ և փախցրեց Քանաքրյու Մահմադին։ Ինքը Օսման փաշան իր շուրջը հավաքելով սրիկա մարդիկ՝ իր համար զորք կազմեց մոտ հազար հոգի և իրեն իբրև նստատեղ ընտրեց Կարբի[1] գյուղը և նստում էր այնտեղ, այդ ձմռանը ձմեռեց այնտեղ, որտեղից իր զորքերը ուղարկում է շրջակա գավառներն ու գյուղերը բերելու իրենց և իրենց անասունների համար ուտելիքներ։ Եվ գնացած մարդիկ, ինչ շեն որ մտնում էին, չէին գոհանում բավական լինելով․ գրավվածը հոգալուց հետո, ավելորդներին էին ձեռք զարկում, քանզի մարդկանց բռնելով՝ կախում էին, ոմանց ոտքերից, ոմանց բազուկներից, ոմանց էլ ամորձիքներից և անողոք ծեծով բրաջարդ էին անում, մինչև որ անշնչանալով մեռել էին դառնում․ դրանցից ոմանք տանջալից մեռնում էին։ Ոմանց ականջներն էին կտրում, ոմանց քթի միջով սլաք անցկացնելով շրջեցնում էին։ Եվ այսպիսի չարաչար տանջանքներով չարչարում էին, որպեսզի իրենց ցույց տային ցորենի ու գարու ամբարները, գանձերի, ունեցվածքների թաքստոցներն ու պահոցները։ Տների և այլ շենքերի հատակները փորելով քրքրում էին ունեցվածք գտնելու համար․ շենքերի պատերի ծածկերը փլցնելով որոնում էին ունեցվածքներ և այս պատճառով բազմաթիվ ավերածություններ էին անում։ Նախ Կարբի գյուղը այսպես արին․ մի մարդու նույն գյուղից ունեցվածք պահանջելու համար շատ օրեր տանջեցին և հետո սպանեցին. մեջտեղից երկու մասի բաժանելով կախեցին պատից ճանապարհի վրա՝ գյուղացի տեսնողներին ահ ու սարսափ։

Եվ այս ջալալիներից ոմանք գնացին Օհանավանքի[2] մեծափառ միաբանությունը․ սրանց տեսքից վանքի բոլոր բնակիչները փախան, բայց բռնեցին մի թույլ ու հիվանդ աբեղայի և պահանջում էին ցույց տալ թաքստոցներն ու պահոցները։ Երեք օր աբեղային բազուկներից կախած ծեծում էին։ Եվ երբ որևէ պահուստ չտվեց, զայրացած ջալանիները որպես կատաղի գազան բազուկների իջեցրին, կախեցին ամորձիքներից ու չարաչար տանջեցին։ Նա անել վիճակում մնալով, նրանց ցույց տվեց թաքստարանը։ Մատնելով թաքստարանի ներսը՝ կողոպտեցին, հափշտակեցին բոլոր ինչքերը և հետո աբեղային էլ սպանեցին ու գցին վանքի հորերից մեկը։ Այնտեղից՝ թաքստոցից, հանեցին մեծ հարստություն, թե հագուստեղեն, թե պղնձեղեն, թե անոթներ, խաչ, սկիհ, շուրջառ, բուրվառ և գրքեր, որոնք բոլորը ուսուցողական թանկագին գրքեր էին։ Նաև այստեղ թաքստոցում էին վանքի սրբությունները՝ Քրիստոսի երեսի վարշամակը (ծածկոցը), Քրիստոսի փշյա պսակի մի մասից, սուրբ Ստեփանոս Նախավկայի աջը։ Նաև այլ սրբություններ ու սուրբ նշաններ, որոնք բոլորը ջալալիները առնելով տարան կորցրին, և սրանց գլխավորին Աբգուռահման Մուսալիմ էին կոչում։

Օշական[3] գյուղում բռնեցին մի այլ մարդու, կախեցին ամորձիքներից և տանջում էին, որ պահուստի տեղը ցույց տա․ մյուս գյուղացիները այս տեսնելով առան իրենց ընտանիքները, փախան Գեղարքունյաց գավառը[4]։ Այսպես արին Կարբիի բոլոր շրջակա գյուղերն ու գավառները. Ապարանի գավառը[5], Կոտայքը[6], Ծաղկունյաց ձորի[7] շրջանը, Գառնու ձորը[8], Ուրծաձորը[9], Արաքս գետից այն կողմ Սահաթի շրջանը, Կողբը[10], Աղջաղալան (Կարսի շրջանում)։

Այս ջալալիներից ոմանք գնացին Գառնու գավառը և գտան մի փորածո քարայր, որի մեջ բազմաթիվ քրիստոնյաներ նրանց ահից փախել թաքնվել էին։ Այդ քարայրը գետնափոր էր և մեծ, որը միայն մուտք ուներ և ոչ մի տեղից որևէ ծակ կամ օդանցք կամ զովամուտք չկար. հին ժամտնակներից իշխանները փորել էին և սարքել իրենց ինչ-որ պետքերի համար։ Եվ արդ՝ սրանք մտան այնտեղ ու ջալալիների ահից թաքնվեցին։ Երբ ջալալիները եկան ու գտան, շատ օրեր կռվում էին, բայց չէին կարողանում այդ քարայրը գրավել։ Ապա հնար գտան, բերին կրակ վառեցին քարայրի դռան առջև, որպեսզի կրակի ծուխը մտնի քարայրը, տանջի նրանց, որոնք ներսում են։ Կրակի վրա գցված գեշի ժահահոտությունից, որ մտնում էր քարայրը, այնտեղի օդը սկսեց ապականվել, բոլոր քարերը քրտնեցին, քարերիվ քրտինքը ջրի նման հոսում էր, բոլոր ճրագները սկսեցին աղոտանալը, մինչև որ ամենևին հանգան․ մարդկանց մարմինները սկսեցին ուռչել ու բշտել, և նրանցից դեղին ջուր էր հոսում։ Բոլորը շնչարգել լինելով նվազեցին և յուրաքանչյուրը իր տեղում թուլացավ, թալկացավ ու անշնչացավ. և ընդհանրապես տղամարդիկ, կանայք՝ ծերեր ու տղաներ, մատղաշ մանուկներ միասին մեռան, նրանցից ոչ մեկը դուրս չեկավ։ Ջալալիները, որ քարայրի դռանը հսկում էին, իմացան, թե փախած մարդիկ, որ քարայրի մեջ էին, չհնազանդվեցին իրենց, այդ պատճառով երկմտելով կասկածի մեջ էին գտնվում։ Եվ երբ ջալալիները նույն գավառից մի այլ տղամարդ բռնեցին և ստիպեցին ցույց տալ ապրանքների տեղերը, նա սպանության սարսափից ասաց․ «Եկեք ինձ հետ, որ գնանք Քոռադարան և այնտեղ ձեզ ցույց կտամ ապրանքները»։ Երբ նրանք գնացին, այդ ժամանակ աստծու նախախնամությամբ ինչ-որ մարդիկ, որ նույն թաքստոցից (քարտյրից) նախապես դուրս էին եկել և իրենց ինչ-որ գործերի համար գնացել էին այլ տեղ, նույն ժամին եկան հեռվից թաքուն դիտեցին քարայրի դուռը, տեսան այնտեղ ոչ ոք չկա։ Ապա եկան քարայրի դուռը, տեսան այս ամենը կատարված, շտապ կրակը հեռու ցրեցին, վառեցին ճրագները և մտան ներս քարայրը, տեսան բոլորին ինչպես մակաղած ոչխարներ յուրաքանչյուրը իր տեղում մեռած՝ հայրը որդու հետ, մայրը դստեր, եղբայրը եղբոր, միմյանց գրկած ու մեռած։ Նրանք շտապելով նախ իրենց ընտանիքները դուրս քաշելով այրից դուրս ձգեցին և ապա ուրիշներին․ որքան կարողացան, դուրս բերին։ Եվ ումը, որ դուրս բերին, հոգ տանելով սպասավորում էին ձյուն ու ջուր էին վրաները լցնում, և աստծու շնորհիվ կենդանանում էին։ Այսպես շատերին դուրս բերելով ազատեցին դառը մահվանից. իսկ նրանց, որ չկարողացան դուրս բերել, բոլորը այդ մահով մեռան։ Եվ ովքեր թաքստոցից ելան, ջալալիների ահից այլևս չկարողացան մնալ այդտեղ, այլ շտապ մեկնեցին այդտեղից, փախան այլ տեղ իրենց անձերը փրկելու համար։ Եվ այսպես՝ Արարատյան գավառների բոլոր գյուղերը ավերի ու ոչնչացման ենթարկեցին և ուտելի ընդեղեններից ու բնակիչներից թափուր թողին։

Ապա ջալալիները մտածեցին գնալ Գեղամա գավառը, որ Գեղարքունիքն է, քանզի գիտեին, որ այնտեղ են ցորենի ու գարու ամբարները և ոչխարների հոտեր ու խոշոր անասունների նախիրներ, այսինքն՝ պախրեներ[Ն 1], շատ կան։ Այս պատճառով ջալալիներից շատերը ելան գնացին Գեղամա գավառը և բազմաթիվ գյուղեր կողոպտելով ավարեցին։ Բանալով նրանց ցորենի ու գարու ամբարները ու սրանց (ամբարների) տերերի ձեռքով բարձին այս վերջինների անասուններին, իրենց էլ դարձրին պահապաններ իբրև կոռ՝ բեռնակիր անասուններ վարող ու քշող. սրանց միջոցով ցորենը բերում էին իրենց տները: Նաև կանանց ու տղաներին գերեցին, բերին իրենց հետ, որպեսզի գերիների տերերը գերիներին գնելու և ետ դարձնելու համար արծաթ ու ոսկի բերեն։ Եվ երբ ըստ իրենց սրտի ուզածի նման ինչ կամեցան, արին, ապա գերված կանանց ու տղաներին քշեցին և պահապան բռնված տղամարդկանց միջոցով բոլոր բեռները բարձին նրանց գրաստներին ու եզներին։ Բազմաքանակ անասուններ՝ հոտով ոչխարներ, նախիրներ, երամակով ձիեր քշած բերում էին։ Երբ երկու օրվա ճանապարհ եկան, քանի որ այս գործողությունները կատարվում էին ձմռանը, իսկ այգ ձմեռը ծանր էր ու ձյունաշատ, այդ պատճառով բոլոր անասունները հոգնած մնացին ճանապարհին և ձյան շատությունից ու թանձրությունից չէին կարողանում գնալ։ Այս պատճառով մնացած դրաստների բեռները շալակ-շալակ բաժանեցին և դրին գերիների՝ տղամարդկանց, կանանց, տղաների շալակները։ Եվ այսպես սարը անցկացնելով հասցրին Կարբի գյուղը: Բայց թե ժողովուրդը որքան դաժան աղետի ու փորձության ենթարկվեց այս գործից, ոմանց ձեռքերը, ոտքերը, քթերը ցրտահարվեցին, ոմանք մարմնի մասերով հոդախախտ եղան, իսկ ուրիշները սառնացուրտ, դառնաշունչ օդը շնչելուց սառեցին, այնտեղ իսկ ճանապարհին մնացին, մեռան։ Իսկ այլ ուրիշներ ցորեն շալակած կանանց մասին ասում էին՝ ծանր բեռից հոգնած, ցրտից ուժասպառված, կյանքից վհատված չէին կարողանում գնալ. շալակով նստում էին ձյան վրա, այդպես մնում ու մեռնում էին։ Եվ այսպես, ովքեր ճանապարհին մեռան, մեռան, իսկ ովքեր մնացին, բոլորին բերին հասցրին Կարբի: Ոմանց փողով վաճառեցին, ոմանց պահեցին գործերի ծառայության համար։ Իսկ ջալալիները այսպես մնացին մինչև գարուն՝ հասան մոտ համբարձման օրերին։ Ապա այնտեղից ելան գնացին Ախալցխայի գավառը, այնտեղ էլ այդ գործն էին կատարում։

Ոչ միայն այս ջալալիներն էին այդպես անում, կային այլ ջալալիներ, ոմանք շատ, ոմանք քիչ, որ տեղից տեղ կանգ առնելով որջանում էին ու այդպիսի գործեր էին կատարում։ Նաև քրիստոնյաներից ոմանք, որոնք աստծու երկյուղը իրենց մեջ չունեին, երբ տեսնում էին, թե այլազգիները ինչպես են անում, իրենք նույնպես սկսեցին անել, որովհետև աչքերով տեսան, սրտով համաձայնվեցին. թե հայտնի հափշտակությամբ, թե գաղտնի գողությամբ այնպես էին անում, քանզի երկիրը անտեր ու ամայի էր աշխարհակալ բռնավորներից, ամեն ոք իր ցանկացածը կատարում էր ըստ իր կամքի։ Արդ՝ ինչպես պատմում են ժամանակի տեսնողները, բնավ այն օրերին բարության նշույլ չի եղել, բացի թշվառությունից, ինչպես որ պատմեցինք և տակավին պատմելու ենք։ Որովհետև արևելքի թագավոր Շահ-Աբասը պարսից զորքերով արևելյան երկրի մի բաժինը ավերակ դարձրեց: Այդպես էլ ջալալիները, որոնք արևելյան երկրի մի մասում էին, նրանցից գերազանց ավերիչներ ու ոչնչացողներ եղան։ Օսմանցիների զորահրամանատարը նրանց զորքերով Միջերկրյաքում՝ սկսած Կոստանդունոպոլսից մինչև Երևան քաղաքը ավերակ դարձրեց։ Այսպես էլ ջալալիները, որ այդ օրերում օսմանցիների երկրի կողմերում էին, նրանցից գերազանց ավերիչներ էին։ Եվ սրանք անվանի, հաղթական, քաջ պատերազմող և անպարտելի կռվող մարդիկ էին։ Եվ քանի որ այս ջալալիները շատ էին, անհրաժեշտ եմ համարում նրանց անունները թվարկել, որով կարողանաս վերահասու լինել երկրների ավերմանը, որ նրանց ձեռքով կատարվեց։ Թե որքան է եղել, ինչ որ լսել ենք ականատես պատմողներից, այն ենք գրի առնում։

Նախ Ղարա Յաղիչին բազմաթիվ հեծյալներով, որ 1047 (1598) թվին ապստամբվեց թագավորից, եկավ Ուռհա[11] քաղաքը, մտավ բերդը և ամրացավ։ Թագավորի կողմից հրամայվեց, որ զորահրամանատարը գա սրա վրա, իսկ զորահրամանատարը քառասուն հազար մարդով ելավ, չկարողացավ հաղթել, ետ դարձավ։ Ապա Յաղիչին ելավ բերդից, այլ զորքեր հավաքելով իր շուրջը և նրանցով սկսեց երկիրը ավերել՝ նախ Ուռհան, և ապա այլ վայրեր՝ Թոքաթը, Սեբաստիան[12], Բուրսան[13], Անկյուրան[14] և այլ վայրեր, ուր հանդիպեց:

Գլխահարկը, որ միշտ ժողովրդից թագավորն էր առնում, այս Ցաղիչին երկու տարվա գլխահարկը ինքը առավ իր զորքերին և ռոճիկներ բաժանեց։

Հուսեյին փաշան 1048 (1599) թվականին ապստամբվեց թագավորից։ Քոսա Սաֆարը ապստամբվեց նույն թվականին։ Ահմադ փաշան ապստամբվեց 1050 (1601) թվականին: Ինջաղան ապստամբվեց 1053 (1604) թվականին։ Յուլարսղստին ապստամբվեց 1054 (1605) թվականին: Թավուլը՝ տասներկու հազար մարդով, ապստամբվեց 1042 (1593) թվականին։ Այս Թավուլի եղբայրը, որի անունը չգտանք: Մահմադ փաշան՝ 20 հազար մարդով։ Մանօղլին։ Ջանփոլատօղլին։ Ալի փաշան։ Սրա եղբայրը, որի անունը չգտանք, Քոռօղլին, այս այն Քոռօղլին է, որ շատ երգեր է ասել, որ այժմ աշուղները երգում են։ Գզիրօղլի Մուստաֆա Բեկը հազար մարդով, սա և Քոռօղլուն ընկեր է, որին շատ տեղերում երգերի մեջ [Քոռօղլին] հիշատակում է։ Մյուս Մուստաֆա բեկը։ Ղարաղաշը։ Դալունասիպը։ Յոլասղմաղը։ Թանղրի Թանիմազը։ Գոկապախան։ Չըփլախը։ Քյասաքյասը։ Քրլուն։ Ղարասահաթը։ Աղջադանփիրին։ Սրանք բոլորը ջալալիներ էին, որ թագավորին չէին հնազանդվում և որևէ տեղում կանգ չէին առնում ու բնակվում, այլ աշխարհավերներ ու աշխարհակործաններ էին, և որտեղ որ շենության լուր էին առնում, դիմելով այնտեղ էին հասնում, ավարում, կողոպտում էին և շինվածքները հրդեհելով այրում էին։

Կոստանդնուպոլսի մոտերքից մինչև Երևան քաղաքը, Բաղդադից մինչև Դամուրղափու, Սպիտակ և Սև ծովերի միջև՝ այս սահմանները, որ գծեցի սրանց միջև, այսքան երկրներ ավերեցին ու ոչնչացրին:

Այս պատճառով յուրաքանչյուր տեղում եղած երկրագործներն ու հողագործները սրանց ահից ու սարսափից փախան բերդերը, ամրոցները և լեռների խոռոչներում ամրացան։ Ուստի չէին կարողանում հողագործությամբ զբաղվել. այդ պատճառով սերմ ցանելը, հնձելը, կալուկուտը ամենևին վերացան, և սկսվեց հացի ու ամեն ուտելիքների սղություն, և չէին ճարվում. և եթե տեղ-տեղ ճարվում էր, այն էլ շատ թանկ գնով։ Եվ այս սղության ժամանակ եկավ մորեխը ընդհանուր Միջերկրայքում և միանգամայն հարվածեց ամբողջ երկիրը, կերավ խոտ, բույս և երևացող այլ կանաչներ։ Սրանից հետո եղավ սաստիկ սով. բնավ չէին երևում հաց, կերակուր և ուրիշ որևէ ուտելիք։

Այս ժամանակ հայ ազգը ցիրուցան եղավ, յուրաքանչյուր ոք գնում էր իր դիմացի կողմը ապրելու և ազատվելու տեղ գտնելու համար։ Ոմանք գնացին Ռումելի[15], ոմանք Բուղդան[16], ոմանք Լեհաստան, ոմանք Կաֆա[17], ոմանք Պոնտոսի[18] ծովեզրերը, ոմանք Թավրիզ ու Արդաբիլ և սրանց գավառները։ Որովհետև հիշված երկրներում ու գավառներում որքան պանդուխտ հայեր կան, այս ժամանակ և այս պատճառով են գնացել։ Եվ Շահ-Աբաս թագավորը, որ հայ ազգից այդքան շատ քրիստոնյաներ քշեց ու տարավ Սպահանի ու Ֆահրապատի գավառները, նրանք բոլորը այս ժամանակ էին եկել, երբ շահը տարավ։

Եվ ըստ այս ասածի նրանք, որ սովի ժամանակ ցրվեցին ու գնացին, և նրանք որ մնացին Հայաստանի միջնաշխարհում, հաց չունենալու պատճառով, սկսեցին ուտել կենդանիներ, խոշոր անասուններ ու ոչխարներ: Երբ ուտելի կենդանիները սպառվեցին, անցան անմաքուր կենդանիներին՝ ձի, ջորի, էշ և այլ անմաքուր կենդանիներ, մինչև իսկ շուն, կատու և այլ ինչ, որ ձեռք էր ընկնում կերակուրի պետքի համար։ Իսկ երբ սովն էլ ավելի սաստկացավ, սկսեցին մեռածներին ուտել, այլևս չէին թաղում, այլ ուտում էին, որովհետև երկրում սովը սաստկացել էր։ Եվ շատերը շատ տեղերում կենդանի մարդկանց բռնում, ուտում էին։

Ինչպես պատմեցին մեզ, թե Արարատյան երկրում Օշական կոչված գյուղում մի մարդ թաքուն փոս էր պատրաստել իր տան մեջ. օտարական մարդուն խաբում բերում էր իր տունը և սպանում ու թաքցնում էր այն փոսի մեջ և օր առ օր քիչ-քիչ ուտում էր․ այս բանը հետո գյուղի բնակիչները իմացան և հալածելով [նրան] փախցրին գյուղից։

Մի անգամ Բջնի անվանված գյուղում ճանապարհորդները, որ այնտեղով անցնում էին, տեսան, որ մի տանից ծուխ է բարձրանում։ Նշան բռնեցին ծուխը և գնացին այդ տունը, տեսան տանը երեք կին, որ պուտուկը դրել, կերակուր էին եփում։ Երբ խուփը բարձրացրին, տեսան ձեռքեր ու բազուկներ և մարդու այլ միս, որ եփում էին, որպեսզի ուտեն։ Երբ ստիպեցին, կանայք այդ խոստովանեցին. այդ ժամանակ նրանք ճշմարտությունը ասացին, թե հարկադրանքից, ոչինչ չունենք ուտելու, այդ պատճառով անցորդ մարդկանց, որ այստեղից անցնում են, խաբելով բերում ենք տուն և սպանելով եփում, ուտում ենք։

Նաև Կարին քաղաքում այս օրինակով նման գործ էր եղել, որ տեսնողները պատմեցին ինձ. չորս կանայք համաձայնության էին եկել և մի տուն դարձրել էին իրենց բնակարան. նրանցից մեկը կամ երկուսը որոշ օրեր դուրս էին գալիս շրջում. գայթակղիչ խոսքերով խաբում էին մարդկանց ու բերում տուն, մարդուն բռնում սպանում էին, եփում, ուտում։ Եվ մի օր մի մարդ տարան տուն և մինչ կամենում էին մարդուն բռնել, մարդը իմացավ նրանց մտադրությունը, շուտափույթ դուրս թռավ ազատվեց նրանց ձեռքից, փախավ, տանից ելավ. գնաց փաշայի մոտ, որ քաղաքի իշխանն էր, տեղեկացրեց նրան. իշխանը հրամայեց զինվորներին գնալ այդ մարդու հետ և կանանց բռնել. զինվորները գնացին, կանանց բռնեցին: Ապա սկսեցին տունը խուզարկել. երբ մտան խորքի սենյակը, տեսան քսանչորս մարդու գլուխ, որոնց սպանել ու կերել էին։ Զինվորները ստիպում ու խոշտանգում էին կանանց ճիշտ կերպով պատմել իրենց գործի մասին։ Նրանք պատմեցին, թե սովի հարկադրանքից, մարդկանց խաբելով բերում էինք այստեղ և սպանում, ուտում։ Կանանց բռնած տարան փաշայի մոտ, իսկ փաշան հրամայեց, չորս կնոջն էլ սպանել. այդպես էլ արին։

Բասենի գավառին մոտիկ մի գավառ կա, որի անունը Խալիյազի է. այժմ այդ գավառը անբնակ է։ Այստեղից էլ մի արդարամիտ ու բանիմաց մարդ, սա պատմեց, թե սովի ժամանակ երկու տղաներ մեզ մոտ էին բնակվում, քանի որ մենք ուտելու ցորեն ունեինք։ Եվ մի օր այդ տղաները չերևացին։ Իմ մեջ կասկած առաջացավ, թե տղաները ընկան մարդակեր մարդկանց ձեռքը և կեր դարձան: Մարդակեր մարդկանցից երկյուղելով՝ ինձ հետ առա երկու մարդ ևս, որովհետև ես էլ էի վախենում մենակ գնալ նրանց մոտ, գնացի կասկածելի տեղը, որտեղ հավաքվել էին բազմաթիվ սովալլուկ այր մարդիկ ու կանայք, որոնց վրա մարդակերության կասկած կար։ Երբ մտա տուն, նրանց հարցրի, նրանք ուրացան. թոնիրը վառն էր ու պուտուկ կար վրան, որի մեջ կերակուր էին եփում։ Խուփը բարձրացրի, նայեցի պուտիկի մեջ, տեսա տղայի ոտքը, ապա տղայի եղբայրը եկավ և ասաց, թե իմ եղբորը մորթեցին ու կերան, այդ նրա ոտն է։ Իսկ ես շատ կսկիծ անելուց հետո կենդանի մնացած տղային, որ ազատվեց, առա, մեր տունը տարա։

Նաև նույն մարդը ասում էր, թե տեսա, որ երկու պառավ կանայք բռնեցին մի փոքրիկ աղջիկ, խեղդեցին ու կերան․ իսկ ես այս հայտնեցի Սարգիս անունով մի մարդու, նա երկու պառավին էլ սպանեց։ Շատերն էին շատ տեղերում այս բաները արել, մարդիկ էին որսացել ու կերել։

Եվ ոչ միայն օտար մարդ էին ուտում, այլև տղամարդիկ ու կանայք իրենց զավակներին էին կերել։ Ինչպես լսեցինք Սեբաստիայի գավառում ոմանք կերել են իրենց զավակներին։ Նաև մի այլ գավառում մի կին կերել է իր երկու ուստրերին և մի դստերը։

Ոմանք սովի հարկադրանքից ելնում, շրջում էին շենամիջում և ուժի պակասելու հետևանքով՝ չարչարված, մաշված, ցամաքած, չէին կարողանում գնալ, ընկնում էին շենամիջում, ճանապարհներին, անցատեղերում, պատերի անկյուններում, գոռալով նվալով ու հեծելով մեռնում էին։

Ոմանք համաձայնության գալով մինչև տասը, քսան, երեսուն մարդ գյուղից գյուղ, գավառից գավառ էին գնում ուտելիք որոնելու, բայց չէին կարողանում գտնել, որովհետև սովը իբրև աստվածառաք պատիժ ընդհանուր աշխարհի վրա էր սփռված՝ ըստ մարգարեի [այն] խոսքի [թե] կանչեց սովը նրանց երկիրը և հացի ամբողջ բերքը կտրեց[Ն 2]։ Պատահում էր՝ նրանցից ոմանք հասնում էին շեները, կային, որ ճանապարհին մեռնում էին։ Այս մեռյալների դիակներից ուտում էին վայրի գազաններն ու անընտել կենդանիները, մանավանդ գայլերը։ Ուտելով մեռածներին՝ սովորեցին նաև ուտել կենդանի մարդ, որին (մարդ ուտողին) մարդագայլ էին ասում։ Գայլերը այնքան վարժվեցին ու համարձակություն ստացան մարդկանց հանդեպ, որ մինչև անգամ կենդանի մարդ էին պատառոտում ու ուտում։ Այս պատճառով ճանապարհների երթևեկությունը մարդագայլերի ահից դադարեց։ Գայլերը այնքան համարձակություն առան մարդկանց հանդեպ, որ գալիս էին շենամեջ, մտնում էին տները, ում որ հանդիպում էին՝ անկողնում քնած երեխայի, թե օրորոցում կամ թե կամ մայրերի գրկերում, վրա էին տալիս և բռնի կորզում էին գրկերից, օրորոցից, հափշտակում, առնում փախչում էին, տանում ուտում։ Այս զարմանալի ու սարսուռ ազդող բաները տեսած շատ մարդիկ կային, որոնցից յուրաքանչյուրը իր տեսածը պատմում էր։ Այն ժամանակվա գայլատար մանուկներից այժմ շատերը կան, որոնք դարձել են չափահաս մարդիկ ու ծերացել. սրանց գլխի երեսի ու մարմնի այլ տեղերի վրա տեսնվում են պատռված ու գիշատված վերքերի սպիներ, որոնք արել են գայլերը։ Երբ սրանց հարցնում ենք (մարմնի) գիշատվածների մասին, պատասխանում են, թե ինձ գայլը հափշտակեց, տարավ ուտելու, և շատ մարդիկ հավաքվել են ու ինձ ազատել գայլի բերանից։

Այս սովը եղավ երկու մեծ ծովերի, այսինքն՝ Սպիտակ ծովի և Սև ծովի միջև: Սև ծովին մոտիկ Կոստանդուպոլսի գավառներից մինչև Թավրիզի գավառները, Բաղդադից մինչև Դամուրղափու։ Այսքան սահմաններում սով եղավ ու սաստկացավ այնքան, որ մարդիկ շան, կատվի և այլ անմաքուր կենդանիների ու մարդու միս կերան, ինչպես որ պատմեցինք։ Սովը սկսվեց 1055 (1606) թվականին։ Այդ տարի թույլ էր սովը, խիստ չէր, իսկ 1056 (1607) թվականը մտնելիս և 1057 (1608)-ին սաստկացավ։ 1058 (1069) թվականին թուլացավ և 1059 (1610)-ին բոլորովին վերացավ ամենախնամող աստծու ողորմությամբ, որ լրիվ չի բարկանում իր ստեղծածների վրա և հավիտյան քեն չի պահում (նրանց դեմ), նրան փառք հավիտյանս ամեն։

Նշումներ
  1. Պախրէ հնում նշանակում էր նախիր։
  2. Սաղմ․ ՃԴ 16:
Ծանոթագրություններ
  1. Աշտարակի շրջանի գյուղերից, որ ընկած է Քասախ գետի աջափին: Աշտարակից հյուսիս-արևելք երեք կմ-ի վրա։ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում են գտնվում այժմյան Աշտարակ քաղաքը և Կարբի գյուղը
  2. Օհանավանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի նույնանուն գյուղում։
  3. Օշականը Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի այն գյուղն է, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը։
  4. Գեղարքունիքը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի չորրորդ գավառն է, որ համապատասխանում է այժմյան Մարտունու և Կամոյի (Քավառի) շրջաններին։
  5. Ապարանի գավառը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառն է, որ տարածվում է Քասախ գետի վերին հոսանքների մասերում, ընկնում է Արագած և Ծաղկունյաց լեռների միջև։
  6. Կոտայքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի 16-րդ գավառն է, որ գտնվում է Երևանից արևելք։ Հնում Երևանը մտած է եղել Կոտայքի սահմաններում։ Դժբախտաբար այդ միակ հին շրջանի անունը, որ մնացել էր մինչև վերջերս, այդ էլ փոխվել է Աբովյանի շրջանի։ Կոտայք է կոչվում այժմ Հին Բարձաբի, հետագայում՝ Երկավան (Երկավան` երկու վանք ունեցող) գյուղը։
  7. Ծաղկունյաց ձորը այժմյան Հայաստանի Ծաղկաձորն է, որ գտնվում է Հրազդանի շրջանում։ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի նշանավոր վայրերից է, որ կոչվել է նաև Ծաղկոցձոր: Գտնվոմ է Հրազդան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք։
  8. Գառնու ձոր ասելով պատմիչը հասկացել է այժմյան Հայաստանի Գառնիի ենթաշրջանը, որ մտնում է նախկին Կոտայքի, այժմյան Արովյանի շրջանի տարածքում։
  9. Ուրծաձորը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ուրծ գավառն է, որ Համապատասխանում է այժմյան Արարատի շրջանին, Այրարատյան դաշտի արևելքում Ուրծա լեռներից հարավ։
  10. Կողբը Մեծ Հայքի Այրարատ նահանգի ճակատը գավառում ավան է։ Գտնվում է Բարղուղ լեռան հյուսիս-արևելյան ստորոտին, Արաքսի աջ ափին։ Այստեղ է ծնվել 5-րդ դարի մատենագիր Եղնիկը։
  11. Ուռհա կամ Եդեսիա ասորիների մայրաքաղաքը Միջագետքում։ Ասորիները, արաբները, թուրքերը անվանում են Ուրֆա։
  12. Սեբաստիան Փոքր Հայքի Հայաբնակ քաղաքներից էր, այժմ կոչվում է Սվաղ։
  13. Բուրսան, որ ծանոթ է Բրուսա անունով։ Փոքր Ասիայի քաղաքներից է գտնվում է Բաթանիայում։
  14. Անկյուրան այժմյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարան է։
  15. Ռումելին եվրոպական Թուրքիան է, որ ընդգրկում է Թրակիան ու Մակեդոնիան։
  16. Բուղղամը Մոլդավիան է։
  17. Կաֆան Ղրիմի Թեոդոսիա քաղաքն է. նկարիչ Այվազովսկու ծննդավայրը։
  18. Պոնտոսը Սև ծովն է։