Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԺԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈԻԽ ԺԹ
ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՓԱԽՍՏՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես կանխավ պատմեցինք, թե Սահակը ընդունեց կաթողիկոսության աստիճանը, նաև աղերսագիր Մելքիսեթից և Ամիրզունա խանից՝ ուղղված շահին. մի այլ նամակ էլ Ամիրգունա խանը դրեց իր որդի Թահմաղղուլի խանին, որ միշտ շահի սպասին կանգնած էր, որովհետև շահի կնքապահն էր։ Այս այն Թահմազղուլին է, որ շահի հրամանով Էջմիածնի քարերը հանեց, ուղարկեց Սպահան և այս ժամանակից շահի մոտ կանգնած էր սպասի։ Սրան Ամիրգունա խանը գրեց, թե՝ «Այս Սահակին կներկայացնես արքային և սրա բոլոր խնդրանքները նրան կհայտնես, կխնդրես, որ կաթողիկոսությունը սրան տա»։ Սահակը առավ այս նամակները և գնաց Ֆահրապատ, քանզի շահը այդ ժամանակ այնտեղ էր։ Եվ երբ հասավ Թահմազղուլի խանի մոտ, հուսադրանքի շատ խոսքեր լսեց նրանից, թե հոգ մի տանիր, ինչ խնդիր որ ունես արքայից, ամենը կկատարեմ։

Օրեր հետո Սահակին ներկայացրել է արքային, և շահը հարցումով տեղեկացել է նրա մասին, կարդացել է Ամիրգունա խանի և Մելքիսեթ կաթողիկոսի նամակները։ Նաև շահը իմացավ, որ Սահակը Մելքիսեթի եղբորորդին է։ Սահակը ինքը ըստ իր կարողության ընծա է մատուցել շահին, որի հետ կար մի թանկագին ձի։ Երբ Սահակի ընծան բերին թագավորի առջև, թագավորը հարցրեց, թե պարտքի մնացորդը, որ տուգանքից արքունի դիվանին տալու էր Մելքիսեթ կաթողիկոսը, հանձն առնու՞մ ես տալ, թե ոչ։ Սահակը հանձն առավ տալ։ Դրա համար արքան հաճել ու հավանել էր նրա խնդրանքի խոսքերը և Սահակին էր տվել կաթողիկոսական իշխանությունը և ասել՝ շնորհավոր լինի քեզ կաթողիկոսությունդ, այլև Սահակի բերած ձին նույն պարգևներով շնորհել էր [նրան]։

Շահը հրամայեց թագավորական հրաման գրել, որը և գրեցին, բայց մնաց կնքելու և գրանցելու, քանզի թագավորն ու իր գրասենյակը Ֆահրապատից ելնելով գնացին Ղազրին։ Այդ օրերին Սահակը սկսել էր Ֆահրապատից ժողովքը անել։ Թահմազղուլի խանը Սահակին ասաց. «Հրամանագիրը տուր ինձ, որպեսզի ինձ հետ տանեմ, կնքել տամ, իսկ դու մնա Ֆահրապատում ժողովքդ արա, հետո կգաս, քեզ կտամ։» Այսպես անելով Սահակը մնաց Ֆահրապատում, իսկ հրամանագիրը Թահմազղուլին իր հետ տարավ Ղազբին։ Շահն ու իր բանակը այնտեղից եկան Սուլթանիա և Արտտբիլ ու վերադարձան Սուլթանիա։ Եվ մինչ Սահակը Ֆահրապատի ժողովքն արեց, եկավ Սուլթանիա, Թահմազղուլի խանը նախօրոք գնացել էր Երևան, քանզի Ամիրգունա խանը հիվանդ էր վերքից, որ պատերազմում ստացել էր վրացիներից։ Այս պատճառով Թահմազղուլի խանին ուղարկեցին Երևան, որպեսզի տիրի երկրին։ Թահմազղուլի խանի գնալուց հետո Սահակը եկավ Սուլթանիա․ երբ Թահմազղուլի խանին չգտավ, նրա ծառաներին հարցրեց և խնդրեց հրամանը, նրանք ասացին, որ չգիտեն։

Երբ Սահակ կաթողիկոսի ճարը կտրվեց հրամանի վերաբերյալ, նեղությունից հարկադրված ինչ-որ հնարով նորից խնդրագիր տվեց շահին, թե հիվանդացա, հրամանագիրը կորավ։ Շահը ասել է, թե գնա Դիվան բեկի մոտ, իսկ Դիվան բեկը աչքածակության պատճառով Սահակին կոպիտ էր պատասխանել, մինչև որ իր աչքածակությունը բավարարել էր։ Ապա գրել էր նոր հրաման, բայց չէր կնքել։ Մինչդեռ վիճակը այսպիսին էր, թագավորը դարձյալ վեր կացավ, գնաց Բաղդադ, հետևից գնաց նաև Սահակը։ Եվ երբ մեծամեծները չէին կատարում Սահակի խնդրանքը, հարկ եղավ մի անգամ ևս խնդրագիր տալ շահին։ Երբ թագավորը տեսավ խնդրագիրը, ասաց. «Վաղօրոք քեզ կաթողիկոսություն և հրաման եմ տվել»։ Սահակն ասաց․ «Այո, թագավոր, տվել ես, բայց հրամանը չեն կատարում, քանզի նրանք շատ ինչք են պահանջում, բայց ես տալու կարողություն չունեմ, սրա համար նրանք հրաժարվում են կնքել և գրանցել»։ Այդ ժամանակ շահը իր առջև կանչեց մի փայտակիր [փայտ բռնող] ծառա[1] և ասաց․ «Այսօր հրամանի ամեն գործ ու որպիսություն պետք է կատարես և վաղը տաս իրեն»։ Իսկ զինվորը թագավորի հրամանի համաձայն գրության ամեն որպիսությունը հոգաց և հրամանը տվեց Սահակ կաթողիկոսին։ Սահակը առավ գրությունը, եկավ Սպահան ջուղայեցիների մոտ։ Բայց ջուղայեցիք նրան չընդունեցին, ոչ միայն նվիրակ չտվին, այլև նրան հարևանցի պատիվ ևս չարին։

Այդ Ժամանակ Դավիթ կաթողիկոսը Սպահանում էր․ ջուղայեցիները նրան ասացին, թե՝ «Մենք չենք կամենում, որ սա լինի կաթողիկոս, այլ քեզ ենք ցանկանում, դու գնա շահի պալատ և ստանձնիր կաթողիկոսական իշխանությունը, ինչ ծախս որ լինի, քեզ ընկերակից ենք»։ Երբ Դավիթ կաթողիկոսը համաձայնեց այս խորհրդին և պատրաստվեց գնալ Բաղդադ շահի արքունիքը, Սահակ կաթողիկոսը իմացավ այս խորհուրդը, նա էլ ելավ գնալու շահի արքունիքը՝ տեսնելու այս գործի վախճանը։

Այս խորհրդի մասին Սահակը խոսեց Դավթի հետ, թե՝ «Ինչո՞ւ ես հակառակություն անում և այդ չարիքը գործում»։ Դավիթը պատրվակ էր հնարել, թե՝ «ոչ թե քեզ հակառակվելու համար, այլ իմ գործի համար եմ գնում․ քանզի Չութլուկ գյուղը, որ շահը պարգևել էր ինձ, իշխաններից ոմանք բռնությամբ և ինչ-որ պատճառաբանությամբ սրա համար հարկ են առնում. դրա համար եմ գնում թագավորի արքունիքը, որ ազատության թուղթ առնեմ Չութլուկի համար»։

Եվ երբ նրանք Բաղդադ են հասել, առաջ Սահակն էր գնացել ներկայացել շահին. և երբ շահը հարցրել էր, թե ինչ ես ուզում, Սահակը ասել էր, թե թագավորի հրամանը չընդունեցին։ Շահը հարցրել էր, թե ո՞վ։ Սահակը վախից հանվանե չի հիշատակել, այլ միայն ասել է, թե թագավորին հայտնի է։ Շահը իմացել է, որ խոշա Նազարն է, որի մասին ասել է՝ գիտեմ որ կույրն է և կույր մականունը շահը խոջա Նազարին էր ասում։

Օրեր հետո նա Դավիթ կաթողիկոսն էր եկել ներկայացել շահին, բայց կաթողիկոսական իշխանության մասին ոչինչ չի խոսել, քանզի իր հոգում հասկացել է, որ չի լինի, այս պատճառով ոչինչ չխոսեց։ Այլ խոսեց Չութլուկի մասին և հրաման ստացավ արքունի հարկից ազատ այն տիրելու մասին։ Սրանից հետո Սահակ ու Դավիթ կաթողիկոսները ելել են Բաղդաղից, դարձյալ եկել են Սպահան, իսկ ջուղայեցիները նորից չընդունեցին Սահակ կաթողիկոսին։ Եվ երբ երկու կաթողիկոսները դուրս եկան Բաղդադից, շահը նույնպես քիչ օրեր հետո Բաղդադից ելավ, գնաց Ֆահրապատ։

Մի տարի առաջ շահը իր մոտ Բաղդադ էր կանչել Մովսես վարդապետին սպիտակեցրած մոմի առիթով և հարցնելով տեղեկացել էր այդ արհեստին, այսինքն՝ թե ինչպես են մոմը սպիտակեցնում։ Եվ ապա իր թագավորական ծառաներից երեք ծառա աշակերտության էր տվել նրա մոտ և հրամայել էի թե «գնա Սպահան և բեր ինձ մոտ, ուր էլ լինեմ ես»։ Մովսես վարդապետը գալով Սպահան սովորեցրեց ծառաներին և շատ մոմեր ավելի պայծառ սպիտակեցրեց։ Եվ երբ լսեց, թե շահը գնաց Ֆահրապատ, իր հետ վերցրեց սպիտակեցրած մոմերը և սովորեցրած ծառաներին, գնաց Ֆահրապատ և մատուցեց թագավորին։ Երբ թագավորը սպիտակեցրած մոմերը շատ պայծառ և ուրախալի տեսավ, այլև թափելը ավելի հարմար, շատ հաճեց ու հավանեց, նաև ծառաների սովորելու համար առավել ուրախացած, զվարթացած խնդում էր:

Քիչ օրեր հետո վրա էին հասնում մեր Քրիստոս աստծու հայտնության մեծ տոնի օրերը։ Այս օրերում ջուղայեցի խոջա Նազարը նույնպես Ֆահրապատում էր։ Շահը խոջա Նազարին հրամայեց, թե պատվիրիր վարդապետին ավելի լավ հոգացողությամբ պատրաստություն տեսնել ջրօրհնեքի համար, որ հանդիսավոր լինի։ Տոնի օրը, երբ վարդապետ Մովսեսը եկել էր դեպի ափը ջուրը օրհնելու, զարդերի գեղեցիկ հարմարեցումը, կարգ ու կանոնավոր երթը, եկեղեցական սպասավորների կանգնելը շատ հաճելի ու հավանելի էին եղել արքային և խանդաղատանքով էր լցվել Մովսեսի հանդեպ։ Մենք այս ճանաչում ենք իրրև ամենակալ աստծու արած խնամք, որ բոլոր թագավորների սիրտը իր ձեռքում է պահում, և ոչ թե Մովսեսի հաճոյացուցիչ արարքը։ Բայց և խոջա Նազարը շատ բարի խոսքեր էր ասել շահին Մովսես վարդապետի վերաբերյալ։ Իսկ շահը հարցրել էր խոջա Նազարին, թե՝ «Վարդապետը իր սրտում ի՞նչ խնդրանք ունի, որ կատարենք, ոսկի, արծաթ կամ այլ ինչ, որը որ կամենա»: Իսկ վարդապետը ոչ մի իր չէր հաճել, «որովհետև իմ տերը օրըստօրե իմ կարիքները հոգում է»։

Օրեր հետո խոջա Նազարը ասաց արքային, «Եթե Էջմիածնի լուսարարությունը շնորհես սրան, շատ լավ կանես, քանզի ինքն էլ այդ է խնդրում»։ Եվ աստծու խնամքով թագավորը շնորհեց այդ խնդրանքը, նաև հրաման էր գրել, տվել էր Մովսես վարդապետին, իսկ Մովսես վարդապետը ելավ Ֆահրապատից, գնաց Էջմիածին։

Իսկ Սահակ կաթողիկոսը մինչդեռ Սպահանում էր, լսեց, թե Մովսես վարդապետը ստանձնել է Էջմիածնի լուսարարությունը, Սահակը ելավ եկավ Ֆահրապատ թագավորի արքունիքը այս գործի պատճառով։ Երբ մտավ բեկի դիվանը, նրան հայտնեց իր վտանգավոր վիճակը և ասաց, թե փորձանք եք ստեղծել իմ գլխին, որ Էջմիածինը տվել եք Մովսեսին։ Բեկի դիվանը պատատասխանեց. «Թեպետ նրան էջմիածինն ենք տվել, բայց լուսարարությունն ենք տվել և ոչ թե կաթողիկոսությունը. կաթողիկոսսությունը քոնն է, իսկ լուսարարությունը նրանը, դու քոնը կառավարիր, նա՝ իրենը»։ Նաև Սահակը բազմաթիվ մեծամեծների դռներ շրջեց, սակայն ոչ մի օգուտ չստացավ: Երբ տեսավ ոչինչ չի օգնի, ելավ Ֆահրապատից եկավ Թավրիզ։ Սահակի հետ եկան նաև շահի ծառաները, որ հարյուր թուման տուգանքը պահանջեին, սրանց հետ Թավրիզից դուրս ելան, եկան Խոյի գավառը։

Եվ Սահակը իր ներքնատեսությամբ նկատեց, որ ողջ հայոց ազգը իրենից երես է թեքել. նաև Էջմիածնի աթոռը այդ կերպ գրավվեց Մովսես վարդապետի կողմից: Եվ հարյուր թուման տուգանքը տարեցտարի ապառք մնաց, մնացած ապառքը հասավ մինչև ութ հարյուր թուման և տակավին օրավուր շատանում է: Հավաստի իմացա, որ իրեն ոչ մի բանով փրկություն չկա, եթե ոչ՝ փախուստով. դրա համար եկել էր Խոյ, որովհետև կամենում էր ծառաներից թաքուն Խոյից փախչել Վան քաղաքը՝ օսմանցիների իշխանության երկիրը։

Մինչ Սահակը այս մտորումների մեջ տարուբերվում էր և վարանման մեջ էր, թե ինչպես անի, իր հին բարեկամներից ոմանք, որոնցից էին Խորվիրապի Մանվել եպիսկոպոսը և Հավուց թառի Մկրտիչ եպիսկոպոսը։ Սրանք Երևանի գավառում գտնվող ուրիշների հետ հուսադրական նամակ ուղարկեցին Խոյ՝ Սահակին, թե՝ «Մի երկնչիր, եկ Երևան քաղաքը, քանզի Թահմաղղուլի խանը բարյացակամ է քո նկատմամբ, իսկ մենք բոլորս քո համախոհներն ենք, ուստի եկ այստեղ մեզ մոտ, ապա գործերի վերաբերյալ պատշաճը կմտածենք։ Սահակ կաթողիկոսը այս հուսադրական խոսքերից քաջալերած այդ ժամանակ չփախավ, այլ եկավ Երևան, շահի ծառաներն էլ նրա հետ էին։ Երբ ամբողջ երկրում այս կողմ, այն կողմ շրջեց, ոչ ոք չէր ընդանում նրան և չէր նայում նրա երեսը։ Մինչև իսկ նրա հյուրընկալությունը հարևանցի ու վայրիվերո էին անում։ Իսկ ծառաները մշտապես նեղում էին նրան, թե թագավորի պարտքերը վճարիր և մեր ռոճիկը տուր։ Եվ որովհետև նա ոչինչ չուներ ու ամեն կողմից վհատված էր ու ճարահատ մնացած, իսկ իր հուսադրող բարեկամները չկարողացան նրան օգնել, այս պատճառով հաստատ մտադրվեց, որ մի հնարքով պոկվի, փախչի։

Այդ օրերին եկավ, վրա հասավ տիրոջ հայտնության տոնը [զատիկը], որն ամեն տարի Մովսես վարդապետը մեծախումբ հանդեսով և հրաշալի փառավորությամբ անում էր։ Բոլորը Երևան քաղաքում էին՝ Մովսես վարդապետը, Սահակ կաթողիկոսը և շահի ծառաները։ Սահակը գնաց, ծառաներին ասաց, թե՝ «Խանը հրամայել է ջրօրհնեքի տոնը բազմազան ու մեծահանդես անել, դրա համար Մովսես վարդապետը ինձ ասաց, դու գնա Էջմիածին և բոլոր թանկագին ու հին անոթները, որ դուք պահել եք թաքստոցում, բերեք այստեղ, որպեսզի տոնը անենք»։ Այս ասելով՝ նրանց համաձայնեցրեց, որ իրեն թույլ տան գնա, իսկ նրանք հավատացին նրան ու թողին։

Իսկ Սահակը քանի որ թանկագին ձի ուներ, որր շահը նրան պարգև էր թողել, հեծավ, բռնեց Էջմիածնի ճանապարհը, իբրև թե գնալու է Էջմիածին անոթները բերելու։ Կես ճանապարն հասնելով՝ փոխեց զգեստները զորականի հագուստների և ձիու սանձը շուռ տալով՝ դիմեց դեպի Նախիջևան քաղաք և նրա սահմանները: Իսկ երբ մտրակեց, օդասլաց, քաջազոր ու բարձրապարանոց ձին ոչ թե գետնի վրայով, այլ երկնքով, ամպերի թևերով շեշտակի առավ բերեց Նախիջևանի գավառի սահմանները: Եկավ Ղարաշամբ գյուղի նավակայանը, նավով անցավ Արաքս գետը, գնաց Չորս, որտեղից Խոյ, այնտեղից էլ Վան քաղաքը։ Եվ այս կերպ Սահակ կաթողիկոսը ճողոպրելով փրկվեց ծառաների ձեռքից և գնաց օսմանցիների երկրի բաժնեմասը։

Սրանից հետո, երբ շահի ծառաները իմացան Սահակի փախուստը, եկան Մովսես վարդապետի մոտ, թե դու ես Սահակին Էջմիածին ուղարկել անոթների համար: Իսկ Մովսեսն ասաց. «Ես Սահակին ոչ տեսել եմ, ոչ էլ ուղարկել, այլ նա այդ խոսքով ձեզ խաբել ու փախել է»։ Իսկ ծառաները թեպետ շատ ձևերով դես ու դեն ընկան, երբեմն խանի մոտ գնալով, երբեմն շեյխի, երբեմն դատավորի և երբեմն էլ Մովսես վարդապետի, ոչինչ չկարողացան կոտրել Մովսես վարդապետի վրա, այլ ամեն կողմից վհատված, բոլոր ծառաները վերադարձան, գնացին իրենց տեղերը: Այս էլ այսպես։

Ծանոթագրություններ
  1. Շահի երիտասարդ դրանիկներից, որը պատրաստ էր ծեծելով շահի հրամանն ի կատար ածել։