Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԻԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈԻԽ ԻԲ
ՄԵԿ ԱՅԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՅՆ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԻ ՄԱՍԻՆ

Սույն մեծ անապատի մասին շարադրենք մյուս պատմությունը ևս։ Անապատի շինությունից հետո, երբ անցան քառասունհինգ կամ ավելի տարիներ, անապատի արևմտյան կողմը գետինը պատռվեց դեպի հյուսիս և հասավ մինչև արևելյան կողմը, մինչև հանդիպակաց լեռնաժայռը։ Իսկ արևմտյան կողմից անցնելով գերեզմաններից հասավ մինչև արևմտյան կողմի լեռանը։ Պատռվածքը շատ էր՝ լայն, ընդարձակ ու խոր. եթե պատահեր եզ, ձի կամ այլ անասուն ընկներ պատռվածքի խորափոսը, չէր կարող դուրս գալ։ Բացի սրանից պատռվածքը այստեղ֊այնտեղ օրավուր շատանում էր։ Այս պատճառով երկյուղալի կասկած ընկավ անապատի բնակիչների սիրտը, թե այն գետինը, որի վրա շինված է անապատը, սահելու է իր տեղից։ Այդ էին հաստատում նաև այնտեղի պատահած գավառացիները՝ տեսնելով այն պատըռվածքը։ երբ հասավ մեր 1107 [1658] թվականի ապրիլ ամիսը, այս գարունը անձրևային եղավ, իսկ պատռվածքները օրավուր սկսեցին լայնանալ, և հավաստի ամենքի սրտում հաստատվեց թե այսօր-էգուց սահելով հոսելու է այս անապատի տակի գետինը։ Այնպես եղավ, որ ավագ եկեղեցու կիրակի օրը, որ ապրիլ ամսի քսանհինգն էր, երեկոյան եկեղեցի գնալու ժամանակ, արևմուտի մոտ գետինը սկսեց պատռվել անապատի հարավային կողմից՝ բարձր լեռնից այն կողմ և իբրև մրրկաբեր ամպ շարժված գալիս էր լեռան բարձունքից ահավոր դղրդումով, թնդյունով, որոտումով ու ճայթումով։ Ինչպես կայծակնացայտ ամպերի որոտում։ Որոտումն ու թնդյունը այնքան ահավոր էին, մինչև ոբ Շինուհայր և Հալիձոր[1] գյուղերի բնակիչները ձայնը լսել են և ելել իրենց գյուղերի հանդիպակաց տեղը և տեսել այդ արհավիրքը։ Հավիտենական հաստակերտ ժայռերը միմյանցից ճեղքվելով բաժանվում էին։ Ի սկզբանե իրար վրա կառուցված քարերը, որ գետնի հիմքն էին, եռալով բարձրանում էին գետնի երեսը, այդպես նաև տարիների բոլոր ծառերն ու տունկերը՝ թե ընկուզենի, թե կաղնի, սրանց հետ մեծամեծ քարեր ներքև սուզվելով անդունդներում՝ կլանվելով աներևութանում էին։ Մեծամեծ քարերը լեռնից պոկվելով միմյանց հետևից գլորվելով ցած էին գալիս, որոնք միմյանց բախվելով փշրված, խորտակված հեռու էին ցրվում։ Սրանց բախման ուժգնությունից սաստիկ ցնցվում Էին բոլոր վայրերը, սրանց դղրդալու և որոտման ձայնը ականջ Էր խլացնում և ամենքին սրտաճաք անում։

Եվ որովհետև օրը երեկոյացել էր և ցերեկվա քիչ ժամանակն էլ անցավ, և եկավ գիշերը, սկսեց անձրև թորալ և սաստիկ մթնագիշեր լինել այնպես, որ իրար կողք կանգնածները միմյանց չէին տեսնում։ Անապատի բոլոր բնակիչները անապատից ելան և գնացին հավաքվեցին անապատի արևելյան կողմը՝ քարքարուտ լեռը, և այնտեղ տեղավորվելով ճրագներ և մեծամեծ մոմեր վառեցին։ Ահաբեկ սարսափով կանգնած սպասում էին վերջին և տենչում առավոտյան լույսին։

Շատերը համարեցին, թե անապատը միանգամից քանդվեց սահած այլ գետնի հետ, բայց գթացող աստծու արարչական խնամքը նայելով խեղճ միաբանների մշտապաղատ մաղթանքներին, չթողեց իսպառ ավերվի, այլ՝ մասնակի, Անապատի արևմտյան կողմը՝ պարիսպն ու հյուրատունը, անասունների ախոռը, ամբարները, միաբանների սենյակից մի մաս և արևմտյան մեծ եկեղեցու արևմտյան սյուների հետևի կողմից բոլորը ավերվեցին։

Գործված աղետը խիստ սարսափելի ու երկյուղազդու էր, քանզի ինչպես ծովի ալիքների լեռնացած կոհակներ, որոնք միմյանց հետևից սահելով ընթանում են, այդպես էլ հաստահիմ վեմերը, այդ վայրերի քարը, հողը եղան։ Որովհետև լեռան սրտից, որի վրա շինված է Թանահատի վանքը, խոր անդունդներից լեռան բնական քարերը սկսեցին պատռվել և հողով, խճով, մեծամեծ վեմերով իրրև եկած տներ վերից վայր հոսում էին։ Եվ վերից եկած հոսքը իր ուժով և ուժգին հոսանքով իր առջևի վայրերը բնական տեղից հեռու թռցնվելով՝ իր հետ առած միասին, միմյանց հետևից ընթանում էին իրբև ծովի հորձանք վերուվայր անելով։ Եվ այսպես սահելով գնացին հասան Որոտան մեծ գետին, որ ձորի մեջ անցնում է, և արգելեցին ջրի ընթացքը մոտ ութ ժամ։ Եսկ գետի ջուրը, որ վերևից իջնում էր, եկավ, ծովացավ և տեղը ապա ինչ֊որ կողմից իրեն գնալու տեղ գտավ, գնաց։ Իսկ քարերը, հողերը, որ արգելվեցին գետեզրում, եղան մեծ բլուր։

Իսկ անապատականների գերեզմանոցը անապատի արևմտյան կողմից էր, տեղանքի հոսելու հետ այս գերեզմանները առհասարակ միանգամից բոլորը միասին իրենց խոր ու անդնդային հատակով թռան իրենց տեղից, սահելով գնացին մեծ հեռավորությամր մի վայր, դադար առան, կանգնեցին։ Նաև սույն տեղում էին թաղված սուրբ վարդապետ Պողոսը, որի պատմությունը արել ենք մի այլ գլխում, և պարոն Սարգիսը, որի մասին անցյալ գլխում պատմեցինք, և Արիստակես վարդապետը, որ պարոն Սարգսից հետո եղավ անապատի առաջնորդը, նաև ճգնավոր ու ընտիր, առաքինի գործեր կատարող տեր Բարսեղ աբեղան։ Սրանք չորսն էլ միմյանց կից էին թաղված ու նրանց վրա մատուռ էր շինված։ Գերեզմանատան տեղի հոսելու ժամին աստծու խնամքը սքանչելագործություն արեց այս սրբերի վրա, որովհետև սրանց գերեզմանները ամենևին չխախտվեցին, նույնիսկ տապանաքարերը չթեքվեցին, այլ իրենց դիրքը դեպի ուղիղ արևելք ընդունելով կանգնեցին, ինչպես որ նախապես թաղված էին, բայց սրանց վրայի եղած մատուռը փլուզվեց, ցրիվ եկավ։

Այս ամբողջ սոսկալի գործերը լինելով՝ այնուամենայնիվ ամենակալ աստծու խնամքով ոչ մեկի վնաս չեղավ, ոչ մարդու, ոչ անասունի, միայն մի միաբան մնաց իր խուղում, այնտեղ հողի տակ մեռավ, որովհետև երբ երեկոյան ժամին սկսվեց հոսքը, ոմանք միաբաններից գնացին, նրան հայտնեցին, որ ելնի այնտեղից, որ չմնա հողի տակ, բայց նա երկար ժամանակ ցանկանալով սպասում էր մահվան, դուրս չեկավ, այլ մնաց այնտեղ՝ հույսով ակնկալելով տիրոջը, որպեսզի թերևս իր անմեղ մահվան համար րնղունվի իր բազմագութ տեր աստծուց իր հոգու այցելությունը։

Իսկ անապատի մյուս բոլոր բնակիչները հավաքված էին լեռան վրա, որ անապատի արևելյան կողմն էր, հորդաբուխ արտասուքներով և ծանր հառաչանքներով կոծում էին իրենց և աղաչում էին աստծուն, որ թերևս ազատվեն մահից, և անապատի շինվածքները փրկվեն փլուզումից, որովհետև կատարված արհավիրքից հուսահատված էին, մինչև լուսանալը առավոտվա լույս երկուշաբթի իբրև պաղատավորներ երկյուղի մեջ էին։ Իսկ նա, որի գթությունը ի բնե ողորմության աղբյուր է, տեր աստված ոչ միայն նրանց մահից փրկեց, սւյլև ողջ անապատը պահեց և չթողեց ավերվի, իր ամենազոր աջով անապատը անխախտ պահեց, բացի նախապես հիշատակված ավերվածքներից։

Անապատի միաբաններից մեկը պատմեց այսպիսի մի երազային տեսիլք․ ասաց թե՝ «Տեսնում էի չքնաղադեմ, մեծաշուք, պայծառ հագուստներով, սպիտակ ձի հեծած մեկին, որ կանգնած էր եկեղեցու տանիքին, որի առջև հավաքված միաբանները պատմում էին սարսափելի չարչարանքների անցքերը։ Իսկ երևացսւծ փառավոր մարդը նույնը կրկնելով խոսում էր միաբանների հետ, ու իր խոսքի ընթացքում այդ փառահեղ մարդն ասաց, և ես այդ գործերի մասին կանգնած եմ և հոգում եմ. այդ պատճառով իմ ծունկը մի քիչ ցավեց, որովհետև ոտքերս դեմ էի արել քարաժայռին և լեռը պահում էի, որպեսզի փլուզվելով չծածկի միաբանների կացարան անապատը։ Իսկ դուք մի ծուլանաք առաքինության գործեր կատարելուց և մշտապես գոհ փառավորեցեք տեր աստված, որ փրկեց ձեզ և հետագային նույնպես կփրկի իր ողորմությամբ, նրան հավիտենական փառք. ամեն։

Ծանոթագրություններ
  1. Շինուհայրը կամ Հալիձորը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի (այժմյան Գորիսի) գյուղերից է։