Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԼԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԼԳ
ԹԵ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՀԱՆԵՑԻՆ ՍՊԱՀԱՆԻ ՔԱՂԱՔԱՄԻՋԻՑ ԵՎ ՏԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԾԱՅՐԱՄԱՍԸ ԳԵՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԲՆԱԿԵՑՐԻՆ

Երկրորդ Շահ-Աբասի թագավորության ժամանակ թագավորության գահը գտնվում էր մեծահանդես քաղաք Սպահանում։

Այնպես եղավ, որ այս Շահ֊Աբաս թագավորը Սպահան քաղաքից ելավ իր ամբողջ զորքով և գնաց Ղազբին քաղաքը. ոմանց երևելի մարդկանցից Սպահան քաղաքի վրա վերակացուներ ու իշխաններ նշանակեց, որպեսզի քաղաքը կառավարեն ըստ քաղաքի կարերի պայմանի։ Շատ պատվերների հետ ավելի կարևոր, քան մյուս բոլոր պատվերները, այս կարգադրելով հրամայեց նրանց․ արգելեն և վերացնեն գինին, որ բնավ քաղաքում գինի չերևա, ոչ ոք բնավ խաղող չճմռի և գինի չանի, ոչ ոք գինի չվաճառի և չխմի գինու նշան կամ հոտ չերևա ոչ ռամիկների, ոչ իշխանների և ոչ էլ հեծյալ սպայազորի մոտ։ Ւսկ եթե որևէ մեկի մոտ գտնվի՝ լինի վաճառող, թե գնող, այնպիսինին պատժեն տուգանքով, կտրեն քիթն ու ականջները։ Ւսկ եթե այղ անզգամության մեջ գտնեն շատ անգամ, այդպիսինին սպանեն որովայնը պատռելով և գլուխը հատելով, նաև տեսակ–տեսակ տանջանքների ենթարկելով։ Ամեն բանից ավելի կարևոր տյս պատվիրեց շահը իր նշանակած քաղաքապետներին, իսկ ինքը Սպահանից ելավ, Ղազբին գնաց։

Ամիսներ անցնելուց հետո թագավորի եպարքոսը, որին իրենք էհոիմալ–դովլաթ են ասում, որի անունն էր Մահմադ բեկ. սա Ղազբին քաղաքում թաղավորին էր ծառայում։ Սպահանից եկողներին հարցնում էր քաղաքի որպիսության, ինչ-որ պես-պես բաների, մանավանդ գինու մասին։ Սրանից-նրանից քանիցս հարցրեց, բոլորն էլ միանման ասացին, թե գինու արգելքը չհաստատվեց, որովհետև մշտապես գինով հարբած մարդիկ են շրջում հրապարակներում ու փողոցներում, և բոլոր տեղերում։ Իսկ եպարքոսը խիստ հոգալով սրանից-նրանից հարցնում էր, թե ինչու Սպահան քաղաքում գինու արգելքը չի հաստատվում։ Ամեն մեկը ըստ իր կարծիքի պատասխանում էր։ Բայց ոմանք, որոնք ոխ ունեին Սպահան քաղաքի պետի դեմ, հանցանքը նրա վրա բարդելով ասացին, թե գուցե քաղաքի պետը թույլ է տալիս իր ջահի համար, որպեսզի ինքը վաճառողներին ու գնողներին բռնի, տագանի, կաշառք առնի և շատ դրամ շահի նրանցից։

Ւսկ եպարքոսը այս խոսքերը ուրիշների խոսքերի հետ, որ լսել էր պատմողներից, հայտնեց թագավորին զրույցի մեջ, որ իրար հետ անում էին թագավորին ու եպարքոսը։ Եպարքոսը թաղավորին ասաց․ «Եթե հրամայես, արքա, թագավորի հավատարիմ ծառայողներից մեկին կուղարկենք Սպահան քաղաքը, որպեսզի բարձր աղաղակով մունետիկ շրջեցնի քաղաքի մեջ, և գինու արգելք դնի, իսկ ինքը այնտեղ մնա, ծածուկ ղննհլով դիտի, թե ստու՞յգ են այն խոսքերը, որ քաղաքի պետի մասին ասվեցին»։ Թագավորը այս խոսքին հավանություն տվեց, հրամայեց եպարքոսին, թե կանես ըստ քո ասածի։

Ւսկ եպարքոսը ընտրեց թագավորական ծառայողներից մեկին, որ թագավորի առջև սպասավորներից էր՝ մի մարդ, որ իր գործի մեջ զգաստ էր ու փութաջան և երիտասարդական հասակի մեջ էր, որի անունն էր Նաջաֆղուլի բեկ։ Նրան պատվիրեց գնալ Սպահան քաղաքը վերստին արգելք գնել գինու վրա, որպեսզի Սպահան քաղաքում բնավ գինի չերևա, նաև ծածուկ քննելով տեղեկանալ այն խոսքերին, որ քաղաքի պետի մասին արվեցին։

Ւսկ Նաջաֆղուլի բեկը եպարքոսի հանձնարարությամբ փքացած մտքով, գոռոզացած սրտով ելավ Ղազբինից, եկավ մտավ Սպահան քաղաքը և սաստիկ տագնապահար, բազմաթիվ սպառնալիքներով ու ահարկու խոսքերով բոլորին զարհուրեցնելով՝ արգելք դրեց գինու վրա. մունետիկ, որ է, հանեց բոլոր հրապարակները, որոնք ելան բարձրաղաղակ հայտնեցին, թե թագավորի հրամանով գինին արգելված է և ում մոտ գտնվի, թագավորի թշնամին է և մահապարտ, ուստի այդպիսին պիտի սպանվի։ Նաև ինքը Նաջաֆղուլի բեկը պատրաստեց բազմաթիվ մարդիկ, որոնց պատվիրեց և անհրաժեշտ գործերը նրանց ցույց տալով՝ ուղարկեց քաղաքի բոլոր տեղերը և այն տեղերը, որտեղ կարծում էին, թե գինի կլինի, որպեսզի այդ մարդիկ այնտեղ ակնղետ կանգնած, գիշեր–ցերեկ գիտեն ամբողջ երթևեկը։ Այսպես անելով շատ հարբած մարդկանց տուգանեց, քթերն ու ականջները կտրեց, ձեռքերն ու ոտքերը հատեց, սակայն դրանով չկարողացավ դինին արգելել։ Բազում ու զանազան հնարագործությունների համար մտածմունքների մեջ ընկավ․ նաև սրան-նրան էր հարցնում, թե ինչպես պետք է լինի դո րձի ավարտը։

Այստեղ թագավորի ծառայողներից երևելի մարդիկ, որոնք նախապես ծանոթ էին այս Նաջաֆղուլի բեկին, մի օր նրան հրտվիրեցին իրենց տուն պատիվ տալու սիրալիրության համար։ Նաև այդ խրախճանքի մեջ կային բազմաթիվ նշանավոր մարդիկ։ Դրանց հետ էր նաև մի իշխան, որ թագավորի գրքերի գրագանտվարն էր, որովհետև թագավորի բոլոր գրքերը նրան էին հանձնված, որպեսզի պահի, և ում որ պետք գա, տա և առնի։ Այդ հանդեսի մեջ տեղի ունեցող շատ խոսակցություններին եկավ խառնվեց նաև գինուն վերաբերող զրույցը, որի մասին Նաջաֆղուլի բեկը հարցականով խոսք սւռաջարկեց, թե՝ «Զարմանում եմ, թե ինչու՞ չի հաստատվում գինու արգելքը, որ այսքան հրամայում է թագավորը, իսկ մենք այսքան չարչարանքներ ու պատիժներ ենք տալիս, բայց տակավին չենք կարողանում գինին վերացնել»։ Նստած մարդկանցից ամեն մեկը ըստ իր կարծիքի էր խոսում և պատասխան տալիս։

Ւսկ գրադարանավար իշխանը Նաջաֆղուլի բեկին պատասխանեց, թև՝ «Իզուր է ձեր չարչարանքը, գինու արգելքը չի հաստատվի, որովհետև շատ պատճառն եր կան, մանավանդ այն, որ բոլոր ազգերը միասին խառնիխուռն բնակված են, մահմեդականները գինի չեն խմում, նաև այն ազգերը, որ գինի են խմում, այսինքն՝ ֆռանկները, հայերը, հրեաները։ Արդ` եթե դուք բռնեք մեկին, որ հետը գինի ունի, և հարցնեք, թե որտե՞ղից ես բերում և ու՞ր ես տանում, նա կպատասխանի այսպես՝ այսինչ հայի տանից և այնինչ հայի տուն եմ տանում, այդ ժամանակ ձեր հրամանը, այսինքն՝ գինու արգելքը վերանում է։ Նաև ամեն մահմեդական մարդ, որը ցանկանում է գինի խմել, մտնում է նրանց տուն և գինի խմում, նաև նրանից բարձր գնով գնում, տանում է ուրիշ տեղ և խմում։ Եվ այս բոլորի պատճառը ազգերի խառնիխուռն բնակվելն է։ Արդ՝ եթե իրոք թագավորը կամենում է, որ գինեմոլությունը վերանա այս քաղաքից, պետք է այդ ազգերը միմյանցից բաժանի. մահմեդականները ուրիշ ազգերից անխառն բնակեցնի այստեղ քաղաքամիջում, իսկ մյուս ազգերին՝ հայերին ու հրեաներին, հանի քաղաքից, տանի քաղաքի եզրը, պատշաճավոր տեղերում բնակեցնի և յուրաքանչյուր ազգի համար ըստ նրա արժանավորության կարգ ու սահման դնի։ Ապա այն ժամանակ ինչ էլ հրամայեն թագավորն ու իր իշխանները, ամենը անխափան կկատարվի»։

Այս խոսքը, որ խոսեց գրադարանավար իշխանը, հանդիսականներին ու Նաջաֆղուլի բեկին հաճելի թվաց, ուստի նա ամփոփելով հավաքեց իր մտքի պահարանում և խորհում էր, թե պատշաճ ժամին կհայտնեմ եպարքոսին։ Սակայն ինքը մեծ հոգածությամբ ջանք էր թափում կատարել թագավորի հրամանը և արգելել գինին։

Այն հանդեսին գրադարանավար իշխանի հայտնած խոսքի մասին ոմանք ասացին, թե նա իր մտածածը չի ասել, այլ վերցրել է ուրիշի առաջարկությունից, որ հետևյալն է։

Ինչպես որ թագավորների սովորությունն է իրենց տանը ներքինիներ ունենալ սպասավորելու իրենց և իրենց կանանց։ Այս կարգը այս երկրորդ Շահ-Աբաս թագավորը չափազանց շատ ընդարձակեց, քանզի բազմաթիվ կանայք հավաքեց ամեն ազգերից, ըստ այսմ էլ շատ ներքինիներ ունեցավ։ Ներքինիների բազմությունից ոմանց ծերության, ոմանց տհաճության համար, ոմանց էլ ուրիշ պատճառով թագավորի տնից հանեցին, հեռացրին, որպեսզի գնան այլ տեղ, առանձին ապրեն։

Այս ներքինիները, որոնք թագավորի տանից հանվում էին, գալիս բնակվում էին քաղաքամեջ` Շամշապատ անվանված թաղում հետևյալ պատճառներով։ Նախ՝ այս թաղը մոտ էր թագավորի տանը, որպեսզի, եթե իրենք կամենան գնալ թագավորի տունը, կամ իրենց ընկերներից ոմանք թագավորի տնից կամենան գալ սրանց մոտ, դյուրին լինի, շատ մոտիկ գտնվի: Երկրորդ՝ նույնպես էլ շուկայի վաճառանոցին մոտ է այդ թաղը: Երրորդ՝ մանավանդ ջրի համար, ամբողջ տարին այն տեղի ջուրը անպակաս է, քանզի մի մեծ առու ջուր՝ գետից քիչ փոքր, գալիս այդ թաղը և հոսում է Չարբաղ, որ թագավորական այգի է, այնտեղից գնում թագավորի տունը, և նրանց ամեն գործ ու կարիք այս ջրով է հոգացվում՝ մարդկանց, անասունների, այգիների, ծաղկանոցների և այլ գործերի, արդ՝ սրանք այսպես։

Նաև պետք է հետևյալը իմանալ: Մեծ և առաջին Շահ-Աբասը՝ Հայաստան աշխարհի ավերողն ու հայ ազգի կործանողը, այն ժամանակ, երբ հայոց ազգը քշում, տանում էր Պարսկաստան, այն հայոց ազգից մի մաս քրիստոնյաներ, որոնց դաշտեցիներ են անվանում՝ Գողթան գավառի Դաշտ անվանված գյուղից լինելու համար, բերեց բնակեցրեց այս տեղում՝ Շամշապատ կոչված թաղում, մահմեդականների մեջ: Տեղի լավ լինելու համար քաղաքի այլ տեղերից մեծ թվով մահմեդականներ եկան և բնակվեցին այս թաղում: Սույնպես էլ թագավորի տանից ելած ներքինիները եկան, այստեղ բնակվեցին։ Ամեն տեղից այստեղից-այնտեղից հավաքված մարդկանց բոլորին տեղը չէր բավականացնում տանել, ուստի դրա համար շատ նեղություններ էին քաշում։ Այս պատճառով մյուս մահմեդականները միաբանվելով թագավորի ներքինիների հետ՝ սկսեցին ճնշել դաշտեցի քրիստոնյաներին, որպեսզի սրանց արտաքսեն այդ տեղից, որ իրենց տեղը լայն լինի։ Այս պատճառով բազմաթիվ ամբաստանական խոսքեր էին ասում հայ դաշտեցիների մասին՝ որը զուր, որը իրավացի:

Եվ որովհետև թագավորի հրամանը գինու համար էր, այժմ պարսիկները սկսեցին այս կողմից ամբաստանել քրիստոնյաներին, թե նրանք գինարբու ազգ են և միշտ գինով ջուրը պղծում են, որովհետև երբ խաղողը ճմլում են, քաղցուն գինի են անում, իսկ կնճիռը թափում են ջուրը, որով ջուրը պղծվում է: Իսկ երբ օղի են քաշում, մնացած մրուրը թավում են ջուրը, որով չուրը պղծվում է։ Իսկ երբ կամենում են գինու կարասը լվանալ, բերում, դնում են առվի մեջ մեկ-երկու օր թրջոց և ապա լվանում են, և լվացաջուրը դարձյալ թափվում է առուն՝ ջրի մեջ, որով ջուրը պղծվում է:

Արդ՝ այսպիսի ամբաստանական խոսքեր և այն խոսքը, որ գրադարանավար իշխանն ասաց Նաջաֆղուլի բեկին և այլ շատ խոսքեր, որն անտեղի և որը իրավացի, այստեղ Շամշապատ թաղը եկող և այդտեղ բնակվող ներքինիները ասել էին գրադարանավար իշխանին, որ այդ ժամին գրադարանավարն ասաց Նաջաֆղուլի բեկին։

Երբ շահը և եպարքոսը Ղազբինից դարձան եկան Սպահան հարցում արին գինու արգելման մասին՝ կատարվե՞ց, թե ոչ։ Այդ ժամանակ Նաջաֆղուլի բեկը վշտագին սրտով ասաց, թե՝ «Որքան ուժ ունեինք, ջանացինք, բայց գինեըմպության խափանում չեղավ.»։ Եպարքոսը շատ մտահոգության ու վարանքի մեջ ընկավ գինու արգելման պատճառով, քանզի ըստ իրենց անօրեն և ըստ իրենց առասպելախոս գրքերի գինին անմաքուր է համարվում և նույնը խմելը իրենց համար մեղք։

Իսկ Նաջաֆղուլի բեկը հարմար ժամի գրադանավար իշխանի խոսքը խոսեց եպարքոսի առջև, որը հաճելի թվաց նրան և այլ հանդիսականների։ Իսկ եպարքոսը պատշաճ ժամի գրադարանավար իշխանի խոսքը խոսեց թագավորի առջև։ Ոչ միայն մի օր, այլև ամեն հարմար ժամի եպարքոսը և այլ նախարարներ, որոնք շահի առջև խոսողներն էին, մշտապես այդ կերպ էին խոսում թագավորի առջև, որովհետև եպարքոսը և այլ նախարարներ մեծ հոգս ունեին քրիստոնյաներին քաղաքամիջից հանելու։ Այնքան խոսեցին, մինչև համաձայնեցրին թագավորին, որ գրավոր հրաման տվեց, թե «Ովքեր գինարբու ազգեր են, թող ելնեն բաժանվեն մահմեդականներից և գնան քաղաքի ծայրամասերը, առանձին բնակվեն»։

Այս հրամանը թագավորից ընդունելուց հետո եպարքոսը կանչեց դաշտեցիներին իր մոտ, հայտնեց նրանց թագավորի հրամանը և կարգադրեց նրանց ելնել քաղաքամիջից և գնալ քաղաքի ծայրամասը։ Նրանց համար ծանր էր դուրս գալ իրենց բնակություններից, ուստի գնացին մեծամեծների դռները, շատ աղաչեցին, որ գուցե մնան իրենց տեղերում, բայց ոչ ոք չլսեց նրանց խոսքը, որովհետև իշխանները մահմեդականներ էին, իսկ ամենքի ցանկությունն ու դիտավորությունը մեկ էր՝ նրանց դուրս հանել քաղաքամիջից։ Արդ՝ այս կերպով, թե թագավորի հրամանից, թե իշխանների բռնությունից, թե իրենց մերձակա մահմեդականների ճնշումից մնացին անօգնական դաշտեցի հայերը, ելան իրենց տներից ու բնակատեղերից ոմանք Ջուղա գնացին, ոմանք՝ Գավռապատ, տուն վարձեցին և այնտեղ հովանավորվեցին իրենց ինչքերով ու ընտանիքներով։

Երբ մահմեդականները դաշտեցի ժողովրդին հեռացրին, սկսեցին այնուհետև հայոց մյուս ժողովրդին հանել քաղաքից։ Սրանք հայոց ազգից հավաքածու ժողովուրդ էին, որոնք յուրաքանչյուրը իր երկրից վտարանդի էին եղել և եկել Ատրպատական երկրում բնակվել. սրանցից ոմանք Ամիղից էին, ոմանք Գազիկից, Բաղեշից, Մուշից, Բերկրիից, Արճեշից, Արծկեից, Երզնկայից, Դերջանից, Բաբերդից, Կարինից, Բասենից, Կաղզվանից, Շիրակավանից, Արարատյան առանձին բոլոր գավառներից, Ալաշկերտից, Մակվից, Խոյից, Սալմաստից, Ուրմիայից և նաև ամեն երկրներից, որոնց Համար Շահ-Աբասը առաջինը հրամայեց ամենքին ժողովել և քշել Պարսկաստան, որոնց և բերին Սպահան քաղաքը և քաղաքի մեջ բնակեցրին այն թաղերում, որոնց անունները ասում են Թորոսական և Շխշաբանա։ Սրանց նման նույն մեծ Շահ-Աբասը հրամայեց՝ Երևան քաղաքի բնիկ տեղացի հայերին հանին, քշեցին, տարան Սպահան քաղաքը և բնակեցրին քաղաքամեջ մահմեդականների հետ խառնիխուռն այն թաղերում, որոնց Թաղթիղարաջա և Բաղաթ են կոչում։

Իսկ այս ժամանակ՝ այս Շահ—Աբաս երկրորդի թագավորության օրերում դաշտեցի ժողովրդին հանելուց հետո սկսեցին երևանցիների և շխշաբանցիների ժողովրդին հանել, քանզի եպարքոսը կանչեց երևանցիների ավագին, որի անունն էր խոջա Հակոբջան, այլ մարդկանց հետ և հայտնեց նրանց թագավորի հրամանը, թե պարտավոր եք ելնել քաղաքամիջից և գնալ քաղաքի ծայրամասում բնակվել։ Բազմաթիվ բարիքներ խոստացավ նրանց համար անել, քանզի երևանցիների հետ չափազանց քաղցրությամբ խոսեց։ Իսկ հայ ժողովրդից ոմանք համաձայնեցին, ոմանք՝ ոչ, կոպիտ և բիրտ հայերը սկսեցին դժգոհել և դիմադարձ կանգնել, աղմուկ բարձրացնել, իրարանցում ու խռովություն գցել, որոնց վերջը իրենց վնաս եղավ, քանզի բոլորը միասին եկան հավաքվեցին թագավորի ընթացքի անցատեղը և երբ թագավորը մոտեցավ նրանց, բոլորը սկսեցին բողոքել թագավորին, որոնց այդ արարքը տհաճ ու ծանր թվաց թագավորին, ուստի թագավորի ցասումով բարկացավ հայ ժողովրդի վրա։ Այս պատճառով, որ թագավորը բարկացավ հայերի վրա, այլզգիները քաջալերվեցին, զորանալով առյուծ կտրեցին հայերի դեմ և սկսեցին բռնությամբ քշել նրանց։ Քանզի եպարքոսը զորականներով հանդերձ իշխաններ նշանակեց հայ ժողովրդի վրա, որպեսզի ժամանակի զիջում չանեն նրանց, դանդաղ օրըստօրե ելնեն, այլ հապճեպ առանց ժամանակի զիջումի, ուժգին բռնությամբ քաղաքամիջից հանեն։

Եվ այս ժամանակ հայ ժողովուրդը անօգնական, որովհետև բոլոր կողմերից կտրվեց նրանց հույսի ու ապաստանի տեղը, թե թագավորից, թե իշխաններից, որովհետև բոլորին բարկացրին իրենց դեմ նրանց վրա նշանակված իշխաններն ու զորականները խիստ նեղացնելով նրանց, ստիպում էին ելնել քաղաքից։

Արդ՝ երբ բրածեծը շատացավ հայերի գլխին, թողին իրենց բնական գոռոզությունը, որ ի բնե արմատացած է իրենց մեջ և խելքի ու զգոնության եկան, սկսեցին աղաչել իշխաններին, քանզի աղերսագիր գրեցին և հասցրին եպարքոսի ձեռքը, որպեսզի իրենց չնեղեն, այլ ներում ու ժամանակ տան, որ աստիճանաբար ելնեն։ Եպարքոսը համաձայնվեց և հրամայեց այդպես անել, ուստի հեռացան նրանց հանող զորականները։

Սրանից հետո շահը, եպարքոսը և այլ նախարարներ խորհուրդ արին և համաձայնվեցին նրանց բնակության տեղ տալ գետի այն կողմը՝ ջուղայեցիներին մոտիկ։

Սպահան քաղաքի դրվածքը այսպես է, մեծ գետը, որ գալիս է և մտնում Սպահան քաղաքը, գալիս է արևմուտքից և գնում է արևելյան կողմը, իսկ քաղաքը և բոլոր մահմահմեդականները, թագավորի պալատն ու վաճառանոցները և այն ամենը, ինչ կա, որ քաղաքին է վերաբերում, գետի հյուսիսային կողմում են։ Իսկ ջուղայեցիները հարավային կողմում գետից դեն էն տեղավորված ուրիշ ազգերից զատ ու առանձին։ Եվ այժմ այն տեղը, որ կամեցան քաղաքից հանված այս ժողովրդին նորից ջուղայեցիներին մոտիկ կամեցան տալ՝ ընդհուպ մերձ ու կից ջուղայեցիներին, գետեզրի մոտ։ Այս մտքին բոլորն էլ հավանեցին՝ թագավորը, իշխանները, հայ ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր լսեցին։

Ապա թագավորի հրամանով եպարքոսը երկրաչափներ ուղարկեց, որոնք նշանակված տեղը չափեցին և հանձնեցին ժողովրդին, իսկ ժողովուրդը բաժանեց իր մարդկանց ըստ սրանց քանակի։ Սկսեցին շինել իրենց համար տներ ու բնակության տեղեր։ Թե երևանցինեըը, թե դաշտեցիները, թե մյուս այլ տարբեր վայրերից հավաքված ժողովուրդը՝ բոլորը միասին այստեղում զետեղվելով բնակվեցին։ Արդ՝ քրիստոնյաներին Սպահանից, քաղաքամիջից հանելու պատճառը գինեխմությունը եղավ այսպես, ինչպես պատմեցինք։

Բայց քրիստոնյա ժողովուրդը, քաղաքից իրենց հանելու ժամանակ սկզբում դժվարանում էր, որովհետև ծանր էր թվում իր բնակարաններից դուրս գալը, իսկ այժմ չափազանց գոհ են և գոհանում են աստծուց, որովհետև նրա խնամարկությամբ այս գործը եղավ ու կատարվեց քրիստոնյաների համար։

Եվ քրիստոնյաների գոհ լինելը բազմաթիվ պատճառներ ունի։ Նախ՝ այնտեղ քաղաքամիջում, քրիստոնյաներն ու մահմեդականները խառնիխուռն միմյաց հետ էին բնակված, իսկ ոմանք թերահավատ քրիստոնյա մարդկանցից տեսնելով մահմեդականների հաճելի, ամենուրեք հասնող մարմնապաշտ օրենքները և մշտապես նրանց օրենքների քարոզներն ու պատմությունները լսելով, թերանում էին քրիստոնեական հավատի նկատմամբ, մինչև իսկ իսպառ դադարում և քրիստոնեական կրոնից անցնում էին մահմեդական կրոնին, դառնում էին մահմեդականներ։ Երկրորդ՝ եթե քրիստոնյաների ուստրերը սիրում էին մահմեդականների դուստրերին կամ թե մահմեդականների ուստրերը սիրում էին քրիստոնյաների դուստրերին, մահմեդականները ծածուկ ու գաղտնի հնարքներով այնքան էին խոսում քրիստոնյաների ուստրերի ու դուստրերի հետ, մինչև որ նրանց կամքն ու հոժարությունը փոխում էին ըստ իրենց ցանկության, ապա համաձայնեցնելով դարձնում էին մահմեդական։ Այսպիսի բաներ մենք շատ տեսանք մեր աչքերով. շատերը գնում ընկնում էին մահմեդականների տները։ Թեպետ քրիստոնյաները շատ ջանք էին թափում նրանց այնտեղից հանելու, հնարավոր չէր լինում, ուրանում էին։ Երրորդ՝ որ այնտեղ քաղաքամեջը քրիստոնյաների տեղերը շատ նեղ էին, անձուկ ու սակավաջուր, ջրի սղություն շատերն էին զգում, իսկ այստեղ նոր տեղում լայն ու ընդարձակ տեղ ստացան, որտեղ մեծածախս ու վայելուչ տներ շինեցին, լայն, ընդարձակ, զանազան հորինվածքով, բարձրաբերձ վերնահարկերով, ամառային հովանոցներով, որոնց առջև կային զվարճանքի տեղեր, պարտեզներ, ծաղիկներ և մրգատու ծառեր։ Չորրորդ՝ որ անջատվելով բաժանվեցին մահմեդական օձաբարո ազգից, որ մշտապես կծոտելով նենգում ու տանջում էին քրիստոնյաներին, իսկ այժմ բոլոր քրիստոնյաները մի տեղում են միավորված և ուրախությամբ գոհանում են տեր աստծուց, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն։

Պետք է իմանալ նաև, երբ սկսեցին քրիստոնյաներին հանել քաղաքամիջից, մեր հայոց 1104 (1655) թվականն էր, այս ժամանակ դաշտեցիներին հանեցին։ 1105 (1656) թվականին երևանցիներին հանեցին, իսկ այժմ, երբ պատմությունը գրեցինք, մեր 1108 (1659) թվականն է, հայերը ելան քաղաքամիջից և հավաքվեցին նոր տեղում, որտեղ բնակության տներ շինեցին։ Քաղաքում քրիստոնյա ժողովրդից ոչ ոք չմնաց, այլ բոլորը հավաքվեցին նոր տրված տեղում։

ՄԻ ԱՅԼ ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆ, ՈՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԱՆՑՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻՆ

Ինչպես որ շատ տեղերում պատմել ենք, թե Շահ-Աբաս առաջինը ոչ թե երկու և երեք անգամ հայ ազգը Ատրպատականի երկրից քշեց Պարսկաստան, այլ շատ անգամ, ինչպես և այժմ, երբ մեր թվականության 1067 [1618] թվականն էր, մի անգամ էլ հրամայեց վերոհիշյալ թագավոր Շահ-Աբաս առաջինը հայոց ազգի վերաբերյալ՝ արտաքսել ամբողջ Ատրպտտական երկրից և քշել Պարսկաստան։

Նրա հրամանով նրա իշխանները մեծ զորքով ելան, գնացին Երևան և սրա գավառները, Գանձակ և սրա գավառները, Թավրիզ և սրա գավառները, Արտաբիլ և սրա գավառները, սկսեցին քննություն ու որոնում կատարել հայ ազգի մեջ, թե ով է բուն բնիկ, հայրերով, պապերով տեղացի, իսկ ով ոչ, այլ ուրիշ երկրից եկվոր և հավաքածու։ Բնիկներին թողեցին, իսկ եկվորների բոլորի անունները գրեցին թղթի վրա և նրանց վրա հայ ազգից պետեր ու վերակացուներ նշանակեցին, որոնց անվանեցին մելիք։ Ամբողջ ժողովուրդը հանձնեցին նրանց, որ եթե գրված ժողովրդից որևէ մեկը փախուստով կամ այլ ձևով պակասի, նրանք գտնեն, բերեն ժողովրդին խառնեն, իսկ եթե չգտնեն, իրենք դառնան թագավորին պարտական և արժանի սպանվելու։ Արդ՝ այս ձևով բոլորին հանին բնակված տեղերից և քշեցին, տարան Պարսկաստան։

Բոլոր քարգործ արհեստավորներին անջատեցին ժողովրդից, տարան Սպահան քաղաքը այն արհեստի համար, որ պետք էր գալիս այնտեղ թագավորի տան շինության և ողջ պարսից ազգի համար։ Սրանց Սպահանում բնակեցրին։

Մնացած բոլորին քշեցին, տարան Ֆահրապատ քաղաքը և այնտեղ ոմանց քաղաքում, ոմանց գյուղերում բնակեցրին, որոնք ոչ մնացին և ոչ էլ աճեցին, այլ օրեցօր պակասեցին, վատնվելով սպառվեցին դաժան, մգլահոտ, վնասակար օղի պատճառով, որին սովոր չէին։ Թեպետ շատերը փախչել կամեցան, բայց չկարողացան, քանզի ճանապարհի հսկիչները, որոնց ռահդար[Ն 1] էին կոչում, թագավորից պատվեր ունեին, թե ովքեր գալիս մանում են Ֆահրապատի երկիրը՝ թողնել, իսկ որոնք ելնում են և կամենում են գնալ՝ արգելել, Իսկ եթե գտնեն որևէ մեկին, որ թաքուն գնացել է, բռնեն, սպանեն։ Այս պատճառով ոչ ոք չկարողացավ փախչել և այնտեղ մնալով մահվամբ ու կոտորմամբ ոչնչացան, որովհետև ավելի քան տաս հազար տուն հայեր էին գնացել, իսկ այժմ չորս հազար տուն հազիվ թե մնացած լինի։ Եվ այժմ եթե պատահի, որ մի քրիստոնյա կարևոր ճանապարհորդություն կամ այլ բաների համար գործ ունենա, պարտավոր է գնալ քաղաքապետի մոտ հրաման կամ անձի հաստատման վկայական խնդրելու՝ ուղղված ուղեկալներին, որ չարգելեն և ետ չդարձնեն։ Իսկ եթե թուղթ չլինի, չեն թողնի գնալ։ Եվ քաղաքապետը նախ գնացողից նրա անձի փոխարեն մի այլ մարդու երաշխավոր էր պահանջում, հետո է թուղթ տալիս նրան, որ ճանապարհորդը գնա իր ճանապարհը։

Իսկ քարհատ արհեստավորներին, որ բերին Սշպահան քաղաքը քաղաքը, քաղաքի հարավային կողմում՝ դետի այն կողմը, բնակեցրին, այն տեղում, որտեղ գավր[Ն 2] ազգն էր բնակեցվել։ Սրանց կից նաև նրանց հետ խառը բնակեցրին քարհատ հայերին։

Այժմ հայոց 1108 (1659) թվականի մայիս ամսին Շահ-Աբաս երկրորդ թագավորը հրամայեց, որ այս հայ ժողովուրդը, սրանց հետ և գավը ազգը դուրս գան այս տեղից և գնան այն տեղը, որտեղ երևանցիները, շխշաբանցիները և դաշտեցիները բնակվեցին։ Սրանք նույնպես այնտեղ բնակվեն, Որ բոլոր այլացեղ ու աայլահավատ ազգերը առանձնացվեն մահմեդականներըերից, որպեսզի մահմեդականները նրանցից անխառն բնակվելով մաքուր մնան (չպղծվեն)։ Ուստի հայերը և գավրները ելան, գնացին և վերոհիշյալ քրիստոնյաներին մոտիկ բնակվեցին։

Եսկ եթե որևէ մեկը գավր ազգի մասին հարցնի, հետևյալն է։ Շահ-Աբաս առաջինը սատանա չի անարատ կամակատարը, ինչպես որ հայոց ազգը Ատրպատականի երկրից քշեց, բերեց Պարսկաստան, այնպես էլ գավրներին արտաքսեց իրենց բնիկ երկրից՝ Քիրմանից, Եզդից, Շիրազից և իրենց այլ տեղերից և բերեց, լցրեց հիմնավեր Սպահանում։ Նրանցով լցրեց, շինեց ու դարձրեց Սպահանը։ Այս գավրերը այսպես էին եկել Սպապան և այնտեղ բնակվել։ Այժմ նրանց նույնպես հանեցին այն տեղից և տարան հայոց ազգին մոտիկ ինչ-որ կողմ ու այնտեղ բնակեցրին. այս էլ այսպես։

Նշումներ
  1. Ռահդար նշանա կամ կ ուղեկալ, ճանապարհի հսկիչ։
  2. Գավր, ավելի ճիշտ՝ գաֆր այն պարսիկներն են, որոնք մինչև այժմ հետևում են զրադաշտական կրոնին, մահմեդականություն չեն ընդունել: