Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԼԵ
Հայոց 1090 [1641] թվականի փետրվար ամսի հինգին՝ ուրբաթ օրը, Թավրիզ քաղաքում և իր շրջակա գավառներում հանկարծակի ու անսպասելի մի ժամի ուժգին բախումով այնպիսի ահավոր երկրաշարժ եղավ, որ երկրի հաստաշերտ կեղևը դողում էր ինչպես տերևը, որը մեկը բռնելով ձեռքում, խաղացնում է, կամ ինչ֊որ ամանում ջուր այս ու այն կողմ է տանում-բերում։ Քանզի ահավոր որոտումով երկիրը թնդաց դղրդալով սանդարամետական անդունդներից։ Սրանից հետո եղավ երկրաշարժը, որ կործանեց, տապալեց, քայքայեց քաղաքի բոլոր շենքերը։ Մեծամեծ, լայնանիստ, բարձրաբերձ ու զարմանատես շենքերը, որ քաղաքի մեջ կային և մնացել էին հին ժամանակներից ու թագավորներից, ինչպես որ տեսնողներին է հայտնի, շատերը նրանցից մի ակնթարթում փլցրեց, հողաբլուր արեց։
Ինչպես որ այն նշանավոր շինվածքը, որին կոչում էին Ուստաշագրտ[Ն 1], այս երկրաշարժից փլվեց և շատ ուղտեր ու այլ անասուններ իր տակ թողեց, որոնք ձմռան ցրտից ու ձյունից ապաստանել էին նրանում։
Նաև բարձրաբերձ հորինվածք մահիկներ և մզկիթների մինարեներ բարձրացիր, երկնաբեր բարձրություններից խորտակված, բեկված, բաժանված դեպի ցած գալով վայր էին թափվում և, զարկվելով գետին, հեռու էին թռչում։
Նաև անվանի, լայնանիստ, բարձրաբերձ, հոյակապ և հռչակավոր շինվածքը, որը կոչում են Շամղազան[Ն 2], որը քաղաքից քիչ հեռու է՝ Շոր գետի կողմը, սրա առաստաղը ամբողջապես փլվեց, մնացին շուրջանակի պատերը, իսկ սրանք էլ հիմքից խախտվեցին և չորս կողմից ճեղքվեցին և բաժանվեցին չորս մասերի, որ այդպես կանգուն մնում է մինչև այսօր։
Իսկ ո՞վ կարող է թվել ապարանքները, բաղնիքները, իջևանատները, որ քարվանսարա են միասին, որոնք հիմնիվեր տապալվեցին, և բազմաթիվ կենդանիներ, մարդիկ, անասուններ կահ կարասիներ, գանձեր, ունեցվածքներ մնացին հողի տակ, որոնք որոնելով քսան–երեսուն օր, պեղելով հողը, քարը հազիվ էին կարողանումբգտնել մեռածներին կամ ունեցվածքը։
Թեպետ այս երկրաշարժով մեծ վնաս եղավ Թավրիզ քաղաքին, բայց ավելապատիկ վնաս եղավ շրջակա գավառներին, ինչպես օրինակ Խոսրովշահ և Ուսկու կոչված գավառներին, Դուխուրկան գյուղին․ քանդում, կործանում, մարդկանց և անասունների կորուստ։
Սաստիկ և ուժգին երկրաշարժից պատռվեց երկրի հաստաշերտ կեղևը, ելան սև ջրեր՝ բխելով իբրև աղբյուր, ջուրը գնում էր իր ընթացքով։ Երեք օր հետո դարձյալ ուժգին երկրաշարժ եղավ, և կտրվեցին այդ աղբյուրները, ուրիշ տեղերում այլ մանրիկ աղբյուրներ երևացին և ջրերի հավաքը ինչպես առաջին սև ջուրը, որքան ժամանակ երկրաշարժը կար, կային նաև սև ջրերի աղբյուրները, երկրաշարժի դադարից հետո կորան և դրանք։
Նաև ոմանք ասացին, թե ինչ֊որ մի խաշնարած հովիվ, որի առջև ոչխարների հոտը ինչ֊որ մի վայրում արած ում էր․ մի օր երկրաշարժի հետ իսկույն ճեղքվեց երկրի թանձր կեղևը, և բացվեց խոր անդունդ, որտեղ սուզվելով կորան հովիվն ու ոչխարների մի մասը, որ կենդանի-կենդանի կլանվեցին երկրի կողմից ու այլևս չերևացին։
Նաև մի ամբողջ գյուղ, որ շինված էր քարքարոտ մի լեռան ստորոտում, երբ երկրաշարժն եղավ, ճեղքեց ու բաժանեց լեռան կարծր քարերը և խորտակելով քայքայեց այն և իբրև հողաբլուր խճով, քարով, հողով հոսեց գյուղի վրա և ողջ գյուղը ծածկեց, բոլորովին կորցրեց, անհայտացրեց։
Երկրաշարժի ժամանակ ձմեռ էր ու սաստիկ ցուրտ, քանզի այդ ձմեռ ձյուն առատ եղավ. իսկ երկրաշարժը ոչ թե մեկ կամ երկու կամ երեք անգամ եղավ ու դադարեց, այլ երկրաշարժը երկարեց մինչև վեց ամիս։ Երկու ամիս երկրաշարժը հաճախակի էր լինում, այնպես էր լինում, որ մի օրում ցերեկվա ու գիշերվա ընթացքում հինգ–վեց անգամ երկրաշարժ էր լինում, պատահում էր, որ ավելի կամ պակաս էր լինում։ Մինչև երկու ամիս այսպես էր ամեն օր։ Երկու ամիս հետո երկրաշարժը լինում էր տասն օրը, քսան օրը, երեսուն օրը մեկ անգամ։ Այս պատճառով ահաբեկ, սրտաճաք և խելաթափ էին եղել ամենքը երկրաշարժի ահից, որ հանկարծ ակի էր լինում։ Եվ չնայած շատերը փախուստով ճողոպրում, ելնում էին տներից և ազատվում փլուզումից, մեռնելուց, բայց շատերն էլ մնում էին փլված ծածկերի տակ և խեղդվելով մեռնում էին, ուստի չէին կարողանում դիմանալ և ծածկի տակ բնակվել, այլ յուրաքանչյուր ոք ելնում էր ծածկից դուրս. ոմանք տան դռների մոտ, ոմանք այգիներում ու ծաղկանոցներում, ոմանք այլ հարմար տեղերում վրաններով ու տաղավարներով էին մնում այդ ձմեռ մինչև տիրոջ բարկության անցնելը, քանզի երկրի և ամբողջ աշխարհի բնակիչներին հայտնի եղավ, որ այն սովորական երկրաշարժերի նման չէր, այլ տիրոջ հայտնի բարկության պատուհաս պատիժն էր հասել նրաաց վրա նինվեացիների[1] նման։
Իսկ քաղաքի ու գավառների բնակիչները, երբ իրենց պատժապարտ տեսան տիրոջ առջև, որովհետև մշտապես նրանց խրատում էր բարկության գավազանով, խելքի եկան և մշտապարտ աղոթքներով, խնդրանքով, ուխտերով ու պատարագներով դիմում-կանչում էին նրան, որ կարող էր նրանց վտանգից ազատել։ Քանզի թեպետ մեղքերի պարտքի համար բարկությամբ խրատում է և սրամտությամբ հանդիմանում, բայց և արարչական գթությամբ և նախախնամական ողորմությամբ խղճում է նրանց։
Իր արարածներին խղճալը նրա էությունն է ըստ մարգարեի այն խոսքի, թե՝ «Գթած ողորմած է տերը, երկայնամիտ է և բազումողորմ»[Ն 3]։ Նա միշտ բարկության մեջ չմնաց և հավիտյան ոխ չպահեց, այլ սրանցից իրենց մեղրը հեռացրեց ըստ երկնքի ու երկրի անջատման և գթաց իր ստեղծածների վրա, ինչպես հայրն ու մայրը իրենց զավակների վրա, որովհետև հիշեց, որ մարդիկ են և կազմված են հողից»։
Սփռելով նրանց վրա աարածեց իր գութն ու ողորմությունը և վերացրեց նրանցից պատիժը և երկրին հաստատություն տվեց, աշխարհին հանդարտություն ու մարդկանց խաղաղություն, որոնք ապրում են՝ գոհանալով նրանից ամեն ժամ։ Թեպետ խրատելով խրաատեց, բայց մահու չմատնեց։ Սրանցով հայտնի երևաց նրա անմահ թագավորության ամենակարող զորությունը և նրա մարդասեր կամքի գութն ու ողորմությունը։ Այս պատճառով բոլորը առհասարակ գոհության ձայնով փառավորում են քաղցր տերությունը մեր աստծու բարձունքում օրհնված հավիտյանս հավիտենից. ամեն։
- Նշումներ
- Ծանոթագրություններ
- ↑ Նինվեն Ասորեստանի մայրաքաղաքն է եղել Տիգրիսի արևելյան ափին, ներկայիս Մուսուլի դեմ֊դիմաց, հարուստ ու շվայտ քաղաքի համար ըստ Աստվածաշնչի գուշակվում է կործանում։ Նինվեցիները մասամբ մեղմում են իրենց բարքը, բայց դա միայն ուշացնում է կործանումը։ Մ.թ.ա. 606թ. բաբելացիները կործանում են քաղաքը, որն այլևս ոտքի չի կանգնում։ Դավրիժեցին այդ կործանումն է ակնարկում։