Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԼԷ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԼԷ
ՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԻՐ ՇՐՋԱԿԱ ԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

Արդ՝ հայոց 1097 (1648) թվականի ապրիլ ամսի երկուսի ավագ ուրբաթ գիշերը, որ լուսանում էր ավագ շաբաթ օրը, կես գիշերը անցել, և վրա էր հասել առավոտվա ժամը, երբ առավոտյան աղոթքն էին կատարում, եղավ հանկարծակի թնդյուն ու դղրդյուն, որից հետո այնպիսի ահավոր երկրա֊ շարժ, որ այդքան գավառների բնակիչներից ոչ ոք նման երկրաշարժ չէր տեսել։

Այս երկրաշարժից փլվեց Վան քաղաքի ներքին բերդի պարիսպը Թավրիզի դարպասից մինչև Իզարի բուրգը։ Նաև այստեղ֊այնտեղ շատ տեղեր պարսպից փլուզվեցին ու փլվեցին, իսկ նրանք, որ չփլվեցին, խախտվեցին, որոնք բոլորը հետո քանդեցին և նորից ամբողջը շինեցին։

Վան քաղաքի եկեղեցիներից մի մասը խախտվեց, մի մասը ավերվեց, Սուրբ Սահակ անունով եկեղեցին բոլորովին ավերվեց, որը հետո խոջա Ախիջանը շինեց։ էջմիածին անունով եկեղեցին խախտվեց, որը դարձյալ նույն խոջա Ախիջանը նորոգեց ավելի լավ, քան առաջինն էր։ Սուրբ Առաքելոց եկեղեցին ներսի կողմից առաստաղը փլվեց, որը խոջա Ատոմյանները նորոգեցին։ Նաև Սուրբ Պողոս եկեղեցին գմբեթը փլվեց, որը Գերաքենց Զիրաքը շինեց։

Իսկ մզկիթներից միայն Մուստաֆա փաշայի մզկիթը մնաց և սրա մինարեն, մյուս մզկիթներն ու սրանց բոլոր մինարենեըը փլվեցին։ Վերին բերդի մզկիթի մինարեն նույնպես փլվեց։

Բազմաթիվ տներ, ապարանքներ, շինվածքներ փլվեցին և իրենց տակ թողին բազմաթիվ մարդկանց ու անասունների։ Մեռածները այնքան շատ էին, որ բարձած սայլով տանում Էին քաղաքից դուրս, թաղելիս չէին կարողանում գերեզման փորել, այլ գետինը ճեղքելով մեծ վիհ էին անում և մեռելներից ութին, տասին փաթաթում էին կտավով, դնում վիհը և հողով ծածկում։

Ութ օր երկիրը երկրաշարժի մեջ էր այնպես, որ չէին կարողանում տներում բնակվել, այլ բացօթյա վայրում վրանով էին մնում, որովհետև այդ ութ օրը երկիրը անդադար շարժման մեջ մնաց, ինչպես նավը ջրի երեսին։ Դրանից Հետո մի քիչ հանդարտվեց, բայց չորս օրը, հինգ օրը, տասն օրը մեկ անգամ շարժվում Էր։ Այդպես մնաց մինչև հունիս ամիսը լրացավ, ապա երկիրը աստծու ողորմությամբ կայունացավ, հանդարտվեց։

Աոաջին երկրաշարժից հետո յուրաքանչյուր ոք, ով մեռնելուց ազատվեց, եկավ իր տունը, սկսեց պեղել հողը Հողի տակից հանում Էին ունեցվածք, մարդիկ Թեպետ մեռածները անթիվ էին, բայց և կային շատերը, որոնք աստծու խնամքով կենդանի Էին մնացել. դրանց հողի տակից հանեցին, այնպես որ տասը֊տասնհինգ օր հետո կեն՝դանի մարդ էին հանում հողի տակից։

Այս երկրաշարժի օրերին եղավ նաև այնպիսի բան, որի վրա շատերը զարմանում էին։ Մի աղքատ ու չքավոր մարդ ազգությամբ հայ և հավատով քրիստոնյա նույն Վան քաղաքից, նախքան երկրաշարժը քաղաքից ելավ, գնաց Քարափոս կոչված գյուղը մուրալու։ Այս մարդը ուներ երկու որդի փոքրը մոտ տասը տարեկան էր, մի քիչ ավել կամ պակաս։ Այս երկու երեխաները մնացին տանը։ Երբ երեկոն վրա հասավ, ըստ մշտական սովորության քնեցին։ Այն գիշերը որ երկրաշարժ եղավ, սրանց տունը նույնպես փլվեց, և մանուկները մնացին տակը։ Իսկ սրանց հայրը, որ գնացել Էր Քարափոս գյուղը, քնել էր մեկի տանը։ Երկրաշարժի ժամանակ տան գերանը ընկել և ջարդել էր այդ մարդու ոտքերը։ Այս պատճառով մարդը մնաց այդ Քարափոս գյուղում միչնև համբարձումը, երբ առողջացան նրա ոտքերը։ Ապա նա ելավ, եկավ իր քաղաքը և տեսավ իր փլված տունը։ Ինքը և ուրիշ բոլորը համարում էին, թե մանուկները տան տակ մնալով մեռել են:

Ապա հավաքելով որոշ մարդկանց բերեց այդտեղ, որոնք ամբողջ հողը պեղեցին, տեսան, որ մանուկները հողի տակ կենդանի են, և հիացան, փառք տվին աստծուն, քանի որ քառասունչորս օր անցել էր երկրաշարժից հետո, երբ մանուկները մնացել էին հողի տակ: Աստծու շնորհներով ու ողորմությամբ մանուկները կենդանի դուրս եկան: Իսկ ովքեր լսեցին ու տեսան, հիացած զարմանում էին: Այս լուրը հասավ մինչև քաղաքի փաշային: Փաշան մանուկներին տարավ իր առջև, հարցրեց, ստուգեց ամեն ինչ և գրեց թղթի վրա այս բանը, որ կատարվեց մանուկների վրա և պահեց իր մոտ իբրև աստծու հրաշագործությունների հիշատակ:

Նաև հարցրին մանուկներին կերակուրների մասին, թե ինչ էիք ուտում, իսկ նրանց ցույց տվին հացի փշրանքներ, թե այս էինք ուտում երբեմն-երբեմն: Իսկ ջրի համար ցույց տվին մի աման, որի մեջ բազկաթթու կար, թե ծարավելիս այդ ուտում, զովանում էինք, բայց ցերեկն ու գիշերը չէինք իմանում: Իսկ այդ մանուկները մինչև այժմ կան կենդանի ամենակարող աստծու շնորհներով:

Նաև Վանա երկրի բոլոր վանքերը փլվեցին, ավերվեցին Վերն Վարագը և Ներքին Վարագը, սուրբ հայր Թոդիկի եկեղեցին, Սալնապատի վանքի մեծ եկեղեցին, Շուշանց վանքը, Ղուռուքաշի վանքը, Խեկուց վանքը, Էրեմերա վանքը, Սրխու վանքը, Բերդակա վանքը, Կենդանանից վանքը, Կռնկի վանքը, Անգուսնեքի վանքը, Արջակա վանքը, Ալերի վանքը: Հիշածս վանքերից շինվեցին միայն երկու Վարագները, Կռնկի վանքը, Խեքուց վանքը, իսկ մյուսները մնացին ավերակ: Այն գյուղերը, որ Վանի շուրջն էին գտնվում, բոլորի շենքերը փլվեցին, դրանց եկեղեցիները ևս շենքերի հետ փլվեցին, իսկ Նորագեղի եկեղեցին մի արտաչափ հեռու թռավ իր տեղից, հեռացավ, ապա փլվեց:

Այս երկրաշարժից բազմաթիվ աղբյուրներ, որ անսահման ժամանակներից բխում էին, ցամաքեցին․ ինչպես Եզնաբերդի աղբյուրները, որ վեց ջրաղաց էին բանեցնում, բոլորն էլ ցամաքեցին: Բերդը այնտեղից փոխեցին ջուր չլինելու պատճառով և տարան Ղասրիկում շինեցին: Սույնպես և ներքին Փադախ անվանված գյուղը, որի աղբյուրները ցամաքեցին, և ջուր չլինելու պատճառով այս գյուղը ևս տարան Խասրիկում շինեցին։ Ավաճ գյուղի աղբյուրները տասներկուսն էին, բոլորը ցամաքեցին և այժմ չեն երևում։

Հոգվոց վանքի մեծափառ ուխտի ձորում վանքին մոտիկ մի լեռ կար, որը կոչում էին Արեգներ։ Այն գիշեր, երբ երկրաշարժը եղավ, այդ հաստակառույց, արարչակերտ, կարծր քարային լեռը ահավոր երկրաշարժից խախտված, բեկբեկված, քայքայված ներքև հոսելով դեպի ձորը փլվեց և ամբողջ ձորը լցրեց, երեք մարդ իր տակն առնելով սպանեց, և ճանապարհը վերացրեց, որ հետո այլ կողմում շինեցին, ջրաղացը խափանեց, որ այլ տեղում շինեցին։ Ձորը լցնելով բազմաթիվ օրեր արգելեց գետի ջրի ընթացքը, որ ապա շատ օրեր հետո քիչ-քիչ ջուրը իր համար ճանապարհ բացեց, որ այժմ իր ընթացքով գնում է։ Հայոց ձորի գավառում՝ Էրեմերի վանքին մոտիկ մի արտաչափ տեղ գետինը սուզվեց, երկրի խորքեր կլանվեց, մի խոր և ահավոր փոս գոյացավ մինչև անդունդները։ Փոսի միջից՝ անդունդից սև ջուր դուրս եկավ և այնտեղ փոսի մեջ լճացավ, որ կա մինչև այսօր։

Վան քաղաքի փաշան և այլ իշխաններ այս բոլոր կատարված բաները նկարագրեցին, ուղարկեցին Կոստանդոպոլիս քաղաքը և հայտնեցին սուլթան Իբրահիմ խոնդկարին, թե քաղաքների, գյուղերի այսքան շենքեր, մզկիթներ, եկեղեցիներ ավերվեցին։ Նաև Վան քաղաքի խաջաները (մարդ) ուղարկեցին Ռահիջան խոջայի մոտ, որ այդ օրերին Կոստանդոպոլսում էին, որպեսզի թագավորից թույլտվություն ստանա ավերված վանքերի, եկեղեցիների վերստին շինության համար, որ և խոջա Ռահիջանը թագավորից ստացավ հրամանը և ուղարկեց Վան խոջաներին, իսկ նրանք սկսեցին շինել քաղաքի եկեղեցիները. ինչպես պատմեցինք, նախ (շինեցին) Վարագա վանքի եկեղեցին։ Կիրակոս վարդապետը, որ Վարագա վանքի առաջնորդն էր, հանձն առավ նախ շինել ժամատունը, որը և կառուցեց, վերջացրեց։ Խոջա Ամրխանը շինեց Սուրբ խաչի եկեղեցին, Մարխաս չելեբին՝ Աստվածածնի եկեղեցին, խոջա Դիլանչին՝ Սուրբ Սիոնի եկեղեցին, խոջա Հովհանեսը՝ Սուրբ Նշանի եկեղեցին։ Այս եկեղեցին երբ շինեցին, մնաց Բերդով եկեղեցին, Քառասուն աբեղաների եկեղեցին։ Վանքի պարիսպը ևս ամբողջովին շուրջանակի շինեցին։ Ներքին Վարագա վանքի և այլ վանքերի ու եկեղեցիների կառուցումը ավարտվեց և յուրաքանչյուրը իր տեղում կա աստծու ողորմությամբ, որին փառք հավիտյանս, ամեն: