Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԹ
Վերջին Ժամանակներս՝ պարսից մեծ ու առաջին Շահ-Աբաս արքայի թագավորության տարիներին, Նախիջևան քաղաքում, որի իշխանն էր Մախսուտ սուլթանը, աստծու հրաշք եղավ մի քրիստոնյա մարդու վրա, որին կոչում էին Ղարաչորակ։ Այս մարդը հավատքով քրիստոնյա էր և քրիստոնյա ծնողների զավակ, բայց ինքն աստվածային օրենքների հանդեպ անտարբեր էր, հեռացել էր քրիստոնեական բոլոր կարգերից ու կրոնից, եկեղեցի չէր գնում, աղոթքներով չէր խոստովանում, չէր հաղորդվում, չէր մտածում, թե մահկանացու է և մեռնելու է, չէր մտահոգվում հատուցման մասին ըստ գործերի[Ն 1], ինչպես որ գրում է Աստվածաշունչ գիրքը, այլ աստծու բոլոր պատվիրաններից հեռացել էր։ Իսկ կյանքի բոլոր օրերում շրջում էր կրպակներում, շուկաներում, փողոցներում, հրապարակներում, այլազգիների և իշխանների դռներում որևէ բան վաճառելու համար. քանզի իր արհեստը առևտրամիջնորդությունն էր, որ ուիշների ապրանքը առնում ծախում է ուրիշների։ Եվ իր ամբողջ կյանքի ժամանակը նա այսպես մնաց, քանզի պատմողները, որ ականտես են եղել նրա գործին, ասում են, թե մինչև վաթսուն տարեկանը հասավ նա՝ ավել կամ պակաս։
Այնպես եղավ, որ այս Ղարաչորակը մահվան հիվանդությամբ հիվանդացավ․ նրա մոտ քահանա կանչեցին, որ խոստովանեցրեց նրան։ Բայց որովհետև քահանան գիտեր նրա ան ուղիղ վարքի և մոլար կենցաղավարության մասին, ուստի նրա հոգու փրկության համար քահանան նրան ասում է. «Եղբայր, դու ինքդ գիտես, որ քո կյանքը ծույլ ու պղերգ ես անցկացրել և երբեք չես հիշել այս օրը, թե մահ կամ դատաստան կա քո առջև։ Այդ այսօր եկել, հասել է քեզ, խնդրում եմ քեզնից՝ ինձ լսես և մի քիչ ապաշխարանքով հանձն առնես պասն ու աղոթքը և, եթե այս հիվանդությամբ մեռնես, աստված ինքը թողություն է շնորհելու քեզ, որովհետև քո կամքով խոնարհվեցիր և ապաշխարություն հանձն առար, նաև աստծուց դու բարիքների վարձ կընդունես։ Իսկ եթե ողջանաս և հիվանդությունից վեր կենաս, այն ժամանակ կկատարես քո ուխտած ապաշխարանքը և ես հավատում եմ աստծուն, որ այս սակավ ապաշխարանքի համար, որ դու հանձն ես առնում, աստված քեզ կատարյալ առողջություն կտա, որ վեր կենաս հիվանդությունիցդ»։ Այս ամենը քահանան ասաց նրան, որ թերևս զղջա։
Իսկ նա ոչ միայն չզղջաց, այլ ամենամեծ մեղքն ու չարիքը գործեց։ Նեղվեց ու խոժոռվեց քահանայի խոսքերից, քանզի շտապ իր մոտ կանչեց մահմեդականներից ոմանց և նրանց ասաց, որ իր մոտ բերեն մոլլա և մուղրի[Ն 2]։ Եվ երբ բերին, այդ ժամանակ նրանց միջոցով ուրացավ Քրիստոսին ու սրա հավատը և հավատով ու դավանությամբ դարձավ մահմեդական։ Եվ երբ այդ ողորմելի, թշվառական մարդը՝ Ղարաչորակը, այդպես արեց, քաղաքի բոլոր քրիստոնյաները անմխիթար սգի մեջ ընկան ոչ միայն նրա կորստյան, այլև քրիստոնեական հավատի համար, որը ծաղր ու ծանակելով արհամարհական հայհոյում էին մահմեդականները: Նաև մահմեդականները ուրացած ցնծալից ձայնով հրճվում էին ու խայտում այդ մարդու ուրանալու համար, որովհետև ուրացողը նշանավոր էր։ Եվ նրա ուրանալուց հետո չորս օր անց ուրացող հիվանդը մեռավ։ Քաղաքի մահմեդականների ողջ բազմությունը հավաքվեցին՝ ոչ միայն կարդացողներն ու հասարակ մարդիկ, այլ նաև երևելի ու անվանի մարդիկ, իշխաններ, և իրենց զարդարեցին երևելի զենքերով ու զարդերով, պայծառ հագուստներով և նրա դագաղը ավելի պճնազարդելով պաճուճեցին և ի պատիվ նրա դուրս բերին մահիկով դրոշակը և բարձրացրին ավելի քան քսան թուղ[1] ու մեծաշուք և երևելի փառքով տարան իրենց մեռելների գերեզմանոցը, թաղեցին նրան և դարձան իրենց տները։ Իսկ արդարադատ աստված իսպառ անտես չարեց իր ժողովրդին և քրիստոնեական հավատքը, այլ իսկույն նախանձախնդիր եղավ դատաստան ու վրեժխնդրություն արեց, ինչպես որ չորս օր ուրանալուց հետո սատկեց Ղարաչորակը, այսպես էլ իր թաղումից չորս օր հետո երեկոյան ժամին տեսան Ղարաչորակ ուրացողին, որին մահմեդականները թաղեցին. քանզի ելել էր վիհից որտեղ թաղված էր, մերկ ու խայտառակ, գարշատեսք, այլակերպ իբրև կատաղի շուն իր պատանը գցած ուսերին քաղաքի միջով գալիս էր, շուկայում և կրպակում շրջում էր, իսկ ովքեր տեսնում էին սարսափած ահաբեկվում էին, քանզի բոլորը ճանաչում էին նրան։ Նրա զարհուրելի տեսքից ամեն ոք թողեց գործերն ու խանութը և հապճեպ տագնապահար հազիվ ճողոպրելով փախավ իր տեղից անդառնի ընթացքով:
Այլազգիներից ոմանք հրապարակի մեջ խոսք գցեցին, թե սա Ղարաչորակը չէ, այլ նոր երևցած ինչ-որ մեկն է։ Այս պատճառով և այդ բանը ստուգելու համար տասը ավելի մարդ միավորվեցին և դիտելով իմացան այն ժամը, երբ Ղարաչորակը եկավ շուկա, այդ ժամաակ մարդիկ միաբան գնացին այն փոսը, որտեղ դրված էր Ղարաչորակը, տեսան, որ այնտեղ չէ։ Այսպես արին ոչ թե մեկ, այլ չորս անգամ, որով ավելի ստուգվեց, թե նա է։
Եվ ամեն օր երեկոյան դեմ ելնում էր, նույնպես պատանը ուսը գցած գալիս էր շուկա, և մինչև առավոտվա լուսանալը դարձյալ գնում էր և մտնում իր գերեզմանը։ Յոթ օր այսպես էր անում։ Սրա զարհուրելի տեսքից ամբողջ քաղաքը սարսռեց, սասանվեց։ Երեկոյան դեմ, որ ժամին որ հասնում էր նրա գալուստի պահը, ամենքը թողնում էին իրենց խանութներն ու գործերը և փախչում էին իրենց տները։ Նաև գիշերապահ զինվորների խմբերը, որոնց հասհաս (Ժամապահ) են ասում, նույնպես դադարեցին գիշերը շրջելուց, քանզի վախենում էին։
Իսկ մահմեդականները ամոթահար, շառագունած, գլխիկոր պապանձված, ապշած գետին էին նայում։ Ապա նրանց խորհրդականները յոթ օր հետո եկան, խորհուրդ արին։ Ընտրեցին արիասիրտ, քաջազոր, կորովի մարդիկ ավելի քան երեսուն հոգի և զինեցին նրանց զրահներով, ռազմի զենքերով, նետերով, աշտեներով, սուսերներով և այլ զենքերով ու պատվիրեցին նրանց՝ Ղարաչորակին սպանել և կորցնել։ Իսկ պատրաստված մարդիկ աչք տնկած կանգնել էին զգուշությամբ և երկյուղալի տագնապով սպասում էին ուրացող մեռելի գալուն։
Եվ երեկոյան պահին մշտական ժամը մոտենալիս տեսան, որ գալիս էր։ Պատրաստված մարդիկ ընթացան նրան ընդառաջ, որ սպանեն, իսկ նա կրունկի վրա դառնալով՝ փախուստ տվեց, գնաց, մտավ այն փոսը, որտեղից դուրս էր եկել, որտեղ թաղել էին նրան։ Իսկ զինակիր մարդիկ հասան այն տեղը, սրով խողխողեցին նրան, գլուխը կտրեցին, այլ հեռավոր տեղ կորցրին։ Այս ձևով չարը վերացավ մեջտեղից, իսկ բոլոր այլազգիները սկսեցին հայհոյել ուրացող Ղարաչորակին և վկայում էին, որ քրիստոնեական հավատը ճշմարիտ է։
Եվ այս ամենը արեց սատանան, որ խախտի քրիստնեական հավատը, բայց սրանով ավելի հաստատվեց Քրիստոսի ճշմարիտ հավատը, և բարձրացավ մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը, իսկ բոլոր քրիստոնյաները ավելի հաստատվեցին Քրիստոսի հավատի վրա և մեծ գոհությամբ փառավորեցին աստծուն ճշմարտությւոնը ի հայտ բերելու համար, սրանով փառավորվում է աստված հավիտյանս հավիտենից. ամեն:
- Նշումներ
- Ծանոթագրություններ
- ↑ Թուղը թուրքական հնամենի դրոշակ է, որ դուրս են բերել ի պատիվ Ղարաշորակի