Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԾԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԾԵ
ԾԱՐԵՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԳՐԱԾ ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ այժմ իմ՝ նվաստ Հովհաննեսի կյանքի տասներկու տարվանից հետո, երբ ինձ ճանաչեցի, բայց վայ ինձ, որովհետև աստծու պատվիրանով չշարժվեցի։ Եվ մեր հայոց 1021 [1572] թվականին Ատրպատականի թագավոր էր այլազգի ոմն Դահման անունով, որ կոչվում էր կարմրագլուխների ջահ։ Սա չափազանց խաղաղասեր էր և աչքը կուշտ։ Ամենածերերը ասում էին, թե մինչև անգամ իր երկրից տասնհինգ տարվա հարկը չէր առել, նաև վաճառականների [վճարելիք] բաժը և մաքսը որ իր գանձարանում իր համար էր հավաքված լինում, վերացրեց իր երկրից։ Նաև լկտի կանայք, որ բնակվում էին քաղաքում և բացահայտ կերպով շատերին մոլորեցնում էին, տուրք էին տալիս արքունիքին, և արվամոլության անասելի պղծություն էր արմատավորված պարսիկների մեջ, այդ ամենը հրամանով վերացրեց, իսկ եթե որևէ տեղ հայտնվում էին, հրամայում էր չարաչար տանջանքներով սպանել։ Հիշյալ շահը մեր 1024 [1575] թվականին մեռավ՝ թագավորելով հիսունմեկ տարի։

Նրա որդիներից Իսմայիլ անունով մեկը, որը նախապես իր հոր կողմից մի հանդուգն գործի համար արգելափակված էր բանտում, այժմ ելավ, թագավորեց իր հոր տեղը։ Սա սուրը գործի դրեց՝ սպանելով իր յոթ հարազատ եղբայրներին։ Սկսեց իր զորքերի զորապետներին սպանել՝ ոմանց հայտնի, ոմանց գաղտնի։ Մինչև իսկ գրեթե ջանում էր սպառել պարսիկ ժողովրդին։ Այս իմանալով պարսիկ տիրատյացները, թե մոտեցել է իրենց կորուստը։ Թավրիզի իշխան Ամիրխան անունով մեկը և Արարատյան գավառի իշխան Թոխմախ մականունով Մահմադ անվանված մեկ ուրիշը և այլ ուրիշներ, որոնց անունները հավաստի չգիտեմ, միաբանվեցին Իսմայիլի ծառաների հետ և գաղտնի սպանեցին նրան. նրա զորքը չիմացավ նույն Իսմայիլի մահը և դատ ու դատաստան չեղավ։ Ոմանց կողմից ասվեց, թե գնացել է լրտեսության այլ թագավորների երկրները, մի տարուց հետո վերադառնալու է: Այսպես էր կարծվում, հետո ամենքը ստույգ իմացան նրա մահը։

Եվ կրկին բոլորը միաբան գնացին Խորասան և բերին Խուդաբանգա կոչված մի շեյխ՝ Իսմայիլի եղբորը, նույն Թահմազ շահի որդուն, որ իր հոր կազմից նշանակված էր Խորասան երկրի տեր․ սրան թագավորեցրին Իսմայիլի տեղը։ Բայց սա թագավորական գործի մեջ անարի ու անպետք էր. ուստի զրկվեց կյանքից նույնպես։

Սրա իշխանության երկու տարում Բյուզանդիայի Մուրադ անունով թագավորը՝ ցեղով Օթմանի, որ խոնդկար է կոչվում, հրաման տվեց իր զորքերին գնալ կարմրագլխի [ղզլբաշի] երկրի վրա։ Եվ Լալա անունով ոմն զորապետ մեծ զորքով եկավ, հասավ Արարատյան երկիրը, գերեց հայ, տաճիկ թվով վաթսուն հազար հոգի և քշեց, տարավ հոռոմների երկիրը։ Մյուս տարին դարձյալ շարժվեց Վրաստանի վրա, հասավ Փայտակարան քաղաքը, որ Տփխիսն է, այնտեղ շինեց բերդեր և ամրացրեց. այնտեղ դրեց բազմաթիվ ռազմիկներ։ Վրաց ոմն Բագրատունի թագավոր՝ Սիմոն անունով, որ երբեմն անհնազանդության համար բռնված էր նախապես հիշված Թահմազ շահի կողմից, տկարացել էր հավատի մեջ և գտնվում էր նրա ձեռքի տակ։ Իսմայիլի թագավորելու ժամանակ [Իսմայիլը] Սիմոնին շնորհեց հայրենի իշխանությունը, տարածություններ, որ գնա իշխի յուրայիններին, բայց կրոնով մնա մահմեդական։

Սա գնաց իր տեղը՝ Տփխիս, հանդիմանվեց իր առաջնորդների, քահանաների, մանավանդ կնոջ և իր ընտանիքի կողմից, որոնք նրան ուրացող ու ապերախտ էին կոչում և նրա հետ չէին հաղորդակցվում։ Սրանից նա զգաստացավ, ետ կանգնեց մահմեդականությունից, նորից դավանեց Քրիստոսի երկրպագելի խաչը և բոլորի աստված խաչված Քրիստոսին։ Այս լուրը լսվեց պարսիկների կողմից, բայց որովհետև Իսմայիլը մեռել էր, իսկ ուրիշները ոչինչ չկարողացան անել նրան, զիջեցին նրան մնալու քրիստոնեական հավատի մեջ, գոնե միայն հավատարմություն ու մտերմություն պահպանի շահի տան հետ։ Եվ այժմ Լալան փախցրեց այս Սիմոնին և նրա երկրում շինեց բազմաթիվ բերդեր, բայց այդ վայրերը տեսած չլինելու պատճառով չեմ կարող նկարագրել տեղանքը, սակայն լսեցինք, թե Տփխիսում, Դումանիսում, Գորիում, Լոռիում և այլ տեղերում բերդեր շինեց և նրանց մեջ զորքեր թողեց. իսկ ինքը անցնելով Ալանք՝ գնաց Երկաթի դռները (Դերբենդ), այնտեղ նույնպես բերդ շինեց, որ ասվում է Դամուրղափի, որտեղ բազմաթիվ զորքեր և Օսման անունով մի զորապետ դրեց, որը խիստ կարող ու անողորմ էր, իսկ ինքը վերադարձավ իր թագավորի մոտ և նրա ձեռքով սատկեց մատնիչների խոսքով, բայց աստծու վրեժխնդրությունը թույլ չտվեց, որ նա ապրի անմեղների արյան համար։

Իսկ 1028 (1579) թվին եղավ սաստիկ տարաժամ մահ Ատրապատականում և ամբողջ Աղվանքում․ կոտորեց բոլոր ազգերի բազմաթիվ մարդկանց այնպես, որ բաղմաթիվ տներ մնացին անտերունչ, շատ հայրեր ու մայրեր մնացին անզավակ։ Աղվանից երկիրը այսպիսի փորձության մեջ լինելով սգում էր իր մեռածներին, կենդանի ընկածներին և իրենց ևս հոգալով մտածում էին «Արդյո՞ք կազատվենք այս մահից տարաժամ, թե ոչ»։ Այս անսպասելի ժամին հանկարծակի եկավ, հասավ վայրագ, մահվան օրհասը մոռացած այն Օսմանը, որը նախապես ձեռնարկել էր թաթարների մոտ, որ Ղայթաղ են կոչվում, և բոլոր կովկասյան լեռնական լեզգիներին հավաքել էր իր մոտ Դերբենդում՝ բազմաթիվ ու անհամար արյունարբու հեծյալներով։ Նրանցով ելավ, եկավ Կուր գետից այս կողմ։ Փախստական դարձրեց Գանձակի ու Պարտավի իշխաններին, իսկ իրենք սփռվեցին դաշտերում ու լեռներում։ Գանձակը, Պարտավը, Ճարաբերդը, Խաչենը, Վարանդան, Դիզակը, Չարեք կոչված գետից մինչև Արաքս մի օրում ենթարկեցին, գերեցին, անհաճելիներին սրով սպանեցին և չորս-հինգ օրից հետո վերադարձան իրենց տեղերը։

Դարձյալ նույն տարում երկու պատիժների՝ մահվան ու սրի հետ եղավ սարսափելի ու անտանելի սաստիկ սով, այնքան, որ մարդիկ մահվան դիմաց որբ մնալու, գերիներից անինչք ու անօթևան շրջելու պատճառով, գազանանման անցան հումակերության, քանզի հայոց այն բոլոր գավառները, որոնք կարմրագլուխների իշիանաթյան ներքո էին, քանդվելով ավերվեցին։ Եթե որևէ անկյունում շինություն էր մնացած լինում, այնտեղ զետեղվում էին տնանկներն ու մերկերը։ Տղամարդիկ, կանայք առանց օթևանի արտասվալից դեմքերով շրջում էին օտարների դռներում, ուրիշների տներում իրենց համար ուտելիք խնդրելու համար։ Ուտելիքները չբավականացնելու պատճառով նրանցից ուժեղները գաղտնի մտնում էին ոչխարների փարախները և տավարների գոմերը, և չկարողանալով անասուններից մեծերին մորթել, իրենց հետ սուր չունենալով, իրենց ուժով բռնում էին գեղեցիկ հորթեր, մատղաշ գառներ և ուլեր, պատռում էին նրանց կողերը, հանում էին նրանց սիրտն ու փորոտին, հում-հում ուտում և գաղտնի գնում էին։ Ոչ ոք կասկած չէր ունենում, թե այս բանը նրանց կողմից է արվում, մինչև որ ոմանք տեսել են նրանց այսպիսի գործերի վրա և հավաստի իմացել են այդ։ Իսկ նրանցից թույլերը անասունների ու ձիերի աղբակույտերի մեջ որոնում, գտնում էին գարու հատիկներ և ուտում։ Այլև չիմանալով մաքուր և անմաքուր (կենդանիների) մասին, անցյալ տարվանից կամ հնուց փողոցում ընկած ոսկորները վերցնում էին, դնում քարի վրա, քարով փոշի էին դարձնում և գցում բերանները և հոգոց հանելով հառաչում էին։ Նաև հնացած կաշե փոկ, մաշված տրեխ դնում էին խեցու կտորի վրա եփոցին, վերցնում ուտում էին։ Վա՜յ տեսողությանս, եղբայրներ։ Երբ գարունը եկավ, աղքատները սփռվեցին դաշտերը, սևացած մարմնով որպես այծերի ու ոչխարների հոտեր ուտելով վայրի բանջարներ և կանաչ խոտեր՝ չէին հագենում, քանզի սով էր իջել երկրի վրա և ոչնչացել հացի բերքը ըստ մարգարեի[Ն 1]։ Մանավանդ մեռնում էին ուռած գլուխներից, ոմանք արոտատեղերում, որ չէին կարողանում վերադառնալ, ոմանք էլ, գալով գյուղամեջ, պատերի տակ և ավերակ տների անկյուններում էին մեռնում։ Եթե որևէ մեկը լինում էր աստծուց երկյուղած, առնում էր դիակներից ինը-տասը և էլ ավելի գցում էր փոսի կամ հորի մեջ և հողը փլցնում էր վրաները, ծածկում, եթե ոչ, մնում էին անթաղ։ Շատերը լսում էին, թե այսինչ տանուտերերի կամ հարուստի որդին է մեռել, և նրա դիակը ահա այնինչ տեղում է: Նրա սիրելիներից ու ծանոթներից շատերը լսելով՝ իրենց եղուկ ու վայ էին ասում, իսկ թաղելը թողնում էին վաղվան, վաղն էլ՝ մյուս օրվան չափազանց ձանձրույթի պատճառով։ Դարձյալ ոմանք լսում էին, թե այն դիակը գազանները պատառոտել, ու ոսկորները ցրել են. այս լսելով անտարբեր էին մնում, և այսպես մնում էր անթաղ։

Վայ թշվառականիս և պատմությանս, եղբայրներ, քանզի շատերը զազիր շների ու կատուների պիղծ մսից կերել են, նաև մարդկանց մարմիններից։ Քանզի Ամարասի սահմաններում Վարանդի և Դիզակի երկրի մի գյուղում ոմն հարուստի միամոր յոթ տարեկան որդուն այրի կանայք մերձակա գյուղերից հավաքվելով և բնակվելով հարուստի տան մոտ և կերակրվելով ըստ դիպվածի հարուստի տնից՝ մի օր խաբելով տղային իրենց տուն են կանչում և սպանելով մի ոտքը անդամների հետ ուտում են։ Երեկոյան ծնողները տղային որոնելով՝ գտնվում են այրի կանանց տանը իրենց տղայի կիսակտուր դիակը։ Նաև լսեցինք, թե մի ծեր մարդ իր դստեր մարմինը կերել է միևնույն երկրում։ Ամենուրեք այսպես եղավ սովի տառապանքը 1028 և 1029 [1579 և 1580] թվականներին։

Վայ ինձ՝ պատժապարտիս որովհետև մահով, սրով և սովով կոտորված մարդկանց մարմիններից գազանները այնքան էին կերել, մինչև իսկ անբան շները վայրենացել, շենից դուրս կենդանի մարդիկ էին որսում։ Իսկ գայլերը ճանապարհին, նաև շենամիջում մտնում էին տները, քնած մարդկանց դուրս էին քաշում և ուտում։ Մտնում էին հոտերի մեջ, հովվին ուտում էին, իսկ հոտերին չէին վնասում։ Եվ մահով, սովով ու սրով մեռածների ու գերվածների թիվը չեմ կարող ճշտել և գրի առնել, բայց իմ թղթերը և թանաքները ձեր առջև եմ փռում ըստ Դավթի դպիրների, որ Երուսաղեմի ժամանակ էր։

Իսկ 1032 [1583] թվականին Մուրադ խոնդկարի կողմից հրաման արձակվեց իր զորապետներին ու զորքերին գնալ Երևանի վրա և գրավել այն։ Հենց եկան ավերեցին․ բազմաթիվ եկեղեցիներ քանդեցին, քարեր՛ը տարան բերդ շինելու համար: Կամեցան մեծ եկեղեցին ևս քանդել, որ Երկուերեսի[1] է կոչվում, իսկ Առաքել անունով մի վարդապետ, որ հետո կաթողիկոս եղավ, նրա հիշատակը օրհնությամբ լինի, մտավ զորքի զորապետ Ֆահրադի մոտ և թույլ չտվեց, որ եկեղեցին քանդեն։ Բայց վայ ականջներիս և պատմությանս և որովհետև երեսուն օր ջորիներ, ձիեր և իրենց անծանոթ բազմաթիվ տաճիկներ բնակվեցին եկեղեցում։ Եվ եղավ այն, ինչ մարգարեն էր ասել, որովհետև հեթանոսները մտան աստծու ժառանգությունը և պղծեցին նրա սուրբ տաճարը[Ն 2]:

Սույն թվին վախճանվեց մեր մեծ ու երանաշնորհ վարդապետ Հովհաննեսը, որ Փոքր Սյունիք կոչված Ծար[2] գավառից էր, սուրբ առաքյալ Թադեի վանքից. Դոփի և Հասանի տոհմից որդին էր Ջհանշահ կոչված մի ազնվական ու բարի մարդու։ Նա աշակերտն էր մեծ վարդապետ Ղուկաս Հաղպատեցու։ Չափազանց սրբասեր ու աստվածասեր էր, հեզ էր ու աղոթարար, ուղղափառների համար քարոզիչ էր, իսկ ստահակներին հանդիմանող, սիրում էր ուղղությունը և պատվում տոնախմբությունները, շատ ընթերցասեր էր ու գրասեր, այնքան, որ իր հիշատակի համար բազմաթիվ գրքեր տվեց և եկեղեցական շատ սպասքներ ու զարդեր (գնեց): Ալևորված և օրերով լեցուն հանգավ ի տեր մեր 1032 [1583] թվականին։ Նրա պատվական մարմինը թաղված է Գեղամա երկրի Վասակաշեն[3] գյուղում Սարգիս վարդապետի գերեզմանի մոտ։ Նրանց հիշատակը օրհնությամբ լինի, իսկ նրանց աղոթքը մեր ու ձեր վրա լինի, և տերանց տերը գթա ողջ աշխարհի վրա. ամեն։

Իսկ 1034 [1585] թվականին Խրոխտ Մուրադից հրաման արձակվեց Դերբենդ Օսմանին` գալ իր մոտ Կոստանդնուպոլիս, և սա անմիջապես գնաց, պատիվներ ստացավ նրա կողմից՝ նա Սրան զորապետ և իշխանացիշխան նշանակեց ամբողջ արևելքի՝ Բյուզանդիայից մինչև Ալանք: Նրան հանձնեց մեծ զորք վեց հարյուր հազար և ուղարկեց շահաստան քաղաք Թավրիզի վրա։ Սա չափազանց խրոխտանքով եկավ և գրավեց այն։ Ավերեց և, ինչ որ կար, ամենը ավարեց։ Բերդ շինեց, սակայն չհասցրեց բերդի ավարտին, այնտեղ սատկեց՝ արժանի չլինելով այս աշխարհում իր թագավորից հաղթության համար գովք լսելու, իսկ հանդերձյալում իբրև նրա համար հատուցում ամենքին դատողին է հայտնի։ Իսկ մյուս իշխաններից ու գլխավորներից բազմաթիվ պատերազմներով դեմ կանգնեցին կարմրագլուխներին [ղզըլբաշներին], բերդը ավարտեցին և այնտեղ զորքեր դրին ծառա անվանումով, իսկ սրանց զորապետ նշանակեցին Ջաֆար անունով մի ներքինու, իսկ իրենք դարձան իրենց տեղերը՝ տանելով իրենց հետ նրա անմաքուր շաղիղը։

Այսուհետև վերադառնանք կարմրագլուխների պատմության ընթացքին։ Այս ժամանակ նրանց թագավորն էր նախապես հիշատակված Խուդաբանդան, որը կռվեց Օսմանի զորքերի դեմ մեծ ջանքով, հաճախ տառապանքով, մեծ նեղությամբ, շատ օրերի պատերազմով և երկու կողմերի անչափ արյան հեղումով, բայց չկարողացավ խանգարել նրանց Թավրիզի բերդի շինության գործում։ Այն ժամանակ իշխանության ներքո ուներ Սև այգի կոչվածը [Ղարաբաղ], Գանձակը, որ Գանջան է։ Շահը գնացել էր այնտեղ իր Ամիրհամղա կոչված պատանի որդու հետ։ Զորաժողով եղավ բոլոր կարմրագլուխների Թավրիզի և Օսմանի զորքերի մասին ինչ-որ բան մտածելու համար։ Տիրատյաց կարմրագլուխները Խուդաբանդի վերքերի վրա վերք ավելացրին, մանավանդ հենց իրենց [վերքերի վրա]՝ կրկնակի ու եռակի, այդ եղավ կրկին նրանց համար կոտորած, քանի որ շահի որդուն սրով գաղտնի սպանեցին, որովհետև թագավորի շուքը տղայի մեջ էր երևում, իսկ կարմրագլուխ պարսիկները նրանից խիստ վախենում էին։ Եվ երբ այս այսպես եղավ, պարսիկները ցրվեցին, ամեն մեկը չիմանալով իր տեղը, ինչպես բզկտված հոտ, որ հովիվ չունի։ Դրան ավելացրած օսմանցի Մուրադ թագավորի խրոխտ հրամանը, որ պատել էր նրանց, ինչպես ծովը պատում է կղզին։ Խուդաբանդա շահը ծանր հեծեծանքներով թախծոտ սրտով և տրտմությամբ լցված գնաց Խորասան իր մյուս որդի Աբասի մոտ, որին այնտեղ էր թողել իր Ատրպատական գալու ժամանակ, որ տիրի Խորասանին։ Նրան հասավ Խուդաբանդան և քիչ տարիներ անց մեռավ՝ ոչ մի քաջություն իր ազգին ցույց չտալով այդ անարին։

Թագավորեց նրա որդի Աբասը նրա փոխարեն, որ շատ քաջ էր և պատերազմում հաղթող, որովհետև Գիլանը, որ Ջորշանեթն է, ապստամբել էր սրա հոր դեմ, Աբասը քաջությամբ նրանց իր իշխանության ենթարկեց։ Նաև Օզբեկ կոչվածը Բալխից ու Բուխարայից ելավ գրավեց Հեր քաղաքը և շահի վայրերից ուրիշ տեղեր գցեցին իրենց իշխանության տակ, երբ նա [Աբասը] Արգաբիլ էր գնացել իր հայրերի ու պապերի շիրիմների մոտ նվերներ ու ընծաներ բաշխելու։ Լսելով [այս բանը] վերադարձավ այնտեղից, գնաց Օզբեկի վրա, ոմանց կոտորեց, ոմանց փախցրեց և իր վայրերը դարձյալ գրավեց։ Նաև երկու-երեք անգամ զորք ուղարկեց նրանց վրա և հետո ինքը գնաց, նրանցից շատերին սպանեց ուժգին պատերազմով և նրանց թագավորի որդուն բռնեց, վերադարձավ իր տեղը՝ Ղազվին․ և այսպես նվաճեց նրանց։ Այժմ նրա իշխանությունը Խորասանից հասնում 1 մինչև Արտաբիլ և Արաքս գետը։

Իսկ 1037 [1588] թվականին դարձյալ հրաման արձակվեց Մուրադ խոնդկարի կողմից ոմն Ֆահրադ կոչվածի, որ Երևանը գրավել ու վերաշինել էր և Օսմանից առաջ ու Լալայից հետո արևելյան կողմերի զորապետն էր։ Այժմ վերստին նրա առաջվա իշխանությունը շնորհեց նրան և ուղարկեց Գանձակի վրա՝ հեռացնելու սակավ մնացած կարմրագլուխներին, որոնք այնտեղ էին, և նրա մեջ բերդ շինելու և վերադառնալու։ Նա եկավ ծանր զորքով և արեց խոնդկարի հրամանի համաձայն, վռնդեց, քշեց, հեռացրեց, հեռու վանեց, առանձնացրեց, զատեց, տարաժամեց, հալածեց, փախստական դարձրեց, վտարեց, մեկուսացրեց և ինքը հետամտելով մինչև Արաքս գետը՝ շատերին գերեց, որոնց սրո ճարակ արեց, շատերին նաև գետահեղձ դարձրեց, իսկ ինքը վերադարձավ Գանձակում բերդ շինեց և այնտեղ զորք դրեց ըստ իրենց օրենքի ծառա կոչումով, վերադարձավ իր կայսրի մոտ։

Իսկ երբ Շահ-Աբասը տեսավ այս ամեն եղածները իր երկրի մոտերքում, երկյուղեց իր հայրերի ու պապերի շիրիմի համար, գուցե թե Արգաբիլը գրավեն, էլ ավելի ներս գալով շտապեն դեպի պարսիկները, դեսպաններ ուղարկեց, պատվիրակութուն առաքեց Մուրադ խոնդկարի մոտ համոզելու նրան խաղաղության և միմյանց հետ բարեկամություն անելու համար, բայց գոռոզը այս բանը չլսեց, պատանդներ պահանջեց նրանից։ Շահ-Աբասը կրկին ուղարկեց իր եղբորորդուն մեծ իշխան դայակի և երկու հարյուր զինակիր սպասավորների հետ խոնդկարի մոտ, այնտեղ Կոստանդնուպոլսում պատանդ մնալու․ իրենց միջև խաղաղություն եղավ։

Եվ 1044 (1595) թվականին մեռավ Մուրադ խոնդկարը, թագավորեց սուլթան Մահմեդը իր որդու հետ։ Այս Մահմեդի օրերում ֆռանկները, որ կոչվում են մաջառներ, բազմաթիվ նվերով ծով դուրս եկան, և սրանց միջև պատերազմ եղավ հինգ տարի և ամեն տարի միմյանց դեմ դուրս են գալիս ուժգին պատերազմով և իրար կոտորելով, ինչպես տապարավորներն ու կացնավորները անտառն են հատում՝ սպանելով միմյանց հրով ու սրով։ Եվ հաջորդ տարին երկու կողմերից օգնական զորք է հանվում իրենց արքաների միջոցով, և լինում է նոր նորոգված պատերազմ․ հաջորդ տարին կրկնակի ուժեղ քան առաջին տարին։

1049 [1600] թվականին, երբ մենք կանք, այսպես է, իսկ ապագան տեր աստծուն է հայտնի, թե ինչ է լինելու այն ժամանակ, որ կողմին է պարտություն տալու և որ կողմին հաղթություն, որովհետև գրված է. «Ոչ թե իր ուժով է զորեղանում ուժեղը, այլ տերը իր հակառակորդներին տկար է դարձնում[Ն 3]։ Տերը սուրբ է և նա իր խաչի հավատացյալներին կարող է անում»։

Այժմ դարձյալ կրկնենք վրաց Սիմոն թագավորի մասին, թե ինչ եղավ, քանզի երբ Սիմոնը Լալայից փախավ, գնաց իր երկրի ինչ֊որ անկյուն և բնակվում էր անտառներում, կապանատեղերում և սրտով խոցված էր իր երկրի գրավման համար, բայց միջոց չէր կարողանում գտնել, իր փոքրավոր խրոխտության դեմ սպասում էր, սպասում էր աստծու խնամքին։ Պատգամներ էր հղում, հարկեր է խոստանում Մուրադին երբեմն տալիս էր, երբեմն չէր տալիս։ Երբեմն չտալով ապստամբվում էր նրանից և բերդի վրա ավազակներ էր ուղարկում՝ պատճառը բերդի զորքերի վրա դնելով Մուրադ թագավորին էր հայտնում, և նրանից իրեն շնորհվում էր կատարված վնասը։

Երբ սուլթան Մահմեդը թագավորեց, իր ապստամբական մտադրությունը այսպես դրսևորեց՝ հարկերը չտվեց, ավազակները չափազանց շատացրեց, սրան ավելացրած՝ ինքը զորաժողով արեց, հարձակվեց Գորի բերդի վրա, և ութ ամիս նեղ դրության մեջ դնելով նրանց, գրավեց այն։ Քանդելով բերդի քարերը հրամայեց այլազգիների թիկունքով տանել Կուր գետը թափել և ապա տղամարդկանց սրակոտոր արեց, իսկ նրանց կանանց ու զավակներին իբրև ավար բաժանեց իր վրաց զորքին։ Սրանից թուրք ազգը սրտով խորապես խոցվեց, իսկ Մահմեդ խոնդկարը չափազանց բարկանալով ցասումով բռնվեց և տագնապալից հրաման տվեց Ֆահրադի տեղը և իշխանությունը հանձնել ներքինի Ջաֆարին, որ Թավրիզում էր, և ուղարկեց Սիմոնի վրա առնելու օթմանական ու իսմայլական գնդի անարգանքի ու արյան վրեժը։ Եվ երբ թագավորից թույլտվություն ստացավ այս երկրորդ վայրագ ամորձատ Ջաֆարը, շատ խրոխտացավ և պատգամավորներ ուղարկեց իր իշխանության կողմերը, իսկ ինքը Թավրիզից ելավ եկավ Այրարատ։ Այստեղ նրա մոտ հավաքվեցին բոլոր զորակոչվածները։ Նաև սուրհանդակներ ուղարկեց հեռավոր գյուղեր ու քաղաքներ, որ ուտելիքներ բերեն իրենց և ձիերին, ճանապարհային անցատեղեր պատրաստ են իրենց համար։ Նաև քսան հազար մարդկանց խառնեց բոլոր երկրների հայերի, տաճիկների ռամիկների հետ, որոնք հետները պետք է ունենային կողովներ, թիեր, տապարներ, կացիններ, բահեր, փայտատներ, տների հիմքերի համար բրիչներ։ Նաև ժողովրդից խստագույն հարկեր առավ իրենց օրենքից դուրս։

Ապա ելավ, մեծ երկյուղով գնաց, քանզի վաղուց ի վեր շատ անգամ փորձել էին Սիմոնի քաջության և նրա հնարիմաց պատերազմների մեջ և նրանից պարտված ամոթալից դեմքով ետ էին դարձել։ Իսկ այժմ, երբ հասան բաց երկիր նույնը մտածելով, վախենում էին, ուստի երեք օր կանգ առան և դեռ ճակատամարտ չէին տվել և իրար պատգամներ ու պատգամավորներ չէին ուղարկել։

Վրացիները իրար հետ խորհրդակցելով ասում են Սիմոնին. «Թույլ տուր, որ այսօր մեր տունն ու ընտանիքը տանենք լեռները, իսկ մենք մեր ամբողջ սրտով ու զորությամբ արյան ու մահու գնով պատերազմենք թուրքերի դեմ և աստծու զորությամբ հաղթենք նրանց։ Բայց այս քրիստոնյա ազգի միջից աղոթքը բոլորովին վերանալու պատճառով, այնքան որ կլոր տարին փոքրից մեծ ամենևին եկեղեցու դուռը չեն բացում, ուստի աստծու արդար դատաստանը թույլ չտվեց, որ վրացիների մտադրությունը կատարվի, որովհետև աստված մարգարեի բերանով ասում է. «Իսկ եթե չդառնաք դեպի նա, նրա սուրը սրված է և աղեղը լարված»[Ն 4]։ Եվ կամ ասում է․ «Մի՞թե կբարձրանա փայտատը առանց փայտահատի, և [կշարժվի] սղոցը առանց որևէ մեկի քաշելու»[Ն 5]։ Եվ դարձյալ ասում է. «Ես եմ սպանում ու ես ապրեցնում, հարվածում եմ և ես բժշկում»[Ն 6]։ Եվ կամ ասում է, «Քանզի ում որ տերը կամենում է կորցնել, նախ հիմարացնում է»։ Ուստի Սիմոնը հիմարանալով այժմ սակավաթիվ մարդկանցով գինեխումի է նստում։

Եվ այն կողմը, որտեղ Սիմոնն էր, թուրքերը բնավ չէին կարծում, թե Սիմոնը այնտեղ կլինի։ Ավարառության համար թուրքերը մի գունդ են անջատում և գնդում են այն կողմը։ Եվ տեսնելով մի վրացու՝ բռնում են, և մի քիչ առաջ գնալով՝ տեսնում են Սիմոնի գունդը։ Բռնվածին հարցնում են դրա ով լինելու մասին, նրանից լսում են, թե դա ինքը Սիմոնն է։ Տաճիկները խիստ վախենալով ետ են կանգնում և անմիջապես զորավոր մարդիկ արագընթաց երիվարներով բանակ են հասցնում և Ջաֆար զորապետին հայտնում։ Նա չափազանց ուրախանում է և բազմաթիվ քաջ մարդկանց խրախուսելով ուղարկում։ Սրանք գնում, բռնում են Սիմոնին և բերում Ջաֆարի մոտ։ Երբ նա եկավ, Ջաֆարը ընդառաջ գնաց և ողջունեց Սիմոնին։ Ապա իրենց լեզվով բարձրաձայն օրհնեցին աստծուն ի լուր բանակի։ Իսկ Սիմոնը նույնը կրկնելով ասում է․ «Օրհնված է աստված և նրա անփոփոխ տերությունը, որովհետև տերը մեռցնում է տերը ապրեցնում է, իջեցնում է դժոխքը և հանում»։[Ն 7]

Եվ Ջաֆարը անմիջապես սուրհանդակ է ուղարկում խոնդկարի մոտ նրան ավետելու, իսկ ինքը առնելով Սիմոնին ժամանում է Թավրիզ։ Խոնդկարը հրամայում է, որ իր տերության բոլոր վայրերում քաղաքների փաղոցները զարդարեն, և ամենք ոք երեք օր խնջույքի նստի գիշեր-ցերեկ, այդպես էլ եղավ, իսկ Սիմոնին՝ տանել խոնդկարի մոտ։

Ջաֆարը ձմռան և գարնան օրերին Սիմոնին պահեց Թավրիզում, իսկ ամառ ժամանակ ուղարկեց կայսեր մոտ, որ Բյուզանդիայում էր։ Գնալիս, երբ հասան Կարին քաղաքը, կանգ առան հրովարտակներ գրող մի իշխանի պատճառով, որ իրենց լեզվով յաղիչի են կոչում։ Սա իր հետ ունենալով ավելի քան քսան հազար մարդ՝ ապստամբել էր իր ավագից, նաև թագավորից։ Ահա երկու տարի է, ժողովրդի գլխահարկը, որ թագավորների համար է, կորզելով ժողովում է իր համար։ Սա Սիմոնի համար պատվիրել էր իր զորքերին, որ ուշադիր լինեն և տանողներից հափշտակեն և իրեն հասցնեն։ Այս պատճառով Սիմոնը արգելափակված էր Կարին քաղաքում։ Արդ՝ օրհնյալ է աստված, որովհետև վերջը նա է իմանում։

Համստատ խոսք սկզբից մինչև մեր օրերը ժամանակագրությամբ գրված

Թեպետ այս համառոտ օրինակը վաղ ժամանակներից գոյություն ուներ, բայց ըստ ժամանակագրական կարգի չէր, և մենք կարգավորեցինք, երկրորդ՝ մի տեղում հավաքված չէր, այլ մի մասը այնտեղ (մի մասը մի ուրիշ տեղ), այդպես ցաք ու ցրիվ, իսկ մենք հավաքեցինք մի տեղում, որոնք որ գտանք։ Երրորդ՝ և ինչ նշանավոր դեպքեր մեր ժամանակներում գործվեցին, որ սրանց հետ դասավորելով գրեցինք յուրաքանչյուրն իր տեղում։ Այս մասին հոգալով՝ շատ տքնություն կրեցինք, ուստի դասավորելով մեր գրքում դրեցինք։ Այս պատճառները իմանալով՝ դու մի մեղադրիր մեղ և մանավանդ մասամբ բարի հիշիր ամենքի տիրոջ մոտ. ողջ եղիր տիրոջ շնորհիվ։

Նշումներ
  1. Դ. թագաորաց Ը 1:
  2. Ա Եզր Ա 49
  3. Ա․ Թագ․ Բ 9։
  4. Սաղմ., Է 12։
  5. Ես. Ժ 15։
  6. Օր. ԼԲ 39։
  7. Բ թագ․ Բ 6։
Ծանոթագրություններ
  1. Երևանում եղել է մի մեծ եկեղեցի, որ կոչվել Է Երկուերեսի Թորամանյանի կարծիքով այդ եկեղեցին եղել է Չարենցի այժմյան դպրոցի տեղում, որտեղ գտնվում էր Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Վերջինը շինված է եղել Երկուերեսի տեղում:
  2. Ծար գավառը կամ Ծարա երկիրը Վակունիք կամ Վայկունիքն է, որ Մեծ Հայքի Արցախ նահանգի գավառներից է, հետագայում կոչվել է նաև Ջրաբերդ։
  3. Վասակաշենը այժմյան Վարդենիսն է (Բասարգեչար]