Պատրաստվենք աշնանացանին
ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ԱՇՆԱՆԱՑԱՆԻՆ
Գարնանացանի կամպանիան արդեն վերջանում է։ Այսօրվա համարում տպում ենք այն մասին, թե ինչ արդյունք տվեց այդ կամպանիան։
Այժմ սկսվում է աշնանացանի կամպանիան։ Ինչո՞ւ ենք հիմիկվանից սկսում։ Նախ, որ շատ ժամանակ կունենանք աշխատելու, և երկրորդ, որ աշնանացանի կամպանիան մեզ համար շատ կարևոր է։
Հայաստանում աշնանը ցանում են ցորեն, գարի և տարեկան։ Կան մի քանի շրջաններ, որտեղ աշնանը ցանում են և կորնգան։
Պատերազմից առաջ Հայաստանի աշնան ցանքի տարածությունը հավասար էր 93 000 հեկտարի, իսկ գարնան ցանքը՝ 186 000 հեկտարի:
Իսկ ա՞յժմ։
Գարնանացանի տարածությունը ոչ միայն հասել է նախապատերազմյան թվին, այլև ավելացել է։ Միմիայն աշնան ցանքն է, որ ետ է մնացել նախապատերազմյան թվից:
Ահա թե ինչու հարկավոր է այժմյանից սկսել աշնանացանի կամպանիան, մինչև աշուն ամեն ջանք թափել աշնանացանի տարածությունը ոչ միայն հասցնելու նախապատերազմյան տարածության, այչև ավելացնելու։ Ի՜նչպես պիտի ավելացնել աշնանացանի տարածությունը:
Մեր գյուղերում խամ թողած հողերը կազմում են ամբողջ հողերի 35—40 տոկոսը, այսինքն՝ հողերի մի երրորդից ավելին թողնվում է հանգստանալու։
Նկատված է, որ չքավոր տնտեսություններում խամ թողած հողերի տոկոսն ավելի բարձր է և հասնում է մինչև 60 տոկոսի։ Չքավորը լծկան չունի, սերմացու չի կարողանում ձեռք բերել և, եթե հաջողվի վարձով տալ, ուզի֊չուզի՝ հողերի մեծ մասը պիտի թողնի անմշակ։
Աշնանացանի տարածությունը առաջին հերթին պիտի ավելացնել խամերը պակասեցնելով, մանավանդ չքավոր տնտեսություններում:
Իհարկե, պետական օգնություն կլինի։ Տրակտորները նորից գործի կանցնեն, վարկ կտրվի, ձեռք կառնվեն բոլոր միջոցները՝ չքավոր տնտեսություններին աշնանացանի համար սերմացու տալու։
Ո՞րն է աշնանացանի օգուտը:
Պատերազմից առաջ էլ Հայաստանում աշնանացան քիչ էր արվում: Բայց այդ չի նշանակում, թե աշնան ցանքը մեզանում օգտակար չի և չի կարող ընդարձակվել։
Փորձերը ցույց են տալիս, որ նույնիսկ այնպիսի գավառներում, ինչպիսին Լենինականն է, որտեղ պատերազմից առաջ աշնան ցանք համարյա թե չի եղել, հողն ու կլիման թույլ են տալիս աշնան ցանք անելու։ Այժմ, շնորհիվ ագրոնոմների պրոպագանդայի, աշնանացանով զբաղված հողամասերի տարածությունը հասնում է 100 հեկտարի։
Բայց մենք անցնենք այն օգուտներին, որ տալիս է աշնան ցանքը։ Ամենից առաջ, մանավանդ դեմի հողերում, աշնան ցանքն ավելի շատ է կարողանում հողի խոնավությունից օգտվել, քան գարնան ցանածը։ Այս հանգամանքը շատ կարևոր է մանավանդ այն շրջանների համար (օրինակ՝ Աշտարակը, Եղվարդը), որտեղ ձմեռը շատ խիստ չի լինում։
Բայց աշնան ցանքը մի ուրիշ առավելություն <էլ> ունի։ Աշնանը ինչքան շատ ցանենք, այնքան գյուղատնտեսական աշխատանքները հավասար բաժանած կլինենք տարվա եղանակների համեմատ և ստիպված չենք լինի աշխատանքը կուտակել գարնանը։
Ի՞նչ պիտի անել աշնանացանի կամպանիայի համար:
Ո՛չ միայն հարկավոր է աշնանացանի տարածությունն ավելացնել, այլ անհրաժեշտ է մի դեսյատինից ստացվող բերքի չափը բարձրացնել։ Այստեղ արդեն համարյա բոլոր անհրաժեշտ միջոցներն ունենք, մնում է, որ այդ միջոցները լրիվ գործադրենք։
Մեր գյուղերում աշխատում են մոտ 100 սերմազտիչ։ Յուրաքանչյուր սերմազտիչ պիտի աշխատի 60 օր և այդ հաշվով՝ հարյուր մեքենան պիտի մաքրեին 12 000 տոնն կամ 720 000 փութ ցորեն, այնինչ անցյալ տարի մեքենաները զտել են միայն 75 000 փութ, այսինքն՝ 10 տոկոսը։
Ի՞նչ օգուտ սերմազտիչից, եթե մեքենան լրիվ չպիտի աշխատի, այլ վեր ընկած պիտի լինի գյուղխորհրդի շենքի առաջ, որ հավերը վրան ծրտեն կամ անձրևն ու ձյունը փչացնեն ու ժանգոտեն։
Ոչ մի սերմազտիչ պարապ չպիտի մնա այս սեզոնում։ Հանցավոր է այն վարկային ընկերության նախագահը, ՓՕԿ-ի նախագահը, գյուղխորհուրդն ու ագրոնոմը, որ միջոցներ չպիտի ձեռք առնեն սերմազտիչները լրիվ օգտագործելու։
Պետք է բոլոր միջոցները ձեռք առնել եղած շարքացանները աշխատեցնելու։ Կոլեկտիվները պիտի առաջ անցնեն և օրինակ ցույց տան։
Թույլ է այն կոլեկտիվը, որ պիտի ծուլանա ժամանակին շարքացան ձեռք բերելու և իր հողերը շաղացան անի։ Ձեռքով ցանելով՝ տնտեսությունը ապրանքային չի դառնա, և ոչ էլ կոլեկտիվը կուժեղանա։ Ոչ մի հատիկ սերմ չպիտի սերմել առանց սերմազտիչի։ Այս տարի ստացվում են նոր մեքենաներ, որոնք անցյալ տարվա եղածի հետ կարող են աշնան ցանելիք ամբողջ սերմը մաքրել և, այսպիսով, աշնան ցանքի բերքը ավելացնել։
Պատրաստվի՛ր աշնանը ցանք անելու, շարքացանի հոգսը քաշի՛ հենց հիմիկվանից, որ սերմդ տնտեսես և մեքենայով ցանես և ոչ մի հատիկ սերմ չգցես առանց սերմազտիչով մաքրելու։
Ահա թե ի՛նչ պիտի անել աշնան ցանքի տարածությունն ավելացնելու և շատ բերք ստանալու համար: