Jump to content

Արբաթի «Համերաշխություն» կոլեկտիվը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԲԱԹԻ «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» ԿՈԼԵԿՏԻՎԸ

Արբաթի[1] կոլեկտիվը մեր ամենալավ կոլեկտիվներից է։ Կարճ ժամանակում նա շատ բան է արել։ Այս տարի ունի 19 դեսյատին ցանք։ Կարևորը տարածությունը չի։ Կոլեկտիվն իր հողերը վարել է տրակտորով, ցանել է շարքացան մեքենայով, իսկ բամբակի քաղհանն առնում է կուլտիվատորով։

Կոլեկտիվի ոչ մի անդամ սեփական ցանք չունի. ո՛չ բամբակ, ո՛չ ցորեն և ո՛չ էլ բանջարանոց։ Կոլեկտիվը իր անդամներից գնել է և ընդհանուր պահեստում տեղավորել իր անդամների բահն ու ուրագը, քլունգն ու սղոցը։

Յուրաքանչյուր անդամ աշխատում է այնտեղ, որտեղ նրան ուղարկում են։ 18 տարեկանից բարձր, կին թե տղամարդ, հավասար աշխատում են։ Նրանց աշխատանքը ցուցակագրում են ընդհանուր մատյանում։

Ինչո՞ւ են նշանակում օրավարձի չափը

Կոլեկտիվի անդամները հիմա փող չեն ստանում, նրանք ապրում են բամբակի դիմաց ստացած վարկով, որ բաժանել են ըստ շնչի։ Այդ վարկով նրանք պիտի ապրեն մինչև աշուն, մինչև բերքի հավաքելը։

Երբ բերքը հավաքեն և սպառեն, այն ժամանակ ընդհանուր ժողովը հաշվի է նստելու և ստուգելու, թե ո՞վ ինչքա՛ն է աշխատել, ընդհանուր օգուտի մի մասը պիտի բաժանեն աշխատածի չափով, մյուս մասը՝ շնչերի վրա, որովհետև կան տնտեսություններ, որոնք շատ ուտողներ ունեն և քիչ աշխատող ձեռք։ Ընդհանուր օգուտի 25 տոկոսը պիտի դրվի հիմնական կապիտալի վրա։

Ինչպե՞ս են կազմել կոլեկտիվը

«Համերաշխություն» կոլեկտիվը կազմել են անցյալ տարի։ Հիմնադիրները 6 տնտեսություն են եղել, որոնց միացել են նաև 8 տնտեսություն։ Յուրաքանչյուր տնտեսություն մուտքի վճար տվել է 10 ռուբլի և փայավճար՝ 100 ռ.։ Թե՛ մուտքի և թե՛ փայավճարը լրիվ գանձել են:

Բացի այդ, կոլեկտիվի ընդհանուր ժողովը հիմք է դրել այսպես կոչված «Կովի ֆոնդի»։ Տեղական անպետք կովերը ծախել են և միայն 3 տնտեսության, որոնք փոքր երեխաներ ունեն, թույլատրել են մեկական կով պահել։ Յուրաքանչյուր շունչ «Կովի ֆոնդին» տվել է 30 ռուբլի։ Կոլեկտիվն ունի 55 շունչ։ Այսպիսով՝ հավաքել են բավականի գումար, որով պիտի գնեն լավ կովեր և, ընդհանուր մի գոմ շինելով, իրենց կարիքների համար պիտի պահեն 10—14 կով:

Կոլեկտիվն առաջիկա աշնանը պիտի շինի ընդհանուր պահեստ, գոմ, փուռ և դարմանանոց

«Համերաշխություն» կոլեկտիվն իր հողերը ստացել է երկու կտորով։ Նրանց հողերը մոտիկ են գյուղին և հարմար են։ Կոլեկտիվն իր տրակտորով խոր վարել է ստացած չիմանները և մշակության համար դարձրել պիտանի։

Արբաթ գյուղը ենթարկվել է պլանիրովկայի։ Կոլեկտիվի անդամներին տնատեղ տվել են մի տեղից, որ կից է և մոտ նրանց հողերին։ Բացի դրանից, նրանց հատկացված է մի տնատեղ ևս, որտեղ նրանք պիտի կառուցեն ընդհանուր պահեստ, գոմ, փուռ և դարմանանոց։

Աղյուսներն արդեն պատրաստում են։ Պահեստն ու դարմանանոցը պիտի մինչև բերքի հավաքելը պատրաստ լինեն, որպեսզի նոր բերքր լցնեն ընդհանուր պահեստը։

Գոմը պիտի լինի օրինակելի։ Հայգյուղկոոպը նրանց խոստացել է տալ օրինակելի գոմի պլան։ Շինությունների համար կոլեկտիվը երկարատև վարկ է ստացել։ Ինչ վերաբերում է փուռին, ապա այդ ծառայելու է ո՛չ միայն կոլեկտիվի, այլև մյուս գյուղացիների համար, կոլեկտիվի համաձայնությամբ։

Կոլեկտիվն այժմ զգում է շինանյութի պակաս։ Տեղում շինանյութ կա, բայց շատ թանկ է։ Հարկավոր է, որ վարկավորող հիմնարկությունը, առաջին հերթին հայգյուղկոոպը, հատուկ ուշադրություն դարձնի կոլեկտիվին շինանյութով վարկավորելու։ Այդ ավելի ձեռնտու կլինի կոլեկտիվին։

Ի՞նչ են ասում գյուղացիք կոլեկտիվի մասին

Արբաթը մեծ գյուղ է, ունի 194 հայ և թուրք տնտեսություն։ Գյուղի չքավորներին կոլեկտիվը օգնություն է ցույց տալիս: Չքավորները օգտվում են կոլեկտիվի գործիքներից: Չքավորների 8 հեկտար հողը կոլեկտիվը վարել է և ցանել է աելի ձեռնտու պայմաններով, քան այդ անում էին գյուղի կուլակները։

Խորթ աչքով են նայում կոլեկտիվի վրա կուլակները։ Ուրիշ կերպ էլ լինել չի կարող։ Արբաթի կոլեկտիվի օրինակը ցույց է տալիս, որ ինչքան չքավորը սեր ունենա դեպի կոլեկտիվը, իսկ կուլակը, ատելություն, այնքան լավ հիմքերի վրա է դրված կոլեկտիվը, և ճիշտ է նրա բռնած ճանապարհը։ Թշնամի տարրը կոլեկտիվի դեմ ագիտացիա է մղում, իբր թե գյուղի ջուրը պետությունը առաջին հերթին կոլեկտիվին պիտի տա, իսկ մյուսների հողը ցամաք թողնի, իբր թե կոլեկտիվը չքավորներին խաբում է և նրանց հողերը թանկ վարում։ Բայց այդ լուրերը բամբասանք են, և կենդանի գործը հակառակն է ապացուցում։

Ի՞նչից է գանգատվում կոլեկտիվը

Ագրոնոմը, ճիշտ է, լինում է նրանց մոտ, բայց ոչ հաճախ։ Նրանք ուզում են գործնական ցուցմունքներ, որ ժամանակին եթե չեն ստանում, հետո ուշ է լինում։ Օրինակ՝ բանջարանոց են ցանել, բայց չգիտեն, թե լոբին ե՞րբ պիտի ջրել, պոմիդորի քաղհանը ե՞րբ պիտի անել, քանի՞ անգամ պիտի բադրջանը ջրեն և այլն։ Ագրոնոմը <պիտի> աշխատի հաճախ լինի և նրանց դաշտերը ման գալով, տեղնուտեղը ցուցմունք տա։

Մենք ասացինք, որ կոլեկտիվն իր ամբողջ ցանքը շարքացան է արել։ Բայց հենց այդ ժամանակ ագրոնոմը բացակայել է, այնինչ շարքացանն աշխատելու ժամանակ տրված խորհուրդը՝ տասը դասախոսությունից և զրույցից ավելի օգուտ պիտի տա։

Հայգյուղկոոպն իր հրահանգիչներին պիտի շաբաթը մի անգամ ուղարկի, որ տեղում իմանան նրանց կարիքները։ Գրագրությունը իր նպատակին ուշ է հասնում։ Եթե Հայգյուղկոոպի հրահանգիչը տեղում ժամանակին լիներ, նա թույլ չէր տա, որ կոլեկտիվը մարդ ուղարկի Աղբաbայից կովեր գնելու։ Այդտեղից նրանք չեն կարողացել կով ձեռք բերել, բայց մի ուրիշ սխալ են արել։ Մարդ են ուղարկել Քյալբաջառ՝ այնտեղից կովեր բերելու։ Իսկ հայտնի է, որ սարի կովերը արանում չեն կարող դիմանալ, և, բացի այդ, Քյալբաջառի[2] կովը շատ էլ կաթնատու չէ մեր տեղականի համեմատ:

Ի՞նչ պակաս ունի «Համերաշխությունը»

Կոլեկտիվի բոլոր անդամները վերաբնակիչներ են և նախկինում էլ եղել են մի գյուղի բնակիչ։ Այդ հանգամանքն, իհարկե, լավ է այն տեսակետից, որ իրար ճանաչում են, ուրեմն և ավելի համերաշխ պիտի աշխատեն։

Բայց, որպեսզի հայրենակցական միության նման չստացվի, կոլեկտիվը պիտի իր կազմի մեջ հետզհետե ընդունի գյուղի չքավոր և միջակ տարրին։ Այս չքավոր տնտեսությունը, որի հողը կոլեկտիվը ցանել է կիսրար պայմանով, կոլեկտիվի անդամ դառնալու թեկնածու է։ Պիտի աշխատել եկող տարի հենց այդ չքավորին իր հողով ու եղած ինվենտարով ընդունել կոլեկտիվի կազմի մեջ։ Դրանով կոլեկտիվը չքավորին ավելի օգնած կլինի, քան թե, նույնիսկ, ամենաձեռնտու կիսրարով։

Մի ուրիշ պակասություն։ Արբաթ գյուղի մեծ մասը թուրքեր են, այնինչ կոլեկտիվի մեջ ոչ մի թուրք չկա։ Կոլեկտիվի անդամները այդ երևույթը բացատրում են նրանով, որ թուրքերը դժվար են հաշտվում կոլեկտիվի հետ, շատ անգամ, եթե տղամարդիկ համաձայնվում են կոլեկտիվի կազմի մեջ մտնել, նրանք չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց կանայք պիտի գնան և մյուսների հետ քաղհան անեն։

Իհարկե, այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրա պատճառով չպիտի խուսափել թուրք չքավորին կոլեկտիվի կազմի մեջ ընդունելուց։ Այս խնդիրը, ինչպես երևում է, ընդհանուր է, և հարկավոր է, որ կոլխոզների սեկցիան ուսումնասիրի և որոշ արտոնություններ ստեղծի խառը կոլեկտիվներ կազմելու։

  1. 1
  2. 2